Տասը տարուց ավելի է, ինչ մեր՝ հայ ժողովրդի բազում սոցիալական, տնտեսական և այլ խնդիրներին գումարվել է կարևորագույն մի խնդիր ևս՝ վեց հազարամյա Երևանը բարբարոսական ավերումից փրկելու գործը։ Թվում է, թե հայ իշխանավորներ ունեցող Հայաստանում գոնե հայապահպանության, հայ մշակույթի հանդեպ սերն ու հոգատարությունը կասկածի ենթակա չպիտի լիներ, սակայն, ավա՜ղ, սխալվել ենք․․․ միայն թվում է․․․
Պարզվում է՝ հայ օլիգարխը, պաշտոնյան փողի հոտն առնելով հրեշանում են, դադարում են որևէ արժեք կրելուց, բացի «փող» արժեքից։ Երկար տարիներ շրջանառվում է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու անհեթեթ որոշումն իր առավել անհեթեթ փաստարկներով ու չբացատրություններով։
Ճարտարապետական այդ գեղեցիկ կառույցի համահեղինակ Ժորժ Շեխլյանն առավել մանրամասն ներկայացնում է հայկական ճարտարապետության թշնամիների մեկնաբանությունների սին լինելը և առաջարկում է կառույցը փրկելու ծրագիր։