Սովետական Հայաստանի ղեկավար Անտոն Քոչինյան (Մաս 2)

07 Հոկտեմբերի 2017

Հզոր թափով զարգանում էր քաղաքաշինությունը: Երևանը, Լենինականը, Կիրովականը, Հրազդանը, Կամոն, Աբովյանը, Ալավերդին, Կապանը, Չարենցավանը, Հոկտեմբերյանը, Էջմիածինը, Սևանը և մյուս քաղաքները դարձել էին ինդուստրիալ կենտրոններ: Քաղաքներում բնակվում էր բնակչության 59,4 տոկոսը:
Հանրապետությունում իրականացվում էր ընդհանուր պարտադիր միջնակարգ կրթություն: Ուսուցման համակարգի մեջ ընդգրկված էր հանրապետության յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին: 12 բուհերում անվճար սովորում էր 700 հազար մարդ, այսնիքն այնքան, որքան եղել է Հայաստանի բնակչությունը 1920 թ.:
Քոչինյանի օրոք և, ընդհանրապես, սովետական տարիներին ստեղծված շատ արժեքներ ընդմիշտ կմնան համաժողովրդական հպարտության առարկա:
Ո՞ւր են այն բոլորը, ինչ ստեղծվել է Քոչինյանի ժամանակ և հետո, մինչև սովետական իշխանության վերջը: Ամեն ինչ ավերվել է: Այդ ավերողներից մեկը, որը իր թեկնածությունն էր առաջադրել Հայաստանի Հանրապետության նախագահական վերջին ընտրություններում նախագահ ընտրվելու համար, հեռուստատեսությամբ արդարանում էր, բերելով հետևյալ պատճառաբանությունը, թե՝ «Քանի որ Երևանի խոշոր ձեռնարկությունների արտադրանքը սպառվում էր ամբողջ Սովետական Միությունում, ապա Սովետական Միության փլուզումից հետո, այդ գործարանների արտադրանքի իրացման շուկան վերանում է: Իսկ Հայաստանի շուկան էլ շատ փոքր էր դրանց արտադրանքի իրացման համար: Այս պատճառով էլ այդ ձեռնարկություններն այլևս ավելորդ էին Հայաստանի համար և պետք է փակվեին»:
Բայց հիմա մենք իրավունք ունենք այդ ավերողներին հարցնել. դա նրանց իրավունք տալի՞ս էր այդ համաժողովրդական սեփականությունը ոչնչացնել և վերածել ավերակույտի: Մի՞թե ուրիշ միջոց չկար: Իհարկե, կար, եթե իշխանության եկած ՀՀշականներն իրենց պարագլուխների հետ միասին լինեին հայրենասեր և ափսոսանք ունենային բազմաթիվ սերունդների ջանքերով ստեղծված համաժողովրդական ունեցվածքի հանդեպ:
Այն ամենը, ինչ կատարվել է Քոչինյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ, կատարվել է մարդկանց համախմբելու, նրանց եռանդը ստեղծարար հունի մեջ դնելու միջոցով:
Իհարկե, Քոչինյանին չէր հաջողվի իր բոլոր մտահղացումներն իրականացնել, եթե նրա կողքին չլինեին այն բազմաթիվ պետական, տնտեսական, մշակութային գործիչները, որոնց անուններին ընթերցողը կհանդիպի տվյալ գրքի մեջ:
Այն սերունդը, որին պատկանում էր Անտոն Քոչինյանը, ներդրել է իր բոլոր ջանքերը, արել ամեն հնարավորը, որպեսզի հայ ժողովուրդը լավ ապրի:
Անտոն Քոչինյանը բնությունից օժտված էր արտասովոր համեստությամբ: Դառնալով Հայաստանի ղեկավար, երբեք չդարձավ իշխանության տիրակալ, միշտ մնաց որպես իր հայրենիքի ու ժողովրդի ազնիվ սպասավոր:
Քոչինյանը լավ գիտեր ամբողջ Հայաստանը: Երևի միակ ղեկավարն էր, որ հասցրել էր լինել բոլոր շրջաններում ու գյուղերում, անձամբ ճանաչում էր ոչ միայն շրջանների ու գյուղերի ղեկավարներին, այլև բազմաթիվ շարքային մարդկանց, նրանց դիմում էր անունով ու ազգանունով:
Քոչինյանը հաճախ էր լինում գիտական, կրթական և մշակութային օջախներում: Ամռան ամիսներին այցելում էր պիոներական, երիտասարդական և սպորտային ճամբարներ ու բազաներ:
Քոչինյանը իր ուշադրության կենտրոնում էր պահում Հայաստանի բնական պաշարների ճիշտ և նպատակահարմար օգտագործման կարևորագույն խնդիրը, այդ թվում նաև ջրային պաշարները:
Երբեք չի մոռացվի Հայաստանի գյուղերի զարգացման, գյուղացիների կյանքը հեշտացնելու գործում Քոչինյանի անգնահատելի ծառայությունը:
Իր ամբողջ գործունեության ընթացքում Քոչինյանը մեծապես կարևորում էր հայ ժողովրդի փառքը բազմապատկող նշանավոր գործիչների հոբելյաններն ու դրանց առժանավայել կազմակերպումը: Օրինակ, երբեք չի մոռացվի, թե 1969 թ. ինչպիսի մեծ շութով ոչ միայն Սովետական Միության, այլև միջազգային մասշտաբով նշվեցին Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 100-ամյակները և դրանց հետ կապված հոբելյանական միջոցառումները:
Եթե Քոչինյանի նկատմամբ կա պահանջ, ապա դա նրան պետք է ներկայացնել իր ժամանակի մակարդակով: Ճիշտ է, իհարկե, որ 21-րդ դարի սերունդն ավելին գիտե, բայց հարկավոր է նկատի ունենալ, որ քոչինյանը սահմանափակված էր իր հնարավորությունների մեջ: Սովետական անցյալի հետ կապված ամեն ինչ մերժելու վերաբերմունքին փոխարինելու են գալիս սթափվելը, կորցրած երկրի խորհրդանիշների ու իմաստի հետ կապված ափսոսանքը:
Հուշագրողները բոլորը օբեյկտիվորեն են ներկայացրել իրականությունը, սակայն հուշագրողներից մեկը, կորցնելով օբեյկտիվությունը, փորձում է աղավաղել Քոչինյանի կերպարը, նրան վերագրելով այնպիսի տեսակետներ ու խոսքեր, որ Քոչինյանը երբեք չէր կարող ասել: Ովքեր Քոչինյանի հետ մտերիմ են եղել, ովքեր նրա հետշփվել են թոշակի անցնելուց հետո, երբեք նրանից չեն լսել սովետական իշխանության, սոցիալիզմի, կոմունիզմի մասին բացասական կարծիք ու տեսակետ:
Շարունակելի...

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ