ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը մեծ հույսեր է կապում ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ ընդգծելով, որ սպասվող փոփոխություններից, նոր ձեւավորվելիք կառավարությունից ակնկալում է հատկապես տնտեսական ոլորտում նոր քաղաքականության որդեգրում:
«Մենք կողմ ենք, որ հանրապետությունն ունենա խորհրդարանական համակարգ եւ կուսակցությունները հնարավորինս շատ ներկայացված լինեին այնտեղ, որպեսզի նրանք կարողանան ներկայացնել իրենց գաղափարները: Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մեր կուսակցության նախագահության անդամների հետ, մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները Հայաստանի ապագայի վերաբերյալ թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքական ուղղությամբ, եւ թե՛ այն բարոյահոգեբանական վիճակի, որում հայտնվել ենք: Կարծում եմ՝ նորընտիր նախագահը, թեեւ առաջնային մանդատով օժտված չի լինելու, ամեն դեպքում մնում է երկրի առաջին դեմքը, եւ նրա հետ հույսեր ենք կապում»,-ասաց Վազգեն Սաֆարյանը՝ մանրամասնելով, որ նոր կառավարությունից կուսակցության հիմնական սպասումները կապված են արդյունաբերական եւ գյուղատնտեսական ոլորտների զարգացման հետ:
«Նոր կառավարությունը պետք է ունենա նոր քաղաքականություն՝ հենվելով նախկինի ձեռքբերումների վրա, եւ վերացնի այս տարիների բացթողումները»,-նշեց կուսակցության նախագահը:
Անդրադառնալով նախորդ ամիս ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսությունը գրանցել է 7.5 տոկոս աճ, Վազգեն Սաֆարյանը նշեց, որ թեեւ դրական է համարում մի քանի ուղղությունների բարելավումը, ինչպիսիք են արդյունաբերությունը, արտահանումը, շինարարությունը, այնուամենայնիվ, տնտեսական աճի ազդեցությունը նախեւառաջ պետք է յուրաքանչյուր մարդ զգա անձամբ իր կյանքի որակի վրա:
«Դա նախեւառաջ պետք է ազդեցություն ունենար սոցիալական վիճակի՝ աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման վրա: Գուցե հունիսից հետո կառավարությունը շտկում մտցնի, եւ փորձեն ավելացնել թոշակներն ու աշխատավարձերը, որը եւ կլինի ուղիղ համեմատական այդ տնտեսական աճին»,-ասաց նա:
Վազգեն Սաֆարյանը խոսեց նաեւ ներկայիս ընդդիմության մասին՝ նշելով, որ խորհրդարանում գործող ընդդիմությունը լիբերալ գաղափարախոսության կրող են և պարզապես ընդդիմություն է իշխանության նկատմամբ, որը դեմ էլ չի գնում այժմյան տնտեսական քաղաքականությանը:
«Այդ ռադիկալ կոչերով նրանք պարզապես ցույց են տալիս, որ ընդդիմություն են, բայց, կարծում եմ, ժողովուրդը վաղ թե ուշ կհասկանա, թե ովքեր են իր բարեկամները եւ ինչպես են պայքարում սոցիալական խնդիրների լուծման համար»,-նշեց կուսակցության նախագահը:
Հարցին, թե որո՞նք են ՀՀ վարչապետի իր նախընտրելի թեկնածուները, Վազգեն Սաֆարյանը չցանկացավ անուններ տալ եւ նշեց, որ այժմ կուսակցությունը սպասողական դիրքորոշում ունի, այդ հարցը պետք է լուծի Հանրապետական կուսակցությունը, քանի որ խորհրդարանում ունի պատգամավորների մեծամասնությունը:
«Այլ հարց է՝ արդյոք նոր վարչապետը կունենա՞ ինքնաքննադատական դիրքորոշում իր կուսակցության քաղաքականության վերաբերյալ եւ արդյոք կցանկանա ձեւավորել քաղաքացիական համերաշխության եւ ազգային համաձայնության կառավարություն՝ նրանում ներառելով բարձր որակավորում ունեցող մասնագետների»,-եզրափակեց Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահը: