Փետրվարի 19-ին Երևանում Մոսկվայի տանը ասուլիս էր հրավիրել ՀՀ Կոմկուսը։ Բանախոսներ՝ Կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանն ու ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանն իրենց դիրքորոշումն ու տեսակետներն էին հայտնում նոր փուլ մտած և արագ զարգացող ռուս-թուրքական հարաբերությունների և այդ հարաբերություններին անմիջականորեն առնչվող 1920-1921թթ․ կնքված Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի պատմական նշանակության, վավերացման և հետագա ճակատագրի, իսկ ամենակարևորը՝ մեր ժողովրդի սպասելիքների վերաբերյալ։
Վլ․ Պետրոսյանը հանգամանորեն ներկայացրեց պատմական բազում փաստեր, որոնք վերաբերվում են 20-րդ դարում մեր ժողովրդի համար կարևորագույն ու շրջադարձային իրավիճակներում ողբերգական իրադարձությունների՝ մեր հայրենիքի կորստի պատճառներին։ Վրդովմունք հայտնեց այդ իրադարձությունների անվերջ խեղաթյուրումների առիթով։