Այս տարիներին ստեղծվեցին և արագ զարգացան արդյունաբերության նոր, առաջատար ճյուղեր՝ սարքաշինությունը, էլեկրոնիկան, ռադիոէլեկտրոնիկան, գործիքաշինությունը: Դրվեց հաշվիչ մեքենաների հիմքը:
Հանրապետության տնտեսության հետագա զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող այս ճյուղերի տեսակարար կշիռն արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ 1958 թ. 26,4 տոկոսից 1965 թ. հասել է 43,4 տոկոսի:
Այդ տարիներին նոր ձեռնարկությունների շինարարության, հին արտադրամասերի վերակառուցման, ավելի կատարյալ տեխնոլոգիաների, նոր տեխնիկայի ու սարքավորումների ներդրման շնորհիվ հանրապետության քիմիական ձեռնարկություններում կազմակերպվում է ացետիլցելյուլոզի, ացետատի մետաքսի, մելամինի, սինթետիկ կորունդի, կրոտիլինի, կաուչուկի մի շարք նոր տեսակների, սիթետիկ սոսնձանյութերի, քիմիական ռիակտիվների արտադրությունը:
Նույնանման փոփոխություններ են կատարվել նաև մեքենաշինության, սարքաշինության և արդյունաբերության այլ ճյուղերում:
Այդ տարիներին հանրապետության աշխատանքային ու հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակով արդյունաբերական նոր կենտրոններ ստեղծվեցին Լուսավանում, Աբովյանում, Ագարակում: Արդյունաբերական ձեռնարկություններ շահագործման հանձնվեցին Արզնիում, Դիլիջանում, Կամոյում, Իջևանում, Մարալիկում, Սպիտակում, Ապարանում, Գորիսում, Շամշադինում և այլ քաղաքներում ու ավաններում:
Ընդհանուր առմամբ 1958-1965 թթ. Հայաստանում կառուցվում են 300-ից ավելի արդյունաբերական նոր ձեռնարկություն և արտադրամաս:
Գիտահետազոտական և կոնստրոկտորական-տեխնոլոգիական աշխատանքի ուժեղացումն ու բարելավումը մեծապես նպաստում են արդյունաբերության հետագա տեխնիկական առաջադիմությանը:
Արդեն 1965 թ. Հայաստանի 55 արդյունաբերական ձեռնարկություններ աշխարհի 69 երկիր էին արտահանում 130 տեսակ արտադրանք, այդ թվում՝ գինի, կոնյակ, գորգեր, տարբեր տասակի պահածոներ, ժամանակակից հաստոցներ, մեքենաներ,ճշգրիտ սարքեր և այլն:
1959-1965թթ. Հայաստանի ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարվում է 2 միլիարդ 24 միլիոն ռուբլու կապիտալ ներդրում: Որպեսզի այսօրվա ընթերցողը պատկերացում կազմի այդ թվերի մասին, հարկ եմ համարում նշել, որ այդ ներդրումների գումարը մեկ ու կես անգամով գերազանցում էր 1921-1958 թթ. ընկած ժամանակաշրջանում կատարված ներդրումներին:
Ընդհանրապես այդ տարիներին ժողովրդական տնտեսության զարգացմանը մեծապես նպաստում է անհրաժեշտ էներգետիկ բազայի ստեղծումը: 1965թ., 1958 թ. համեմատությամբ, էլեկտրաէներգիայի սպառումն աճում է 1.8 անգամ: Էլեկտրաէներգիայի պահանջը բավարարում է Սևան-Հրազդան կասկադի վերջին հիդրոկայանների, Երևանի և Կիրովականի ջերմաէլեկտրակայանների կառուցման շնորհիվ: Այս ամենը հնարավորություն է տվել 1958-1965 թթ. գործարկել 500 հազար կիլովատ էներգետիկ կարողություններ:
Հայաստանում երևան եկան վառելիքի նոր տեսակներ: 1965 թ. հանրապետությունում օգտագործվող վառելիքի 45 տոկոսը կազմում էր բնական և հեղուկ գազը: Միայն Ադրբեջանից ստացվողգազից օգտվում էր 16 քաղաք ու քղաքատիպ ավան: Գազաֆիկացվեցին 122 արդյունաբերական ձեռնարկություն և 600 կոմունալ-կենցաղային օբեյկտ:
Առաջընթաց կար երկրաբանական-հետախուզական գործում: Ավելի քան 3 անգամ աճում են Քաջարանի պղինձի ու մոլիբդենի հետազոտված պաշարները, իսկ Զոդի ոսկու պաշարները հաստատվում են այնպիսի քանակով, որ համարվում է Սովետական Միության խոշոր հանքավայրերից մեկը: Միաժամանակ ավարտվում է Հրազդանի երկաթահանքերի մանրամասն հետաոտումը:
1964-1965 թթ. արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվում է նոր տեխնիկայի արմատավորման 1200 միջոցառում, որից ստացված տնտեսական օգուտը կազմել է 30 միլիոն ռուբլի: Տեղադրվել ու գործակվել է 176 հոսքային և կոնվեյրային գիծ: Իսկ թեթև արդյունաբերական ձեռնարկություններում տեղադրվել է 1600 բարձր արտադրողականությամբ ավտոմատ հաստոց:
Հիշյալ տարիներին նկատելի հաջողություններ գրանցվեցին տրանսպորտի և կապի ոլորտում: 1965 թ. հանրապետությունում էլեկտրաֆիկացված երկաթուղու երկարությունը կազմում էր 252 կիլոմետր: Եթե 1958 թ. ավիացիան փոխադրել է 62 հազար ուղևոր, ապա 1965 թ. ավիացիայից օգտվել է 335 հազար ուղևոր: Քաղաքային հեռախոսացանցից օգտվող բաժանորդների թիվը 1958 թ. 25 հազարից 1965 թ. հասնում է 68 հազարի:
Երևան-Թբիլիսի ռադիոռելային գծի գործարկումով հնարավոր է դառնում Մոսկվայի կենտրոնական ու միջազգային հեռուստատեսության հաղորդումների ընդունումը:
Շարունակելի...