Խոր վշտով հայտնում ենք, որ մարտի 17-ի լույս 18-ի գիշերը կյանքից հեռացավ ևս մեկ գերազնիվ հայորդի, մեծ գիտնական, նվիրյալ հայ՝ երկրաբան գիտնական, դոկտոր Հրաչիկ Սարգսի Ավագյանը։
Կայքի աշխատակազմը վշտակցում և ցավակցում է ազնիվ ու գրագետ մարդու, անբասիր գիտնականի ընտանիքի անդամներին ու հարազատներին՝ մեծ կորստի համար։
Հրաչիկ Ավագյանը ծնվել է 1930 թ., մայիսի 22-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում: Հայրենի գյուղում դպրոցն ավարտելուց հետո նա ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1949-1954 թթ.` ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը, ստացել է ճարտարագետ-երկրաբանի որակավորում՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում» մասնագիտությամբ։
1954 թ․նշանակվել և մինչև 1992թ․ աշխատել է որպես Հայաստանի Խորհրդային Հանրապետության երկրաբանական վարչության համամիութենական տնտեսագիտական միության նախագահի տեղակալ: Միաժամանակ 1954-1956 թթ. աշխատել է Հանքավանի երկրաբանահետախուզական արշավախմբում՝ որպես երկրաբան, 1956-1959 թթ․նշանակվել է Ղազմայի արշավախմբի գլխավոր ինժեներ՝ տեխնիկական ղեկավար, այնուհետև 1960-1963 թթ. տեղափոխվել է Սարիգյուղի բենթոնիտային կավերի հետախուզական արշավախումբ, աշխատել է որպես արշավախմբի պետ։ 1964 թ. նշանակվել է Արևիսի ոսկու հանքավայրի հետախուզական արշավախմբի պետ, իսկ 1965-1970 թթ. աշխատել է Սիսիանի երկրաբանական արշավախմբի պետ։
1970-1971 թթ. գործուղվել է Ալժիրի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետություն՝ որպես խորհրդային երկրաբան մասնագետների խմբի ղեկավար։ Երկու տարի աշխատելուց հետո վերադարձել է և 1972-1975 թթ. նշանակվել Հայաստանի բնական ցեոլիտների որոնողական արշավախմբի պետ։ 1975 թ․ տեղափոխվել է Իջևան և մինչև 1977 թթ․ աշխատել է Իջևանի քարածխի հանքաերևակման հետախուզական արշավախմբի գլխավոր երկրաբան։
1980-1994 թթ. նշանակվել է Հայաստանի գունավոր մետալուրգիայի վարչության երկրաբանահետախուզական տրեստի Ազատեկի արշավախմբի պետ և ապա նույն տրեստի բաժնի վարիչ։
1983-1986 թթ․ Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության երկրաբանահետախուզական արշավախմբի գլխավոր մասնագետն էր։
1968 թ.` Հայաստանի երկրաբանական վարչության կազմում աշխատանքային գործունեության ընթացքում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Саригюхский месторождение бентонитовых глин (генезис и перспективы применения сыря)» թեմայով ։
1989 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Цеолит-бентонитовая формация Соьхето-Кафанской структурно-формационной зоны МалогоКавказа и ее прогнозная оценка» թեմայով:
1990-1994 թթ․«Բեկում» և «Ադամանդ» ՓԲՁ-երի տնօրենների խորհրդատուն էր։
2008-2010 թթ․ Երևանի ինժեներային ինստիտուտի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանության հարցերով խորհրդի նախագահն էր։
Պարգևատրված էր՝
ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով,
Վ․Ի․Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված մեդալով,
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգրով,
Արժանացել էր Ալժիրի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության երախտագիտության և Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության երախտագիտության,
Պետական մրցանակ էր ստացել Սարիգյուղի բենթոնիտային կավերի հանքավայրերի հետախուզական աշխատանքների համար։
1994 թ.-ից մինչև բեղմնավոր կյանքի ավարտն աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտում` որպես գլխավոր գիտաշխատող, «Բնօգտագործման և բնապահպանության» բաժնի վարիչ:
Հայտնաբերել և հետախուզել է Սարիգյուղի բենթոնիտային կավերի, Նոյեմբերյանի ցեոլիտների հանքավայրերը:
Հ․Ավագյանի գիտական աշխատանքները վերաբերում են ՀՀ հանքային պաշարների երկրաբանությանը և տեղաբաշխման խնդիրներին:
Ողջ կյանքում անդուլ և համարձակ պայքար է մղել անազնիվ մարդկանց, հայրենի բնությունը սեփական շահի համար քայքայող մարդկանց դեմ՝ ինչ կոչման ու պաշտոնի էլ նրանք լինեին։ Բազմաթիվ հոդվածներ է գրել ի պաշտպանություն Թեղուտի անտառների պահպանման, Ամուլսարի հանքավայրերի անհարկի շահագործման դեմ։
Հեղինակ է բազում գիտական գրքերի, որոնցից են՝
«Հայաստանի Հանրապետության ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները», Ե., 2002:
«Հայաստանի հանքահումքային ռեսուրսները: Օգտագործման արդի վիճակը և արդյունավետության բարձրացման ուղիները»: ՀՀ ԳԱԱ «Գիտություն», Ե., 2004
Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով), ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005:
«Повышение продуктивности малоценных лесов Северной Армении путем реконструкции», Г.С. Авакян.
«Գեղատեսիլ Շամշադինի բարգավաճումը 1917-1967» /Հ․Ս․Ավագյան, Մ․Մ․Սաղումյան, ՀՍՍՀ «Գիտելիք» ընկ․
«Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» /Հ․Ս․ավագյան։ Պատ․ խմբ․ Յու․ Ա․Աղաբալյան, ՀՀ ԳԱԱ, Մ․Քոթանյանի անվ․տնտեսագիտ․ ինստ․
«ՀՀ լեռնահանքային արդյունաբերության հանքահարստացման թափոնների և դրանց էկոլոգիական հետևանքների գնահատումը» /Հ.Ս. Ավագյան; ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ.
«ՀՀ հանքավայրերում առկա պիրիտ հանքանյութի և դրա հարակից բաղադրիչների փոշիացումը կանխելու ուղիներն ու հեռանկարները» /Հ.Ս. Ավագյան։ Պատ. խմբ.՝ Է.Ա. Սաղաթելյան; ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտ.
«ՀՀ քաղցրահամ ջրերը: (Պաշարները, ռեսուրսները և դրանց արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները)» /Հ. Ավագյան; Պատ. խմբ.՝ Մ. Սաթյան; ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտ. ինստ.
«Հազվագյուտ տարրերն ու հազվագյուտ հողատարրերը Հայաստանի Հանրապետության հանքավայրերում» /Հ.Ս. Ավագյան; ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. Տնտեսագիտության ինստիտուտ.
«Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների գնահատումն ըստ մարզերի» /Հ.Ս. Ավագյան; ՀՀ ԳԱԱ, Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտ. ինստ.
«Հայաստանի Հանրապետության ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները» / Հ.Ս. Ավագյան; Պատ. խմբ.՝ Լ. Բաղդասարյան; ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտ. ին-տ.
«Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության զարգացման հիմնախնդիրները=Проблемы развития горнорудной промышленности Армении» /Հ.Ս. Ավագյան; ՀՀ ԳԱԱ; Տնտեսագիտ. ին-տ Մ. Քոթանյանի անվ.
«Հայաստանի հանքահումքային ռեսուրսները: Օգտագործման արդի վիճակը և արդյունավետության բարձրացման ուղիները» /Հ.Ս. Ավագյան; ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. տնտեսագիտ. ինստ.
«Հայաստանի հանքային ջրերը։ Օգտագործման արդի վիճակը և արդյունավետության բարձրացման ուղիները հազվագյուտ ալկալի մետաղների, բորի և ածխաթթու գազի կորզման օգնությամբ» /Հ․Ս․Ավագյան, ՀՀ ԳԱԱ Մ․Քոթանյանի անվ․ տնտեսագիտ․ ինստ․
Ուներ սիրելի և նվիրված կին, երկու զավակ՝ դուստր և որդի, չորս թոռ և ծոռներ: