Գիտնականներն Աֆրիկայում հայտնաբերել են մի ձուկ, որը կարողանում է մի քանի տարի ապրել առանց սննդի և ջրի։ Անբարենպաստ պայմաններում այդ ձուկը կարողանում է դանդաղեցնել իր օրգանիզմի բոլոր գործընթացները և քնում է այնքան ժամանակ, մինչև իր գտնվելու վայրում քաղցրահամ ջուր է հայտնվում։ Ձկանն անվանել են եղջրատամ։ Նրա քնելու ժամանակաշրջանը կարող է տևել 3-5 տարի, այդ ընթացքում նա արտաթորանք չի արտադրում, գրում է The Daily Mail-ը։
Ներկայում մասնագետներն ուսումնասիրում են, թե ինչ է տեղի ունենում ձկան բջիջների հետ քնի ընթացքում։ Գիտնականները հույս ունեն, որ այդ ուսումնասիրությունը հնարավորություն կտա իրենց մի քայլ առաջ անցնել գիտության մեջ և կրիտիկական պահերին մարդու կենսագործունեությունը դադարեցնելու հնարավորություն ստեղծել։
Նշենք, որ այդ ձուկը ավելի մոտ է չորքոտանի կենդանիներին, որոնք ինչ-որ ժամանակ դուրս են եկել ջրից։ Նրա անատոմիան պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են կենդանիները զարգացել, ինչպես են նրանց թոքերը հարմարվել ցամաքին։