Առանց ձախ գաղափարախոսություն կրող կուսակցությունների, Հայաստանի քաղաքական համակարգը կայունացնել հնարավոր չէ (Մաս 1)

27 Հուլիսի 2015

Հայաստանի քաղաքական կուսակցությունների բաշխումը «քաղաքական հարթության» վրա, ըստ իս, սխալ է: Հարթության վրա չի երևում կուսակցությունների գաղափարախոսությունն ու տնտեսական պլատֆորմը: Քաղաքականապես կայացած ու զարգացած երկրներում կուսակցությունները բաժանվում են կենտրոնից (ցենտեր) աջ և կենտրոնից ձախ, ուղիղ գծի սանդղակի վրա:

Կենտրոնից աջ իրենց հաստատուն տեղն ունեն բուրժուական, փոքր ու մեծ կապիտալի շահերը պաշտպանող կուսակցությունները:

Կենտրոնից ձախ նույնպես իրենց հաստատուն տեղն ունեն բանվորների, ծառայողների ու գյուղացիների շահերը պաշտպանող ձախ սոցիալիստական կուսակցությունները:

Կուսակցությունների այս դասական բաշխումը, ապահովում է երկրի քաղաքական բալանսը… (օրինակ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա և այլն…)։

Հայաստանի կուսակցություններն իրենց գաղափարախոսությամբ ու ըստ տնտեսական պլատֆորմի, ազատ շուկայական կապիտալի դիկտատուրայի պաշտպաններ են: Հայաստանի քաղաքական սանդղակի ձախ կողմը լիովին դատարկ է, ուստի խախտված է երկրի հասարակական, տնտեսական, սոցիալ-ապահովության ու աշխատանքի իրավունքների բալանսը: Այս դիսբալանսը երկրում տիրող բոլոր չարիքների աղբյուրն է։

Հայաստանի Ազգային Ժողովի կազմը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն  ՀՀԿ     69

Բարգավաճ Հայաստան» խմբակցություն              ՀԲԿ     37

«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն               ՀԱԿ    7

«Օրինաց երկիր» խմբակցություն »             ՕԵ       6

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն ՀՅԴ   5

«Ժառանգություն» խմբակցություն             Ժառ.   5

 

Կուսակցությունների բաշխման սանդղակի ձախ կողմը, բնականաբար, պետք է զբաղեցներ Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը՝ ՀԿԿ-ն , սակայն այսօր այն լուսանցքային դերակատարություն ունի երկրի քաղաքական-տնտեսական կյանքում (այլ քննարկման նյութ է): Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան ՍԴՀ- կուսակցությունը ու կանաչների կուսակցությունը կարող էին տեղ գրավել սանդղակի ձախ կողմում, սակայն համախմբվելով ՀԱԿ–ի կազմում, տեղավորվեցին աջ կողմում: ՀՅԴ-ն տեսականորեն որպես ընկերվարական կուսակցություն, պետք է լիներ ձախ կողմում, սակայն իր հաստատուն տեղն է գրավել հակասոցիալիստական, աջ բուրժուական կուսակցությունների կողքին:

«Սարդարապատ» շարժումը տեսականորեն կարող է հավակնել համալրելու սանդղակի ձախ կողը՝ որպես գաղափարական իրական ընդդիմություն:

Քաղաքական ուժերի այս փաստացի տեղաբաշխվածությունը խոսում է այն իրողության մասին, որ Հայաստանում տիրում է մոնոպոլ-կապիտալիստական, միաբևեռ քաղաքական և տնտեսական համակարգ:

Սանդղակի աջ կողմում հավաքված (տես նկ. 1) կուսակցությունների ԱԺ-ում տեղ գտած պատգամավորների թիվը խիստ տարբեր է: ՀՀԿ-ն, որը օլիգարխների ու մեծահարուստ մոնոպոլիստների շահերի պաշտպան կուսակցությունն է, գտնվում է կենտրոնից աջ ամենածայրամասում և ունի մեծամասնություն ԱԺ–ում: Այս տախտակը երկրի ոչ դեմոկրատական վիճակի հստակ պատկերն է:

Աջ կուսակցություններն իրենց քաղաքական ու տնտեսական բնույթով, ազատ շուկայական տնտեսության, կապիտալիստական շահագործող սիստեմի պաշտպաններն են։ Երկրում տիրող այսպիսի համակարգում վերանում է ընդդիմություն հասկացողությունը:

Ձախ ուժերի բացակայությունը, աջ ուժերին հնարավորություն է տալիս անկաշկանդ ու անարգելք շահագործել և աղքատության շեմին կանգնեցնել աշխատող, գյուղացի, ծառայող դասակարգին: Քանի դեռ աշխատավոր գյուղացի դասակարգը կյանքի չի կոչել իր շահերը պաշտպանող կուսակցություններ, արհմիություններ, Հայաստանի քաղաքական տնտեսական կյանքը մնալու է անկառավարելի:

Համակարգերը, որտեղ բացակայում է ձախ գաղափարական ընդդիմությունը, (օպոզիցիան) կոչվում են բաց համակարգեր, հետևաբար անկառավարելի սիստեմներ: Համակարգը դառնում է անկայուն, տատանողական, քանզի այնտեղ բացակայում է սիստեմը կարգավորող կարգավորիչը (Controller) և ելքի ու մուտքի հետադարձ կապը (feedback): Այս երկու տարրերը, փաստորեն, ձախ սոցիալիստական ընդդիմության ֆունկցիաներն են կատարում՝ երկրի քաղաքական համակարգը կայունացնելու ուղղությամբ:

Նկար 2–ում բերված է կարգավորվող սիստեմի մաթեմատիկական պարզեցված մոդել: Մոդելը կարող է բազմամուտք և բազմաելք լինել, կախված կարգավորվող պարամետրերի թվից:

Հակադարձ կապի (feedback)-ի բարերար ազդեցության ֆենոմենն օգտագործվում է գիտության տարբեր բնագավառներում, ավտոմատ կարգավորվող սիստեմներում, տնտեսության մեջ… Քաղաքականապես ու տնտեսությամբ կայացած բոլոր երկրներում իշխող և ընդդիմադիր ուժերի ընտրաքանակը տատանվում է մի քանի տոկոսով, այդ իսկ պատճառով տիրող համակարգը համեմատաբար հանգիստ և կառավարելի է:

Բոլոր մյուս երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, գաղափարական ընդդիմության՝ (feedback)-ի բացակայության պատճառով ստացվում է բաց, միաբևեռ, բարձր ամպլիտուդաներով տատանվող անկայուն սիստեմ:

Համակարգի անկայունությունը հանգեցնում է սոցիալական ու քաղաքացիական իրավունքների անտեսման, չքավորության ու արտագաղթի ազգակործան երևույթների:

Աջ կուսակցությունները, խեղաթյուրելով վերը բերված իրողությունները, փորձում են արհեստականորեն անտեսել տարբեր դասակարգերի գոյությունը, և նրանց միջև անհաշտ պայքարը Հայաստանում:

Սանդղակի աջ մասում գտնվող կուսակցությունները միջկուսակցական բանավեճերը ներկայացնում են որպես ընդդիմություն և փակում են ձախ գաղափարախոսություն ունեցող ընդդիմություն կազմակերպելու ճանապարհը:

 

Դոկտ. Արամայիս Միրզախանյան

14 հուլիս 2012 , Ստոկհոլմ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Vazgen Vazgen Երկուշաբթի, Հուլիսի 27, 2015

    Ես այս մարդուն ճանաչում եմ, նա իր սկզբունքներին հավատարիմ մարդ էր ու շատ հոդվածներ ունի, խնդրում եմ նրանք էլ ցուցադրեք ձեր կայք էջում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ