Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը աշխարհի բոլոր երկրներում բնակվող հայազգի բարձրաստիճան սպաներին և ռազմական փորձագետներին կոչ է անում միանալ իր առաջարկած ծրագրին, ըստ որի նախատեսվում է ռազմական-ուսումնական կենտրոններում համապատասխան գիտելիքներ փոխանցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զինվորագրվել հայոց բանակին:
«Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ և ռազմական փորձագետներ
Այսօր հայության առջև ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց և շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետև ՀՀ-ն և ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ և նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին և զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչև սմերչներ, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ հայ զինվորը դիմագրավեց և հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերը իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին:
Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգևորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլևս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել ևս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական:
Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալների և ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երևանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:
Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»,- այս մասին Ստեփանակերտում հայտարարել է Արկադի Տեր-Թադեւոսյանը: