Այսօր մամլո ասուլիս էր հրավիրել Աշոտ Մանուչարյանը, որի ընթացքում լրագրողներին հայտնեց իր մտահոգությունը Հայաստանում ներկա իրավիճակի մասին, այն շաղկապելով աշխարհում մարդկության դեմ իրականացվող կործանարար քաղաքականության հետ։
«Աշխարհի օրակարգում մեկ հարց կա` մարդկությունը պահպանվելու է, թե՞ վերանալու, և խոսքն անհայտ հեռանկարի մասին չէ: Այս հարցն ավելի քան ակտուալ է։ Այսօրվա կյանքը պարտադրում է, որ մարդը պարզապես բավարարի բոլոր այն պահանջները, ինչ կենդանին` իշխի, սպառի և հաճույք ստանա:
Աշխարհում ընթացող բոլոր գործընթացները տանում են մարդու տեսակի վերացմանը և շուտով այլ տիպի` հայրենիք, հոգու խորություն չունեցող մարդիկ են ի հայտ գալու, որոնց իդեալական մոդելը Կոնչիտան է»,- ասում էր Աշոտ Մանուչարյանը։ Նա շեշտեց, որ որ Հայաստանում առաջինը տրանսֆորմացիայի է ենթարկվելու Հանարապետական կուսակցությունը. «Լինելու է այդ կուսակցությունը, բայց ուրիշ մարդկանցով` գողերն ու օլիգարխները հեռանալու են` տեղը զիջելով մարդու այս նոր տեսակին: Այնպես որ Հայաստանը սրըթնաց գնում է «առաջադեմ» մարդկության ճանապարհով, և ամեն ինչ «նորմալ» է լինելու` մենք կործանելու ենք մեզ»:
Բանախոսը շեշտեց, որ վատ է վերաբերվում օլիգարխներին, կաշառակեր պաշտոնյաներին, ազգային նկարագրից շեղված ազգայնականներին և ընդհանրապես բացասական վերաբերմունք ունի Հանրապետական կուսակցության նկատմամբ, բայց գիտի, որ այսօր գոնե այդ կուսակցությունում հայ մարդիկ են, որոնք մոլորության մեջ են, բայց գալու է ավելի վատ` «կոնչիտա» տեսակը, որը սկզբում հոգեվիճակ է լինելու, իսկ հետո ֆիզիկական տեսք է ստանալու:
Աշոտ Մանուչարյանը հիշեցրեց, որ թեև Խորհրդային Միությունը թերություններ ուներ, բայց այսօր ոչ մի պետություն չի կարող հավասարվել այդ պետությանը. «Խորհրդային Միությունում երեք համակարգ գոյություն ուներ, որ թույլ էր տալիս զարգացնել մարդկային որակները` բարձրակարգ կրթություն, գիտություն և արդյունաբերություն: Այսօր աշխարհի ցանկացած կետում ոչնչացվում են այդ համակարգերը` ստեղծելով նոր տեսակի մարդուն: Խորհրդային Միությունը դիմակայում էր հարստություն կուտակող աշխարհին, բայց պարտվեց, քանի որ տասնյակ հարցերում թերություններ ուներ, սակայն այդ պետության փլուզումից հետո այլևս այդ համակարգին այլընտրանք չկա»:
Աշոտ Մանուչարյանի համոզմամբ, այսօր Հայաստանում նոր տեսակի մարդու գոյությունը հեշտացնող օրենքներ են ընդունվում. «Եկել են մեր ավագ «եղբայրները» և մեզ օրենքներ ընդունել են տալիս. ոչ մի օրենք չի գրվել մեր երկրում, բոլորը բերվել է դրսից, միայն մեկ-երկու ուղղում օլիգարխներն են մտցրել, որ լափը շատ լինի: Այս ամենի արդյունքում մարդկային որակը կտրուկ ընկել է: Կառավարության գաղտնի որոշումներ են ընդունվում` վաղը հոմոսեքսուալիստները գալու են Հայաստան երեխաներ որդեգրելու»։
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին հարցին Ա․Մանուչարյանը պատասխանեց. «Վերջին տարիներին Դաշնակցության մասին միայն օլիգարխիական նորություններ եմ լսում․․․ Դաշնակցության պարագլուխները դահիճների են վերածվել: Կուսակցության շարքային զանգվածում մնացել են նվիրյալներ, իսկ պարագլուխները հայկական օլիգարխիայի բաղկացուցիչ մասն են»:
Ռուսամետների դեմ առաջացած ատելության մասին խոսելով, բանախոսը հավաստիացրեց, որ ռուսական տիրապետություն իրականում գոյություն չունի, և Ռուսաստանը մինչև 2-3 տարի առաջ նույն վիճակում էր, որում մենք ենք այսօր։ «Պուտինն աշխարհի տիրակալների մոտ գնում էր խնդրելու, որ գծեն այն սահմանը, որտեղ ինքն է ռեգիոնալ գերիշխողի դեր ունենալու, սակայն եկավ մի պահ, երբ իրավիճակը փոխվեց, և Ռուսաստանն այսօր մարտահրավեր է նետում իշխող աշխարհակարգին: Եվ չկարծե´ք, թե ԱՄՆ-ում են այդ ուժերը, ԱՄՆ-ն նույնքան գործիք է, որքան և մյուսները»,- նշեց նա` ընդգծելով որ այդ տիրակալները դիվային ուժեր չեն, պարզապես այսօրվա կյանքի հաջողակներն են, որոնք ճիշտ են կողմնորոշվել փողի տիրապետության աշխարհում:
Այս ամենի համատեքստում է նաև Հայաստանը, և այս դեպքում ինչ-որ բան ստեղծելը, կազմակերպելը, մարդկանց մեջ համերաշխության մթոլորտ ձևավորելը շատ կարևոր և բարդ գործ է, ասաց Մանուչարյանը։ «Երբ այս իրավիճակում տեսնում ես, որ երիտասարդների մի խումբ դուրս է եկել և ասում է` «Ո´չ թալանին», ինձ արդեն բացարձակապես հետաքրքիր չէ, թե ով է դա կազմակերպել: Սա նշանակում է, որ երիտասարդությունը դուրս է եկել թալանի քաղաքականության դեմ, ու դա կարող էր դառնալ համաշխարհային լոզունգ, որովհետև այս դեպքում ռազմաճակատի գիծն անցնում է ամեն մարդու միջով: Ես և իմ ընկերներն առաջարկեցինք այդ երիտասարդներին համաշխարհային արշավ ստեղծել այդ ամենից, չստացվեց, բայց ոչինչ, այդպես էլ է պատահում, տասնյակ հարյուրավոր նոր պահեր են լինում»։ Մանուչարյանն ընդգծեց, որ ժողովրդի մոբիլիզացիան ոչ թե Պողոսին Պետրոսով փոխարինելու համար պետք է լինի, այլ պետք է վերածվի արտաքին կառավարման դեմ պայքարի, որի համար պետք է դուրս գալ փողոց. «Այսօր ամբողջ մոլորակն է սպասում նման քայլի: Երբ ժողովուրդը հավաքվում է վեհ գաղափարի շուրջ` անհասկանալի ջերմություն է արտադրվում մարդկանց միջև: Ղարաբաղյան շարժման ժամանակ էլ ժողովրդին պահողը Ղարաբաղը չէր, Ղարաբաղը միացնողն էր, բայց պահողն ջերմությունն էր, երբ մարդիկ հավաքվեցին և հասկացան, որ բոլորը բոլորին սիրում են, որ կարող են ինչ-որ բան փոխել, և այդ զգացումը մարդուն ուրիշ էակ է դարձնում»:
Ինչ վերաբերում է այսօրվա Հայաստանում ինչ-որ բան փոխել ձգտող երիտասարդներին, Աշոտ Մանուչարյանն ուրախ է, որ նրանք կան և ինչ-ինչ քայլեր անում են, բայց այդ քայլերը, նրա խոսքով, փոքր խնդիրներ լուծելուն են ուղղված, մինչդեռ պետք է լուծել երկրի խնդիրը։ Այսօր Հայաստանը շատ լուրջ խնդիրներ ունի․ «Կան հին ժողովուրդներ, որոնք շատ բան են տեսել և կարող են այսօրվա խնդիրների ելքի բանալին գտնել, սակայն աշխարհի տիրակալներին դա պետք չէ և նրանք ամեն բան անում են այդ ժողովուրդներին վերացնելու համար»:
Այդ քայլերից մեկը, Աշոտ Մանուչարյանի հավաստմամբ, Հայաստանի ընդերքի թալանն է, և մեր հողերն ու ջրերը ծանր մետաղներով աղտոտելը. «Եթե այստեղ երկրաշարժ լինի կամ անգամ ատոմակայանը պայթի, մենք կշարունակենք ապրել, բայց ընդերքը թունավորելով, ուզում են վերացնել մեր օրրանը, իսկ օրրանը վերացնելով վերացնելու են նաև հայ մշակույթն ու ինքնությունը: Այսօր բոլոր պայմանները ստեղծվում են, որ հայերը դեպորտացվեն երկրից, դեպորտացվեն հայկականությունից: Ահա սա է մեր երկրի համար առաջին խնդիրը»: