Ավելի քան 1 դար առաջ օպերային արվեստի ասպարեզում մեր հայրենակիցները մեծ հեղինակություն էին վայելում:
1893 թ. Թիֆլիսի օպերային թատրոնում բեմադրվում է Գունոյի «Ֆաուստը», ուր գլխավոր դերերը վստահվում են 2 երիտասարդ երգիչների` Մարգարիտայի դերերգով առաջին անգամ հանդես է գալիս 25-ամյա Նադեժդա Պապայանը, իսկ Մեֆիստոֆելի դերերգը 20-ամյա Շալյապինի առաջին բեմելն էր: Նույն աշխարհահռչակ Շալյապինի հետ մեծ հաջողությամբ հանդես է եկել այն ժամանակների լավագույն բարիտոնը`Բեգլար Ամիրջանյանը, վերջինս ներկայացել է Իշխան Իգորի դերերգով՝ Բորոդինի համանուն օպերայում, իսկ պատմական բասն էլ` Գալիցկի երգեց:
Ծովակ անունով տենորի ձայնը տենորների հայրենիք Իտալիայում ադամանդի էին նմանացնում: Ավելի ուշ, մեր հայրենակիցներից Արման Թոքաթլյանին իր գեղեցիկ երգեցողության համար նվիրել են մեծն Կարուզոյի թիկնոցը:
Քսաներորդ դարասկիզբը վերելքային էր հայ կատարողական արվեստի համար, իսկ Հայաստանում երազանք էր օպերային թատրոն ունենալու գաղափարը: Ո՞վ կմտածեր, որ 20-ամյա Բեգլար Ամիրջանյանը Միլանում սովորելու նպատակով համերգային գործունեությամբ վաստակած գումարներով կարողանալու է իրագործել իր վաղեմի երազանքը:
1890-91 թթ. Իտալիա են մեկնում մի շարք հայ երիտասարդներ`Արշակ Կոստանյանը, Ներսես Շահմալյանը, Մակար Վարդիկյանը, Ծովակը, Կորգանովա քույրերը, վերոհիշյալ Բեգլար Ամիրջանյանը և Նադեժդա Պապայանը: Վերջին երկուսին հաջողվում է փառքի բարձունքներին հասնել:
«Ահա շողշողուն ադամանդ, որով հայերը կարող են հպարտանալ այնպես, ինչպես հպարտանում են Ադամյանի անունով: Այն գեղարվեստական ճաշակը, որը ցույց տվեց Պապայանը, չի ունեցել ոչ մի հայ արտիստ, բացառությամբ ` վերոհիշյալի: Բնությունն է շռայլորեն պարգևել հայ երգչուհուն բացառիկ հարուստ, քաղցրահունչ ձայն, բայց այս հրաշալի պարգևի հետ միասին բնությունը շնորհել է նրան նաև գեղարվեստական ճաշակ: Հենց այդ ճաշակը և երկնային պարգևն է կախարդական ուժով ցնցել հասարակությանը` թողնելով խոր հետք նրա սրտում»,-այսպես է արտահայտվել երգչուհու մասին նրա ժամանակակիցներից մեկը`գրող Շիրվանզադեն:
Նադեժդա Պապայանն իր ստեղծագործական կյանքն սկսել է 19-րդ դարավերջին, սակայն ողբերգական պատահարի պատճառով այն ընդհատվել է 20-րդ դարի սկզբին:
Երգչուհին ծնվել է Աստրախանում 1868 թ.-ին: Դեռ մանուկ հասակից նա դրսևորում է երաժշտական ունակություններ: Գիմնազիայում սովորելու տարիներից երգել է կանանց երգչախմբում, մեկ-մեկ էլ մասնակցել այնտեղ կազմակերպվող երաժշտական միջոցառումներին: Մի օր էլ Աստրախան է ժամանում ժամանակի հայտնի օպերային երգիչներից մեկը`Կիպսեն: Նա առաջին մասնագետն էր, ով հիանալով Նադյայի ձայնով սկսում է պարապել աղջնակի հետ: Սակայն որոշ ժամանակ անց նրա պայմանագիրն սպառվում է և մեկնում է Աստրախանից: 1886 թ. Նադեժդան ընդունվում է Պետերբուրգի կոնսերվատորիա: Այստեղ նա արժանանում է ոչ միայն վոկալի դասատու Վիլհելմինա Ռաաբի, այլև ուսումնական հաստատության ռեկտոր, կոմպոզիտոր Անտոն Ռուբինշտեյնի մշտական ուշադրությանը: Պետերբուրգը երիտասարդ ուսանողուհուն ոչ միայն սովորելու, փորձ ձեռք բերելու, այլև շփվելու հնարավորություն է ընձեռում: 3.5 տարվա ընթացքում նա յուրացնում է օպերային և կամերային երգեցողության բոլոր ծրագրերը, որոնք նախատեսված էին ողջ ուսումնառության ընթացքի համար: Մի քանի ամիս էր մնում կոնսերվատորիան ավարտելուն, իսկ Նադյայի առողջությունն օրըստօրե վատթարանում էր:
Պետերբուրգի սառը կլիման վատ էր անդրադառնում Պապայանի ձայնի վրա և բժիշկների խորհրդով, նրա առողջության համար բարերար ազդեցության ակնկալիքով Իտալիա է մեկնում:
Իտալիայում Պապայանի դասատուն Ֆիորատոն էր, ում մոտ աշխարհի տարբեր ծայրերից գալիս էին ձայն մշակելու: Երգչուհին Միլանում հանդիպում է հայրենակիցներին`Բեգլար Ամիրջանյանին, Արշակ Կոստանյանին, Ներսես Շահմալյանին և այլոց, ովքեր նույնպես երգեցողություն էին պարապում: Այդ ժամանակ Եվրոպայում էին նաև Ելիզավետա Խոջայանը և Կորգանովա քույրերը: Նրանք ուսանել էին այնպիսի հանրահայտ դասատուների մոտ, ինչպիսիք էին Պոլինա Վիարդոն, Մարկեզին: Վերջինս դասավանդում է Պապայանին նաև Փարիզում:
Երգչուհին իր իսկական արտիստական գործունեությունը սկսում է Իտալիայում` հանդես գալով Միլանի «Ալգաբրոն», Նեապոլի «Սան-Կառլոն» օպերային թատրոններում: Այդ ժամանակ նրան առաջարկում են հանդես գալ «Լա Սկալայում», սակայն հրաժարվելով, իր ընկերոջ`Բեգլար Ամիրջանյանի հետ վերադառնում է հայրենիք:
1893 թ. Պապայանը և Ամիրջանյանը որոշում են համերգներով հանդես գալ Թիֆլիսում: Անդրանիկ համերգը մեծ ոգևորությամբ է ընդունում հասարակությունը, և դրանք շարունակական բնույթ են կրում: Բացի համերգային կատարումներից, Պապայանը հանդես է գալիս նաև օպերային թատրոններում:
Օպերային արվեստի պատմության մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում 1893 թ․ սեպտեմբերի 29-ը: Այդ օրը Թիֆլիսի օպերային թատրոնում բեմադրվում էր Գունոյի «Ֆաուստը», ուր գլխավոր դերերգիչները՝ Նադեժդա Պապայան`Մարգարիտա և Մեֆիստոֆել`20-ամյա Ֆեոդոր Շալյապին, առաջին անգամ էին հանդես գալիս մեծ բեմում: Ներկայացումն աննկարագրելի հաջողություն է ունենում: Այստեղ մի համառոտ անդրադարձ կատարենք Պապայանի և Շալյապինի հանդիպմանը։
Աշխարհի առաջին բաս, ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ Ֆեոդոր Շալյապինի կյանքը բարի հունի մեջ է դրել հենց Նադեժդա Պապայանը։ Նա է առաջին անգամ բեմ բարձրացրել Ֆեոդոր Շալյապինին: 19 տարեկան կիսաքաղց երիտասարդ Շալյապինը թափառում էր Թիֆլիսի փողոցներում: Նրան հայտնաբերում է Նադեժդա Պապայանը և պատրաստում Մեֆիստոֆելի դերերգի համար։
3 տարի շարունակ Պապայանը հանդես է եկել Թիֆլիսի և Բաքվի օպերային թատրոններում`Վիոլետայի (Վերդիի «Տրավիատա») և Ջիլդայի (Վերդի «Ռիգոլետտո»), Սանտուցայի (Մասկանի «Գեղջկական Պատիվ») դերերգերով:
1896-98 թթ. Պապայանը մեկնում է Փարիզ`պրոֆեսոր Մարկեզիի մոտ կատարելագործելու ձայնը և բեմական արվեստը: Այդ տարիներին նա համերգներով հանդես է գալիս Փարիզի համերգասրահներում: 1898 թ. Նադեժդա Պապայանը և Լևոն Եղիազարյանը հայկական երաժշտություն պրոպագանդելու նպատակով համերգներով մեկնում են Անգլիա: 1 տարի անց Նադեժդան վերադառնում է Ռուսաստան: Առաջին անգամ Պետերբուրգի հասարակությանը ներկայանում է Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայում՝ Լիզայի դերով: Հետո Միմի, Մարգարիտա, Ջուլիետա, Ջիլդա: Վերոհիշյալ դերերգերով նա հանդես է գալիս «Արկադիա» թատրոնում:
1901 թ. Պապայանին հրավիրում են Մարիինյան թատրոն: Այդ ժամանակ այնտեղ էին աշխատում Սոբինովը, Ստրավինսկին: Սոբինովի աշխատելաոճը համապատասխանում էր Պապայանի պատկերացումներին: Նա շատ էր հավանում Պապայանի ձայնը, և նրանք միասին բազմաթիվ բարեգործական համերգների են մասնակցում: Մարիինյան թատրոնում աշխատելու երկու տարվա ընթացքում տեղի երգչուհիների մոտ թշնամանք է առաջանում Պապայանի հանդեպ: Որոշ ժամանակ անց, նա սկսում է սակավ հանդես գալ բեմում:
1904 թ. ավարտվում է Մարիինյան թատրոնի հետ կնքած պայմանագրի ժամկետը: Լքելով Պետերբուրգը` նա վերադառնում է Աստրախան`ծնողների մոտ: Երգչուհին սկսում է իր համերգային գործունեությունը Կովկասում: Շուտով Պապայանը գալիս է այն համոզման, որ ինքն այստեղ ևս անելիք չունի և որոշում է մեկնել Փարիզ: Այդ առիթով նա հրաժեշտի երեկո է կազմակերպում`վերջին անգամ հանդես գալով Թիֆլիսում:
Փարիզում Պապայանը լսելով հեղափոխության մասին, վերադառնում է Պետերբուրգ: Այստեղ էլ նրան հեռագրում են մոր մահվան բոթը, և նա վերադառնում է հայրենի քաղաք: Նադեժդա Պապայանի կյանքը ողբերգականորեն է ավարտվում:
1905 թ. դեկտեմբերին 3 ավազակ որոշում են թալանել Պապայանի բնակարանը: Ուսանողական համազգեստներով ավազակները ներկայանում են որպես ուսանողներ, իբր ցանկանում են համերգ կազմակերպել: Երգչուհին սիրով ընդունում է նրանց: Սկզբում ավազակները հարձակվում են հոր, այնուհետև` Նադեժդայի վրա: Հայրը տեղում մահանում է, իսկ երգչուհուն գլխի ծանր վնասվածքներով տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ 3 շաբաթ անց մահանում է:
Պատմում են, որ հիվանդանոցում, երբ երգչուհու գիտակցությունը վերականգնվում է, նա նայելով շուրջբոլորը`սկսում է երգել: Երգում է Վիոլետայի մեներգը «Տրավիատա» օպերայից: Նա հանգչում է երգը շուրթերին:
Անահիտ Կորյուն