Ընկերներ
Այսօր մենք հավաքվել ենք նշելու Հոկտեմբերյան Սոցիալիստական մեծ հեղափոխության 98-ամյակը: Հեղափոխություն, որն արմատապես տարբերվում էր նախորդ բոլոր սոցիալական հեղափոխություններից այն բանով, որ վերջիններս ընդամենը փոխարինում էին շահագործման մի ձևը մյուսով, իսկ սոցիալիստական հեղափոխությունը մեկընդմիշտ վերացրեց շահագործումն ու շահագործողներին: Այդ հեղափոխությունը իրականացրեց բանվոր դասակարգը` ամենաաղքատ գյուղացիության հետ միասին, որը կազմում էր ընդհանուր գյուղական բնակչության 65 տոկոսը: Բոլշևիկների կուսակցության կողմից ղեկավարվող և մարքս-լենինյան գաղափարախոսությամբ զինված պրոլետարիատի ուժը և բուրժուազիայի թուլությունը, բուրժուական կուսակցությունների քայքայումը նպաստեցին հեղափոխության հաղթանակին: Միջազգային իմպերիալիզմը, ներքաշված լինելով համաշխարհային արյունահեղ պատերազմի մեջ, չէր կարող ակտիվ դիմադրություն ցույց տալ ռուսական հեղափոխությանը: Միևնույն ժամանակ Ռուսաստանի պրոլետարիատը, հանդես գալով բոլոր հալածյալ ժողովուրդների և ազգերի աշխատավորների անունից, վայելում էր միջազգային բանվոր դասակարգի համակրանքն ու վստահությունը: Այդ բոլոր հանգամանքները պայմանավորեցին սոցիալիստական հեղափոխության հաղթական ավարտը:
Հոկտեմբերի հաղթանակը քսաներորդ դարի գլխավոր իրադարձությունն է, որն արմատապես փոխեց ամբողջ մարդկության զարգացման ընթացքը: Այդ հաղթանակի արդյունքում առաջացավ աշխարհում առաջին սոցիալիստական պետությունը: Մեծ Հոկտեմբերը բացեց նոր դարաշրջան` աշխարհի հեղափոխական նորացման դարաշրջանը, կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու, «ժողովուրդներին իմպերիալիզմի լծից ազատագրելու, ազգերի միջև պատերազմները դադարեցնելու, կապիտալի տիրապետությունից ազատվելու» դարաշրջանը (Վ.Ի.Լենին, Երկերի հավաքածու, հատոր -- էջ --): Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը դրեց համաշխարհային սոցիալիզմի կառուցման հիմքերը:
Մեծ Հոկտեմբերը համախմբեց սոցիալական առաջադիմական կարող ուժերին, որոնք ամենակարճ ժամանակամիջոցում անճանաչելի կերպով փոխեցին ողջ երկրագնդի պատկերը: Հոկտեմբերը դարձավ նոր հասարակարգ կառուցող ժողովուրդների զինանշանը, որը ոգևորում և հույս էր ներշնչում մյուս բոլոր այն ազգերին, ովքեր դեռևս մարտնչում էին կապիտալիզմի դեմ:
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, լուծելով Ռուսաստանի խնդիրները, հնարավորություն ստեղծեց նաև ամբողջ մարդկության խնդիրների ու հարցերի լուծման համար: Հոկտեմբերյան հեղափոխության համաշխարհային պատմական նշանակությունը հենց նրանում է կայանում, որ այն բացեց մարդկության խնդիրների լուծման ճանապարհը և այդպիսով նաև ուղի հարթեց քաղաքակրթության նոր ձևի ստեղծման համար:
Հոկտեմբերն ապացուցեց հասարակության քաղաքական հիմքերի արմատական փոփոխման և աշխատավորների իշխանության հաստատման հնարավորությունը: Մեր երկրի ամբողջ պատմությունը վերահաստատեց Վ.Ի.Լենինի պնդումն այն մասին, որ առանց ժողովրդի իշխանության, առանց սոցիալիստական պետականության չկա և չի կարող երբևէ լինել ճանապարհ դեպի սոցիալիզմ:
Հոկտեմբերի հաղթանակը տվեց նոր հնարավորություն բազմադարյան շահագործմանը վերջ դնելու, մասնավոր սեփականության վերացմամբ և պետական սեփականության ստեղծմամբ տնտեսական ստրկության ճիրաններից ազատվելու համար: Արտադրական ամենաթողությունն իր տեղը զիջեց տնտեսության պլանային, գիտական ղեկավարմանը:
Հոկտեմբերյան հեղափոխությունը խթանեց զանգվածների հոգևոր զարգացումը: Ընդամենը մեկ սերնդի կյանքի օրոք երկիրն ազատվեց անգրագիտությունից: Աշխատավորները դարձան մշակութային կյանքի ակտիվ մասնակիցներ, հոգևոր արժեքների կրողներ և ստեղծողներ:
Սոցիալիստական հեղափոխությունը բարեհաջող կերպով լուծեց ազգային հարցը:
Մեծ Հոկտեմբերի ամենագլխավոր արդյունքը եղավ այն, որ կառուցվեց իրական սոցիալիստական համակարգ Ռուսաստանում և եղբայրական մյուս հանրապետություններում: Այդ համակարգը ստեղծվեց աշխատավորների ջանքերով և աշխատավորների համար, այն խորհրդանշում էր մարդկության ապագան: Խորհրդային ժողովուրդների անձնազոհ, անմնացորդ աշխատանքով կառուցված զարգացած սոցիալիզմի հասարակությունն այսօրվա դրությամբ սոցիալական առաջընթացի բարձրագույն ձեռքբերումն է:
Հոկտեմբերյան հեղափոխությունը բազմակողմանիորեն ցույց տվեց բանվոր դասակարգի համաշխարհային պատմական ազատագրական մեծ առաքելությունը:
Հեղափոխության փորձը հաստատեց լենինյան այն դրույթի ճշմարտացիությունը, ըստ որի միայն կոմունիստական կուսակցությամբ առաջնորդվող աշխատավոր դասակարգն է ի զորու ղեկավարել նոր համակարգի համար պայքարող զանգվածներին:
Սովետական իշխանության հաստատումն ու ամրապնդումը` որպես բանվոր դասակարգի դիկտատուրայի հիմնական ձև, գործնականում ապահովեց աննախադեպ, մինչ այդ կապիտալիստական ոչ մի երկրում չտեսնված ազատություն և ժողովրդավարություն: Հոկտեմբերի համաշխարհային պատմական նշանակությունը այն է, որ նրանով ստեղծվեց ամենաարդարացի, ամենամարդկային հասարակարգը, որի հիմքում աշխատավոր մարդն էր և քաղաքացին:
Հոկտեմբերը հզոր խթան դարձավ համաշխարհային հեղափոխական առաջընթացի համար` ոգևորելով բոլոր երկրների հեղափոխականներին: Հաղթական հեղափոխությունների փորձը Եվրոպայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում, նրանցից յուրաքանչյուրի յուրօրինակությամբ հանդերձ, ապացուցում է նաև լենինյան այն դրույթը, որ Հոկտեմբերյան հեղափոխության հիմնական հատկանիշները կրկնվելու են նաև այլ երկրներում: Հոկտեմբերյան հեղափոխությունը հալածված ժողովուրդների առջև բացեց ազգային-ազատագրական պայքարի և գաղութային համակարգի տապալման հեռանկարները: Այդպես եղավ նաև Հայաստանում
Հարգելի ընկերներ
98 տարի առաջ, երբ թվում էր, թե հայ ժողովուրդն սպառել է գոյապայքարի հնարավորությունները, թուրքական կարմիր յաթաղանից արյուն էր ծորում, իսկ այսօրվա Հայաստանի տարածքում հավաքված հայության վերջին բեկորները հոգեվարքի մեջ էին: Առաջին հանրապետության առաջին նախագահի դառն ինքնախոստովանությամբ` մեռնում էր, ոչ, չէր մեռնում, այլ սպանվել էր մի ամբողջ ժողովուրդ:
Կատարվեց անսպասելին: Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության հողմերը հասան և Հայաստան: Ի լուր մարդկության ղողանջեցին նաև Անատոլի Ֆրանսի, Վիլյամ Սարոյանի և բազում ուրիշ իմաստունների խոսքերը, որոնք հորդոր ու հրաման դարձան հեղափոխության անգերազանցելի ջատագով Վիլյամ Սարոյանի շուրթերին. «Գլխավորը մեր մեջ` դա մեր երկիրն է Սովետների, սովետական ազատությունը, սովետական դրոշը, սովետական արևը»: Որքան հեռանում ենք Մեծ Հոկտեմբերի հաղթանակի օրվանից, այնքան ավելի շատ ենք զգում նրա հսկայական նշանակությունը ամբողջ մարդկության ճակատագրի համար:
Եվ ահա, Հոկտեմբերյան հեղափոխության ալիքների վրա 1920 թվականի նոյեմբերի 29-ին ծնվեց Խորհրդային Հայաստանը, և ժողովուրդն ապրեց հառնում և վերածնունդ: Խորհրդային Հայաստանի հաստատումով սկսվեց հայ ժողովրդի պատմության նոր ժամանակաշրջան, որով վերջնականապես կանխվեց հայ ժողովրդի ոչնչացման վտանգը, ավելին` հայ ժողովուրդը նոր խոսք ասաց քաղաքակիրթ ազգերի ընտանիքում:
Խորհրդային Հայաստանի ձեռք բերած հաջողությունները տեսանելի էին աշխարհի չորս ծայրերից, ուրախությամբ էին տոգորված սփյուռքի, համայն աշխարհի մեր բարեկամները, որ հայ ժողովուրդը, վերջապես, սովետական ժողովուրդների մեծ ընտանիքում գտավ ապահովություն, բարեկեցություն, զարգացման լայն հնարավորություններ:
Խորհրդային Հայաստանը բարձր զարգացած արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության և արվեստի երկիր էր ու իր պատվավոր տեղն ուներ բազմազգ ազգերի մեծ ընտանիքում: Մի բնորոշ փաստ. 1922 թվականից մինչև 1990 թվականը Խորհրդային Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացավ մոտ 1048 անգամ: Բոլորին է հայտնի, որ կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ խորհրդային յոթանասուն փառավոր տարիներին շատ ավելին է կառուցվել ու արարվել, քան մեր ժողովրդի պատմության բոլոր հազարամյակներում:
Եվ այսօր հայ ժողովուրդը մի առանձին սիրով ու երախտագիտությամբ է փայփայում Հոկտեմբերյան Սոցիալիստական մեծ հեղափոխության առաջնորդների, Մայիսյան մեծ ընդվզման հերոսների, նոյեմբերյան արևածագի երախտավորների անունները:
Փառք մեր ժողովրդին, որ իր պատմության ամենաողբերգական տարիներին երկնեց այդպիսի զավակներ:
Ընկերներ
Եկեք օգտվենք առիթից, միմյանց շնորհավորենք մեծ տոնի` Հոկտեմբերյան Սոցիալիստական մեծ հեղափոխության տարեդարձի առթիվ և հայտարարենք, որ Հայաստանի կոմունիստները բարձր կպահեն հարազատ կուսակցության ավանդույթները: Հայաստանի կոմունիստների նշանաբանն է` հայ ժողովրդի անվտանգությունն ու բարգավաճումը, Արցախի անկախության ճանաչումն ու ամրապնդումը, սոցիալիզմի նորովի վերահաստատումը, մեծ Ռուսաստանի հետ դարավոր բարեկամության ծաղկումը, հավատարմությունը մեծ Հոկտեմբերի գաղափարներին ու գործին: Փառք մեծ Հոկտեմբերին, փառք վերածնված հայ ժողովրդին, փառք ու պատիվ նրանց, ովքեր հարազատ են մնացել մեծ Հոտեմբերի գաղափարին: Թող կրկին իմաստավորվի այն մեծ նպատակը, որ դրել է իր առջև Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: