Կան հավերժական թեմաներ, որոնք ընդհանուր են բոլոր ժողովուրդների համար. կարոտ, սեր, բնություն, հայրենիք… Սակայն, սրանցից բացի, յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հավերժական թեմաները: Հույնը միշտ գրել և գրում է Աքիլլեսի և Ալեքսանդր Մակեդոնացու մասին, իտալացին՝ Գարիբալդիի, ռուսը՝ Կուտուզովի և Սուվորովի, ֆրանսիացին՝ Ժաննա դ’Արկի և այլն: Մեզ՝ հայերիս համար այդպիսի մի հավերժական թեմա է Անդրանիկը: Մեր իրականության մեջ թերևս ոչ մեկի և ոչ մի բանի մասին այդքան չի գրվել ու խոսվել, որքան նրա: Անդրանիկի թիկնապահ-քարտուղար Վահան Թոթովենցը այս առիթով նկատել է. <<Մեր գրականության մեջ միայն մեկ բան Անդրանիկի համահավասար երգված է, այդ բանը արյունն է>>[1]: Այս տողերը Թոթովենցը գրել է շուրջ հարյուր տարի առաջ, դեռ Զորավարի կենդանության օրերին: Հաջորդող տասնամյակներին Անդրանիկին համահավասար այլևս ոչ մի բան չի երգվել. ո՛չ Մասիսը, ո՛չ Մաշտոցը, ո՛չ Նարեկացին ու Կոմիտասը, ո՛չ էլ մեկ այլ սրբություն: Մեր ժողովուրդն իր բախտը կապեց Անդրանիկի բախտին, նրա մեջ տեսավ իր երազների ու իդեալների խտացումը և իր հերոսին բարձրացրեց վեր… Անդոկից, Նեմրութից, Մարաթուկից, Արագածից, Մասիսից էլ վեր:
Սակայն, այս ամենով հանդերձ, բոլոր նրանք, ովքեր կարողացել են փոքր-ինչ մերձենալ Անդրանիկի առասպելին, անշուշտ կվկայեն, թե որքան դժվար ու նույնիսկ անհնարին բան է Անդրանիկի մասին քիչ թե շատ արժանավոր բան ասելը կամ գրելը: Եթե մեկը խոսում է տասը րոպե, տասը րոպե աղարտում է Անդրանիկի դյուցազնական դիմագծերը, եթե մի ուրիշը երկու հատոր գիրք է նվիրել նրան, ապա ամբողջ երկու հատորով անզուգական Զորավարին հեռացրել է մեզնից: Պատճառը թերևս այն է, որ Անդրանիկի վիթխարի կերպարը, ահռելի մեծությունը ոչ մի կերպ չի տեղավորվում պատմագրության մեջ, չի տեղավորվում տարեթվերի ու ամսաթվերի մեջ: Եվ վերլուծել Անդրանիկի մղած ճակատամարտերը, նույնն է թե վերլուծել Սասունցի Դավթի ճակատամարտերը: Դրանք նույնքան դյուցազնական են և նույնքան անհավանական՝ իրենց արդյունքով:
Երբ մենք փորձում ենք ներբողել որևէ երևելի հերոսի, սովորաբար նրան համեմատում ենք Անդրանիկի խելահեղ քաջության, ռազմական աներևակայելի հնարամտության, ասպետականության կամ տասնյակ այլ առաքինություններից որևէ մեկի հետ: Իսկ Անդրանիկին բնութագրելիս դժվարանում ենք մատնանշել որևէ հերոսի, որի հետ հնարավոր լինի նրան համեմատել: Եվ, որպես կանոն, Զորավարին համեմատում ենք միայն Սասունցի Դավթի հետ: Համենայնդեպս, այդպես են վարվել Հովհաննես Թումանյանը, Հովհաննես Շիրազը, Հրանտ Մաթևոսյանը և էլի շատ շատերը: Ի դեպ, Հրանտ Մաթևոսյանի կատարած մի համեմատությունը պարզապես ապշեցնում է իր հանճարեղությամբ. <<Զորավար Անդրանիկը, Անդրանիկ Օզանյանը մեզ համար նույնքան առասպելական է, դյուցազներգական, վիպերգային, ինչքան Դավիթը՝ իրական. համաժողովրդական սիրո հրապարակը այդ երկու իրական ու վիպերգային հերոսների երթն է դարձնում պսակյալ շքերթ, մարդու և զինվորի իր իդեալով իր Անդրանիկին է հանդերձավորում, և իր Անդրանիկը՝ ժողովրդի Անդրանիկը, իդեալ մարդու կերպարն իր վրա է առնում ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես Դավիթ Սասունցին Մհեր Սասունցու զենքուզրահն է իր վրա առնում>>[2]:
Այնուամենայնիվ, թող ներվի ինձ, եթե նկատեմ, որ նույնիսկ այս համեմատությունը լիարժեք չէ: Նույնիսկ էպոսի հերոսը՝ Սասունցի Դավիթը, դժվարությամբ է դիմանում Անդրանիկի կողքին: Հայ ժողովուրդը Դավթին օժտել է ոչ միայն իր դարավոր երազանքներով ու ձգտումներով, այլև իրեն՝ ժողովրդին բնորոշ մի շարք թուլություններով ու թերություններով. դյուրահավատությամբ, թշնամուն վստահելու, գայթակղություններին տուրք տալու և այլ հատկանիշներով: Թշնամին կարողանում է Դավթին խաբել, մոլորեցնել, գայթակղել կանանցով, հորը նետել և այլն:
Անդրանիկը զերծ էր այս ամենից: Նա մեզանում նշանավորվեց նաև որպես սթափության ու զգոնության խորհրդանիշ: Ոչ ոք չկարողացավ խաբել ու մոլորեցնել նրան. ո՛չ թշնամին, ո՛չ էլ նախանձից ու քինախնդրությունից կուրացած <<յուրայինը>>: Ճիշտ է <<յուրայինները>> դավեցին ու խարդավեցին, ուրացան, հիասթափեցրին, դառնացրին ու թունավորեցին նրա կյանքը, ի վերջո՝ գերեզման հասցրեցին, բայց խաբել ու մոլորեցնել չկարողացան: Իր ժամանակի երևելիների մեջ Անդրանիկը միակն էր, ով երբեք չընկավ թշնամու լարած ծուղակները և մշտապես կոչ արեց յուրայիններին տուրք չտալ օսմանյան կեղծ սահմանադրությանը, եղբայրության ու հավասարության պատիր խոստումներին, իրենց անհեռատեսությամբ ու արկածախնդրությամբ չխաղալ ժողովրդի ճակատագրի հետ: Ցավոք նրան չլսեցին, ավելին՝ մեղադրեցին հոռետեսության մեջ և վերջում, երկիրն ու ժողովրդին տանուլ տալուց հետո միայն, ստիպված էին խոստովանել, որ իրենց կողմից <<անուսում>> հռչակված հերոսի բոլոր քաղաքական կանխատեսումներն ու մտավախություններն իրականացել են:
Անդրանիկը գուշակ չէր և ոչ էլ՝ մարգարե: Պարզապես գերազանց ճանաչում էր և՛ նենգ թշնամուն, և՛ անհեռատես ու արկածախնդիր յուրայինին:
Կան մի շարք առանձնահատկություններ, որոնք ոչ միայն առանձնացնում են Անդրանիկին մեր պատմության մյուս հերոսներից, այլև դարձնում են նրան անհամեմատելի ու անհասանելի:
Ներկայացնեմ դրանցից մի քանիսը:
Մեր պատմությունը կերտած հերոսներից յուրաքանչյուրի անունը կապված է կամ հայոց որևէ տարածաշրջանի, կամ որևէ նշանավոր ճակատամարտի հետ: Երբ ասում ենք՝ Վարդան Մամիկոնյան, անմիջապես հիշում ենք Ավարայրն ու Տղմուտ գետը: Դավիթ Բեկին, Մխիթար Սպարապետին կամ Գարեգին Նժդեհին հիշելիս մեր միտքը մեզ տանում է Սյունիք ու Նախիջևան: Աղբյուր Սերոբը, Սպաղանաց Մակարը, Հրայր Դժոխքն ու Գևորգ Չաուշը Սասուն-Տարոնի դյուցազուններն են: Այսպես, հայոց ամեն նահանգ ու տարածաշրջան ունի իր հին ու նոր հերոսները: Եվ միայն Անդրանիկի հաղթական ոտնահետքերն են տարածվում բովանդակ Հայաստանով մեկ. սկսած Սասուն-Տարոնից, Վան-Վասպուրականից մինչև Բաղեշ ու Սարիղամիշ, մինչև Կարին ու Կարս, մինչև Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիքից՝ Սելիմի լեռնանցքից, մինչև Վայոց Ձոր, Նախիջևան, Սյունիք, Արցախ ու … Ավարայր: Այո՛, այն նույն պատմական դաշտը, որտեղ Վարդանանք փրկեցին մեր պատիվն ու հավատքը և նահատակվեցին: Այսօր շատ քչերը պատկերացում ունեն, թե 1918թ. հունիսին Անդրանիկն Ավարայրում ինչպիսի ջարդ տվեց թուրքական զորամիավորումներին, ինչպես գրավեց թուրքերի ձեռքին գտնվող Խոյ բերդաքաղաքը, ինչպես դուրս եկավ Խոյից ու նետվեց Ալի Իսհան փաշայի դիվիզիայի վրա: Ի դեպ այս դիվիզիան ուղարկված էր բնաջնջելու Վասպուրականից դեպի Միջագետք գաղթող հայերի ու ասորիների 70.000-անոց բազմությունը, և այդ օրերին Անդրանիկի ներկայությունը Ավարայրում փրկարար դեր ունեցավ նրանց համար: Այսօր Իրաքի ասորական բնակավայրերում արդյոք հիշո՞ւմ են, թե ում են պարտական իրենց գոյության համար:
Մեր ժողովրդի հոգեկերտվածքին խորթ է կուրորեն մեկին հետևելը, իր ճակատագիրը անվերապահորեն որևէ անձի վերապահելը: Դարձյալ միակ բացառությունը Անդրանիկն է, ում սպասում էին հայոց բոլոր շեներում, հետևում նրան հազարներով ու տասնյակ հազարներով: Զորավարն իր մղած օրհասական մարտերին զուգահեռ շարունակ ստիպված էր տվյալ տարածքների հայ ազգաբնակչությանը տեղից տեղ փոխադրել, ավելի ապահով վայրեր տեղափոխել: Չնայած նշյալ օրհասական ժամանակներում հայոց աշխարհում այլևս ապահով վայր չէր մնացել, և միակ ապահով վայրը Անդրանիկի կողքին էր, նրա փրկարար հովանու ներքո: Տասնյակ հազարավոր գաղթականության մշտական ներկայությունը մեծապես խոչընդոտում էր Անդրանիկի մարտական գործողությունները, կաշկանդում նրա զորամասի ընթացքը, սակայն նա ոչ միայն ակնթարթ անգամ չլքեց իր դժբախտ ազգակիցներին, այլև շարունակ զբաղված էր նրանց ապահովությունը, սնունդը և այլ կարիքները հոգալով:
Հայտնի է, որ հայ իրականության մեջ որևէ երախտավոր իր կենդանության օրոք ըստ արժանվույն չի գնահատվել ու մեծարվել: Մենք մեր երևելիներին հետմահու ենք արժևորում կամ իսպառ մատնում ենք մոռացության: Այստեղ ևս Անդրանիկը բացառություն է: Նա դեռևս իր ֆիդայության ու ֆիդայապետության տարիներին դարձավ լեգենդ ու առասպել, դարձավ կիսաստված, ում մասին հյուսվեցին անհամար ասքեր, զրույցներ ու երգեր:
Ահա ևս մի առանձնահատկություն: Հերոսին ու հերոսականությունը որոշելու տասնյակ չափանիշներ կան, որոնցից շատերը հակասական են ու իրարամերժ: Սակայն կա մի չափանիշ, որը դժվար է մերժել ու վիճարկել: Եթե մեր դարավոր թշնամուն հարցնելու լինեն, թե քանի հայանուն թշնամի է հիշում, նա, առանց վարանելու, կտա Անդրանիկի՝ Անդրանիկ փաշայի անունը: Կտա անեծքով ու զարհուրանքով: Մեր այլ հերոսներին թուրքը ճանաչել է մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի… այնքան ժամանակ, մինչև կարողացել է հաղթել նրանց, հալածել կամ սպանել, որից հետո մոռացության է մատնել: Անդրանիկը թուրքի համար այդպես էլ մնաց անպարտելի, որպես մշտնջենական մղձավանջ ու պատուհասող վրիժառու:
Անդրանիկի անչափելի հեղինակությունը, համաժողովրդական աննախադեպ հռչակն ու պաշտամունքը, ուղղամտությունն ու անկեղծությունը, ժամանակի քաղաքական արկածախնդիրների հանդեպ անհանդուրժողական ու պոռթկուն վերաբերմունքը նրա շուրջը ստեղծեցին քինախնդրության հեղձուկ մի մթնոլորտ, ինչը անշտկելի հետևանքներ ունեցավ մեր երկրի ու ժողովրդի հետագա ճակատագրի վրա: Դարձյալ Զորավարի կենդանության օրոք, նրա մասին հյուսվող ժողովրդական երգերին ու ասքերին զուգահեռ, սկիզբ դրվեց մի սև ու դավադիր <<պատմագրության>>, ինչը շարունակվում է մինչև օրս՝ նպատակ ունենալով ստվերելու հերոսապետի անուրանալի վաստակն ու հիշատակը: Հավատաքննիչի հավակնություններով քաղաքական խեղկատակները, մանրադիտակներն առած, սկսեցին բծեր որոնել նրա դյուցազնական կերպարի վրա և երբ չգտան՝ սկսեցին լրբենի ավյունով մոգոնել այդպիսիք:
Ասացին՝ գոռոզ է, ըմբոստ է ու ինքնիշխան, չի ենթարկվում ոչ ոքի: Իհարկե՛, չէր ենթարկվում: Մի՞թե մեր իրականության մեջ կար այնպիսի մեկը, որին պետք է ենթարկվեր Անդրանիկը: Երանի թե լիներ: Եթե լիներ այդպիսի մեկը՝ մենք երկո՛ւ Անդրանիկ կունենայինք: Իսկ եթե երկու Անդրանիկ ունենայինք, ապա, ինչպես 1918թ. օրհասական արշալույսին ասում էր Թովմաս Նազարբեկովը՝ թուրքերը կլինեին ոչ թե Կարսի պատերի տակ, այլ՝ Անկարայում:
Ասացին՝ անողորմ է ու մոլեգին: Ասացին՝ 20-րդ դարում բանակը պետք է հիմնվի մարդասիրական ու ժողովրդավարական սկզբունքների վրա, իսկ Անդրանիկը անխնա ծեծում է ոչ միայն իր զինվորին ու սպային, այլև անվանի մտավորականներին, կուսակցական-քաղաքական գործիչներին:
Այո՛, ծեծում էր: Երբեմն շատ դաժան էր ծեծում: Իր զինվորի համար հոգի տվող Անդրանիկը փոքրիկ զանցանք ու անկարգապահություն նկատելիս դաժանաբար մտրակի տակ էր քաշում զինվորներին, փոխարենը նրա խմբի, ջոկատի կամ զորամասի երկաթե կարգապահությանը և աներևակայելի մարտունակությանը նախանձում էին կանոնավոր զորաբանակներ ունեցող երկրների հրամանատարները՝ թուրքը, ռուսը, բուլղարացին, գերմանացին… Եվ բոլորն էին խոստովանում, որ Անդրանիկի հրամանի տակ կռվելը խաղ ու պար է, որ ցանկացած տեղանքում այնպես անթերի է դիրքավորում իր սակավ ուժերը տասնապատիկ ավելի թշնամու դեմ, որ որպես կանոն միշտ պատվով է դուրս գալիս մեծ ու փոքր մարտական գործողություններից:
Ես չեմ թվարկի այն տասնյակ ու տասնյակ անվանի գործիչների անունները, որոնք արկածախնդրության, խառնակչության, թուլամորթության, դավաճանության և նման այլ պատճառներով ճաշակել են Անդրանիկի ապտակները կամ մտրակի հարվածները: Չեմ թվարկի, քանի որ նրանցից շատերի արձանները զարդարում են մեր քաղաքներն ու գյուղերը, շատերի անուններով կոչել ենք փողոցներ, դպրոցներ, այլ հաստատություններ: Կբերեմ ընդամենը մի վկայություն: Հայաստանի առաջին հանրապետության վարչապետներից Սիմոն Վրացյանը մի առիթով հպարտությամբ գրում է. <<Ես էլ այն սակաւութիւններից մէկն էի, որին երբեք ոչ միայն չի ծեծել կամ չի հայհոյել, այլեւ վատ խօսք չի ասել: Իսկ ով էր այն բախտաւորը, որ Անդրանիկի բռունցքի կամ լեզուի համը չէր ճաշակել>>[3]:
Ասացի՝ անուններ չեմ տալու, բայց կա մի փառահեղ անուն, ով ինքն էր սիրում պատմել Զորավարից ստացած ապտակի մասին: Հովհաննես Բաղրամյան, հետագայում՝ Խորհրդային Միության մարշալ: Երբ Անդրկովկասյան սեյմի դավաճանության և արևելահայ զինվորների շրջանում տիրող համատարած բարոյալքության պատճառով Կարին բերդաքաղաքը առանց կրակոցի հանձնվեց թշնամուն (1918, փետրվար,) դառնությունից ու հիասթափությունից մոլեգնած Անդրանիկը Սարիղամիշի մոտ մի շառաչուն ապտակ հասցրեց երիտասարդ Բաղրամյանին, ում ձիավորները ևս հրաժարվել էին մասնակցել Կարնո պաշտպանությանը: Կես դար անց, 1968 թվականին, երբ փառքի գագաթնակետին գտնվող Բաղրամյանը հերթական անգամ այցելել էր Հայաստան, նրան տարան Երևանի պետական համալսարան՝ ուսանողության և դասախոսական կազմի հետ հանդիպման: Բոլորը նրանցից ակնկալում էին Մեծ Հայրենականի մասին ազդեցիկ պատմություններ, բայց մարշալը հանկարծ պատմեց այս միջադեպը և իր պատմությունն այսպես ավարտեց. <<Զորավարի ապտակը ինձ մարշալ դարձրեց>>: Հիրավի, մեծ մարդու մեծ խոստովանություն: Ցավոք, մյուսներն այդքան մեծահոգի չգտնվեցին:
Ասացին՝ բռի է ու անբարեկիրթ: Նրան խնջույքների են հրավիրում, պատվում ճոխ սեղաններով, իսկ նա շուռ է տալիս սեղանները և անպատվում հյուրընկալներին:
Այո՛, լինում էին նման դեպքեր: Թիֆլիսում, Ալեքպոլում կամ Երևանում եղած պահերին շատերն էին կամենում իրենց հարկի տակ պատվել Զորավարին: Նստում էր խոժոռված, լսում իրեն նվիրված ճոռոմ բաժակաճառերը, հանկարծ պոռթկումով վեր էր ցատկում, շուռ տալիս սեղանները, իսկ հյուրընկալներին քարշ տալիս պատուհանների մոտ և մատնացույց անում փողոցում սովից ու համաճարակներից մեռնող հազարավոր գաղթականներին:
Ասացին՝ բախտավոր աստղի տակ է ծնվել, նրան գնդակ չի դիպչում:
Այո՛, Անդրանիկին գնդակ չէր դիպչում: Գնդակը խոցում է նրան, ով խուսափում ու թաքնվում է գնդակից: Իսկ Անդրանիկն այն Զորավարն էր, ով մշտապես մի քանի քայլ առաջ էր իր զինվորներից, ով միշտ սլանում էր հեծելազորի առջևից:
Ասացին՝ անուսում է, ռազմական ուսումնարան ու ակադեմիա չի ավարտել:
Իհարկե՛ չէր ավարտել: Որտե՞ղ պետք է ավարտեր և ե՞րբ պետք է ավարտեր, երբ վաղ երիտասարդ տարիքից նետվեց պայքարի բոցերի մեջ:
Անդրանիկի ուսումնարանն ու ակադեմիան դարձան իր երկրի սարերն ու ձորերը, ծերպերն ու կածանները, իր ժողովրդի զրկանքն ու թշվառությունը, թշնամու ամենօրյա ասպատակություններն ու վայրագությունը: Եվ տարիների հետ նա թրծվեց որպես անպարտելի ֆիդայի ու ֆիդայապետ, ի վերջո, հենց օտարների գնահատմամբ, որպես Առաջին համաշխարհայինի ամենադրամատիկ ու հաղթական զորավարներից մեկը:
Ռազմական ուսումնարան ու ակադեմիա ավարտած այդ ո՞ր զորականը պիտի հանդգներ երեսուն ֆիդայիով կամովին մտնել Առաքելոց վանք, պաշարվել վեց հազարանոց կանոնավոր զորքով, քսան օր օրհասական մարտեր մղել, թշնամուց խլել շուրջ երկու հազար զոհ, և քսանմեկերորդ օրը, երբ սպառվել էին ռազմամթերքի ու սննդի պաշարները, ճեղքել անհնարին թվացող պաշարումը և իր քաջերին հասցնել Սասնո լեռները: Ռազմական ձեռնարկներով կրթված այդ ո՞ր զորականը կարող էր Բալկանյան պատերազմում 270 հոգանոց վաշտով գերի վերցնել 11000-անոց թուրքական դիվիզիան՝ Յավեր փաշայով ու նրա սպայակույտով հանդերձ: Ո՞ր ակադեմիական զորականը կարող էր շահել մեր տարածաշրջանում երբևէ տեղի ունեցած ամենաբախտորոշ ճակատամարտը՝ Դիլմանի ճակատամարտը, որտեղ վճռվում էր ողջ Կովկասի հարցը:
Ի դեպ, այստեղ մի կարևոր դիտարկում պիտի անեմ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Թուրքիան դիմեց մի հերթական քաղաքական ծամածռության՝ փորձելով Գալիպոլիի (Չանաքկալե) հաղթական մարտերի հիշատակումով համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել Ցեղասպանության տարելիցից: Եվ մեզանում ոչ ոք չհիշեց, որ դեպի Հնդկաստան ձգվող մեծ Թուրքիա ստեղծելու գործում անչափ կարևորելով Դիլմանի ճակատամատի դերը (1915, ապրիլ), ռազմական նախարար Էնվերը Դիլման էր նետել Գալիպոլիի <<անպարտելի>> համարվող գնդերը: Եվ այս գնդերն էր, որ ջարդուցրիվ արեց Անդրանիկը՝ ռուս պատմագրության մեջ հավերժական փառքով պսակելով իր և հայ զինվորի անունները: Այս <<հաղթական>> գնդերի մնացորդներն էին խուճապահար ճողոպրում Անդրանիկից՝ իրենց ճանապարհին տարածելով սարսափազդու լեգենդներ, թե Անդրանիկ փաշան դև է ու սատանա, թե նրան գնդակ չի դիպչում, թե անհնար ու անիմաստ է նրա դեմ պայքարելը:
Կարելի է երկար թվարկել Անդրանիկի անհնար ելքերով տասնյակ ու տասնյակ մարտերը, որոնք վերլուծելիս ռազմական պատմագրությունը պարզապես կարկամում է:
Ակադեմիական ամեն սպա ու զորավար գիտի, որ եթե թշնամու պատճառած երկու զոհի դիմաց նրանից խլում ես չորս կամ հինգ զոհ՝ դա հաջողություն է, դա մեծ հաջողություն է:
Անդրանիկին խորթ էր այսպիսի թվաբանությունը: Նրա թվաբանությունը մեկը հազարի էր, մեկը հազար հինգ հարյուրի էր: Եվ այս թվաբանությամբ նա առաջնորդվեց իր երեսնամյա հագեցած մարտական ողջ ճանապարհին:
Ասացին՝ նեղացավ, խռովեց Հայաստանից ու գնաց: Այս <<մեղադրանքը>>, թերևս, Զորավարի հասցեին հնչող ամենալրբենի մոգոնվածքն է :
Ինչպե՞ս կարող էր հայրենիքից նեղանալ մի զորավար, ով նրան նվիրել էր իր ամբողջ կյանքն ու ավյունը, միանձնյա ծառացել էր Բաթումի խայտառակ պայմանագրի դեմ (1918, հունիսի 4) և սկիզբը դրել հայոց հողահավաքի՝ ինքնակամ անցնելով պաշտպանելու <<յուրայինների>> կողմից թշնամուն հանձնված Նախիջևանը, Սյունիքն ու Ղարաբաղը, ում ինքնիշխան ներկայությունը տարածաշրջանում երկար ամիսներ դարձել էր գլխավոր մտահոգությունը թե՛ նորաթուխ Հայաստանի վարիչների, թե՛ թուրքերի ու թաթար-ազերիների, թե՛ բրիտանացիների ու գերմանացիների: Մի պահ ենթադրենք, թե հնարավոր էր Անդրանիկի և Հայաստանի վարիչների հաշտությունը: Այն վարիչների, ովքեր ամեն ինչ արեցին Զորավարին տարածաշրջանից հեռացնելու համար և երբ չկարողացան՝ ազգուրաց հեռագրերով ու հաղորդագրություններով դիմեցին հայակեր Էնվերին, թե. <<Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու ձերդ գերազանցությանը՝ հանուն մեր բարեկամության իրազեկ դարձնել ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական նախարարին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը և Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել ձեզ վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար>>[4]:
Անդրանիկը նման դավադրություններ շատ էր տեսել: Սակայն այստեղ ամենասարսափելին ոչ միայն <<հայրենի>> կառավարության կողմից ազգային հերոսին ուրանալն է, այլև այն, որ նման հեռագիր-հաղորդագրությունների արդյունքում Ալի Իսհան փաշան իր զորամիավորումներով ուղարկվեց ոչնչացնելու Վան-Վասպուրականից գաղթող հայերի ու ասորիների վերջին բեկորներին:
Այժմ ենթադրենք, թե Անդրանիկը մնացել էր Հայաստանում: Ի՞նչ պիտի աներ նա: Բնականաբար, պիտի փորձեր իր երեսնամյա մարտական փորձառությունը ի սպաս դնել նորաստեղծ հանրապետության սահմանների պաշտպանությանը: Ո՞ւմ ենթակայությամբ նա պիտի ծառայության անցներ: Զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի՞, նրա օգնական Դրոյի՞, 1915-ի օրհասական օրերին իր ջոկատը լքած և Ռուսաստան փախած Սեպուհի՞… Մարդիկ, որոնց երբեք լուրջ չէր ընդունել Անդրանիկը, երբեք չէր հանդուրժել նրանց խմբապետական աճպարարությունները:
Անդրանիկը չէ՛ր կարող մնալ Հայաստանում: Իր կյանքի այս ողբերգական հանգրվանում Զորավարը հար և նման էր մեր էպոսի վերջին ճյուղին՝ Փոքր Մհերին, որի ոտքերի տակ հայրենի հողը չէր դիմանում: Անդրանիկի լեռնացած կսկիծն ու մորմոքը չտեղավորվեց նորաստեղծ հանրապետության հեղձուկ սահմաններում, քաղաքական բանսարկությունների թունավոր մթնոլորտում, և նա հեռացավ ոչ թե Ագռավու քարում մեկուսանալու, այլ իր ծովածավալ հեղինակությունը հասարակական-բարեգործական գործունեությամբ իր բզկտված երկրին ու ժողովրդին ծառայեցնելու: Այդ գործունեության առաջին նշանակալի արդյունքը զգացվեց դեռևս ճանապարհին՝ Վրաստանում, երբ վրացիների կողմից բռնագրավված 70 վագոն հացահատիկը ուղարկեց Հայաստան՝ սովյալ ժողովրդին:
Վերը արդեն ասել եմ, որ Անդրանիկի վիթխարի մեծությունը չի տեղավորվում մեր պատմագրության սահմաններում: Թող տարօրինակ չթվա, եթե աեմ, որ այդ մեծությունը չտեղավորվեց անգամ մեր համբավավոր գրականության և արվեստի ծիրում: Զորավարի մասին շարունակվում են հյուսվել հարյուրավոր մեծ ու փոքր ստեղծագործություններ, որոնք կարող են պատիվ բերել ցանկացած այլ հերոսի ու երախտավորի, բայց ոչ երբեք Անդրանիկին: Մինչև օրս որևէ ստեղծագործություն չի արտացոլել նրա դյուցազնական ոգին ու էությունը: Մեր գրիչը, մեր վրձինն ու երաժշտությունը չզորեցին երկնելու Անդրանիկին արժանի որևէ գործ: Պատճառը ոչ թե այն է, որ մեր պոետները, վիպասանները, նկարիչ-քանդակագործներն ու երգահաններն են տկար ու փոքր, այլ այն, որ Անդրանիկն է անչափելի հզոր ու մեծ:
Եվ միակ ժանրը, որտեղ տեղավորվում է Անդրանիկը՝ ժողովրդական բանահյուսությունն է, ժողովրդական երգերն են, ասքերն ու առասպելները, որոնցում ժողովուրդը պանծացրեց իր ազատարարին, իր կողմից հայրական իրավունքներով օժտված դյուցազունին:
- Արսէն Մարմարեան, <Զօր. Անդրանիկ եւ իր պատերազմները>, Կ.Պօլիս, 1920, էջ 382
- Հ. Մաթևոսյան, <Սպիտակ թղթի առջև>, Երևան, <Հայագիտակ>, 2004, էջ 332
- Ս. Վրացեան, <Կեանքի ուղիներով>, Գ. Հատոր, Պէյրութ, 1963, էջ 106
- Գ. Ղարիբջանյան, <Ժողովրդական հերոս Անդրանիկ>, Երևան, 1990, էջ 126
Կարո Վարդանյան