2013 Թվականի հոկտեմբերի 25-ին լրացավ Անտոն Երվանդի Քոչինյանի ծննդյան 100 ամյակը: Ավագ և միջին սերնդի մարդիկ հիշում են Անտոն Քոչինյանին, եղել են նրա ժամանակակիցը, շատ անգամ տեսել ու լսել նրան: Նա մի քանի տասնամյակ եղել է Սովետական Հայաստանի ղեկավարության կազմում, աշխատել է Հանրապետության կառավարության նախագահ, ընտրվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար: Այդ տասնամյակները ընդգրկում են 1939-1974 թվականները, շուրջ 35 տարի:
Մեր նոր սերունդը պետք է կարողանա համեմատություններ անցկացնել անցյալի՝ կոմունիստ ղեկավարների ու ներկայիս նախագահների ու ղեկավարների միջև: թերություններ միշտ էլ կլինեն, բայց կարոևր է հասկանալ, որ շատ ղեկավարների ընտրությունն ու վարքերը կախված են նաև երկրում գործող քաղաքկան ու տնտեսական համակարգերից:
Մեզ հայտնի պատմաբան պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը այս բարի և լավ ղեկավարի մասին մի գիրք է գրել «Անտոն Քոչինյանի Ժամանակը» վերնագրով, մենք մեր կայքում կաշխատենք պարբերաբար ներկայացնել այդ գրքում մատնանշված նրա գործունեության որոշ մասեր, որպեսզի ընթերցողները կարողանան արդարացի դատեն այն ժամանակվա ղեկավարների ու ներկայիս ղեկավարների գործունեություններ, կամ էլ առնվազն չենթարկվեն հակասովետական հիստերիաներին, որը տարածվում է մի շարք շահագործող կամ նեոլիբերալիստական արժեքներով դաստիարակված մտավորականների կողմից: Հեղինակը օգտագործել է Քոչինյանի ժամանակաշրջանին վերաբերող բազմաթիվ փաստերի մի մասը միայն: Դա պատմություն է մի փոքր երկրի, որը, գտնվելով խոշոր և ուժեղ պետության կազմում, կատարել է առաջընթացի հսկայական քայլեր կյանքի բոլոր ասպարեզներում:
Քոչինյանի աշխատած տարիներին Հայաստանը դարձել էր հսկայական շինարարական հրապարակ: Նոր բնակելի զանգվածները, մեծաթիվ կառույցների կորպուսները, ամբարձիչ կռունկների՝ դեպի երկինք ուղղված սլաքները քաղաքային և գյուղական բնանկարի անկապտելի մասն էին կազմում:
Կառուցվում էին Արփա-Սևան 48 կիլոմետրանոց եզակի թունելը, հիդրոէլեկտրակայանների Որոտանի կասկադը, Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատը, Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանը, ատոմային էլեկտրակայանը, Զոդի կոմբինատը, Երևան-Սևան մայրուղին, Գառնի-Երևան ջրատարը, Երևանի մետրոպոլիտենը, 70 հազար տեղանոց «Հրազդան» մարզադաշտը, Լենինականի դրամատիկական թատրոնի նոր շենքը, Երևան-Զանգեզուր ռադիոռելեի գծի առաջին հերթը և արդյունաբերական, բնակելի ու կուլտուր կենցաղային բազմաթիվ այլ օբյեկտներ:
Հայաստանը դարձել էր ինդուստրիալ հանրապետություն: Եթե 1928 թ. Հայաստանում կային ընդամենը 50 հազար բանվոր ու ծառայող, ապա 1970 թ. արդյունաբերական ձեռնարկություններում, շինարարության մեջ նրանց թիվը 830 հազարից ավելին էր:
Գյուղի հաջողությունների վճռական հիմքը դարձել էր գյուղատնտեսության լայն մեքենայացումը: 1970 թ. հանրապետության 476 կոլտնտեսությունների և 290 սովխոզների դաշտերում աշխատում էին 9 հազար տրակտոր, 1700 հացահատիկային կոմբայն, 9 հազար բեռնատար ավտոմեքենա և տասնյակ հազարավոր գյուղատնտեսական այլ մեքենաներ ու ագրեգատներ:
Եթե 1913 թ. Հայաստանում կար 6 հիվանդանոց 212 մահճակալով, ապա 1970 թ. կար 265 հիվանդանոց 20 հազար մահճակալով, որտեղ ամբողջ բնակչությունը ստանում էր անվճար բուժօգնություն: 10 հազար բնակչին ընկնող բժիշկների թվով Հայաստանը երկու անգամ գերազանցում էր զարգացած շատ կապիտալիստական երկրների:
1960-1970 թթ. 1.5 միլիոն քաղաքացիներ ստացել են անվճար բնակարան: Միայն 1965-1970 թթ. շահագործման է հանձնվել 6 միլիոն քառակուսի մետր բնակտարածություն, այդ թվում՝ 2 միլիոն քառակուսի մետրը գյուղական վայրերում:
Շարունակելի...