Ինչու հիմա
Մինչ այժմ կոռուպցիայի նկատմամբ վատ վերաբերմունքը հիմնականում ձևավորվում էր սոցիալական անարդարությունից, քաղաքական (իշխանափոխություն և այլն) շահերից և հասարակական բևեռացվածությունից: Քառօրյա պատերազմն ապացուցեց շատերի նախկինում հնչեցրած թեզը. այն է՝ կոռուպցիան ազգային անվտանգության գերագույն սպառնալիքն է, և ժամանակի հետ այդ սպառնալիքը կուժգնանա: Այս պահին հասարակությունը պահանջում է կոռուպցիոն թնջուկի արագ և նույնիսկ ռադիկալ հանգուցալուծում և պատրաստակամ է աջակցել ցանկացած ուժի, որը հայտ կներկայացնի հանգուցալուծելու այդ թնջուկը: Այնպես, ինչպես հասարակությունը պատերազմի և հետպատերազմական օրերին միավորված է ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ, նույնությամբ այն կմիավորվի կոռուպցիայի դեմ արագ, անկեղծ ու ապաքաղաքական պայքարի հարցում:
Ի՞նչ անել
1991 թվականից սկսած բոլոր պետական պաշտոնյաներին և փոխկապակցված անձանց ենթարկել մանրամասն «սքանի», հարուցել քաղաքացիական և քրեական բազմաթիվ գործեր, պետությունը, միջոցները և պաշտոնական դիրքը սեփական կարիքներին ծառայեցնողներին պատժել օրենքի ողջ խստությամբ: Վերադարձված գումարները անհրաժեշտ է ուղղել պետական բյուջե, ինչի արդյունքում հնարավոր կլինի առողջացնել տնտեսությունը, հետևաբար` ուժեղացնելով բանակի թիկունքը:
Ի՞նչ անել մասնավոր հատվածի հետ
Ոչ ոք չի զարմանա, եթե հիմնավորվի, որ մասնավոր հատվածից միայն բացառիկ կազմակերպություններ են վճարում հարկեր, այնպես, ինչպես սահմանված է օրենքներով: Մասնավոր հատվածին պետք է վերադարձնել օրենքի դաշտ, բարեփոխել հարկային օրենսդրությունը և վերացնել տնտեսությունը քանդող մոնոպոլիաները, կարտելները և հովանավորչությունը:
Արդյո՞ք սա պառակտում է
Իհարկե, ոչ: Եթե ուշադրությամբ հետևենք քառօրյա հաղթական պատերազմին և հաջորդող օրերին, ապա պարզ կդառնա, որ մոբիլիզացվեցին՝ ա) զինվորականությունը, բ) կամավորական ազատամարտիկները և գ) ակտիվ երիտասարդները և քաղաքացիական հասարակությունը: Մեր երկրի կոռուպցիոներների գրեթե ողջ զանգվածը բացակայում է Հայաստանից և որևէ կապ չունի մեր հասարակության հետ: Նրանց պատասխանատվության ենթարկելով` ավելի շատ կպառակտվի Մոնակոյի, քան հայ հասարակությունը: Իսկ մենք՝ երկրի ներսում, ավելի կմիավորվենք, որովհետև կմեծանա մեր պետության նկատմամբ հավատը:
Սփյուռքի դերը ու ներգրավվածությունը
Սփյուռքը միանշանակ կմիանա այս շարժմանը, եթե հավատա իրականացվելիքի անկեղծությանը: Հայկական Սփյուռքը աշխարհի հզորագույն տրանսնացիոնալ ցանցերից է, այն իր հզորությամբ և ազդեցությամբ գերազանցում է նույնիսկ «Մեծ քսանյակի» անդամ որոշ պետությունների: Իսկ ինչո՞ւ Սփյուռքը իր հզոր ներուժը չի ներդնում Հայաստանում, պարզ է բոլորին. կոռուպցիա:
Ձևավորված թյուր կարծիքներ, որոնք իրավունք չունեն լինել դիսկուրսում
1․Կոռուպցիայի դեմ պայքարը կպառակտի հասարակությունը: Ընդհակառակը, անհայրենիք թալանչիների ու իրենց պաշտոնի լրջությունը չգիտակցող կառավարիչներին մաքրելը պետական կառավարման համակարգից միմիայն կմիավորի հասարակությանը: Հիշենք, մեր հասարակության մեծամասնությունը այս կամ այն կերպ սեփական փորձով է առնչվել անարդարության հետ:
2․Կոռուպցիա բոլոր երկրներում էլ կա: Այո, բայց ոչ բոլոր երկրներն են կոռումպացված: Եվ չկա աշխարհում զարգացած և հարուստ մի երկիր, որը թաղված է կոռուպցիայի մեջ:
3․Ոչինչ հնարավոր չէ փոխել: Սա փակուղի տանող գաղափար է, աշխարհում ավելի լուրջ ու մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, անհնարին ոչինչ չկա, գլխավորը կամքն է:
4․Բոլոր պետական ծառայողները թաղված են կոռուպցիայի մեջ և որևէ հնարավորություն չկա նման փոփոխություն իրականացնելու: Բոլորը կոռումպացված չեն, կան բազմաթիվ ազնիվ ու հայրենասեր պետական ծառայողներ: Թնջուկը հանգուցալուծել հնարավոր է միայն բոլորի մասնակցությամբ, քանի որ պետք է փոխվի համակարգը: Շատերը պարտադրված թաթախվում են մութ գործարքների մեջ, որովհետև դեռևս ԽՍՀՄ-ից ժառանգած համակարգի կանոններն են պարտադրում:
5․Սկսելով մեծ ներքին շարժում` մենք ջուր կլցնենք արտաքին «չուզողների» ջրաղացին: Բոլորին պետք է հայտնի դառնա ու շատ հստակ լինի: Գանձագողության դեմ պայքարը բխում է հայրենասիրությունից և դրա բոլոր մասնակիցները ենթարկվում են ՀՀ ԶՈւ-ին և գերագույն գլխավոր հրամանատարին:
Վիկտոր Ենգիբարյան
Հայաստանի Եվրոպական շարժման նախագահ