Առանց ձախ գաղափարախոսություն կրող կուսակցությունների, Հայաստանի քաղաքական համակարգը կայունացնել հնարավոր չէ (Մաս 2)

27 Հուլիսի 2015

Մաս 2-րդ

Հոդվածի առաջին մասում ասվեց, որ «Հայաստանի քաղաքական կուսակցությունների բաշխումը «քաղաքական հարթության» վրա , սխալ է:

Հարթության վրա չի երևում կուսակցությունների գաղափարախոսությունն ու տնտեսական պլատֆորմը: Քաղաքականապես կայացած ու զարգացած երկրներում կուսակցությունները բաժանվում են կենտրոնից (ցենտեր) աջ և կենտրոնից ձախ, ուղիղ գծի սանդղակի վրա»։

Մեկնաբանումները է՛լ ավելի պարզորոշ դարձնելու նպատակով, բերենք շվեդական քաղաքական կուսակցությունների աշխարհայացքային, գաղափարական ու տնտեսական կողմնորոշման բաշխման սանդղակը և կատարենք համապատասխան վերլուծություններ:

 

 





Նկար 3. Շվեդիայի Րիքսդագի Riksdag (ազգային ժողով)-ի վերջին ընտրությունների աղյուսակը, ըստ պատգամավորների թվի:

Շվեդիայի կուսակցությունների տեղաբաշխումը կենտրոնից աջ և կենտրոնից ձախ՝ քաղաքական սանդղակի վրա, երկարամյա քաղաքական ու սոցիալական անհաշտ պայքարի արդյունք է:

Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական Բանվորական կուսակցությունը (ՍԴԲԿ)-ը հիմնադրվել է 1889 թ.- ին, ի հակակշիռ երկրի աջ բուրժուական կուսակցությունների: Դասակարգային պայքարը և պայքարը հարստահարողների դեմ, ու աշխատավորների իրավունքների պաշտպանության գործը կազմակերպելու նպատակով , 1898 թ. ՍԴԲԿ-ն դժվարին պայքարի միջոցով   կյանքի է կոչել երկրի The Swedish Trade Union Confederation (Swedish: Landsorganisationen i Sverige LO) Շվեդիայի աշխատավորների արհմիությունը: (ՍԴԲ) կուսակցությունը և (LO)–ն մեկ դարից ավելի է, որ թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության պայմաններում,   մշտապես հանդես են եկել որպես երկրի համակարգի կայունությունը ապահովող հակադարձ կապ (feedback):

Սանդղակի վրա, կենտրոնից ձախ գտնվող կուսակցություններն ունեն գաղափարական ու տնտեսական հստակ ընկերվարական, ժողովրդավարական աշխարհայացք: Ձախերը դեմ են մոնոպոլ-կապիտալիզմին, աշխատավոր զանգվածների կեղեքմանն ու հարստահարմանը,   կոմունաների միջոցով ուժեղացնում են պետական սեկտորին պատկանող արտադրամիջոցները, դարձնելով դրանք առավել արդյունավետ ու մրցունակ սեփական սեկտորի նկատմամբ:

Շվեդիայի բնակչության բարձր կենսամակարդակը և, այսպես կոչված, «շվեդական սոցիալիզմի մոդել»-ի հիմնաքարը դրել են սոցիալիստ ձախ ուժերը: Երկրի ձախ ուժերը ունենալով LO–ի նման հզոր արհմիություն, զսպաշապիկ են հագցնում աջ դրամատերերի կուսակցություններին , թույլ չտալով անհարկի սեփականացումներ և օլիգարխների առաջացմանը: Երկրի առողջապահության, կրթական ու սոցիալական սիստեմի բարձր մակարդակը ապահովվում է ունևորների ու բարձր եկամուտ ունեցողների բարձր եկամտահարկերի միջոցով:

Երկրի ռազմավարական նշանակություն ունեցող արտադրանքները, ներմուծումն ու արտահանումները պատկանում են պետական սեկտորին և գտնվում են պետության անմիջական հսկողության տակ:

Ավելի հանգամանորեն կարելի է խոսել «շվեդական սոցիալիզմի մոդել»-ի և ձախ ուժերի դերակատարությունների մասին, սակայն այս համառոտ մատնանշումներն էլ բավարար տեղեկություն են տալիս, թե ինչպես է կայունանում երկսրի քաղաքական- տնտեսական սիստեմը՝ կախված քաղաքական կուսակցությունների տնտեսական դոկտրինայից...

Վերադառնալով Հայաստանի քաղաքական պատկերին ու կրկին անգամ դիտարկելով երկրի քաղաքական կուսակցությունների բնույթն ու տեղաբաշխման սանդղակը (մաս 1, նկար 1), պարզ է դառնում Հայաստանում տիրող քաղաքական ու տնտեսական համակարգի անկառավարելիության հիմնական պատճառը:

Հայաստանի առկա քաղաքականության մեջ ամենաշահարկված հասկացողությունը «ընդդիմություն» հասկացողությունն է: Կուսակցությունը կոալիցիայի մեջ մտնելով, դառնում է իշխանամետ, կոալիցիայից դուրս գալով, դառնում է «ընդդիմադիր»: Ընդդիմության այսպիսի մեկնաբանումը, բացարձակ սխալ է: ՀՅԴ-ն, ՀԲԿ ինչպե՞ս կարող են ընդդիմություն դառնալ, երբ ՀՀԿ–ի ու այլ բուրժուական կուսակցությունների հետ գտնվում են սանդղակի աջ կողմում և ունեն նույն տնտեսական ու համակարգային դոկտրինան: ՀԱԿ-ի «պայքար, պայքար, մինչև վերջ»-ը և ՀՀԿ–ի «առաջ Հայաստան» կոչերը նույն երկաթուղու երկու զուգահեռ ընթացող ռելսերն են: Այստեղ բախում ու գաղափարական ընդդիմություն լինել չի կարող:

Ընդդիմություն կարող է լինել կենտրոնից աջ և կենտրոնից ձախ տարբեր տնտեսական ու գաղափարախոսական աշխարհայացք ունեցող կուսակցությունների միջև, ձախ սոցիալիստների ու աջ լիբերալ պահպանողականների միջև: Այս վերջին պնդումը կարելի է տեսնել եվրոպական տնտեսապես զարգացած երկրների քաղաքական կյանքում:

Հիմնվելով այս փաստերի վրա, դժվար չէ տեսնել, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունների տեղաբաշխման սանդղակի ձախ կողմը թափուր է, ուստի ընդդիմություն հասկացողությունը, ինքնըստինքյան, վերանում է:

Հայաստանի քաղաքական ու տնտեսական առողջացումը կսկսի այն ժամանակ, երբ աշխատավորների դասակարգը կուժեղացնի ու կստեղծի իր շահերը պաշտպանող կուսակցություններն ու արհմիությունները, և կզբաղեցնի սանդղակի ձախ կողմը, կատարելով իր պատմական առաքելությունը:


Դոկտ. Արամայիս Միրզախանյան

Ստոկհոլմ, 21 հսուլիս, 2012

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ