98 տարի առաջ ծնվել է քանդակագործ Նվարդ Զարյանը։ Նա հայ գրող Կոստան Զարյանի և դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանի դուստրն է և պատմաբան Արմեն Զարյանի քույրը։
Նվարդ Զարյանը նկարչությամբ հետաքրքրվել է 17 տարեկանից սկսած։ Ուսումն ստացել է Միլանի Scuola Di Brera ակադեմիական ուսումնարանում, ապա ավարտել է Վենետիկի Liceo Artistico-ի դասընթացները։ Քանդակագործ Ադոլֆ Վիլթի խորհրդով Նվարդը թողնում է նկարչությունը և զբաղվում քանդակագործությամբ։ Սովորում է Հռոմի գեղեցիկ արվեստների ակադեմիայում, որտեղ աշակերտում է մի շարք հայտնի քանդակագործների։ 1935-1940 թթ․ սովորում է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։ 1950 թ․ իտալացի մի խումբ նշանավոր արվեստագետների հետ մասնակցում է Իտալիայի կառավարության հայտարարած մեծ մրցույթին և առաջին մրցանակն է շահում Հռոմի նոր կայարանի խճանկարի համար։
1951 թ․ Իրանի կառավարության պատվերով Նվարդ Զարյանը ստեղծում է Իրանի շահ Ռըզա Փեհլևիի դիմանկարը՝ նրա դամբարանի համար։
Նվարդ Զարյանը 1965 թ․-ից սկսած դասավանդել է Հռոմի գեղարվեստի դպրոցում։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 1946 թ․ Cortile պատկերասրահում։ Երկրորդ ցուցահանդեսը բացվել է 1950 թ․ Galleria Dello Zodiaco-ում, որտեղ ներկայացվել են նրա ստեղծած 18 քանդակագործական աշխատանքները, փայտագրությունը և գծանկարները։ Ն․Զարյանը ցուցահանդեսներ է ունեցել նաև Հռոմում, Վիեննայում, Երևանում և այլուր։ 1964 թ․ նա իր 25 ստեղծագործություն նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին, դրանցից են՝ «Մայրություն», «Արևին նայող կինը», «Նստած կինը» և այլն։
Նվարդ Զարյանը մահացել է Իտալիայում, 2005 թ․ հունվարի 31-ին։