Այսօր Հայաստանի խորհրդայնացման 95-րդ տարեդարձն է

29 Նոյեմբերի 2015

1920 թ․ նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր։ 70 տարի շարունակ այս օրը Հայաստանում մեծ շուքով նշվում էր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը, քանզի այն ընթանում էր հայրենիքի  փառաբանման, գիտության ու մշակույթի նվիրյալների հիշատակմամբ, յուրաքանչյուրիս հոգում ամրապնդելով հայրենասիրությունն ու հայրենիք-սրբություն անխախտելի ճշմարտությունը։ Այսօր այն չի էլ հիշվում, կարծես Հայաստանի պատմությունից կտրել հանել են այդ 70 տարին։

Սակայն հայ կոմունիստները հավատարիմ են մնացել իրենց պայքարին, իրենց նվիրումին։ Առաջադիմական կոմունիստական կուսակցությունն այսօր  Մոսկվայի տանը կազմակերպել էր համաժողով՝ նվիրված Հայաստանի խորհրդայնացման 95-րդ տարեդարձին։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի զարգացման գործում մեծ ավանդ ներդրած կոմունիստները, ովքեր մինչ օրս հավատարիմ են իրենց կուսակցության գաղափարախոսությանն ու չեն դադարում հայրենանվեր գործունեություն ծավալել։

Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ հանրային խորհրդի անդամ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարանը։ Նրա ելույթը չափազանց հետաքրքիր էր, հագեցած, խորը վերլուծում էր մեր երկրի տնտեսությունն ու սոցիալական վիճակը, համեմատականներ էր տրվում այսօրվա և  Խորհրդային Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի և այլնի մասին։

Ներկայացնում ենք Վ․Սաֆարյանի ելույթից մի փոքր հատված, իսկ ամբողջական ելույթը կարող եք լսել տեսանյութում։

«98 տարի առաջ՝ նոյեմբերի 7-ին ցարական, ապա բուրժուա-դեմոկրատական Ռուսաստանում իրականացվեց Սոցիալիստական հեղափոխություն։ Այն գրեթե անարյուն կատարվեց։ Ձմեռային պալատի գրավման ժամանակ մի քանի մարդ զոհվեց, նրանք էլ Ձմեռային պալատը գրոհող մարդկանց հսկայական զանգվածների առաջացրած հրմշտոցի զոհերը եղան։

Հետահայաց վերլուծելով Սոցիալիստական հեղափոխության դասերը, կարող ենք արձանագրել․

1․վերջ տրվեց մարդու կողմից մարդու շահագործմանը․

2․ազգայնացվեցին գործարաններն ու ֆաբրիկաները․

3․հողը տրվեց գյուղացուն․

4․ստեղծվեց աշխարհում առաջին սոցիալիստական պետությունը, որն իր ընդունած երեք սահմանադրություններով ամրագրեց՝ մարդու աշխատանք ունենալու իրավունքը, անվճար բուժվելու, առողջությունը պահպանելու իրավունքը, անվճար կրթություն ստանալու իրավունքը, անվճար բնակարան ստանալու իրավունքը, մոր և մանկանը տրվող սոցիալական պաշտպանվածության իրավունքը և այլն։

ԽՍՀՄ-ում աստիճանաբար կառուցվում էին հզոր արդյունաբերական համալիրներ, էներգետիկ կառույցներ, գիտական հիմնարկներ։ ԽՍՀՄ ժողովուրդների բազմազգ ընտանիքում ծաղկում էր ապրում նաև Հայաստանը, որը 1917 թ․ համարվում էր որբերի երկիր, որտեղ 700 հազ․ բնակչությունից  300 հազարը գաղթական էր։  Դրան եթե ավելացնենք դաշնակցականների կառավարության 2,5 տարվա անկարող իշխանությունն ու մղած պատերազմները Թուրքիայի դեմ և 1920 թ․ Ալեքսանդրապոլի տխրահռչակ պայմանագիրը, 9,5 հազ․ ք/մ տարածքով սահմանափակվելը, կարելի է եզրահանգել, որ Հայաստանը  կանգնած էր մահվան շեմին, երբ իշխանությունը կամավոր հանձնվեց բոլշևիկներին։

Այն, ինչ կատարվեց Հայաստանում 70 տարվա ընթացքում, մեր պատմության մեջ կարող ենք գրանցել որպես ոսկե տարիներ։

Ես իմ կյանքի 40 տարին ապրել եմ Խորհրդային Հայաստանում, կրթություն եմ ստացել, բնակարան, ապահովված եմ եղել մասնագիտական աշխատանքով, երեխաներ եմ ունեցել, վստահ լինելով, որ նրանց ապագան հուսալիորեն ապահովված է։

Խորհրդային Հայաստանի մասին շատերն են գրել, բայց ես կբերեմ երեք նշանավոր մարդկանց խոսքերը։

Ռոքուել Քենթ․ «Եթե նորից հավաքագրեն աշխարհի յոթ հրաշալիքը, ապա Երևանի Լենինի անվան հրապարակը կլինի դրանցից մեկը»։

Քրիստոֆեր Ուոքեր և Մարշալ-Լոնգ․ «1960 թ․ հայերի մեկ ընտանիքին բաժին էր հասնում 500 դոլար,  հույներին՝ 276 դ․, թուրքերին՝ 149 դ․»։

Ռոմեն Ռոլան․ «Հայաստանը, կարծես, խորհրդային Իտալիա է»։

Վերջերս Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում էի, քննարկում էինք գիտության և արդյունաբերության ներինտեգրացիայի մասին հարցը։ Պարզվեց, որ այդ բուհում այսօր սովորում է 6600 ուսանող, մինչդեռ խորհրդային տարիներին սովորել են 22-25 հազ․ ուսանող։ Ինժեներների մասնագիտությունը այնքան էլ պահանջված չէ, սա տխուր փաստ է, որ բնութագրում է երկրի վիճակը, սա ողբերգություն է։

Այսպիսի օրինակներ շատ կարելի է բերել, օրինակ՝ արդյունաբերության մասնաբաժինը ազգային եկամտում 67,0 % էր 14 մլրդ ռուբլի ազգային եկամուտ կամ 30 մլրդ դոլար ՀՆԱ-ում, իսկ  ներկայում՝  9,2 մլրդ դոլար է․․․

Խոսելով մեր երկրի արտաքին քաղաքականության մասին, պետք է փաստենք, որ 2013 թ․ սեպտեմբերի 3-ին կատարվեց շրջադարձ։ Միանալով ԵԱՏՄին մենք պետք է սերտացնենք մեր կապերը Ռուսաստանի հետ, միանանք նրա արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում։ Բարեբախտաբար, այսօր Ռուսաստանում կան շատ գիտնականներ, ովքեր զբաղվում են ԽՍՀՄ ժառանգության՝ որպես սոցիալիզմի տեսական բազայի, զարգացման համար  նոր ուղիներ որոնելով։

Այդօրինակ վերլուծությունները օգտակար են սոցիալիստական ուղին ընտրած պետությունների համար (Վենեսուելա, Արգենտինա, Չիլի, Բրազիլիա, Ուրուգվայ, Էկվադոր, Բոլիվիա և այլն), որպեսզի նրանք ընթանան ռացիոնալ սոցիալիզմի ճանապարհով և չպարտվեն ընտրություններում։ Դրա համար պետք է ուսումնասիրել ԽՍՀՄ-ի մասին բոլոր գնահատականները։

Ուսումնասիրողների առաջին շարքում նրանք են, ովքեր վերլուծում են սոցիալիզմն իր նվաճումներով՝ պլանային տնտեսությամբ, պետական սեփականության, առողջապահության և սոցիալական այլ  ձեռքբերումներով, ինչպես նաև հաղթանակը ՀՄՊ, տիեզերքի  նվաճումը, կրթության բարձր մակարդակը, աշխարհաքաղաքական հզորությունը։ Այս շարքի մարդիկ ԽՍՀՄ-ի փլուզումը կապում են սուբյեկտիվ գործոնների՝ Գորբաչովի դավաճանության, Խրուչովի քաղաքականության, իմպերիալիզմի քայքայիչ գործունեության հետ։

Երկրորդ շարքում 1960-ականների ձախակողմյան տեսաբաններն են, օրինակ՝ Կուրաշվիլին, Պրիգորինը, Սլավինը և այլք։ Նրանք ԽՍՀՄ-ի հաջողությունները համարում են Խրուշչովի «հալեցման» քաղաքականությունը և Գորբաչովի նախավերակառուցման շրջանում սկսած քաղաքականությունը, մերժում են սոցիալիզմը։ Նրանք ԽՍՀՄ-ը գնահատում են որպես նախնական սոցիալիզմ՝ ձևախախտումներով (դեֆորմացիաներով)։

Երրորդ շարքի տեսաբանները գտնում են, որ սոցիալիզմի համաշխարհային համակարգը «մուտացիա» էր, որն արդյունք էր կապիտալիզմի համաշխարհային համակարգում գոյություն ունեցող հակասությունների, ինչն էլ 1914 թ․ վերածվեց Առաջին համաշխարհային պատերազմի։

Չորրորդ շարքում այն տեսաբաններն են, ովքեր հիմնվում են Լ․Դ․ Տրոցկու տեսակետի վրա, ըստ որի ԽՍՀՄ-ը բանվորական պետություն էր՝ բյուրոկրատական ձևախեղումներով։

Հինգերորդ շարքի տեսաբանները գտնում են, որ ԽՍՀՄ-ում չի եղել սոցիալիզմ, այդ պատճառով էլ նրա կործանումը պայմանավորված չէ սոցիալիզմի տեսությամբ։

Վեցերորդ շարքի տեսաբանները ԽՍՀՄ-ը համարում են չարիքի կայսրություն․․․

Արդյունաբերության մասին խոսելիս պետք է նշենք, որ այսօր մեր արդյունաբերական արտադրանքի ծավալը 6-7 անգամ անգամ զիջում է Խորհրդային Հայաստանի արտադրանքի ծավալներին, արտահանման ծավալները մեծ էին՝ 90-ից ավելի երկիր էր արտահանվում պատրաստի  արտադրանք, իսկ հիմա հիմնականում հումք է արտահանվում։

Գյուղատնտեսական մշակովի հողերը կազմում են 490 հազ․ հեկտար, որից ներկայումս չի մշակվում 150-160 հազարը, որի 70 %-ը ջրովի հողեր են։ Գյուղացիական 339 հազ․ տնտեսություն կա, որոնց յուրաքանչյուր միավորում 2-3 մարդ է ներառված։

Այս ամենի մասին կարելի է երկար խոսել, սակայն պետք է գնահատական տալ ԽՍՀՄ-ին,  գնահատել և ուսումնասիրել ԽՍՀՄ-ը՝

ԽՍՀՄ-ի առաջացման և փլուզման պատճառները,

ԽՍՀՄ-ի՝ իրական սոցիալիզմի և ճգնաժամի պատճառները,

ԽՍՀՄ-ը՝ որպես մարտահրավեր ապագային,

հասկանալ և ըմբռնել խորհրդային երկրի պատմությունը,

ԽՍՀՄ-ի սոցիալ-տնտեսական բնույթը, խորհրդային սոցիալիզմի էությունը,

սոցիալիզմի «պատմությունը», ես կասեի՝ «նահանջը» և կապիտալիզմի պիռոսյան հաղթանակը,

սոցիալիզմի մարքսիստական վերլուծությունը,

ինչպես է փոխվել ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, միաբևեռ աշխարհի արհավիրքները,

Ռուսաստանի գերտերության վերադարձի հայտը Սիրիա, Ղրիմ, Ուկրաինա,

ապագա սոցիալիզմի դասերը, 21-րդ դարը՝ սոցիալիզմի դար,

25 տարի անց ինչ ստացանք,

արևմտյան ձախերը, նրանց շարժումները»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ