Վլադիմիր Պետրոսյանի ելույթի խոսքը
Ներողություն ուշացման համար, ես գիտեի, որ հավաքվում ենք նշելու մի մարդու տարեդարձ, ով մեր ժողովրդի պատմության մեջ խաղացել է շատ մեծ դեր։ Ես ուզում եմ այսօր ներկայացնել, թե Շահումյանն ինչ կապ է ունեցել մեր ժողովրդի ամենակենսական խնդիրների հետ, ի միջիայլոց, սովետական տարիներին մենք թույլ ենք տվել մի կոպիտ սխալ՝ միշտ խոսել ենք Շահումյանի մասին, նրան ներկայացրել որպես ականավոր հեղափոխական, «Կովկասի Լենին», բայց շատ քիչ ուշադրություն ենք դարձրել նրա գործունեությանը հայ ժողովրդի պատմության մեջ։
Ես այսօր կփորձեմ շատ համառոտ ներկայացնել ձեզ այն հարցերը, որոնք, իմ կարծիքով, Շահումյանի ունեցած դերակատարությամբ ունեն անանց նշանակություն։
Առաջինը՝ ես ուզում եմ նշել Շահումյանի բարձր բարոյական կերպարի մասին։ Մենք միշտ լսել ենք, որ նշանավոր մեծահարուստ Մանթաշովն առաջարկել է Շահումյանին ամուսնանալ իր աղջկա հետ, տալով 200 հազ․ ռուբլի և լավ կյանք։ Շահումյանը հրաժարվել է։ Երբեք չենք նշել, թե ինչու է հրաժարվել։ Պարզվում է, որ Շահումյանը սիրում էր Քեթևանին և այնքան բարձր բարոյական անձնավորություն էր, որ մերժեց, այն էլ 1902 թ․ Մանթաշովի նման մարդու փեսա լինել, հսկայական հարստություն ունենալ, հավատարիմ մնաց իր սիրո գաղափարին։ Այսօր այս իրողությունը մեր երիտասարդության համար մի շատ կարևոր դաստիարակչական նշանակություն ունի։
Մեր պատմության մեջ այդպիսի մի դեպք էլ կա, որն ավելի տխուր է։ Երբ որ թուրքական գերության մեջ 1915 թ․ իրար հետ հայտնվում են Ռուբեն Սևակը, որն անկուսակցական էր, և Դանիել Վարուժանը, որն ականավոր դաշնակցական էր, բայց շատ լավ բանաստեղծ։ Առիթը ներկայացել էր, և Ռ․Սևակին առաջարկում են թուրքի աղջկան բուժելու համար ընդունել մահմեդականություն և փրկել կյանքը։ Առաջին համոզողը եղել է դաշնակցական Դանիել Վարուժանը։ Ասել է․ «Ի՞նչ ես ուզում, ի՞նչ հայ, ի՞նչ հայություն, ընդունիր մահմեդականություն և կյանքդ փրկիր»։ Ռ․Սևակը հավատարիմ է մնացել իր գաղափարին և և հրաժարվել է թուրքերի առաջարկությունից ու սպանվել։
Ուրեմն, մեր պատմության մեջ այնպիսի եզակի դեպքեր կան, որ մենք պարտավոր ենք դրանց մասին անընդհատ խոսել, հիշեցնել։ Եվ, իմ կարծիքով, այս տեսակետից Շահումյանը ներկայանում է որպես շատ բարձր բարոյականության տեր անձնավորություն։
Ինչ դեր է խաղացել Շահումյանը մեր կյանքում։ Թվեմ հերթականությամբ։
1917 թ․ հոկտեմբերին Կովկասի բոլշևիկների կոնֆերանսում քննարկվում էր ազգային հարց։ Զեկուցողը վրացի բոլշևիկ Տորիշելիձեն էր։ Նրա զեկուցման հետ Շահումյանը չի համաձայնվել և իր ելույթում Անդրկովկասը բաժանել է երեք մասի․ առաջինը՝ Թիֆլիսի նահանգի արևմտյան հատված՝ Քութայիսի նահանգ, որը պետք է լիներ ապագա Վրաստանը, երկրորդը՝ Թիֆլիսի նահանգի հարավ-արևելյան հատվածը, Երևանի նահանգը, Ելիզավետպոլի արևմտյան հատվածը, որը պետք է լիներ Հայաստանը։ Երրորդ հատվածը՝ Բաքվի նահանգը և Ելիզավետպոլի նահանգի արևելյան հատվածը, որը պետք է լիներ Ադրբեջանը։
Եթե մենք մտովի պատկերացնենք քարտեզը, ապա 1917 թ․ հոկտեմբերի 3-ին մեր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի անկախության և Հայաստանի սահմաններն, ըստ ազգային պատկանելության, առաջարկել է Ստեփան Շահումյանը։ Մինչև Շահումյանի առաջարկությունը, ոչ մեկի մտքով չի անցել, ոչ մի կուսակցության, ոչ դաշնակցությունը, ոչ մեկ ուրիշը մտքներով չեն անցկացրել խոսել անկախ Հայաստանի մասին։
Մենք Ստեփան Շահումյանի գործունեության այս մասը աչքաթող արեցինք, և ասպարեզը տվեցինք նրանց, ովքեր միշտ դեմ են եղել Հայաստանի անկախությանը։ Եվ այսօր դաշնակցականները կուրծք են ծեծում, որ իրենք են եղել անկախ Հայաստանը կերտողները։ Բացահայտ սուտ է։
Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում գրում է, որ «1918 թ․ Բաթումիի պայմանագիրը ստորագրելու ժամանակ նոր մենք սկսեցինք խոսել Հայաստանի անկախության մասին»։ Երբեք չեն խոսել Արևմտյան Հայաստանի անկախության մասին, բացարձակապես։ Եթե այսօր խոսում են, վստահ եղեք, սուտ են ասում։
Ըստ ազգային պատկանելության, որ ժողովուրդը որտեղ ապրում է, այդ էլ պետք է լինի համախումբ տվյալ երկրի տարածք։ Ես կարծում եմ, որ հենց այս հարցում Ստեփան Շահումյանն ունի մեծագույն ծառայություն։ Եվ մենք պետք է սա հատկապես նոր սերնդի, այսօրվա հակասովետական, հակակոմունիստական պրոպագանդայի մեջ օգտագործենք, որ առաջինը Հայաստանի անկախության գաղափարը տվել է կոմունիստ Շահումյանը։
Շահումյանի դերակատարությունը Ժողկոմսովետի Թուրքահայաստանի դեկրետի մասին։
Գտնվում էր Բաքվում։ Երկու անգամ եղել է համագումարին․սովետների 1-ին համագումարին և հանդիպել է Լենինին։ Առաջարկել է Լենինին ընդունել Արևմտյան Հայաստանի անկախության հռչակագիրը։ Լենինը զարմացել էր՝ ինչպե՞ս, մի ժողովուրդ՝ երկու տարբեր հանրապետությո՞ւն։ Բայց Շահումյանը համոզել էր Լենինին։
Շահումյանը համախմբել էր ձախ էսեռ Պռոշ Պռոշյանին՝ Պերճ Պռոշյանի ավագ որդուն, ում Լենինը շատ հարգում էր։ Առաջին կառավարության կապի և փոստի ժողկոմն էր։ Լենինը նրան այնքան էր հարգում, որ ժողկոմխորհրդի նիստերի ժամանակ միշտ Պռոշին նստեցնում էր իր կողքին, և նրա հետ էր խորհրդակցում։ Պռոշյանը ղեկավարում էր Համառուսաստանյան սովետների կենտգործկոմի ազգությունների բաժինը։ Ստալինը ղեկավարում էր ժողկոմսովետի ազգությունների կոմիսարիատը։ Պռոշյանն այնքան էր հմտացել ազգային հարցերում, որ նույնիսկ Լենինի մոտ մտադրություն է եղել Պռոշյանին առաջարկել ազգությունների ժողկոմ։
Ես չեմ կարող ասել, թե հետո ինչու Լենինի առաջարկությունը չի քննարկվել, բայց որ նա ազգային հարցում ուներ մեծ հեղինակություն, բերեմ նաև մեկ օրինակ։
Այսօր Ուկրաինայում ինչ է կատարվում, նույնը կատարվում էր 1918 թ․։ Լենինն անհանգստացած էր, թե ով պետք է գնա Ուկրաինա։ Խնդրել են Պռոշ Պռոշյանին։ Նա գնացել էր, հանդիպել էր Ուկրաինայի անկախության կողմնակիցներին և արդյունքում՝ Ուկրաինայում հռչակվել է սովետական իշխանություն։
Հիմա․․․ Այս Պռոշյանը, Վահան Տերյանը, Վառլամ Ավանեսյանը Շահումյանի գլխավորությամբ մշակել էին Թուրքահայաստանի մասին դեկրետը, կարևոր հարց էր․ ինչպես վարվել ռազմաճակատում գոյություն ունեցող ռուսական զորքերի հետ։ Միակ մարդն Անդրկովկասում, ով հանդես էր գալիս ռազմաճակատում ռուսական զորքերը պահելու օգտին՝ եղել է Ստեփան Շահումյանը։ Նա ապացուցում էր փաստերով, որ եթե ռուսական զորքը հեռանա, ադրբեջանցիները միանալու են թուրքերին, գերմանացիների հետ դաշինք են կնքել վրացիները, մեջտեղը մնում են հայերը, որոնք չեն կարող իրենց երկիրը պաշտպանել, դրա համար հարկավոր էր ռուսական զորքն Հայաստանում։ Չլսեցին Շահումյանին, բայց ընդունվեց դեկրետը։ Դեկրետի ընդունման ժամանակ, երկրորդ անգամ քննարկման ժամանակ, ի միջիայլոց, Շահումյանի առաջարկությամբ Լենինն ընդունել է դեկրետ՝ բոլոր գրաված տարածքներից զորքերը հեռացնելու մասին։ Զարմանալի կերպով Լենինը զիջել է, որ զորքերը Հայաստանի տարածքից չհեռանան, որպեսզի մնան ու պաշտպանեն Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը, Ստեփան Շահումյանի ցանկությամբ։
Ստեփան Շահումյանը համախմբել է դաշնակցական Ռոստոմ Զորյանին նաև դեկրետի ստեղծման համար։ Իր վրա դրված էր պարտականություն՝ զորքերը պահել ռազմաճակատում։ Եվ, որպեսզի դեկրետն իրականություն դառնար, Պռոշ Պռոշյանը Շահումյանի առաջարկությունը հաշվի առնելով, աշխատել է ձերբակալությունից ազատել գեներալ Հակոբ Բագրատունուն, և Ռոստոմ Զորյանին ուղարկում են Բաքու 1918 թ․մարտին, Շահումյանին օգնելու՝ դեկրետն իրականացնելու համար։ Պարադոքս է։ Ուրեմն, դեկրետի ստեղծմանը մասնակցում էր դաշնակցության հիմնադիրներից Ռոստոմ Զորյանը, իսկ Թիֆլիսում նստած դաշնակցականները՝ Սիմոն Վրացյանը դեկրետը համարել է անհեթեթություն։ Նույն կարծիքն է հայտնել Ավետիս Ահարոնյանը, և իրենց հերթին աշխատել են ամեն ինչ անել՝ Թուրքահայաստանի դեկրետի իրականացումը ձախողելու համար։
Նկատե՞լ եք, դաշնակցությունը միշտ եղել է այդպիսին։ Եթե խելոք լինեին, ապա Ռոստոմ Զորյանին կլսեին, բայց ինչպես ասում են՝ բանի տեղ չդրեցին։
Եթե Թուրքահայաստանի մասին դեկրետն ընդունվեր, դա նշանակում էր Արևմտյան Հայաստանի փրկություն։ Ի միջիայլոց, աշխարհի բոլոր խոշոր երկրները խոսել են Արևմտյան Հայաստանի մասին, բայց նրանցից ոչ մեկը խոսքից այն կողմ չի անցել։ Շահումյանի առաջարկությամբ Թուրքահայաստանի մասին դեկրետը Պռոշյանի միջոցով մտցվել է Սովետական Ռուսաստանի առաջին Սահմանադրության մեջ։ Թուրքահայաստանի անկախությունը Ռուսաստանը ճանաչել է որպես սահմանադրական օրենք։
Այսօր կարելի՞ է պատկերացնել, որ այդ խառը ժամանակ ինչպես էին մեր հայ ընկերները Շահումյանի գլխավորությամբ մտածում և անհանգստանում Թուրքահայաստանի ճակատագրի մասին։ Սահմանադրական օրենք էր, ես սրա վրա շեշտը դնում եմ, որովհետև այսօր շատ շատերը Թուրքահայաստանի դեկրետի մասին կրկնում են Ս․ Վրացյանի անհեթեթ արտահայտությունը և մեղքը բարդում են Շահումյանի ու նրա կողմնակիցների վրա։ Առհասարակ, մեր պատմության նորագույն շրջանում, ինչ դաշնակցությունը հանդես է եկել, միշտ իր մեղքերը կոծկել է, դրանք գցել է ուրիշի վրա, ուրիշի կատարած լավը վերցրել է իր վրա։ Այսօր էլ է այդպես կատարում։ Եվ մեր խնդիրն է այս հարցերի վրա ուշադրություն դարձնել, որովհետև երբ որ խոսում են սովետական իշխանության տարիների մասին, միշտ շեշտը դնում են այս հարցերի վրա, քանի որ մենք թույլ ենք տվել, սրանց մասին չենք խոսել, օգտվում են դրանից և մատնացույց են անում՝ ահա, տեսեք բոլշևիկները մեղավոր էին, որ Արևմտյան Հայաստանը զոհ դարձավ։ Իրականությունն այդպես չէ։
Բրեստի պայմանագրի մասին։ Այստեղ արդեն զավեշտական է։ Ուրեմն, Բրեստի պայմանագրի 4-րդ հոդվածն ասում է․ «Ռուսական զորքերը հեռանում են Կարսից, Արդահանից և հնարավորություն են ստեղծում հանրաքվե կատարելու»։ Բրեստի պայմանագրի մեջ չի գրված, որ Սովետական Ռուսաստանը Կարսն ու Արդահանը հանձնում է թուրքերին։ Չկա այդպիսի բան։ Հիմա դուք անպայման լսած կլինեք, որ ասում են՝ Կարսն ու Արդահանը տվեցին թուրքերին։ Չկա այդպիսի բան։ Երբ որ Բաթումում բանակցությունների ժամանակ թուրքերն ասել են՝ Բրեստի պայմանագիրը մեզ համար սրբություն է և պետք է կատարենք, դաշնակցականներից ոչ մեկի մտքով չի անցել, որ ասեն, թե բերեք տեսնենք, էդ Բրեստի պայմանագրում ի՞նչ է ասված։ Ուրեմն, թուրքերն ինչ որ հրամցրել են, մերոնք ընդունել են և մինչև հիմա մենք կրկնում ենք, որ Բրեստի պայմանագրով Կարսն ու Արդահանը տվեցին թուրքերին։ Իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Մենք միշտ լռել ենք։
Ափսոսում եմ, որ մեր ժամանակի պատմաբաններն այսօր չկան, որ ես նրանց հարցնեմ, թե ինչու այս հարցերի վրա ուշադրություն չենք դարձրել։ Ուշադրություն չենք դարձրել՝ մեր հակառակորդների ձեռքին զենք ենք տվել։ Այսօր մենք պետք է այդ զենքը նրանց ձեռքից վերցնենք։ Ինչպե՞ս՝ միայն ճշմարտությունն ասելով։
Երկու խոսք Բաթումի պայմանագրի մասին։ Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը պահանջում էր, որ Բաթումի բանակցություններին պետք է անպայման մասնակցի Սովետական Ռուսաստանի ներկայցուցիչը։ Ո՞վ պետք է լիներ Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչն այդ բանակցությունների ժամանակ։ Իհարկե Կովկասի գործերի արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանը։ Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե այնտեղ ներկա լիներ Շահումյանը, թուրքերը կկարողանայի՞ն խաբել։ Չէի՛ն կարողանա։ Ե՛վ դաշնակցականները, և՛ թուրքերը պահանջեցին, որ «մենք չենք ճանաչում Սովետական Ռուսաստանը, դրա ներկայացուցչի մասնակցությունը բանակցություններին մեզ ձեռնտու չէ»։
Ի՞նչ էր ասում Շահումյանը։ Մենք հրապարակել ենք ժամանակին Շահումյանի հինգ հատորը։ Զարմանալի էր ուղղակի։ Ուրեմն, Հայաստանի անկախության հռչակման ժամանակաշրջանին վերաբերող Շահումյանի ոչ մի նյութ չի հրապարակվել այդ հատորներում։ Ես դժվարանում եմ ասել, թե ինչու, բայց մտածում եմ, որ դրա մեջ անպայման դիտավորություն է եղել, որպեսզի ցույց չտան, որ Շահումյանը Հայաստանի անկախությանը դեմ է եղել։ Ո՛չ։ Շահումյանը ոչ թե Հայաստանի անկախությանն է դեմ եղել, այլ դեմ է եղել Բաթումի պայմանագրին։ Նա ասել է․ «Առանց Էրզրումի, Կարսի, Վանի, Բիթլիսի ի՞նչ անկախ Հայաստանի մասին է խոսքը»։ Ահա Շահումյանի տեսակետը։ Նա ամեն կերպ աշխատում էր այդ ուղղությամբ։
Կարո՞ղ էին դաշնակցականները, որոնք Անդրկովկասյան կոմիսարիատում ղեկավար դեր էին զբաղեցնում, համագործակցել Ստեփան Շահումյանի հետ։ Իհարկե կարող էին։ Բայց ինչո՞ւ չէին ուզում, որովհետև կուլ էին գնացել թրքասիրությանը։ Իսկ սրա տակ շատ ծանր բաներ կան։ Մենք պարտավոր ենք այս բոլորի մասին բարձրաձայն խոսել։ Վերջին հաշվով, պատմական ճշմարտությունը պետք չէ թողնել ստվերում։
Բաքվի կոմունայի դեպքերի կապակցությամբ հանրահայտ է․․․ Տեսեք, Ստեփան Շահումյանն ինչ էր առաջարկում։ 12 կոմիսար էր, տասներկուսից հինգը հայ էին։ Համագործակցում էին էսեռների և դաշնակցականների հետ։ Սկզբնական շրջանում դաշնակցականները համագործակցում էին Բաքվում Ստեփան Շահումյանի հետ։ Ես իմ գրքում գրել եմ, թե դաշնակցականների «Արև» թերթը էր գրել Հայաստանի անկախությունը հռչակելու մասին։ Շահումյանը ելնում էր հետևյալ պարագայից․ «Անկախությունը նպատակ չէ, անկախությունը միջոց է ժողովրդի վիճակը լավացնելու համար»։ Նրա այս խոսքերը 1922 թ․ կրկնել է Ալ․ Մյասնիկյանը, երբ դաշնակցականները արտասահմանից քննադատեցին, թե մտան Անդրֆեդերացիայի մեջ և կորցրեցին Հայաստանի անկախությունը։ Մյասնիկյանը պատասխանեց՝ կրկնելով Ստեփան Շահումյանին։
Մենք անկախությունը ֆետիշացրել ենք։ Ես իմ ուսանողներին հարցնում եմ․ «Քո պատկերացումը անկախության մասին», «Դե, մենք ունենք դրոշ, ունենք հիմն», «Հետո՞», «Հետո՝ ոչինչ»։ Սա է նրանց անկախությունը։ Բայց որ այդ երիտասարդին հարցնում ես․ «Ինչպես ես բարձր վարձ վճարում, ինչպես ես վճարովի բուժվում, ինչու աշխատանք չունես, ինչու բնակարան չես ստանում», լռում են։
Հիմա Բաքվի կոմունայի հետ կապված մի հարց ու ավարտեմ։ Շահումյանը միշտ դեմ է եղել ազգային գնդերի ստեղծմանը։ Ինչո՞ւ։ 1914 թ․, երբ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց Կովկասից Կովկասյան ռազմաճակատ զորակոչվեց 80 հազ․հայ։ Պատկերացնում եք՝ 80 հազ․հայ ռուսական զորքերում կռվում էր թուրքերի դեմ։ Դաշնակցականները մնացել էին անգործ։ Ի՞նչ անել։ Սկսեցին աղմկել, թե հարկավոր է կամավորական գնդեր ստեղծել։ 80 հազ․հայ կռվում էր, կամավորական գնդեր ստեղծելն ո՞ւմ էր պետք։ 5 հազար մարդ հավաքեցին, 5 կամավորական գունդ ստեղծեցին, և աղմուկ աղաղակ կամավորական գնդերի ստեղծման մասին։ Ստեփան Շահումյանը դեմ էր, իսկապես։ Թուրքերը ոչինչ չէին խոսում, որ ռուսական զորքերի կազմում 80 հազ․հայ է կռվում, բայց հենց որ հայ կամավորական գնդերը 5 հազար հոգի կազմեցին, թուրքերն անմիջապես օգտագործեցին և իրենց հաշիվը տեսան Արևմտյան Հայաստանի հայերի հետ։ Այստեղ են ասել՝ խելքին աշեցեք։
Երբ ռուսական զորքերը հեռանում էին, ռազմաճակատը դատարկվում էր, 80 հազ․հայ զինվորից ռազմաճակատում մնացել էր ընդամենը երկու հազար հայ, որովհետև Ավետիս Ահարոնյանը Թիֆլիսում նստած կարգադրում էր՝ ռազմաճակատից Կարսի տակից հայ զինվորին բերում էին Թիֆլիս, որ ազգային գունդ ստեղծեին, նոր վերադարձնեին ռազմաճակատ։ Ութսուն հազարից մնաց երկու հազար մարդ։ Եվ համաձայնվեցին հայկական զորքերի ընդհանուր հրամանատարությունը հանձնել գեներալ Օդիշելիձեին, որի քույրը Վեհիբ փաշայի կինն էր։ Դաշնակցականները գիտեի՞ն այս բոլորը։ Իհարկե գիտեին։ Բայց ո՞նց էին համաձայնվում։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը չկա։ Հիմա, երբ որ ռազմաճակատը փլվեց, այլևս հնարավորություն չկար, Ստեփան Շահումյանը դիմել է Մոսկվա։
Ես ժամանակին հայտնաբերել եմ Ստալինի ստորագրությամբ մանդատը ազգային ժողկոմին, որ թույլատրվում է կազմակերպել հայկական գնդեր, ուղարկել Կովկաս՝ իրենց հայրենիքի ուղղությամբ շարժվող թուրք զավթիչների դեմ կռվելու համար։ Ստալինի այս մանդատով, Շահումյանի խնդրանքով կազմակերպել են բազմաթիվ կամավորական գնդեր, որոնք գնացել են Բաքու, Բաքվից անցել են, մասնակցել են Սարդարապատի ճակատամարտին, մեծ դեր են խաղացել, բայց այսօր այս մասը թողնում են, ասում են՝ Շահումյանը դեմ էր ազգային գնդերին, բայց չեն ասում, թե ինչու էր դեմ։ Այս կապակցությամբ, որպեսզի մուսավաթականները աղմուկ չբարձրացնեին Բաքվում հայկական գնդերի վերաբերյալ, գաղտնի պայմանագիր ստորագրեց Բաքվի դաշնակցության հետ։ 3-րդ և 4-րդ կետում (դա չհրապարակվեց) ասվում է, որ դաշնակցական Համազասպի գլխավորությամբ զորքը, գունդը մտնում է Կարմիր բանակի մեջ՝ որպես առանձին միավոր։ Եթե սա հրապարակեին, մուսավաթականները աղմուկ կբարձրացնեին, կասեին՝ մեզ էլ հնարավորություն տվեք գունդ ունենալու։ Երբ որ այս մասին Միկոյանը հուշեր հրապարակեց և հիշելով ասաց, որ այս գաղտնի պայմանագրում այսպիսի կետ է եղել, մեր պատմաբաններից ոմանք Միկոյանի դեմ աղմուկ բարձրացրեցին, թե սուտ է խոսում։ Հետո այդ փաստաթուղթը ես հայտնաբերեցի, տեսանք, որ Միկոյանը ճիշտ է հիշել։ Ուրեմն, Շահումյանն այնքան խելացի էր օգտագործում, կոմպրոմիսի մեծ վարպետ էր, չլսեցին մեր դաշնակցականները։
Եվ վերջապես, Բաքվի կոմունայի կառավարության կազմում հինգ հայ կար։ Որպեսզի հայ դաշնակցականները և էսեռները մասնակցեին, Շահումյանը նրանցից անհատապես երկու հոգու հրավիրեց կառավարության կազմում։ 12-ից 7-ը դառնում էին հայ։ Դաշնակցությունն ու էսեռները չհամաձայնվեցին, թե մենք ուզում ենք կառավարության մեջ մտնել որպես կուսակցություն։ Շահումյանը բացատրում էր, որ այ ընկերներ, ինչ տարբերություն, մեզ հարկավոր է, որ ունենանք մեծամասնություն։ Չլսեցին և մենք տանուլ տվեցինք։
Ստեփան Շահումյանը, երբ Կրասնովոդսկում նավից իջնում է, ժողովուրդը, բոլորը դեմքով ճանաչում էին (ի միջիայլոց սրա մասին հուշագրություններում կա։ Այնքան գեղեցիկ տղամարդ էր, որ երբ Թիֆլիսի փողոցներով անցնում էր, կենտրոնական՝ Գոլովինսկի պողոտայով անցնում էր, կանայք պատշգամբներից դուրս էին թռչում, որ նայեին այդ գեղեցիկ տղամարդուն)։ Շահումյանին բոլորը ճանաչում էին։ Հարցնում են՝ ո՞վ է Ստեփան Շահումյանը, ոչ ոք ձայն չի հանում։ Եվ հանկարծ դաշնակցական Լալայանը, որը պարգևատրված էր Գեորգիևյան խաչով, դուրս է գալիս և ասում՝ ահա Ստեփան Շահումյանը և նրա մատնությամբ Ստեփան Շահումյանին բռնում են։
Երբ այս մասին ես խոսում եմ, ասում են՝ այ, ընկեր Պետրոսյան, էլի դաշնակցականներին կպա՞ր։ Ես չեմ կպնում դաշնակցականներին, ես փաստն եմ ասում։
Վերջապես, նախանցյալ տարի Ստեփան Շահումյանի մասին Բաքվում հրապարակվեց Իսմայիլովի գիրքը ռուսերեն։ Մոսկվայում շռնդալից շնորհանդես կազմակերպեցին, Շահումյանին ներկայացրին որպես ադրբեջանական ժողովրդի գենոցիդի կազմակերպիչ և այլն։ Ռուս որոշ գիտնականներ, որոնք պատմությունից տեղյակ չէին, հանդես եկան, պաշտպանեցին, ասացին, որ մինչև հիմա Շահումյանի մասին չգիտեինք իրականությունը, հիմա Շահումյանի կերպարը պարզվեց որպես խիստ ռեակցիոն անձնավորություն։
Ես գրեցի մի աշխատություն, մինչև այսօր չարչարվում եմ, որ գոնե ռուսերեն համառոտ հրատարակվի որպես պատասխան ադրբեջանցի կեղծարարին, այդպես էլ չի հաջողվում։ Իմ ընկերներից դիմել են մեր մեծահարուստներից ասել են․ «Մենք ո՜ւր, Շահումյանն ո՜ւր։ Բանաստեղծության գիրք բերեք, տպենք»։
Ահա, հարգելի ընկերներ, շատ համառոտ փորձեցի ձեզ ասել, թե Ստեփան Շահումյանն ինչ դեր է խաղացել մեր ժողովրդի պատմության համար և ինչ է արել մեր ժողովրդի համար։ Մի մարդ, որը համեստորեն ծառայել է ժողովրդին, մի մարդ, որը ոչինչ չի ճանաչել, բացի իր ժողովրդից և միշտ իր ժողովրդի ապագան տեսել է ռուս ժողովրդի կողքին։ Մեր մեծերի թվում կանգնած է նաև Ստեփան Շահումյանը, ով հասկացել է, որ առանց Ռուսաստանի, առանց ռուսական զորքի ինչքան էլ վեր-վեր թռչենք, մեր չափը պետք է իմանանք և չամաչենք մեր մեծ բարեկամի հետ բարեկամություն անելիս։ Ես կարծում եմ, Ստեփան Շահումյանի ամենակարևոր պատգամներից մեկն այսօրվա սերնդի համար դա է՝ չկորցնել Ռուսաստանի հետ մեր ժողովրդի դարավոր դաշինքը։