ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878թ. մարտի 4-ին Եկատերինոդար (այժմ` Կրասնոդար) քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի ռեալական ուսումնարանում: 1898թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրդի գեղարվեստների ակադեմիային կից բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետության դասարան, որն ավարտել է 1904թ. ճարտարապետ-նկարչի որակավորմամբ: Ուսման տարիներին Ալ. Թամանյանին ակադեմիան բազմիցս գործուղել է ուսումնասիրելու և չափագրելու Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի ռուսական դասական ճարտարապետության հուշարձանները:
Ալ. Թամանյանի առաջին ինքնուրույն աշխատանքը (1906թ.) կապված է Սանկտ Պետերբուրգի` 18-րդ դարի վերջին ճարտարապետ Յու. Ֆելտենի նախագծով կառուցված հայկական եկեղեցու վերակազմության նախագծի հետ, որի իրականացումը դրսևորեց հեղինակի` որպես բարեխիղճ հետազոտողի հատկությունները, նաև նրա արտակարգ նուրբ ճաշակն ու դասական ճարտարապետության խոր իմացությունը:
Ալ. Թամանյանի ստեղծագործական և շինարարական տաղանդն առանձնապես արտահայտվել է Յարnսլավլի տոնավաճառի համակառույցի, կոմս Վ. Կոչուբեյի առանձնատան և իշխան Ս. Շչերբատովի բնակելի տան կառույցներում: Վերջին կառույցը հեղինակին բերել է ոսկեմեդալ և մեծ փառք: 1914թ. Ալ. Թամանյանն ընտրվել է Գեգարվեստների ակադեմիայի ճարտարապետության ակադեմիկոս, իսկ 1917թ.` նույն ակադեմիայի նախագահ:
1918թ. վերջին Ալ. Թամանյանը եկել է Հայաստան և նշանակվել Հայաստանի Հանրպետության գլխավոր ճարտարապետի վարչության, Հնությանց և գեղարվեստից պահպանման հանձնաժողովի, ինչպես նաև. պետական հիմնարկների շենքի կառուցման շինարարական հանձնաժողովի նախագահ: Այդ բոլոր պաշտոնները նա վարել է նաև բոլշևիկների իշխանության հաստատումից հետո (1920р. դեկտեմբերի 2-ից մինչև 1921թ. փետրվարի 18-ը): Փետրվարյան ապստամբությունից հետո, ապրիլի 22-ին, նա հեռացել է Պարսկաստան, հաստատվել Թավրիզում, որտեղ նկարիչ Հ.Կոջոյանի հետ միասին բացել է գեղարվեստական ստուդիա: Թավրիզի քաղաքապետարանը՝ որպես ճարտարապետի, հրավիրել է աշխատանքի:
Այստեղ նա նախագծել է մի շարք անհատական տներ ու հասարակական շինություններ, գործուն մասնակցություն ունեցել քաղաքի կառուցապատման աշխատանքներին: Հայաստանի բոլշևիկյան կառավարության կրկնակի հրավերից հետո Ալ. Թամանյանը 1923թ. մարտին վերադարձել է Հայաստան: Երևանում իր գործունեության առաջին տարիներին Ալ. Թամանյանը նախագծել և կառուցել է իտալական Վերածնության շրջանի ճարտարապետական ոճով մի քանի շենք (Ագգային գրադարան, ֆիզիոթերապևտիկ ինստիտուտ և այլն): Այդ տարիներին նա զբաղվել է նաև հայկական ճարտարապետության ուսումնասիրությամբ և հուշարձանների պահպանման գործով:
Ուսումնասիրելով Տեկորի, Զվարթնոցի, Անիի և այլ պատմական հուշարձաններ ու ժողովրդական ճարտարապետության նմուշներ` Ալ. Թամանյանը կարողացավ գտնել դրանց оգտագործման մեթոդը ժամանակակից պայմաններում: Նա երբեք չկրկնեց հինը, բայց չմերժեց այն` պատմական կամուրջ գցելով հայ ժոդովրդի անցած շրջանի մշակույթի և նորի միջև: Օգտվելով Տեկորի և Զվարթնոցի ճարտարապետական ծավալատարածական կոմպոզիցիոն լուծումներից և ձևակազմության օրինաչափություններից, հեռու մնալով մեխանիկական ընդօրինակումից` նա ստեղծեց կառավարական տան և օպերային թատրոնի ճարտարապետական սյունակարգերը, դրանց հատակագծային և ծավալային ուրույն կոմպոզիցիաները:
Ալ. Թամանյանը վերակենդանացրեց հայկական զարդաքանդակի արվեստը նրան հաղորդելով նոր բովանդակություն:
Միշտ մտահոգված լինելով բարձրորակ նախագծող և կառուցող կադրեր ստեղծելու հարցով, նա ճարտարապետական նախագծման դասեր է տվել ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում:
Ալ. Թամանյանի ճարտարապետական հանճարի մեծագույն դրսևորումը եղել ու մնում է Երևանի գլխավոր հատակագծի ստեղծումը, որի աշխատանքները նա սկսել էր դեռ 1923թ.-ից առաջ և շարունակել մինչև կյանքի վերջը:
Նրա նախագծով է կառուցվել Կառավարական տունը, որի համար ականավոր ճարտարապետը 1942թ. հետմահու արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Իսկ Երևանի օպերայի և բալետի թատրոնի նախագիծը Փարիզի 1937թ. համաշխարհային ցուցահանդեսում շահել է Մեծ ոսկե մեդալ: Թամանյանի ստեղծագործությունների ազդեցությամբ Հայաստանում ստեղծվել է թամանյանական ճարտարապետական դպրոց: Անգնահատելի է Ալ. Թամանյանի ստեղծագործության նշանակությունը Հայաստանի նորագույն ճարտարապետության կազմավորման և զարգացման գործում:
1926թ. Ալ. Թամանյանն արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետի կոչման:
Վախճանվել է 1936թ. փետրվարի 20-ին Երևանում: