Արևմուտքի տարբեր պետական ու ոչ պետական գիտահետազոտական կենտրոնները, արդեն Սովետական Միության փլուզումից հետո, նպատակ են դրել հեռացնել նախկին հանրապետություններին Ռուսաստանից ու սոցիալիստական գաղափարախոսությունից: Նրանց հաջողեց որոշ հանրապետություններին դարձնել ամբողջովին արևմտամետ և հակառուսաստան երկրներ:
Նրանք աշխատում են յուրովի, այսինքն յուրաքանչյուր հանրապետության վրա աշխատում են ըստ նրա պայմանների ու կարգավիճակի: Հայերիս համար կենսական խնդիր է եղել լինել Ռուսաստանի դաշնակիցը և լինել ռուսամետ, քանի որ հայ ժողովուրդը դասեր է քաղել անցյալից ու շատ անգամներ արևմտամետ լինելու պատճառով, տարածքներ ենք կորցրել: Սակայն արևմուտքի համար դրանք իբրև թէ լուծվող խնդիրներ են, որ պետք է լուծեն ու Հայաստանը հեռացնելով Ռուսաստանից և դարձնեն իրենց ենթակա մի արևմտամետ երկիր: Նրանք միևնույն ժամանակ փորձում են հայերին հեռացնել Իրանից, Չինաստանից ու Հնդկաստանից, որոնք վարում են ինքնուրույն քաղաքականություն և չեն ենթարկվում արևմուտքին, այլ հավասարը հավասարի կարգավիճակով, բնական տնտեսական ու քաղաքական հարաբերություններ են ունենում բոլորի հետ:
Իրանահայերը կապող օղակ են հանդիսանում Իրանի ու Հայաստանի միջև, նրանք ցանկանում են որ Հայաստանը լավ հարաբերությունների մեջ գտնվի Իրանի հետ, սակայն արևմուտքին սա դյուր չի գալիս ու նրանք ողջունում են իրանահայերի արտագաղթը դեպի Ամերիկա ու Եվրոպական երկրներ, թուլացնելով համայնքը և թուլացնելով Իրան -Հայաստան կապող օղակը:
Հասկանալի երևույթ է, որ արևմուտքը և Ռուսաստանը ջանում են փոքր ու աղքատ Հայաստանին դարձնել իրենց ազդեցության տակ գտնվող ու իրենց քաղաքականությանը հետևող մի երկիր: Հայտնի փաստ է ու երկու կողմերի դիվանագետները հաճախ բացահայտորեն խոսում են մյուս մրցակցին դաշտից հանելու մասին: Սա բնական է, սակայն անբնական է մեր որոշ քաղաքագետների ու պետակայն այրերի այն «մաքուր ու անմեղ» արտահայտած քաղաքականությունը, որ մենք երկու կողմերի հետ էլ պետք է նորմալ և հավասար հարաբերություններ ունենանք, որպեսզի չլինենք միայն Ռուսատանի ազդեցության ներքո: Մեզ թվում է, թէ մեր նման փոքրիկ երկիրը կարող է լինել քաղաքականապես ու տնտեսապես անկախ: Չգիտեմ աշխարհում նման անկախ քանի երկրներ գոյություն ունեն, բայց գիտեմ, որ նման անկախությունը կարող է միայն ձևական մի բան լինել ու արտաքնապես ձևացնել, որ անկախ երկիր ենք: Երբ մի երկրում մարդու քվեն 5 կամ 10 հազար դրամով կարող ես գնել, էլ ինչ խոսք է կարող լինել անկախության մասին: Կարող ենք ձգտել հնարավորինս տնտեսապես ու քաղաքականապես հզորանալով կախված չլինել որևէ երկրից, սակայն մինչ այդ ունենք մի անցումային փուլ ու պետք է իրատեսորեն խաղանք մեր խաղը մինչև այդ անցումային փուլից անցնելը ու գոնե քաղաքականապես անկախ լինելը:
Հայաստանում, ըստ որոշ տվյալների, աշխատում են ավելի քան 5000 Հասարակական Կազմակերպություններ (NGO), որոնց 70 տոկոսը ֆինանսավորվում կամ հովանավորվում է արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից, նրանք տարբեր անվանումներով առաջին հերթին պետք է առաջ տանեն իրենց տերերի քաղաքականությունը, այդ քաղաքականությունը այն է, որ փոքրիկ Հայաստանում ստեղծել այնպիսի հանրային կարծիք, որ դեմ լինի Ռուսաստանին ու Իրանին և հրապուրվի արևմուտքի քաղաքականությամբ ու արժեքներով: Այս կազմակերպություններին օգնության են գալիս ԱՄՆ-ի դեսպանատունը իր 1600 պաշտոնական աշխատողներով: Անեևակայելի է, որ Հայաստանի նման մի փոքրիկ երկրում ԱՄՆ-ը կառուցել է իր ահռելի հսկա դեսպանատունը 1600 պաշտոնական աշխատակազմով: Մեր արևմտամետները ողջունում են նման կառույցների գոյությունը և իրենց ուղեղներում այնպես է ձևավորված, թէ իբրև նրանք հայ ժողովրդի աչքերի սիրահարն են ու գիշեր ու ցերեկ աշխատում են, որպեսզի Հայաստանը դառնա զարգացած երկիր, մոռանալով, որ այդ կառույցները հիմնականում աշխատում են Ռուսաստանի ու Իրանի դեմ: Հետաքրքիր է, որոշ իբրև թէ «անկախ» գիտահետազոտական հիմնարկներ անտեսում են նման փաստերը և անընդհատ աշխատում են հանրային կարծիքը փոխել դեպի արևմուտք և ընդեմ Ռուսաստան և Իրան:
Կարծում եմ պատմական փաստերը ցուց են տալիս, որ որևէ երկրում գերուժերից շատերն են կարող ներկա լինել, սակայն նրանցից մեկն է լինում գերիշխողը և ավելի շատ կշիռ ունեցողը: Գեր ուժերը բնական է, որ կաշխատեն իրենց կշիռը բարձրացնելով հետ մղել մյուսներին: Ուրեմն շատ տրամաբանական է, որ արևմուտքը և ԱՄՆ-ը աշխատեն հեռու պահել Հայաստանին Ռուսաստանից ու հակառակը Ռուսաստանն էլ ամեն կերպ պետք է աշխատի իր որոշիչ ու գերիշխող ուժը պահպանել Հայաստանում: Հայաստանում հանրային կարծիքը Ռուսաստանի օգտին է եղել և ԱՄՆ-ը և արևմուտքը ամեն կարպ աշխատում են դա փոխել իրենց օգտին, որպեսզի կարողանան ճնշում գործադրել Հայաստանի իշխանավորներին քայլեր վերցնել իրենց օգտին ու հաջորդ ընտրություններին ընտրվեն այնպիսի մարդիկ, որոնք կլինեն հակառուսական ու պրո ամերիկյան կամ պրո արևմտյան երկրներ: Սա պետք է մտահոգի բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին ու մտավորականներին, որովեհտև արևմտամերձ դառնալով Հայաստանը շատ բաներ պետք է կորցնի: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ և արևմուտքի հետ և Ռուսաստանի հետ քաղաքականությունը առաջին հերթին չի կարող գոյատևել ու ստիպված է իր տեղը զիճել «կամ կամ»-ի քաղքականությանը:
Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան Դեկտեմբեր 2017թ.