Վազգեն Սաֆարյանը պարգևատրվել է ՌԴ պատվո շքանշանով

26 Հունվարի 2016

Հունվարի 22-ին ՌԴ ԱԳ նախարարությունը Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության Կենտգործկոմի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանին պարգևատրեց «Միջազգային համագործակցության ասպարեզում մեծ ներդրում կատարելու համար» պատվո շքանշանով։

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ռուսաստանի դեսպանատանը։ Ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ, Վազգեն Սաֆարյանի հետ աշխատանքային և կուսակցական երկար ճանապարհ անցած անձինք, հայ և ռուս գործընկերները։ ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի․Կ․Վոլինկինը ջերմ շնորհակալական ելույթից հետո Վ․Սաֆարյանին հանձնեց պատվո շքանշանը։

Այնուհետև ելույթներ ունեցան ներկաներից շատերը, ովքեր շնորհավորեցին մեծ պարգևի առթիվ։ Հատկապես հիշատակման արժանի էր Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ներկայացուցչության ղեկավար Արկադի Գրիգորի Սարգսյանի ելույթը, ով համառոտակի ներկայացրեց Վ․ Սաֆարյանի հայրենանվեր գործունեության մի քանի դրվագ։ Օրինակ, թե ինչպես 1994 թ․ մայիսի 23-ին Վ․Սաֆարյանի համառ և գրագետ ջանքերի շնորհիվ, ՌԴ Պետդումայի նախագահ Ի․Պ․Ռիբկինն ընդունում է հայկական պատվիրակությանը և լսում 1915 թ․ Հայոց ցեղասպանության մասին փաստերը, որից հետո առաջարկում է ներկայացնել համապատասխան պատմական տեղեկատվություն։ Շատ կարճ ժամանակում այդ փաստաթուղթը պատրաստում է քաղաքագետ, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանը, որին կցվում է ՀՀ Կոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանի ուղեկցող նամակը։ Պետդումայի նախագահ Ի․Ռիբկինն այդ պատմական փաստաթուղթը մակագրում է Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Լուկինին և ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Զատուլինին։ Հանձնարարվում է Պետդումայի լիագումար նիստում քննարկման դնել փաստաթղթով ներկայացված հարցը։ 1995 թ․ մարտի 23-ին 282 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով Պետդուման ընդունում է 1915 թ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն։

Վ․ Սաֆարյանի կյանքից ևս մի քանի հետաքրքրաշարժ դեպքեր պատմեցին այլ բանախոսներ։

Հանդիսավոր նիստի վերջում շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Վ․ Սաֆարյանը։

Նիստի ավարտին հյուրերի համար փոքրիկ համերգ և համեստ հյուրասիրություն էր կազմակերպվել։

 

Վազգեն Սաֆարյանը ծնվել է 1950 թ․ հունիսին, Երևանում, ծառայողի ընտանիքում։

Միջնակարգ կրթությունն ստացել է Խանջյանի անվ․ դպրոցում։

1969-1971 թթ․ ծառայել է խորհրդային բանակում։

1972 թ․ ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։

1976 թ․ ավարտել է Կ․Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-շինարար որակավորմամբ։

1990 թ․ Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան։ Հեղինակ է մի շարք գիտական ուսումնասիրությունների։

Աշխատել է «Հայկոմուննախագիծ» և «Հայարդնախագիծ» ինստիտուտներում, զուգահեռ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում։

1982 թ․ աշխատանքի է հրավիրվել «Հայտրանսշին» տրեստում, մասնակցել է Իջևան-Հրազդան երկաթգծի, Երևանի մետրոպոլիտենի, Դավիթաշենի կամրջի շինարարական աշխատանքներին։

1992 թ․ ընտրվել է ՀԿԿ Էրեբունու շրջկոմի, իսկ 1994 թ․՝ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար։

1993 թ․ զինված հակամարտության պայմաններում անմիջականորեն մասնակցել է Լաչին-Քելբաջար ռազմավարական նշանակության ավտոճանապարհի շինարարությանը։

1998 թ․-ից նորաստեղծ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿԿ) կենտգործկոմի նախագահն է։

1995-1999 թթ․ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր։

1998 թ․ հիմնադրել է Երևանի ինտելեկտուալների և գործարարների ակումբը, որին անդամակցում էին ՀՀ ԳԱԱ 22 ակադեմիկոս, պատգամավորներ, գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, արվեստի, գրականության, մշակույթի անվանի գործիչներ։

1999 թ․ հիմնադրում է Հայրենական ապրանքարտադրողների միությունը, որի նպատակը հայրենական արդյունաբերության վերակենդանացմանը նպաստելն է։

2015 թ․ պատրաստել է դոկտորական ատենախոսությունը։

  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ