Գիտություն

Reprogrammed the Havana International Book Fair

Երեքշաբթի, Նոյեմբերի 28, 2023
Reprogrammed the Havana International Book Fair

Changed the date of the Havana International Book Fair According with the website Cubadebate, the date of the International party of the book in Cuba, scheduled to next year's February...

«Սա կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ». Կոնստանտին Զատուլին

03 Մայիսի 2018

ՀՀ խորհրդարանում երեկ տեղի ունեցած վարչապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունից առաջադրված միակ թեկնածուն` Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ, իսկ ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ` կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ` 56: Հայաստանյան իրավիճակի նման շրջադարձի մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ:

«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՈՐԵՎԷ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ»

–Պարոն Զատուլին, Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ փորձում է վստահեցնել, որ կարեւորում է հայ-ռուսական հարաբերությունները, այլեւս հաշտվել է այն իրողության հետ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ է, բայց այս օրերին ակնհայտ էր պրոամերիկյան ոգեւորությունն ու աջակցությունը նրան, ինչն այլ բան է վկայում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ նրա ընտրվելու դեպքում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխություն տեղի կունենար:

– Մինչ այս պահը միշտ, երբ մենք ծանոթանում էինք ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների դիրքորոշումներին, համարում էինք, որ «Ելքի» արտահայտած մտքերը հիմնականում ավելի մոտ էին Արեւմուտքին: Ըստ էության, ասում էին, որ պետք է ձգտել դեպի Եվրամիությանը, իսկ այն, ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքին, ԵԱՏՄ-ին, Հայաստանի համար առաջնահերթություն չէ: Մինչդեռ առաջնահերթ է Եվրոպան, ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունները: Մենք, իհարկե, հիմա էլ ենք նրանց այդպես ընկալում: Սակայն վստահ եմ, որ ՀՀ քաղաքացների ճնշող մեծամասնությունը, այդ թվում նաեւ նրանք, ովքեր մասնակցում էին ցույցերին` ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու, եւ նրանք, ովքեր չէին մասնակցում այդ ցույցերին, բոլորն էլ ունեն մեկ համոզմունք, որ հայ-ռուսական համագործակցությանը որեւէ այլընտրանք չկա: Կարելի է պահանջել եւ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, որի ականտեսը եղանք, բայց պետք է նաեւ անկեղծորեն ընդունել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ավելին է, քան իշխանության դեմքերի փոփոխությունը: Նույնը կարող եմ ասել նաեւ Ռուսաստանի պարագայում` ով էլ լինի ՌԴ նախագահը, վարչապետը, ռազմավարական մոտեցումը պետք է անփոփոխ լինի, եւ ընդունենք, որ Ռուսաստանը եւ Հայաստանը փոխլարացնում են իրար: Իհարկե, պետությունների հնարավորությունները տարբեր են, բայց նրանց համագործակցությունը միանգամայն բնական է, իսկ դրա բացակայությունը` անբնական: Այս առումով` կարծում եմ` մեր հարաբերությունները կշարունակվեն ու կզարգանան:

«ՄԵԶ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԱՇԽԱՏԵԼ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԻՐԱՐ ՀԵՏ»

– Եթե վստահ եք, որ հայ-ռուսական հարաբերություններն անկախ ամեն ինչից կշարունակվեն ու կզարգանան, այդ դեպքում` ի՞նչ մտահոգություն ունեիք, որ այս օրերին Երեւանում էր ՌԴ-ից բավականին պատկառելի պատվիրակություն:

– Մեզ մտահոգում է Հայաստանի հնարավոր երկար քաղաքական ապակայունությունը: Մենք լրջորեն հիմքեր ունենք մտահոգվելու, որ իրավիճակը կարող է դուրս գալ օրինական սահմաններից: Մտահոգվում ենք, որ սա օրինակ կլինի ոչ միայն հայ հասարակության համար, որ փողոցի, ճնշման ճանապարհով կարելի է պարտադրել ներքին քաղաքականության մեջ որոշումներ: Մտահոգվում ենք, որ նախադեպ կլինի` փողոցային հայտարարություններով իշխանություններից քվեներ կորզելու եւ իշխանության գալու: Ես այս ամենն ասում եմ` առանց թաքցնելու: Պատկերացնո՞ւմ եք, որ վաղն էլ կարող է ինչ-որ մեկը գոհ չլինել ընտրության արդյունքներից, ու, օրինակ, ասի` ես բռնի ուժով պետք է իմ թեկնածությունը պարտադրեմ եւ թքած ունեմ Սահմանադրության վրա էլ, խորհրդարանի վրա էլ, ինչ կուզեմ կանեմ: Պետք է հասկանան, որ սա ամենալուրջ ձեւով կազդի մեր հարաբերությունների վրա: Ուղղակի մեզ դժվար կլինի աշխատել եւ համագործակցել իրար հետ: Անօրինական պետությունը ինչպե՞ս պետք է դիմի օրինական պետությանը համագործակցության համար: Այս առումով` մեր հարաբերությունները դե յուրեից, կարող են փոխարինվել դե ֆակտոյի:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ ՎԵՐՋ ՊԵՏՔ Է ՏՐՎԻ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ»

– Ի դեպ, այս մասին Դուք բարձրաձայնեցիք նաեւ Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որն ընկալվեց որպես սպառնալիք...

– Սա սպառնալիք չէ, այլ բացատարություն: Ես նկատի չունեմ դիվանագիտական հարաբերությունների տապալում, դրա առիթը չկա, եւ հուսով եմ` չի էլ լինի: Սա ուղղակի նշանակում է, որ կա օրինական պետություն, որտեղ եկել են իշխանության սահմանադրական ճանապարհով, եւ կարող է այն վերածվել պետության, որի իշխանությունները ոչ օրինական են, ինչը լուրջ փորձություն կարող է լինել բոլոր հարաբերություններում եւ մակարդակներում: Եվ սա ոչ մի լավ բանի չի բերի, ընդ որում` ասածս չի վերաբերում միայն հայ-ռուսական հարաբերություններին, այն բարդություններ կստեղծի ընդհանրապես ամբողջ աշխարհի հետ: Իհարկե, ինչ-որ մեկը ուրախ կլինի դրա համար եւ աչք կփակի, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում` արեւմտյան երկրների կողմից, որոնք շատ արագ պարտավորություններ վերցրին իրենց վրա: Բայց սա մինչեւ այժմ մեր կողմից հանդիմանանքի է արժանանում մեր եվրոպացի գործընկերներին: Իսկ Հայաստանի դեպքում այս ամենը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը գտնվում է երկու կողմից շրջափակման մեջ: Հասկանում եմ, գուցե Հայաստանում խիստ վրդովված են, որ Երեւանում այս տարիներին ինչ-որ բիզնեսներ ղարաբաղցիների ձեռքից ձեռք է անցնում,  բայց վստահ եմ, որ հայաստանյան ազգային, հայրենասեր մտածողություն ունեցող մարդիկ պատրաստ չեն դավաճանել Արցախը եւ հրաժարվել ԼՂ ինքնորոշումից ու այլեւս չաջակցել: Իսկ սա այն օղակն է, որի միջոցով կարելի է ազդել Հայաստանի վրա: 2016 թվականից հետո` բոլորս էլ տեսանք, որ այլեւս միանշանակ չէ հրադադարի ռեժիմի պահպանումն արցախա-ադրբեջանական սահմանում: Չի բացառվում, որ ներքաղաքական մոտիվներով կամ արտաքին քաղաքական դրդապատճառներով Ադրբեջանը կարող է պարտադրել կամ դրդել մի նոր ավանտյուրայի: Այնպես որ, երկրի ապակայունացման երկար շրջանը կարող է գայթակղիչ լինել նրանց համար, ովքեր թշնամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ եւ որոշեն  ռազմական ճանապարհով լուծել իրենց հարցերը` առաջին հերթին` Արցախում: Սա պետք է լինի սթափ քաղաքական գործչի առաջին մտահոգությունը, որը ծրագրում է իր քայլերն ու նպատակները: Եվ հենց սա հաշվի առնելով` Հայաստանում քաղաքական ճգնաժամին պետք է վերջ տրվի հնարավորիս շուտ:

«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ՝ ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՊԱԳԱՅԻՑ»

– Վերադառնալով ԵԱՏՄ-ին` հստակեցնենք. ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո, կարծես թե, Լ. Կալաշնիկովը բավարարված էր Ն. Փաշինյանի պատասխանից, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ` Ն. Փաշինյանը վարչապետ դառնալու դեպքում, չի ներկայացնելու: Այս հարցում Ձեր մտահոգությունները փարատվե՞լ են:

– Նախ ասեմ, որ պարոն Կալաշնիկովի հայտարարությունները պետք է ընդունել ոչ թե Ռուսաստանի դիրքորոշում, այլ որպես ընդդիմադիր Կոմունիստական կուսակցության ղեկավարի տեսակետ: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, մինչ այդ հանդիպումն էլ, երբ մենք զրուցեցինք ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ, եւ նա, ապա Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ չեն պատրաստվում վտանգել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին: Ավելին` Փաշինյանն ասել էր, որ գնահատում է, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի առաքելությունը: Այս ամենը մենք ընդունել ենք ի գիտություն եւ, ըստ էության, բավարաված ենք ասածով: Այլ հարց է, որ մենք` քաղաքական գործիչներս, պետք է ուշադիր լինենք հայտարարություններին, բայց հավատալ դրանց, թե` ոչ, կամ ինչքան հավատալ, սա արդեն լուրջ հարց է: Մենք գիտենք «Ելքի» այն դիրքորոշումը, որը նախորդ տարի բերեց նրան, որ նրանք օրինագիծ ներկայացրին խորհրդարան` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Հետեւաբար, անխոս, պետք է հետեւենք ոչ թե նրանց խոսքերին, այլ գործերին, թե հետագայում ինչպես այդ դիրքորոշումը կփոխվի կամ չի փոխվի: Մի հին ասացվածք կա` իկոբինների նախարարները իկոբիններ չեն, այսինքն` երբ նրանք գնում են իշխանության, այլ բան են հայտարարում, քանի որ դառնում են պատասխանատու երկրի ճակատագրի համար եւ պետք է մոտ լինեն իրականությանը: Մենք, իհարկե, դրա վրա հույս ենք դնում, բայց մտահոգություններ կան, եւ մեր այցը Երեւան մեծ հաշվով հենց սրա հետ էր կապված: Մենք ուզում ենք հասկանալ` ինչ սպասել ապագայից:

«ԵԹԵ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՆ  ՌՈՒՍՆԵՐԸ  «ԴԵՍԱՆՏ ԵՆ ԻՋԵՑՆԵԼՈՒ» ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է»

– Եթե չեմ սխալվում, ՀԱՊԿ-ի շրջանակում, այնուամենայնիվ, Ռուսաստանը կարող էր միջամտել Հայաստանում ստեղծված իրավիճակին: Ինչո՞ւ որեւէ քայլ չարվեց:

– Միջին Ասիայում, Ղրղզստանում տեղի ունեցած դեպքերը հաշվի առնելով, իսկապես, պայմանագրերում ինչ-որ ուղումներ էր մտցվել, որ երկրի մասշտաբային ապակայունացման, սուվերենության վտանգի դեպքում, օրինական պետությունն իրավունք ունի դիմելու իր ՀԱՊԿ գործընկերներին օգնության համար: Ընդ որում՝ այդ օգնությունը կարող է լինել տարբեր, ոչ միայն ռազմնական: Սակայն, այստեղ չկար երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ եւ հիմա էլ չկա: Իհարկե, կան ռիսկեր, բայց ընդունեք, որ սա այն դեպքը չէ, ինչպես Ղրղզստանում էր, երբ պետությունը կանգնած էր կործանման եզրին: Դրա համար էլ հենց սկզբից, երբ քննարկումներ էին ընթանում, թե Ռուսաստանը կխառնվի՞, միանգամից հերքեցի: Եվ ոչ միայն նրա համար, որ ֆորմալ առիթ չկար, այլ այն կարող էր բացասական մեծ հետեւանքներ ունենալ: Միեւնույն ժամանակ, վստահ եմ, որ Հայաստանում մարդիկ ինչքան էլ բաժանված լինեն իրենց քաղաքական համակրանքներով եւ հակակրանքներով, բայց բոլորը միասին դեմ կլինեն, որ իրենց փոխարեն որոշեն, թե ով լինի կամ ով չլինի ՀՀ վարչապետը: Այո, կային երկրի բնականոն կյանքը խաթարող անհարմարություններ, անօրինականություններ, կային կասկածներ, որ ամեն ինչ ճիշտ է արվում, բայց դրանք ընդամենը անհարմարություն էր, ոչ թե ողբերգություն: Ուստի՝ եթե կարծում էին ռուսները Հայաստանում «դեսանտ էին իջեցնելու» հիմարություն է:

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՆՏԻՑ ԱԶԱՏԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ՆՊԱՍՏԵՑ, ՈՐ «ԵԼՔԸ» ՀԱՅՏՆՎԻ ԱԺ-ՈՒՄ»

– Ի վերջո, որտե՞ղ սխալվեց ՀՀ երրորդ նախագահ, պաշտոնաթող վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որ հայաստանյան ներքաղաքական կյանքն այսպիսի շրջադարձ ունեցավ:

– Սերժ Սարգսյանը փորձառու քաղաքական գործիչ է, որը մի փոքր գերագնահատեց իր ուժերը եւ թերագնահատեց այն փաստը, որ չհաշված ունեցած տնտեսական հաջողությունները, ամեն դեպքում, երկրի բնակչությունն ապրում է բավականին աղքատ: Իրականում խոցված էր մարդկանց մոտ արդարության զգացումը: Եվ կարծում եմ՝ նա նախաձեռնելով քաղաքական ռեֆորմ, ունենալով հիանալի հնարավորություններ՝ ինքն էլ չնկատեց, թե ինչպես ինչ-որ պահի դրանից օգտվեց Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, ժամանակին հենց Սերժ Սարգսյանը ազատեց բանտից Փաշինյանին, եւ էլ ով, եթե ոչ նա նպաստեց, որ «Ելքը» հայտնվի Ազգային ժողովում:  Իհարկե, գիտեմ, թե հիմա Նիկոլ Փաշինյանի եւ իր համախոհների կողմից ինչքան մեղադրանքներ են հնչում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին: Բայց նաեւ հիանալի գիտեմ, որ ընտրությունների ժամանակ էական աջակցություն է ցուցաբերվել Նիկոլ Փաշինյանին եւ իր կողմնակիցներին, ինչի շնորհիվ էլ հայտնվեցին խորհրդարանում: Ըստ իս, Սերժ Սարգսյանը ինչ-որ բան թերագնահատեց եւ ժամանակին չարեց եզրակացություններ: Միեւնույն ժամանակ, ուզում եմ հիշեցնել, որ 2017 թվականի հայաստանյան ընտրությունները դիմադրութուն չառաջացրին եւ ամեն դեպքում, ամեն ինչ լավ էր ընթանում: Բայց, ինձ թվում է, երբ Սերժ Սարգսյանը տեսավ, որ փողոցում Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը գնալով ավելի է մեծանում, սա շատ խոր ազդեցություն ունեցավ իր վրա եւ մեկ գիշերվա մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշում կայացրեց: Մինչեւ հիմա ինձ համար անհասկանալի է՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, որ իր հրաժարականի հայտարարության մեջ նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: Ի՞նչն էր ճիշտ, սա պետք է բացատրել, իսկ նա մինչեւ վերջ այդպես էլ չբացատրեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ