Կանանց աշխատանքային զբաղվածությունը միջազգային և տարբեր երկրների օրենսդրություններում ուշադրության է արժանացել: 1979 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատվել է Միջազգային օրենք, որում ընդգծված է «Կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու կոնվենցիայի 11-րդ հոդված»-ը: Այդ հոդվածում ասվում է, որ բոլոր անդամ երկրները համախմբվել են, որպեսզի վերացնեն որևէ խտրականություն կանանց աշխատանքային զբաղվածության նկատմամբ և ապահովեն կանանց ու տղամարդկանց հավասարության սկզբունքը:
Այդ հոդվածի առաջին կետում նշված է, որ աշխատանք ունենալը ճանաչվում է որպես մարդու անբաժանելի իրավունք, և ապահովում է մարդու աշխատանքի ազատ ընտրություն կատարելու իրավունքը, որտեղ պետք է լինեն նաև աշխատանքի ապահովություն, հավասար աշխատավարձ և իրավունքներ, միևնույն արժեք ունեցող աշխատանքի ժամանակ միևնույն ու հավասար մարդկային վերաբերմունք, ինչպես նաև սոցապահովության հնարավորություններից օգտվելու իրավունք:
Այդ հոդվածի երկրորդ կետն անդրադառնում է կանանց հետևյալ իրավունքներին՝ հղիության ժամանակ իրավունք չունեն կանանց աշխատանքից հեռացնելու, պետք է սահմանվի հղիության արձակուրդ, հղիության ժամանակ աշխատավարձ պետք է տրվի և հասարակական նպաստավոր պայմաններ ստեղծվեն կանանց համար, որպեսզի նրանք կարողանան մոր դերը լավագույնս կատարել, վտանգավոր աշխատանքների դեպքում՝ ապահովել հղի կանանց անվտանգությունը և բարվոք պայմաններ ստեղծել նրանց համար: