Հայաստանը մեծ վերելքի ճանապարհին

23 Մայիսի 2016

Սոցիալիզմի հիմնական առավելությունը կապիտալիզմի նկատմամբ այն է, որ պետության բյուջեում մեծ կապիտալ է կուտակվում, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ընթացիկ, այլև հեռանկարային խոշոր ներդրումներ ծրագրել և վերջնական արդյունքում հասնել ծրագրի իրականացմանը։ Օրինակ՝ կրթության և գիտության ուղղությամբ կատարված աշխատանքների ամփոփ պատկերը վերցնենք։

Սկսած 1920-ական թթ․Հայաստանում անգրագիտության վերացման ուղղությամբ այնպիսի լուրջ քայլեր կատարվեցին, որ արդեն 1940-ականների շեմին հանրապետությունում մեծ մասամբ հաղթահարվեց անգրագիտությունը, իսկ գիտության զարգացման ուղղությամբ  աստիճանաբար տարվող քայլերը աշխարհին հայտնի անուններ տվեցին։ Այդ տարիներին արդեն Հայաստանի գիտությունների ակադեմիան գիտական աշխատանքների թվով երկրորդ տեղն էր զբաղեցնում ԽՍՀՄ-ում, նաև աշխարհի գիտական խոշոր կենտրոններից մեկն էր համարվում։

Շատ մարդիկ կան այսօր, ովքեր ասում են, թե սոցիալիստական համակարգն իրեն չի արդարացրել։ Այդ մարդկանց համար ուզում եմ բերել մի քանի թվեր ընդամենը։

1976-1980 թթ․ Հայաստանում կապիտալ ներդրումները կազմել են 5 մլրդ ռուբլի, շահագործման էր հանձնվել 4,9 մլրդ ռուբլու հիմնական ֆոնդեր, 9,6 մլրդ ք/մ մակերեսով բնակելի տներ, դրանով իսկ բարելավվել էր մոտ 600 հազ․ մարդու բնակարանային պայմանները։ Այդ հինգ տարվա ընթացքում բնակարաններ են ստացել հանրապետության բնակչության մոտ մեկ հինգերորդը և այլն։

Չեմ թաքցնում, որ Խորհրդային Միությունում  կային թերություններ, սխալներ, որոնք կարող էին վերացվել ճիշտ քաղաքականություն իրականացնելու դեպքում, դրանք չէին խորանա, այլ ընդամենը մի քանի տարի կպահանջվեր դրանք շտկելու համար։ Սակայն տարիներ շարունակ իշխող դոգմատիզմին փոխարինելու եկավ գորբաչովյան վերակառուցումը։

Դոգմատիզմի կործանիչ երևույթի՝ սխալ գաղափարախոսական քաղաքականության մասին մի հետաքրքիր փաստ եմ ուզում հիշատակել, որը շատերին կարող է հետաքրքրել։ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար, դոգմատիզմի «գորշ կարդինալ» Սուսլովի խորտակիչ գաղափարախոսության երկու փաստ եմ ուզում հիշել։

1978 թ․հերթական արձակուրդս անցկացնում էի առողջարաններից մեկում, որտեղ հանդիպեցի ԽՄԿԿ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի կուսաշխատող ընկերոջս։  Նա պատմեց, թե ինչ էր տեղի ունեցել, որ շուրջ երկու շաբաթ դադարել էին կենտրոնական հեռուստատեսությամբ անընդմեջ կրկնել Լ․Ի․Բրեժնևի անունը։ Դա զարմանալի բան էր այն ժամանակ։ Ի՞նչ էր տեղի ունեցել։

ԽՄԿԿ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ Տյաժևնիկովի հետ ընկերս երեկոյան գնում է Լ․Բրեժնևի մոտ՝ ամառանոց։ Երբ սկսվում է գլխավոր լրատվական «Ժամանակ» հաղորդումը, անընդմեջ հիշատակվում է Բրեժնևի անունը։ Բարկացած գլխավոր քարտուղարը դիմելով Տյաժևնիկովին ասում է․ «Դե, բավական է, քանի անգամ պետք է կրկնվի Լեոնիդ Իլյիչ, Լեոնիդ Իլյիչ, քանի անգամ պետք է հոլովվի անունս, վերջ տվե՛ք, էլի»։

Տյաժևնիկովն անմիջապես կարգադրում է Կենտրոնական հեռուստատեսության ղեկավարությանը՝ դադարեցնել Լ․Բրեժնևի անվան անհարկի կրկնությունը։ Անցնում են օրեր և Սուսլովը նկատում է, որ կտրուկ նվազել է գլխավոր քարտուղարի մասին հիշատակումները։ Եղելությունն իմանալով, Սուսլովը հրավիրում է ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի հատուկ նիստ, որի ժամանակ հայտնում է, որ Բրեժնևի անվան հիշատակումը բարձրացնում է կուսակցության և ժողովրդի հեղինակությունը և երևույթը վեր է «Լ․Բրեժնևի անձնական կարծիքից»։

Իմ ընկերն այս դեպքը պատմելիս նկարագրում էր նաև, թե ինչպես է ականատես եղել, որ Սուսլովի աշխատասենյակում Վ․Ի․Լենինի հատորները գետնին փռած «գորշ կարդինալը» դրանց մեջ փոփոխություններ է կատարում, իբր ժամանակի ոգուն համապատասխան Լենինը «եզրահանգումներ և առաջարկություններ» է կատարել։ Հետագայում նման խորտակիչ քայլեր է անում նաև Գորբաչովը, ով վերջնականապես կործանեց երկիրը։

Հետևենք Խորհրդային Հայաստանի կյանքին․ եթե նույնիսկ ԽՍՀՄ-ում կյանքն ընթանար առանց արմատական փոփոխությունների, ապա 1985 թ․ ընդունված «Բնակարան-2000թ․» ծրագիրը ամբողջությամբ լուծվելու էր բնակարանի կարիք ունեցողների հարցը։

Երևանում շահագործման հանձնված 10,5 կմ երկարությամբ մետրոպոլիտենի գիծը 2005 թ․ հասնելու էր 47 կմ և ունենալու էր 36 կայարան։

Հայաստանի բնակչությունը 2000 թ․ անսպասելի նվեր էր ստանալու․ աղոտ հողերը վերացվելու էին, հարյուրավոր հեկտարներ քարերից ազատվելու էին և վարուցանքի տարածքները կրկնապատկվելու էին։

Ընթերցողին չհոգնեցնելու համար ամփոփեմ։

Հայ ժողովուրդը սոցիալիստական հասարակարգի տարիներին ձեռք բերեց խոշորագույն հաջողություններ գիտության, կրթության համակարգերի, արդյունաբերության, տնտեսության բոլոր բնագավառներում։ Հայաստանը դարձավ արդյունաբերական երկիր։ Խորհրդային Հայաստանի տարածքում հայ ժողովուրդը կոնսոլիդացվեց։ Ստեղծվեց այն հենքը, որի վրա հետագայում պետք է վեր խոյանար Հայոց անկախ պետությունը։ Ստեղծվեց խորհրդահայ մտավորականությունը, որը նույնպես մեծ ձեռքբերում էր։

Սոցիալիզմի գաղափարախոսության հիմքում ընկած են արտադրության, հավասարության և եղբայրության հիմնախնդիրները, որոնց մասին դարեր շարունակ երազել է մարդկությունը։

Առաջադեմ մարդկությունն ապրելով ԽՍՀՄ ժամանակահատվածում, գնահատել է սոցիալիզմի ուժն ու հնարավորությունները, խորը կսկիծ ապրել դրա անարդարացի կործանման համար։ ՌԴ նախագահ Վլ․ Պուտինին հարցազրույցներից մեկի ժամանակ հարց են ուղղել, թե ինչ կարծիք ունի ԽՍՀՄ պետության մասին։ Պատասխանել է․ «Չեմ կարծում, թե նորմալ բանականության տեր գեթ մեկ մարդ խորը ցավ չի ապրի այդ պետության փլուզման համար, սակայն Աստված չանի, եթե վերականգնվի այն այնպիսին, ինչպիսին առաջ էր»։

Ուզում եմ հիշել հայ ժողովրդի մեծ զավակ Վահրամ Փափազյանի խոսքերը․ «Այս աշխարհում ես անվերապահորեն ընդունում եմ, թերևս, նորածին մանկան ճիչը։ Այդ ճիչը կյանքն է, բնությունը։ Եվ կարող եմ ասել, անվերապահորեն ընդունում եմ սոցիալիզմը, չնայած հեռու եմ քաղաքականությունից և ոչ մի կուսակցության չեմ պատկանում։ Հինգ անգամ Խորհրդային Միություն այցելությունից հետո համոզվեցի, որ սոցիալիզմը կյանք է։ Ես չեմ ուզում ինչ-որ զուգահեռներ անցկացնել սոցիալական տարբեր համակարգերի միջև։ Գրողը նախ և առաջ մարդն է, որ դիտում է կյանքը։ Ահա, ես էլ եմ դիտում։ Ուզում եմ կրկնել․ Խորհրդային Հայաստանը խորհրդային իշխանության օգտին խոսող փաստարկ է․․․

Գուցե մեր նոր սերունդը լավ չհասկանա այն մեծ բարիքը և չգնահատի այդ մեծ երջանկությունը, բայց ես և իմ նման հազար-հազարը, ես, որ կյանքիս երեք քառորդը հյուր եմ եղել ուրիշի տանը, որ աշխարհի բոլոր ճանապարհների ճամփորդն եմ եղել երկար տարիներ, չեմ կարող չհասկանալ սուրբ մեծությունը օթևանի, որի շեմից մտնելուց առաջ կուզենայի կոշիկներս հանել»։

Կարծում եմ, ավելին ասել պետք չէ։

 

Ռուդիկ Գևորգյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ