Համազգային հայ կրթական մշակութային միության «Բագին» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Յակոբ Պալեանը առաջադրեց լեզվի երկու ճյուղերի մերձեցմանը նպաստող որոշակի քայլեր և ներկայացրեց առաջարկություններ: «Մեսրոպեան ուխտ» լեզվապահպանական միության նախագահ Նշան Որբերեանը (ԱՄՆ) ներկայացրեց հայերենի երկու գրական լեզվաճյուղերի առնչության խնդիրները և առաջարկեց ստեղծել համահայկական տերմինաբանական կոմիտե, քննարկել և ի մի բերել ուղղագրության միասնականացման խնդիրները: ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Նայիրի Մկրտիչեանը ներկայացրեց արևլահայերենի և արևմտահայերենի մերձեցման իր տեսլականն ու լուծման ուղիները: Նա հանգամանալից անդրադարձավ Սփյուռքի տարբեր համայնքներում օտար լեզուների ազդեցությամբ արևմտահայերենի կրած հնչյունաբանական, քերականական և լեզվամտածողության փոփոխություններին ու ձևախեղումներին, օտարաբանություններին: Նա խոսեց նաև արևմտահայերենով հրապարակվող սփյուռքյան լրատվամիջոցների լեզվական խնդիրների, Հայաստանում արևմտահայերենի ներկայացվածության ու ուսուցման հարցերի մասին: Ն. Մկրտչյանը առաջարկեց Հայաստանում ստեղծել արևմտահայերենով գործող դպրոցներ, Սփյուռքում ստեղծել լեզվի տեսչությանը համարժեք կառույց, որը փորձի նորմավորել լրատվամիջոցների լեզուն և աշխատանքներ կիրականացնի տարբեր համայնքներում արևմտահայերենի կանոնարկման, տարբերությունների նույնականացման ուղղությամբ:
Հայոց լեզվի երկու ճյուղերի ուղղագրության խնդիրների վերաբերյալ զեկուցեցին ԵՊՀ դասախոս, պրոֆ. Լևոն Եզեկյանը և ԵՊՄՀ դասախոս դոց. Դավիթ Գյուրջինյանը: Փարիզի «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանը հանդես եկավ «Հայերէնը ֆրանսերէնի շուքին ներքո» թեմայով զեկուցումով՝ անդրադառնալով տարբեր երկրներում այլ լեզուների հետ հայերենի գոյակցության խնդիրներին: Զեկուցումներով հանդես եկան նաև ԵՊՄՀ «Սփյուռք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Հիլդա Փանոսեան-Գալֆայեանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի ասպիրանտ Ռիմա Համբարձումյանը, ԵՊԲՀ-ի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը, Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոս Լուսինե Մարգարյանը : Վերջում տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակություն եղան նոր առաջարկություններ: Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև հուլիսի 30-ին, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարությունը։