ՀՀ Կոմկուսի կազմակերպմամբ, մայիսի 9-ին Հայաստանն առաջին անգամ միացավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Անմահ գունդ» ակցիային։ Երևանցիներն ու մայրաքաղաք ժամանած հյուրերը՝ Երկրորդ աշխարհամարտին մասնակցած իրենց հարազատների նկարներն ու դրոշներ բռնած, Մարտիրոս Սարյանի արձանի մոտից քայլերթով անցան Երևանի կենտրոնական փողոցներով դեպի Մատենադարան, այնուհետև ճանապարհվեցին դեպի Հաղթանակի զբոսայգի։
Երթին մասնակցում էին նաև դպրոցականները, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայ զինվորների լուսանկարներով պաստառ էին բռնել։ Նրանք շարք կանգնած հայրենասիրական երգեր էին երգում։ «Յուրաքանչյուր հայի համար մայիսի 9 կրկնակի տոն է, քանի որ այդ օրը մենք հաղթեցինք ֆաշիզմին և ազատագրեցինք Շուշին», ասում էին դպրոցականները։
Պատերազմի վետերանները եկել էին իրենց բազմաթիվ մեդալներով ու տարբեր հուշերով, սակայն նրանք քիչ էին խոսում ռազմաճակատային օրերի մասին։ Բոլոր հարցերին զուսպ պատասխաններ էին տալիս։
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը վերջ տվեց ամենաթողությանն ու խաղաղություն հաստատեց։ «Պատերազմը հաղթահարեցինք կորուստների գնով, սակայն խորհրդային ժողովուրդը ամուր մնաց, նրան հավասարը չկար», - ասում էր կոմունիստ վետերաններից մեկը։
Երթի մասնակիցները Հաղթանակի այգում ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի գերեզմանին։