Սփյուռքահայ անվանի գիտնական, Մեքսիկայի ազգային աստղադիտարանի պատվավոր աստղագետ, Սեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փարիս Փիշմիշին (Մարի Սուքիասյան) առաջին կին աստղագետներից էր, ով ոչ միայն հասավ գիտական մեծ հաջողությունների, այլև խթանեց կին գիտնականների հետագա ակտիվությունը և մեծ դեր խաղաց ամբողջ մեքսիկական աստղագիտության զարգացման գործում։
Ծնվել է 1911 թ. հունվարի 31-ին Կ. Պոլսում (Ստամբուլ, Թուրքիա)։ Սովորել է տեղի Սեմերճյան ճեմարանում և ամերիկյան վարժարանում։ 1933 թ. ավարտել է Ստամբուլի համալսարանը, աշխատակցել այդ համալսարանի աստղադիտարանում։ 1935-36 թթ. դասավանդել է Ստամբուլի Կեդրոնական Սանասարյան վարժարանում, ապա տեղափոխվել ԱՄՆ, որտեղ ավարտել է Հարվարդի համալսարանը և 1937 թ. ստացել մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։ 1939-42 թթ. աշխատել է Հարվարդի քոլեջի աստղադիտարանում, 1942 թ. ամուսնացել է մեքսիկացի աստղագետ Ֆելիքս Ոեսիլասի հետ, տեղափոխվել Մեքսիկա և աշխատանքի անցել Պուեբլայի Տոնանցինտլայի աստղադիտարանում․ աշխատել է մինչև 1946 թ.։ 1948-ից մինչև կյանքի վերջ (50 տարուց ավելի) աշխատել է Մեխիկոյի Տակուբայայի ազգային աստղադիտարանում, որը պատկանում է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանին։ Գիտական աշխատությունները վերաբերում են Գալակտիկայի կինեմատիկային, միգամածությունների լուսաչափությանը և տեսագծային արագությունների որոշմանը։ Կատարել է երիտասարդ աստղակույտերի լուսաչափական առաջին ուսումնասիրություններն ու հայտնաբերել 3 գնդաձև և 20 բաց աստղակույտ։ Ուսումնասիրել է միջաստղային կլանման ազդեցությունն աստղասփյուռներում դիտվող աստղերի բաշխման վրա։ Հրապարակել է ավելի քան 135 գիտական աշխատանք։ Մեծ դեր է խաղացել աստղագիտական սարքերի ներմուծման և կիրառման գործում. առաքման միգամածությունների արագությունների դաշտի ուսումնասիրության նպատակով 1972 թ. Մեքսիկայում առաջին անգամ ներմուծել է Ֆաբրի-Պերո ինտերֆերոմետրիան։ Նրա ամենակարևոր ներդրումներից էր մեքսիկական աստղագիտական ամսագրերի հրատարակության խթանումը (Տոնանցինտլայի և Տակուբայայի աստղադիտարանների տեղեկագիր, Աստղագիտության և աստղաֆիզիկայի մեքսիկական հանդես և այլն)։
Մեծ էր Փիշմիշի մանկավարժական գործունեությունը և նրա դերը մեքսիկական աստղագիտության զարգացման մեջ։ Ղեկավարել է մի շարք ուսանողների, ովքեր հետագայում դարձել են ճանաչված աստղագետներ (ըստ էության, մեքսիկացի աստղագետների զգալի մասը)։ Փիշմիշը Միջազգային աստղագիտական միության, Ամերիկյան աստղագիտական ընկերության, Մեծ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերության, Մեքսիկայի գիտությունների ակադեմիայի և Մեքսիկական ֆիզիկական ընկերության անդամ էր։
Վախճանվել է 1999 թ. օգոստոսի 1-ին։