Անչափ դժվար է պատմել մի մարդու մասին, որի ողջ կյանքը շաղախված է մեր անցած ժամանակաշրջանի`խորհրդային տարիների հետ: Ականավոր գիտնականի, աննկուն քաղաքացու, սքանչելի մարդու` Գևորգ Ղարիբջանյանի կյանքը միահյուսվել է հենց այդ ճանապարհի խաչմերուկներին ու տվայտանքներին: Սոցիալիստական ժառանգականության տեսության համաձայն, նախնիներից սերունդներին են փոխանցվում ոչ միայն անձնական հատկություններ այլ նաև գաղափարներ: Ղարիբջանյանի հայրն անվեհեր հեղափոխական, մանկավարժ, Հայաստանում Մայիսյան ապստամբության հերոս Բագրատ Ղարիբջանյանն իր կյանքն ավարտեց ապստամբության բարիկադներում, նենգաբար նահատակվեց դաշնակ մաուզերիստների գնդակից: Նույն 1920 թ․ մայիսի 5-ին ծնված առանց հոր մեծացած ապագա մեծահամբավ գիտնականն ու վառ հայրենասերը խորհրդային իշխանության տարիներին ստացավ փայլուն կրթություն, անցավ մեծ հայրենականի մարտական փառքի ճամփաներով և ամենուրեք բանակ մեկնող զորակոչիկներին, երիտասարդներին կոչ էր անում սիրել հայրենիքը՝ հարազատ մոր պես, նվիրվել հայրենիքի պաշտպանությանը՝ սեփական օջախի նվիրվածությամբ, ապրել այնպես, որ հետագայում զղջալու կարիք չլինի անցած տարիների համար: Գևորգ Ղարիբջանյանի դավանանքն էր՝ ապրել մեր ժողովրդի նորագույն հերոսների` Մարշալ Բաղրամյանի, Խիզախ օդաչու Նելսոն Ստեփանյանի, ադմիրալ Իսակովի, զորավար Անդրանիկի և այլոց վառ հայրենասիրությամբ, ազգասիրությամբ: Մեծանուն գիտնականը իր բոցաշունչ ելույթներով, մեր ժողովրդի 20-րդ դարի պատմության ամենակնճռոտ ու բարդ հարցերի վերաբերյալ իր պատմագիտական բարձրարժեք աշխատություններում, ինչպես նաև հասարակական կազմակերպչական անդուլ գործունեությամբ ձևավորվեց որպես հանրահայտ գիտնական, իսկական մտավորական, հիանալի քաղաքացի: Իր անցած տարիները նա շաղկապեց մեր ժողովրդի վերելքի ապահովման, դժվարությունների, ծանր օրերի հաղթահարման պայքարի հետ:
Գևորգ Ղարիբջանյանի գիտական ու քաղաքացիական ճշմարիտ կանխատեսումներն ամուր թելերով կապված են հայ ժողովրդի կյանքում ռուս ժողովրդի լավագույն զավակների բարեկամական ջանքերի առաքելության հետ: Լինելով դեռևս 90-ական թվերին ծնունդ առած «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպության հիմնադիրներից մեկը, նա կարողացավ յուրահատուկ կամուրջ դառնալ նոր անկախացած Հայաստանի և Ռուսաստանի գիտնականների, մտավորականների հետ համագործակցության, բարեկամական կապերի հաստատման և ամրապնդման գործում:
Հիշողությունը ինձ տանում է դեռևս 20-րդ դարի վերջալույսի տարիները, երբ խորշակի նման հայոց երկնակամարում փորձեր արվեցին խորթանալու Ռուսաստանից, հրապարակ հանվեց Բրիտանական կայսրության հայրերից մեկի կարգախոսը, իբրև թե չկան հավերժական բարեկամներ ու հավերժական թշնամիներ: Գաղափարապես ամուր գիտնականն ու հայրենասեր քաղաքացին իր բանավոր ելույթներում, հրապարակումներում զգուշացնում էր իր սաներին ու գործընկերներին հեռու մնալ նման գայթակղություններից, խորությամբ ուսումնասիրել և զինվել հայ-ռուս ժողովուրդների անկաշառ հարաբերությունների պատմության օրինակներով ու փաստերով, առանց երկմտանքի տեսնում էր Ռուսաստանի և ռուս ժողովրդի հանդեպ մեր ժողովուրդների դարավոր ավանդույթների զարգացումն ու խորացումը: Այդ են վկայում այն բազում փաստերն ու օրինակները, որոնք բերվել են հիշատակի այս մատյանում:
Գևորգ Ղարիբջանյանն իր էությամբ, մարդկային նվիրական իղձերով մնաց հարազատ երկրին, ժողովրդին, Հայրենիքին:
Հին հույները մարդու էությունը գնահատում էին երեք սկզբունքի կիրառմամբ` ճշմարտությամբ, ազնվությամբ, օգտակարությամբ: Գևորգ Բագրատի Ղարիբջանյանը հավատարիմ մնաց այդ սկզբունքներին:
Բաբկեն Վարդանյան
Պրոֆեսոր, Բնության, հասարակության
միջազգային ակադեմիայի ակադեմիկոս «Ռուսաստանի բարեկամներ» ՀԿ նախագահ