Արցախի վերջին քառօրյա պատերազմի լարվածությունից հետո Եվրախորհրդարանում Արցախյան խնդրի քննարկման ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հայտարարություն է արել։ Նա հայտարարել է, որ իրավիճակը կարող է փոխվել միայն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո։
Ֆրանկ Էնգելի հայտարարությունը ներկայացնում ենք թարգմանաբար։
Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի։ Եթե մենք չկանգնենք Ղարաբաղի կողքը, ցեղասպանությունը շարունակվելու է։ Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի հասնեմ Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Միայն այդպես կարելի է փրկել Արցախի բնակչությանը ֆիզիկական բնաջնջումից։
Արցախը չի ուզում գտնվել մի պետության տարածքում, որտեղ մարդկանց բանտ են նստեցնում՝ իշխանություններին քննադատելու համար։ Այսօր Ստեփանակերտում ազատորեն կարող ես քննադատել կառավարությանը և դառնաս պատգամավոր, իսկ Բաքվում չես կարող քննադատել կառավարությանը, չես կարող ընտրվել խորհրդարանական ընտրություններում, որովհետև կհայտնվես բանտում։ Ղարաբաղը չի ուզում և պարտավոր չէ կրկին այդպիսի պայմաններում ապրել։
Մենք ամեն օր տեսնում ենք, թե որքան հեռու է գնում և ինչի է հասցնում Հայոց ցեղասպանության ժխտումը․․․Սակայն ես ուզում եմ ոչ թե հանցագործության մասին խոսել, այլ այն գաղափարախոսության, որը հնարավոր է դարձնում ցեղասպանությունը։ Ռուանդայի բնակիչները պատմում էին, որ այն ժամանակի իշխանությունները երկար ժամանակ հրեշացման էին ենթարկում նպատակային խմբին։ Նրանք ասում էին, որ իրենց վերաբերվում էին որպես միջատների։ Ես հետևում եմ Ադրբեջանի այսօրվա հռետորաբանությանը, որով հային համարում են ամենավատ բնութագիրն ունեցող մարդ։ Այնտեղ մեծ ատելություն է կուտակված։ Ռամիլ Սաֆարովը պատվավոր ընդունելության արժանացավ, նրան ընդունեցին ոչ թե որպես հանցագործ մարդասպանի, այլ որպես փառապանծ հերոսի։ Նա ասել է․ «Ես պետք է սպանեի, որովհետև դա իմ առաքելությունն է»։ Հենց սա է նպատակային խմբին հրեշացման ենթարկելը, իսկ մենք գիտենք, թե ինչ է սրան հետևում։ Եթե մենք Ղարաբաղի կողքին չկանգնենք, կարող է տեղի ունենալ ևս մեկ ցեղասպանություն։ Մենք գիտենք, որ որոշ մարդիկ այդպիսի մտադրություն ունեն։
Ես իմ բոլոր ուժերը կներդնեմ, որպեսզի Ղարաբաղը անկախ լինի։ Եթե նրանք որևէ միջոց գտնեն, որպեսզի հակառակը տեղի ունենա, ապա նրանք այդ կանեն, բայց նրանք երբեք չպետք է այդպիսի միջոց գտնեն։
Վերջին պատերազմից հետո ավելի ակնհայտ դարձավ, թե ով է ագրեսորը։ Եթե Ադրբեջանը փորձի կրկնել նույնը, ապա Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն կճանաչվի։