«Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել թեմատիկ նոր՝ «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը (ավելի քան 1120 էջ):
Մեր իրականության մեջ աննախադեպ այս շքեղ հրատարակությունը, որն ըստ էության, նվիրված է հայ գրատպության 500-ամյակին, իր եզակի տեղն է ունենալու հայ գրքի ու պարբերական մամուլի պատմության մեջ, որովհետև առաջին անգամ մեկտեղել է հայ գրատպությունը՝ իր բոլոր երեսակներով: Առանձին-առանձին ներկայացված են հայ գրքի հնատիպ շրջանում հրատարակված գրեթե բոլոր գրքերը (շուրջ 1100 անուն)՝ մատենագիտական բնութագրումներով, այդ գրքերի հեղինակներն ու տպագրիչները, նաև օտար հեղինակները:
Նոր և նորագույն շրջանը ներկայացված է կոթողային հրատարակություններով, ՀՀ-ում, ԼՂՀ-ում և սփյուռքում հրատարակված պարբերականների և տպագրվող թերթերի ու հանդեսների մեծ մասը՝ իրենց խմբագիրներով ու հրատարակիչներով, հայ գրողների մեծ մասը:
Հատուկ ուշադրություն է դարձված բառարաններին, հանրագիտարաններին, դասագրքերին և այլն:
«Հայկական հանրագիտարան. հրատարակչության» փոքրաթիվ աշխատակազմն անուրանալի գործ է անում՝ պատրաստելով ու հրատարակելով թե՛ թեմատիկ ու մասնագիտական, թե՛ հանրագիտական գրքեր՝ շարունակելով հայկական հանրագիտարանի անխափան ու դժվար երթը: Իհարկե, կլինեն նաև պատճառաբանված բացթողումներ, որոնք լրացնելու պարտականությունը հանձնում ենք գալիք սերունդներին: Այն, ինչ արվել է այս հատորում, արժանի է խորին երախտիքի:
Հայկական հանրագիտարան հրատարակչությունն իր կազմավորման տարիներից ևեթ արդեն 16 հատոր հանրագիտարանների հեղինակ է: Այսօր արդեն աշխատում են հայկական երաժշտական հանրագիտարան և 65 հազար եզրույթ պարունակող հանրագիտական երկհատորանի բառարան լույս ընծայել: Սակայն դրանով չեն սահմանափակվի, առջևում ծրագրեր շատ կան:
Իսկ ապագայում էլ կարծում ենք, որ նորանկախ Հայաստանին անհրաժեշտ կլինի նոր ազգային հանրագիտարան: Դա պետք է և պիտի արվի, ինչպես ժամանակին արվեց հայկական սովետական հանրագիտարանը: