Սիրելի հայրենակիցնե՛ր, բարեկամնե՛ր, մուտք գործեցինք 2016 թվականը՝ նոր կանխատեսումների, նոր ծրագրերի մշակման ու իրականացման մի նոր ժամանակաշրջան, որի սպիտակ թերթերը դեռևս լրացվելու են:
Անցնող 2015 թ․ նախանիշն էր Հայոց ցեղասպանության ոճրագործությունը դատապարտող 100-րդ տարվա: 100 տարի պայքարի ու արդարության վերականգնման համար խոնարհումը Մեծ եղեռնի անմեղ զոհերի ու նրանց սրբագործված հիշատակի համար, ոճիրն ու եղեռնը ենթակա չեն ժամանակային սահմանափակման:
Ցեղասպանության դատապարտման տարվա մեկնարկում հետևեց թիկունքից հարվածը՝ Գյումրիում իրականացվեց Ավետիսյանների դաժան ու հանելուկային սպանությունը: Սա չվհատեց, որպեսզի միասնական ու համախումբ բռունցքվենք ու աշխարհով մեկ բարձրաձայնենք մեր ցավի ու ցասումի մասին: Աշխարհի քաղաքներում բարձրացված բողոքի հուժկու ցույցերը դրա վառ ապացույցն էին, իսկ Հայոց ցեղասպանությունը դատապարտող երկրների ու բնակավայրերի քանակը շարունակեց ավելանալ:
2015 թվականին Հայոց ցեղասպանությունը դատապարտող երկրների թվում են՝ Բոլիվիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Բրազիլիան, Պարագվայը, Չիլին, Ռուսաստանը, Գերմանիան, Չեխիան:
Աշխարհի իրադրությունը, աշխարհաքաղաքական զարգացումները շեշտակի ու արագ տեմպերով փոփոխության են ենթարկվում և պետք է պատրաստ լինել դիմակայելու դրան: Մեր հայրենիքն ունի բազմաթիվ կնճռոտ հարցեր ու խնդիրներ, որոնք կարոտ են լուծման: Այս ամենի ֆոնին լավատես ենք ապագայի հանդեպ, սպասումով ենք նայում գալիք օրերին՝ արժևորելով ձեռքբերումները, հետևություններ անելով բացթողումների մասին:
Գալիք տարի նշելու ենք մեր անկախ հայրենիքի 25-ամյակը: Կուզեինք Հայաստանը տեսնել հզոր ու միասնական, իսկ նրա բնակիչներին ուրախ, կենսախինդ ու հպարտ: Կուզեինք Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն անքակտելի ու ամրակուռ տեսնել, իսկ Հայ Դատի արդարացի լուծումը իրականացված:
Ջերմորեն շնորհավորում ենք բոլորի Ամանորը: Թող 2016 թվականը հաջողություններ բերի, շատ սեր և երջանկություն պարգևի, խաղաղության և կայունության տարի լինի: