Բելառուսը պատրաստ է քննարկել ՀԱՊԿ-ի գործընկերների հետ իր նոր ռազմական հայեցակարգը, սակայն դրա հետ միասին առաջնորդվելու է իր ազգային շահերով, հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակովը` արձագանքելով Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, որ Բելառուսի նոր ռազմական հայեցակարգը խնդիր է ողջ ՀԱՊԿ-ի համար, հաղորդել է Ինտերֆաքսը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը խորհրդարան է ներկայացրել ռազմական դոկտրին, որով արգելվում է բանակի մասնակցությունը մարտական գործողությունների որևէ այլ երկրում: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Բելառուսի կողմից նոր ռազմական հայեցակարգի ընդունումը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ ՀԱՊԿ-ի համար:
Բելառուսի փոխարտգործնախարարը հավաստիացրել է, որ իր երկիրն ամեն ինչ անելու է` ապահովելու նախ սեփական ազգային շահերը:
«Եթե նոր ռազմական հայեցակարգը ինչ-որ մեկին դուր չի գալիս, մենք միշտ բաց ենք երկխոսության համար: Մենք պատրաստ ենք նրանց մտահոգությունները քննարկել և գտնել փոխզիջում: Քննադատել կարելի է ամեն ինչ, այդ թվում` Աստվածաշունչը»,- նշել է Ռիբակովն` ընդգծելով, որ Բելառուսը երբեք որևէ քայլ չի ձեռնարկել ի հեճուկս ինչ-որ մեկի և չի էլ անելու:
Նրա հավաստիացմամբ` Բելառուսի ռազմական հայեցակարգը կրում է բացառապես պաշտպանական բնույթ: Նշենք, որ ՀԱՊԿ-ի հիմնադիր պայմանագրի համաձայն` դաշինքի անդամ պետության դեմ ռազմական հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր անդամների դեմ: ՀԱՊԿ անդամ պետության խնդրանքով` դաշնակիցները պետք է անհրաժեշտ, այդ թվում` ռազմական աջակցություն ցուցաբերեն:
Աղբյուրը՝ araratnews.am