Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

ԵԱՀԿ Մինսկի խումբ, մադրիդյան սկզբունքներ և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց

17 Ապրիլի 2016

Ի՞նչ է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը` ԵԱՀԿ-ն:

ԵԱՀԿ-ն հիմնվել է 1973-ին (նախկինում՝ ԵԱՀԽ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողով): Այն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, տարածաշրջանում` խոշորագույնը: Կազմակերպությանն անդամակցում է Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություն:

ԵԱՀԿ-ի մոտեցումն անվտանգության և կայունության ապահովման խնդիրներին բազմակողմանի է և ընդգրկուն: Կազմակերպության գործունեության գերակայություններից են հակամարտությունների վաղ ազդարարումն ու կանխարգելումը, ճգնաժամերի կառավարումը, հետկոնֆլիկտային վերականգնումը: ԵԱՀԿ-ի որոշումներն ընդունվում են կոնսենսուսով` ունենալով քաղաքական, ոչ թե իրավական պարտադրող ուժ:

Հայաստան - ԵԱՀԿ համագործակցություն

Հայաստանը ԵԱՀԿ-ին անդամակցում է 1992 թ. հունվարի 30-ից: ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավարը ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն է:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացված է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ են նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև ԵԱՀԿ եռյակը կազմող երկրները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա խաղաղապահ գործողության նախապատրաստման համար ԵԱՀԿ շրջանակներում գործում է Բարձր մակարդակի ծրագրման խումբը (մանդատն ընդունվել է 1995 թ. մարտին):

1995 թ. ԵԱՀԿ-ի գործող նախագահը նշանակեց իր անձնական ներկայացուցչին Մինսկի ապագա խորհրդաժողովի քննարկման առարկա հակամարտության գծով: 1996 թ. հուլիսից այդ պաշտոնը զբաղեցնում է դեսպան Անջեյ Կասպրշիկը (Լեհաստան):

ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակն է ԵԱՀԿ-ի սկզբունքների, պարտավորությունների և դրույթների հիման վրա ճգնաժամի խաղաղ լուծման համար մշտական քննարկման ապահովումը։

Ինչո՞ւ Մինսկի խումբ

Բրիտանացի լրագրող, գրող, հարավկովկասյան հակամարտությունների ու քաղաքականության թեմայով իր վերլուծություններով հայտնի Թոմաս դե Վաալն իր «Սև այգի» գրքում, որը նվիրված է Արցախյան պատերազմին և բավականին լայն հնչեղություն է ստացել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, գրում է, որ 1992 թ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովը (ԵԱՀԽ), որին այն ժամանակ անդամակցում էր 49 պետություն, սկսել է կայուն հետաքրքրություն ցուցաբերել ԼՂՀ հակամարտության նկատմամբ:

«ԵԱՀԽ առաքելությունը, ականատեսներից մեկի հուշերով, ստեղծվել է գրեթե պատահական` 1992 թ. հունվարի 31-ին, Պրահայի հանդիպումներից մեկի ավարտին, երբ Խորհրդաժողովին անդամակցում էր նախկին ԽՍՀՄ պետությունների մեծ մասը: Հանդիպումը մոտենում էր ավարտին, երբ բրիտանացի պատվիրակը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երկու նոր անդամների` Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ է ընթանում, և ԵԱՀԽ-ն պարտավոր է քայլեր ձեռնարկել: Որոշվեց տարածաշրջան առաքելություն ուղարկել` իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Կազմակերպության հաջորդ հանդիպմանը՝ մարտի 24-ին, որոշվեց Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ խաղաղ համաժողով հրավիրել, և Բելառուսի ներկայացուցիչն անսպասելի առաջարկեց այն կազմակերպել Մինսկում: Ոչ ոք չառարկեց: Հայաստանը, Ադրբեջանը և ԵԱՀԽ 9 անդամ պետություն համաձայնեցին մասնակցել այդ հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի «ընտրված» և «այլ» ներկայացուցիչների (ձևակերպումը ենթադրում էր ինչպես Ղարաբաղի հայերի, այնպես էլ ադրբեջանցիների) հետ համատեղ: Այդպես էլ ծնվեց «Մինսկի համաժողովի» գաղափարը: Հետագայում այդ հանդիպումը ռազմական գործողությունների սրման պատճառով այդպես էլ չկայացավ, սակայն անվանումը պահպանվեց: Մինսկի համաժողովը վերածվեց Մինսկի խմբի, որի առաջին նախագահը դարձավ իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելին, իսկ խմբի առաջին նիստը տեղի ունեցավ ոչ թե Մինսկում, այլ Հռոմում, 1992 թ. հունիսի 1-5-ը»:

1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում ստեղծվեց Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը: 1996 թ. վերջից ռուսաստանցի միջնորդը ստացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական համանախագահի պաշտոնը: 1997 թ. հունվարի 1-ին Ֆրանսիան նույնպես ընտրվեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ: Դրան կտրուկ դեմ էր Ադրբեջանը, որը Ֆրանսիան համարում էր հայամետ տրամադրված պետություն: Ադրբեջանը դիմեց ԵԱՀԿ-ին՝ վերանայելու իր որոշումը և նշանակելու ԱՄՆ-ի ներկայացուցչին: 1997 թ. փետրվարի 14-ին ԵԱՀԿ-ում փոխզիջումային որոշում ընդունեցին 3 համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի վերաբերյալ:

Հակամարտության հանգուցալուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները

1995 թ. մարտի 31-ի ԵԱՀԿ ավագների խորհրդի փաստաթղթում առաջին անգամ ԼՂ-ն նշվել է որպես հակամարտության կողմ։ Ի սկզբանե ձևավորվել է հակամարտության կարգավորման երկու մոտեցում՝ փուլային և փաթեթային։ Փուլային լուծման տրամաբանությունը ենթադրում է համաձայնության ձեռքբերում ԼՂ կարգավիճակին չառնչվող հարցերում։ Մինչև 1995 թ. վերջը գործընթացում գերիշխել է այդ մոտեցումը, և հակամարտության կողմերը բանակցել են զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական մեծ համաձայնագրի կնքման շուրջ։

1995 թ. վերջին բանակցային գործընթացը փակուղի է մտել, ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվել են զուգահեռ, ուղիղ բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հատուկ բանագնացների միջև։ 1996 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ է արվել բանակցությունները դուրս բերել ստեղծված փակուղուց։ Սակայն գագաթնաժողովի գործող նախագահի հայտարարությունը, որով վերահաստատվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նախատեսվում ԼՂ-ին ամենաբարձր կարգավիճակի շնորհում Ադրբեջանի սահմաններում, ավելի է խորացրել փակուղային իրավիճակը: ՀՀ-ն դեմ է քվեարկել այդ հայտարարությանը։ Դրանից հետո բանակցությունները հետընթաց են ունեցել։ Ստեղծված իրավիճակը հանգեցրել է ԼՂ-ի կողմից փուլային կարգավորման գաղափարի բացարձակ մերժմանը:

Այնուհետև, ՀՀ նոր ղեկավարությունը որդեգրել է հակամարտության կարգավորման փաթեթային կամ համապարփակ մոտեցումը և առանց նախապայմանի բանակցությունները վերսկսելու դիրքորոշումը։ Մինսկի խմբի համանախագահները 1998 թ. սեպտեմբերյան այցի ժամանակ ներկայացրել են «ընդհանուր պետության» գաղափարը, որը վերջնական ձևակերպվել է նոյեմբերին ներկայացված պաշտոնական առաջարկում։ Փաստաթղթում չեն ներառվել «ինքնավարություն» ու «Լիսաբոնի սկզբունքներ» ձևակերպումները, այլ ամփոփվել են ինքնորոշման բոլոր նախատիպերի կիրառելի տարրերը, փորձ է արվել գտնել միջին տարբերակ, որը չի նախասահմանում ԼՂ կարգավիճակը, այլ կողմերին հնարավորություն է տալիս համաձայնության գալու դրա շուրջ բանակցությունների միջոցով՝ ԼՂ-ն դիտելով Ադրբեջանի հետ միևնույն հարթության վրա։

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր հուշերում գրել է. «Այն ժամանակ խոսքը Լեռնային Ղարաբաղը Լաչինի մի հատվածով Հայաստանի սուվերենության տակ դնելու մասին էր, իսկ Ադրբեջանը պետք է իրավունք ստանար ՀՀ տարածքով անխափան կապ հաստատել Նախիջևանի հետ»:

Տարածքների վերադարձի հարցը պետք է քննարկվեր միայն Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Սակայն Բաքու վերադառնալուց և ներքին քննարկումներ անցկացնելուց հետո Հեյդար Ալիևը հրաժարվել է այդ ամենից:

2004-2005 թթ. Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոտ 10 հանդիպում, որոնք ստացել են «Պրահյան գործընթաց» անվանումը: Դրանց ընթացքում ամրագրվեցին. ա) ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը, բ) ԼՂՀ ապագայի հարցով հանրաքվեի անցկացման վերաբերյալ դրույթը: Նշենք, սակայն, որ մինչ այդ հակամարտության լիիրավ կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է մղվել կարգավորման գործընթացից, ինչը մինչ օրս քննադատում է հայ հասարակությունը:

Մադրիդյան սկզբունքներ

Այսօր բանակցությունների հիմքում ընկած է խնդրի կարգավորման 3 սկզբունք՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում և տարածքային ամբողջականություն: Այս 3 կետերի վերաբերյալ կարծիքներն ու մեկնաբանությունները խիստ տարբեր են: Ոմանք կարծում են, որ ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները միմյանց հակասում են, ուստի խնդիրը երբևէ չի կարող լուծվել այս ձևաչափով:

Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Ինչո՞ւ դեռևս կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» ծավալուն հոդվածում դիտարկում է այս երկու սկզբունքների հարաբերակցությունը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերում և ցույց տալիս, որ միջազգային իրավունքի տեսանկյունից կասկածից վեր է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից անկախության հռչակումը և իրականացումը միանգամայն իրավաչափ է, իսկ Բաքվի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին հակադրելու փորձերը հակասում են միջազգային իրավունքին, ինչպես նաև ՄԱԿ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին:

2007 թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացվել են մադրիդյան առաջարկները, որոնց հիմքում կրկին վերոնշյալ 3 սկզբունքներն էին: Ադրբեջանը, որ նախապես համաձայնել էր որպես հիմք ընդունել մադրիդյան սկզբունքները, մեկ տարուց ավելի ժխտում էր նույնիսկ դրանց գոյությունը: Իսկ այդ ընթացքում շարունակվում էին բանակցություններն այդ սկզբունքների շուրջ:

Մադրիդյան սկզբունքները գաղտնի էին պահվում, սակայն հետագայում գաղտնազերծվեցին դրանց 6 կետերը: Մինսկի խմբի համանախագահները ներկայացրին դրանք 2009 թ. հուլիսի 10-ին Լ’Ակվիլայում արված հայտարարությունում: Դրանք են.

1.Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ.

2.Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ.

3.Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք.

4.Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում` իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով.

5.Ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք.

6.Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն:

Մադրիդյան առաջարկների հրապարակումից հետո բանակցություններն ակտիվացել են: Մինսկի խմբի համանախագահող երկրները մի շարք համատեղ հայտարարություններ են ընդունել` ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ հայտարարությունները: Բացի այդ, 2008-2011 թթ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով մի շարք հանդիպումներ են ունեցել Ռուսաստանում և հրապարակել համատեղ հռչակագրեր: Սակայն այդ ամենն առ ոչինչ է, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է գործել խնդրի կարգավորման ռազմական ոգով: Ադրբեջանը բանակցային գործընթացը խոչընդոտելու նպատակով շարունակական փորձեր է կատարում հարցի քննարկումը Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս բերելու ուղղությամբ: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են Մինսկի խմբի համանախագահության գործունեության անարդյունավետության մասին: Թե՛ համանախագահող երկրների, թե՛ միջազգային կառույցների կողմից հակամարտության կողմերին կոչեր էին արվում ձեռնարկելու քայլեր՝ շփման գծի վրա լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Մասնավորապես միջնորդներն առաջարկում էին փոխադարձաբար հետ քաշել դիպուկահարներին և ձևավորել շփման գծի վրա միջադեպերի հետաքննության մեխանիզմ: Թե՛ Հայաստանը և թե՛ Լեռնային Ղարաբաղը հայտնել են իրենց պատրաստակամությունը կյանքի կոչելու այդ առաջարկությունները, իսկ Ադրբեջանը` ոչ:

Ավելին: Հակառակ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին, 2003-2015 թթ. ընթացքում Ադրբեջանը 30 անգամ ավելացրել է իր ռազմական ծախսերը` հասցնելով 4.8 միլիարդի: Հետևողականորեն սպառազինվելով` Ադրբեջանը գերազանցել է ԵԱՀԿ-ի և Եվրոպայի սովորական զինված ուժերի մասին պայմանագրով նախատեսված բոլոր վերին շեմերը: Եվ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված քառօրյա պատերազմը անակնկալ չէր, այլ լիովին սպասելի: Եվ դա հարված էր ոչ միայն հայկական կողմին, այլև միջազգային հանրությանը:

 

Անի Գասպարյան

Աղբյուրը՝ www.ankakh.com

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ