Այդ կոնֆերանսում ելույթ է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վ. Սաֆարյանը <<ԽՍՀՄ-ի ազատագրական շարժումը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ և նրա որոշիչ դերը հաղթանակի ձեռք բերման գործում>> թեմայով:
Ստորև ներկայացվում է Վ. Սաֆարյանի ելույթն ամբորջությամբ:
Հարգելի վետերաններ
Թույլ տվեք Հայրենական ապրանքարտադրողների միության անունից ջերմորեն ողջունել ձեզ և շնորհակալություն հայտնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանսի կազմակերպիչներին` այս միջոցառման կազմակերպման համար:
2020թ. մայիսին լրանալու է Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների` գերմանական ֆաշիզմի և նրա դաշնակիցների դեմ տարած հաթանակի 75-ամյակը:
Երկրորդ Համաշխարհային աշխարհամարտը տևել է 6 տարի, որում ընդգրկված են եղել 61 երկրներ, նրանց զինված ուժերի թվաքանակն անցնում էր 120 մլն մարդուց, իսկ ռազմական գործողություններն ընթացել են 40 երկրներում:
Այդ աշխարհամարտում իրենց մասնակցությունն է ունեցել հայ ժողովուրդը, որի 600 հազար զավակները կռվում էին Երկրորդ աշխարհամարտի տարբեր ռազմաճակատներում:
Խորհրդային Միությունում բնակվող հայ ազգաբնակչությունից ռազմաճակատ զորակոչվեցին 500 հազար հայեր, որոնցից 340 հազարը` Հայաստանից, այն դեպքում, երբ հանրապետության ազգաբնակչությունը կազմում էր ընդամենը 1.3 մլն մարդ:
Մեր ազգային հպարտության գագաթը Մեծ Հայրենականի ռազմաճակատներում մեր ժողովրդի ծոցից դուրս եկած 107 Սովետական Միության հերոսներն են, Փառքի երեք աստիճանի շքանշանի 27 ասպետները, 70 հազար տարբեր մեդալների արժանացած զինվորներն ու սպաները, 64 գեներալները և, իհարկե, 5 մարշալները` Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խամփերյանցը, Սերգեյ Ագանովը և ծովակալ Հովհաննես Իսակովը: Ցավոք, 270 հազար հայորդիներ զոհվեցին հանուն հայրենիքի…
Այդ պատերազմի ելքը մեր ժողովրդի համար կարող էր լինել ճակատագրական: Թուրքիան, հավատարիմ մնալով իր ցեղասպանական ավանդույթներին, Ստալինգրադի ճակատամարտում Կարմիր բանակի պարտության դեպքում, իր 26 դիվիզիաներով` մոտ մեկ միլիոն զորաբանակով, պատրաստ էր ներխուժելու Հայաստան: Հայ ժողովրդի 30 հազար զինվորները կռվում էին նաև Ստալինգրադի ռազմաճակատում, և նրանք գիտակցում էին, որ Ստալինգրադի անկման դեպքում վտանգված կլինի հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը:
Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918թթ) հետո Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը չդարձավ համաշխարհային խաղաղության երկարաժամկետ երաշխավորը, ինչպես նախատեսել էին դրա հեղինակները:
Ուժեղի դիրքերից վերաբաժանված աշխարհում 20 տարի անց պարտված կողմը` Գերմանիան, բացահայտ ցուցադրում էր իր նկրտումները` աշխարհը նորից վերաբաժանելու համար: Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած երկրները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ցանկանում էին պահպանել ստատուս քվոն, իսկ Գերմանիան էլ ցանկանում էր նախ իր տիրապետությունը հաստատել Եվրոպայի իր հիմնական հակառակորդների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի նկատմամբ և ապա հարձակվել ԽՍՀՄ-ի վրա: Ճապոնիան հավակնություններ ուներ Հարավ-արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների վրա, որն էլ հանդիպում էր ԱՄՆ-ի դիմակայությանը:
Բացի այդ աշխարհի քարտեզի վրա իր հաստատուն և հիմնարար տեղն արդեն ուներ ԽՍՀՄ-ը, որը նոր տնտեսակարգ էր զարգացնում և գնալով սրվում էր երկու համակարգերի` կապիտալիզմի և սոցիալիզմի միջև գաղափարական և տնտեսաքաղաքական պայքարը:
Ճապոնիան 1931 թվականին ներխուժեց Մանջուրիա, իսկ 1937թ. սկսվեց ճապոնա-չինական պատերազմը: 1935թ. հոկտեմբերի 3-ին առանց պատերազմ հայտարարելու ֆաշիստական Իտալիան ներխուժեց Եթովպիա և 8 ամսվա ընթացքում օկուպացրեց այն:
1936 թ. հոկտեմբերի վերջին Իտալիան և Գերմանիան իրենց զորքերն ուղարկեցին Իսպանիա` պաշտպանելու Ֆրանկոյի ֆաշիստական ռեժիմը:
1936թ. հոկտեմբերի 25-ին Գերմանիան և Իտալիան ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որը դարձավ << Բեռլին-Հռոմ>> ռազմաքաղաքական առանցքի հիմքը, իսկ 1 ամիս անց նրանք ստորագրեցին հակակոմունիստական պակտ` ուղղված ԽՍՀՄ-ի դեմ:
Ճապոնիան ուներ հավակնություններ ԽՍՀՄ-ի արևելյան տարածաշրջանների` Պրիմորիայի, Խաբարովսկի, Սախալինի, հարավային Կամչատկայի նկատմամբ և ծրագրել էր 6 ամսում հասնել Բայկալ լճին: Սակայն Ճապոնիայի առաջին իսկ պարտությունները` 1938թ. Խասան լճի մոտ, 1939-ին` Խալխին Գոլի մոտ, սթափեցրեցին ճապոնական միլիտարիստներին:
1938 թ. սեպտեմբերին Մյունխենյան համաձայնագրով, որը կնքվեց Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի միջև, Չեխիայի Սուդեթական մարզը և Ավստրիային հարակից Չեխական շրջանները հանձնվեցին Գերմանիային: Գերմանիայի արտգործնախարար Յոահիմ Ռիբենտրոպը այս գործարքից հետո հայտարարել էր. <<Այսօր այս ծերուկը` Նևիլլ Չեմբեռլենը-Անգլիայի պրեմիեր մինիստրը, ստորագրեց Բրիտանական կայսրության մահավճիռը, իսկ այն իրականություն դարձնելու օրը մենք կորոշենք>>:
1939թ. ապրիլի 17-ին ԽՍՀՄ-ը նորից առաջարկեց Անգլիային, Ֆրանսիային կնքելու եռակողմ համաձայնագիր` ընդդեմ Գերմանիայի հնարավոր ագրեսիայի: 1939թ. օգոստոսի 11-ին Հիտլերը հայտարարեց, որ, ինչ որ իրենք անում են, ուղղված է ԽՍՀՄ-ի դեմ:
1939թ. օգոստոսին սովետական ղեկավարությունը տեղեկատվություն ստացավ, որ Գերմանիան որոշել է ռազմական ճանապարհով լուծել Լեհաստանի հարցը: Դա դարձավ վերջին ազդանշանը, որ 1939թ. օգոստոսի 23-ին կնքվի Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը` ազդեցությունների բաժանման մասին իր գաղտնի արձանագրություններով հանդերձ: Անգլիան և Ֆրանսիան ենթադրում էին, որ Գերմանիան առաջինը կսկսի պատերազմել ԽՍՀՄ-ի դեմ: Անգլիայի մամուլը քննարկում էր, որ Հիտլերի հաջորդ հարձակումը կլինի Ուկրաինայի դեմ: Լեհաստանի արտգործնախարար Յու. Բեկը 1939թ. հունվարին Ռիբենտրոպի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ են օգնել Գերմանիային և միանալ հակակոմինտեռնական պակտին, եթե իրենց թույլ տրվի Ուկրաինան գրավել և ելք ունենալ դեպի Սև ծով: Սակայն այդ հողերին և հենց Լեհաստանին տիրանալու ցանկություն ուներ հենց Գերմանիան և այսպիսով Լեհաստանի ճակատագիրը վճռված էր…
1939թ. սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա: Սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը տևեց 6 երկար ու ձիգ տարիներ: 1939թ. սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային, քանի որ Լեհաստանի հետ ունեին փոխադարձ օգնության պարտավորություններ: Անգլո-Ֆրանսիական կոալիցիային միացան բրիտանական դոմինիոնները և գաղութները` Ավստրալիական Միությունը, Նոր Զելանդիան, Հնդկաստանը, Հարավ-Աֆրիկյան Միությունը, Կանադան և ուրիշներ: Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի հետ միասնաբար հանդես եկան Իտալիան, Ճապոնիան, հետագայում նրանց միացան Հունգարիան, Ռումինիան, Սլովակիան, Բուլղարիան, Խորվաթիան:
1940թ. մայիսի 10-ին հիտլերյան Գերմանիան իր դաշնակիցների 350 հազարանոց բանակներով դուրս եկան դեպի Լամանշ, կտրեցին Բելգիայի և Ֆրանսիայի միջև կապը: 1940թ. հունիսի 22-ին Ֆրանսիան կապիտուլացվեց և դուրս եկավ պատերազմից:
1941թ. գարնանը <<եռյակ առանցքի>> ռազմական ուժերը օկուպացրեցին Բալկանները: Շարունակում էին իրենց ագրեսիաները ճապոնացիները` Չինաստանում, իսկ իտալացիները` Աֆրիկայում: Հաշված ամիսների ընթացքում Արևմտյան և Կենտրոնական Եվրոպան նվաճվել էր Գերմանիայի ու իր դաշնակիցների կողմից: Եվրոպայի ռեսուրսները 1939թ. սեպտեմբերից մինչև 1941թ. հունիսը աշխատում էր Գերմանիայի և իր դաշնակիցների օգտին: ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը 1939թ. սեպտեմբերի 1-ին ընդունեց օրենք <<Համընդհանուր զինապարտության մասին>>: ԽՍՀՄ զինված ուժերը հունիսի 21-ի դրությամբ ավելացան` 2.8 մլն-ից հասնելով 5.7 մլն մարդու:
1941թ. ապրիլի 13-ին ԽՍՀՄ-ը պայմանագիր ստորագրեց Ճապոնիայի հետ չհարձակվելու մասին, որով կանխվեց երկու ճակատով կռվելու հանգամանքը:
ԽՍՀՄ-ը շարունակում էր ամրապնդել իր պաշտպանական դիրքերը: Նա իր զորքերը մտցրեց Արևմտյան Ուկրաինա, Բելառուսիա, Բեսարաբիա և Հյուսիսային Բուկովինա, իսկ Լենինգրադի անվտանգությունը մեծացնելու նպատակով, Սովետա-ֆիննական պատերազմի արդյունքում ընդլայնեց իր տարածքները Հյուսիսային ուղղությամբ դեպի Ֆիննական Վիբորգ քաղաքը և որոշ տարածքներ Կարելյան թերակղզուց` համաձայն 1940թ. մարտի 12-ին սովետա-ֆիննական պատերազմի ավարտման համաձայնագրի: Մերձբալթյան հանրապետությունների կառավարությունների խնդրանքով ԽՍՀՄ զորքերը մտան այդ երկրները:
1941թ. հունիսի 22-ին Գերմանիան իր դաշնակիցների հետ ուխտադրժորեն հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա:
Սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը:
Գերմանական զորքերը պատերազմի սկզբում ունեցան հաջողություններ, շրջափակեցին Լենինգրադը, որի պաշարումը տևեց 900 օր: Դեկտեմբերին հասան Մոսկվայի մատույցներին, սակայն լուրջ դիմադրության հանդիպելով պարտություն կրեցին և նահանջեցին: Հօդս ցնդեց պատերազմն արագ ավարտելու հիտլերյան ծրագիրը (Блиц-крик-ը):
1943 թ. փետրվարի 3-ին գերմանական 300 հազարանոց բանակը Ստալինգրադի մատույցներում ընկավ շրջափակման մեջ և ֆելդմարշալ Պաուլյուսն իր 24 գեներալների հետ գերի հանձնվեցին:
1942թ. նոյեմբերին Հյուսիսային Աֆրիկայում Բրիտանական 8-րդ բանակը պարտության մատնեց գերմանա-իտալական ուժերին Էլ Ալամեյնում, որի հրամանատարն էր գեներալ Ֆելդմարշալ Էրվին Ռոմելը: 1941թ. դեկտեմբերի 7-ին ճապոնական օդուժը ռմբակոծեց ԱՄՆ-ի Պեռլ Խարբորի ռազմածովային բազան, որից հետո ԱՄՆ-ը մտավ պատերազմի մեջ:
Ստալինգրադյան հաղթանակից հետո Հայրենական Մեծ պատերազմում բեկում մտցվեց: Դրան հաջորդեցին Կուրսկի ճակատամարտը, Դնեպրի անցումը և այլ հաղթանակներ: 1944 թ. Խորհրդային զինված ուժերը ամբողջովին ազատագրեցին ԽՍՀՄ տարածքները գերմանական զավթիչներից:
1944 թ. հունիսի 6-ին ԽՍՀՄ-ի դաշնակիցների կողմից բացվեց Երկրորդ ճակատը, իջեցվեց դեսանտ Նորմանդիայում: Ռումինիան, Բուլղարիան, Ֆինլանդիան և Հունգարիան դուրս եկան Գերմանիայի հետ դաշնակցային կոալիցիայից: 1944 թ. դեկտեմբերի 16-ին անգլո-ամերիկյան ուժերը խոշոր պարտություն կրեցին Արդեններում (դաշնակիցներն ունեին 73 դիվիզիա, որից 11-ը տանկային, 76890 զինվոր, որից 8607-ը սպանվեցին, 42127-ը վիրավորվեցին): Ուժերի հարաբերակցությունն այսպիսին էր` 840 հազարը դաշնակիցների զորքերն էին, 240 հազարը գերմանականն էր: Դաշնակիցների բանակը գլխավորում էին Դուայտ Էյզենհաուերը և Բեռնարդ Մոնտգոմերին, գերմանական զորքերը գլխավորում էր Գերդ ֆոն Ռունդշտեդտը և Վալտեր Մոդելը:
Ուինստոն Չերչիլը 1945թ. հունվարի 6-ին խնդրանքով դիմեց Ստալինին` ժամանակից շուտ հարձակում սկսել Վիսլայի ուղղությամբ, որին Սովետական ղեկավարությունը` հավատարիմ մնալով իր դաշնակցային պարտըավորություններին, ընդառաջ գնաց և ժամանակից շուտ հարձակում սկսեց Վիսլայի ուղղությամբ: Դրանով իսկ գերմանական զորախմբեր Արդեններից տեղափոխվեցին Արևելյան ճակատ, որն էլ կանխեց դաշնակիցների հնարավոր պարտությունը:
1945թ. հունվարին սովետական զորքերը Լեհաստանի և Արևելյան Պրուսիայի տարածքներում թշնամու խոշոր զորամիավորումներին հուժկու հարվածներ հասցրեցին: 1945թ. ապրիլի 25-ից մինչև մայիսի 2-ը սովետական զորքերի ռազմական գործողությունների արդյունքում գրավվեց Բեռլինը: Մայիսի 9-ին ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան:
Ավարտվեց նացիստական Գերմանիայի վերջնական ջախջախումը` սկիզբ դնելով Կենտրոնական և Հարավ Արևելյան Եվրոպայի երկրների ազատագրմանը: Ու. Չերչիլը Ի. Ստալինի 80- ամյակի կապակցությամբ Անգլիայի Համայնքների պալատում 1959թ. ասել էր, որ Ստալինը կարողացավ ոչնչացնել իր թշնամուն, օգտագործելով նաև մեր` իմպերիալիստական երկրներիս ուժերը:
Երկրորդ Համաշխարհային պատերազմն ավարտվեց Ճապոնիայի ջախջախմամբ: 1945 թ. օգոստոսի 9-ին ԽՍՀՄ-ը մտավ պատերազմի մեջ Ճապոնիայի դեմ և ջախջախեց Մանջուրիայում կենտրոնացած ճապոնական կվանտունյան բանակը:
1945թ. սեպտեմբերի 2-ին Ճապոնիայի կառավարությունը ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը և դրանով վերջ դրվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմին:
Գլխավոր ծանրությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմում ընկած էր ԽՍՀՄ-ի վրա: Պատերազմի ընթացքում սովետա-գերմանական ճակատում միաժամանակ գտնվել են 8-ից մինչև 12.8 մլն զինվորականներ, 84-ից մինչև 163 հազար թնդանոթներ և ականանետեր, 5.7-ից մինչև 20 հազար տանկեր և հրանոթային տեխնիկա, 6.5-ից մինչև 18.8 հազար ինքնաթիռներ:
Սովետա-գերմանական ճակատում Գերմանիան և իր արբանյակ դաշնակիցները հարկադրված էին պահել իրենց ցամաքային զինուժի հիմնական մասը. 1941թ. ամռանը` 95%-ը, իսկ 1944թ. կեսերին` 74%-ը:
Սովետա-գերմանական ռազմաճակատը 1941թ. ձգված էր 4000 կմ, իսկ 1942-ին`6000 կմ, որը 4 անգամ գերազանցում էր հյուսիս-աֆրիկյան և արևմտյան ճակատներին:
1418 օր տևած ԽՍՀՄ-ի դեմ պատերազմում ակտիվ ռազմական գործողություններ են իրականացվել 1320 օր, իտալական ճակատներում` 663 օրից 492 օր, արևմտյան ճակատներում`338 օրից 293 օր, հյուսիս-աֆրիկյան ճակատում` 973 օրից 309 օր:
Սովետա-գերմանական ճակատում իրականացվել է 37 խոշորամասշտաբ հարձակողական օպերացիաներ, արևմտյան ճակատում`6, իտալական և հյուսիս-աֆրիկյան ճակատներում`3:
Կարմիր բանակը 1941-1945թթ ջախջախել և գերեվարել է 607 թշնամական դիվիզիա, անգլո-ամերիկյան զորքերը` 176 դիվիզիա:
ԽՍՀՄ զինված ուժերը ֆաշիզմի ճիրաններից ազատագրեցին Եվրոպայի շատ ժողովուրդների: 7 մլն սովետական զինվորներ գրեթե 15 ամիս համառ մարտեր են մղել Եվրոպայի և Ասիայի 12 երկրներում, որոնց բնակչությունն անցնում է 145 մլն-ից:
ԽՍՀՄ տարածքում ձևավորվել են ազգային զինվորական միավորումներ, որոնց թվաքանակն անցնում էր 550 հազարից, նրանց տրվել են 960 հազար հրացաններ և ավտոմատներ, 40.5 հազար գնդացիրներ, 16.5 հազար ականանետներ և հրանոթներ, 2300 ինքնաթիռներ, 1100 տանկեր և ինքնագնաց հրանոթներ:
1945թ. հունիսին <<Նյու-Յորք Հերալդ Տրիբուն>> թերթը գրել է. <<Կարմիր բանակը փաստորեն դարձավ Եվրոպայի ազատագրման բանակը… առանց այդ բանակի և նրա անսահման կորուստների նացիզմի դաժան լծից ազատագրվելը կլիներ պարզապես անհնար>>:
1944թ. սեպտեմբերի 27-ին Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Ու. Չերչիլը Ի. Վ. Ստալինին գրած նամակում հայտնել է. <<Ես կօգտվեմ առիթից, որպեսզի Համայնքների պալատում կրկնեմ այն, ինչ ասել եմ ավելի վաղ, որ հենց ռուսական բանակը դուրս թափեց գերմանական ռազմական մեքենայի աղիքները>>:
ԱՄՆ-ի նախագահ Ֆ. Ռուզվելտը 1942թ. մայիսին գրել է. <<Դժվար է չնկատել այն իրական փաստը, որ ռուսական բանակները ոչնչացնում են հակառակորդի ավելի շատ զինվորներ և ռազմատեխնիկա, քան մնացած 25 պետությունները միասին վերցրած>>:
Անգլիական գրող Պիրս Պոլ Ռիդը գրել է. <<Հիտլերի պարտությունը, պատերազմի ելքը և ֆաշիստական բանակների պարտությունը կանխորոշվել է ոչ թե Հյուսիսային Աֆրիկայի անապատներում, կամ էլ Նորմանդիայում, այլ Ստալինգրադում, Լենինգրադում և Կուրսկում: Հիտլերի համար Անգլիան և Հյուսիսային Աֆրիկան ունեցել են ծայրամասային նշանակություն: Ռուսաստանում է նա պարտվել>>:
Այսպիսով Մեծ Հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում ձեռք է բերվել հակահիտլերյան կոալիցիայի մեջ մտնող բոլոր պետությունների ժողովուրդների ջանքերով, սակայն վճռական դերը ֆաշիզմի ջախջախման գործում ունեցել է Սովետական Միությունը և նրա զինված ուժերը:
Երկրորդ Համաշխարհային պատերազմը կտրուկ փոխեց Եվրոպայի և Ասիայի ժողովուրդների ճակատագիրը, աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան: Ձևավորվեց սոցիալիզմի համաշխարհային համակարգը:
- Մեծացավ ԽՍՀՄ-ի միջազգային հեղինակությունը և ազդեցությունը ամբողջ աշխարհում:
- Փլուզվեցին գաղութատիրական ռեժիմները (Բրիտանական, Ֆրանսիական, Պորտուգալական, Իսպանական) և ակտիվացան ազգային ազատագրական շարժումները (Հնդկաստանում, Ֆիլիպիններում, Մալազիայում, Բիրմայում, Ինդոնեզիայում և այլն):
Պատերազմի ավարտին Սիրիան, Լիբանանը, Վիետնամը և Ինդոնեզիան հռչակեցին իրենց անկախությունը:
- Լեհաստանին վերադարձվեցին Օդեր և Արևմտյան Նեյսե գետերի միջակայքում գտնվող տարածքները, որոնք գտնվում էին Պրուսիայի ենթակայության տակ:
Էլզասը և Լոթարինգիան միացվեցին Ֆրանսիային:
- Վերականգնվեցին Բուլղարիայի և Ռումինիայի սահմանները ու բերվեցին 1941թ. հունվարի 1-ի դրության:
- Քյոնիգսբերգը միացվեց ԽՍՀՄ-ին:
- Վերականգնվեցին Չեխոսլովակիայի սահմանները ըստ 1938թ. դրության` ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի համաձայնությամբ:
- 1955թ. մայիսի 15-ին ԽՍՀՄ-ի նախաձեռնությամբ վերականգնվեց Ավստրիան, որպես անկախ պետություն:
- Հարավային Սախալինը, նրան հարակից կղզիները և Կուրիլյան կղզիները վերադարձվեցին ԽՍՀՄ-ին:
Հակահիտլերյան Կոալիցիայի երկրների Յալթա-Պոտսդամի քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնագրերի ընդունմամբ համաշխարհային հանրությունը 7 տասնամյակ զերծ է մնացել խոշորամասշտաբ կոնֆլիկտներից, թեև Չերչիլի 1946թ. մարտի 5-ին Ֆուլտոնյան քոլեջում արտասանած ճառով սկիզբ դրված <<սառը պատերազմը>>, որը ոչ պակաս քայքայիչ գործունեություն ծավալեց աշխարհում: Այդ պայքարում օգտագործելով ագիտացիայի և պրոպագանդայի բոլոր հնարավոր միջոցները կարողացան փլուզել ԽՍՀՄ-ը և սոցիալիստական համակարգը:
1956թ.հոկտեմբերի 19-ին Մոսկվայում ԽՍՀՄ-ը և Ճապոնիան ստորագրեցին համատեղ դեկլարացիա` պատերազմի դադարեցման վիճակի վերաբերյալ, դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների վերահաստատման մասին, սակայն մինչև այժմ այդպես էլ չի կնքվել խաղաղության պայմանագիր:
Ցավոք, պետք է նշել, որ պատերազմի ժամանակ տարբեր հասարակական-քաղաքական կառուցվածք ունեցող երկրները միացան ընդդեմ ֆաշիստական ուժերի, իսկ պատերազմի ավարտից հետո իրարից հեռացան` դառնալով սառը պատերազմի կողմեր:
Ավելի քան 1 մլն սովետական զինվորներ են զոհվել Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Բալկանների, Չինաստանի և Կորեայի ազատագրման համար մղվող մարտերում, այդ թվում Լեհաստանում` 600 հազար մարդ, Չեխոսլովակիայում և Հունգարիայում` 140.հազարական մարդ, 100 հազար զինվորներ են զոհվել Գերմանիայի ազատագրման համար: 13.7 մլն սովետական քաղաքացիներ զոհվեցին ռմբակոծությունների և հրետանային ռմբահարումների, մասսայական հարկադրական տեղահանումների, համակենտրոնացման ճամբարներում, իսկ ԽՍՀՄ-ից մարդկային կորուստների ընդհանուր թիվն անցնում էր 27 մլն մարդուց:
Նացիստները ոչնչացրել են Լեհաստանում` 4.1 մլն մարդ, Հարավսլավիայում` 1.7 մլն մարդ, Հունաստանում` 450 հազար մարդ, Հոլանդիայում` 210 հազար մարդ, Բելգիայում` 88 հազար մարդ:
Հակահիտլերյան Կոալիցիայի երկրների կորուստները կազմեցին ԱՄՆ-ից` 400 հազար մարդ, Մեծ Բրիտանիայից` 370 հազար մարդ, Ֆրանսիացիներից` 600 հազար մարդ: Չինացիների կորուստները կազմել են 35 մլ ն մարդ: Հիտլերականները ոչնչացրել են Եվրոպայում` 23.6 մլն բնակելի տուն, 14.5 մլն հասարակական տներ, 200 հազար կմ երկաթգծեր, 25 մլն մարդ մնացել էին անօթևան, քանդվել են 1710 քաղաքներ, 70 հազար գյուղեր, ավելի քան 6 մլն շենքեր և շինություններ, 32 հազար արդյունաբերական ձեռնարկություններ, 4100 երկաթուղային կայարաններ, 1870 կամուրջներ, թալանվել են 98 հազար կոլխոզներ, 1876 սովխոզներ, 2890 մեքենատրակտորային կայաններ:
ԽՍՀՄ-ի ընդհանուր ֆինանսական կորուստները պատերազմի արդյունքում կազմել են 2 տրլն 449 մլրդ ռուբլի, որը համարժեք է ԽՍՀՄ-ի 80-ական թվականների 4 տարիների բյուջեներին միասին վերցրած: Այս պատերազմը իր դաժանությամբ և մասշտաբներով ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն մարդկության դեմ:
Հետպատերազմյան տարիներին Հայրենական Մեծ պատերազմի և Երկրորդ Համաշխարհային պատերազմի իրադարձությունները հայրենական և համաշխարհային պատմագրության մեջ դարձել են սուր գաղափարախոսական հակադրության առարկա` փաստերի միտումնավոր խեղաթյուրումներով և տարբեր բնույթի աղճատումներով ու բացահայտ ստերով: Տարբեր երկրներում <<հերոսացնում են>> նացիստներին և նրանց մոտ ծառայություն իրականացնող դավաճաններին: Չեխիայում հերոսացնում են դավաճան գեներալ Վլասովին, ապամոնտաժում են սովետական զորահրամանատարների արձանները: Մենք պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք Հայրենական Մեծ պատերազմի դասերին, ոպեսզի դրանք երբևէ չկրկնվեն: Եվ լիովին հասկանալի է Ռ.Դ. Նախագահ Վ.Վ. Պուտինի ցանկությունը` մեծ շուքով և ամենայն հանդիսավորությամբ նշելու Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովուրդների տարած հաղթանակի 75-ամյակը:
Հավերժ փառք Հայրենական Մեծ պատերազմում զոհված բոլոր զինվորներին, սպաներին, միլիոնավոր անմեղ զոհերին:
Մեկ անգամ ևս կրկնենք հայտնի տողերը` Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել: Հավերժ փառք նրանց անմար հիշատակին:
Վ. Սաֆարյան
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ