2015-2016 ուստարվա համար Վրաստանի կրթության և գիտության նախարարության կազմած ուսումնական ծրագիրը նախատեսում է հայոց լեզվի դասաժամերը կես ժամով կրճատել։
Ջավախքի հանրակրթական դպրոցների 10-րդ և 11-րդ դասարաններում նախկին շաբաթական 5 ժամվա փոխարեն, այսուհետև ուսուցանվելու է 4,5 ժամ։
«Ցավոտ հարց է։ Կրճատեցին մեր մայրենիի դասաժամերը։ Հայերենը բարդ լեզու է, բարձր դասարանների ծրագիրը բավական ծավալուն է, արդեն նախորդ կրճատումից հետո դժվարանում էինք ամբողջ նյութը փոխանցել աշակերտին», հայտնել է հայոց լեզվի և գրականության մասնագետ Սաթենիկ Նահապետյանը։
Հայկական դպրոցների տնօրեններն ասում են, թե 10-րդ և 11-րդ դասարաններում չեն կարող դասաժամերը փոխել, քանի որ վրացերենի, Վրաստանի աշխարհագրության, պատմության, մարզումների դասաժամերը փոխելու իրավունք չունեն, իսկ մյուս առարկաներից աշակերտները քննություն են հանձնելու։
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայկական դպրոցներում վերջին անգամ հայոց լեզվի և գրականության դասաժամերը կրճատել էր 2012 թ․-ին։
Աղբյուրը՝ «Զարթօնք» թերթ