Սոցիալիզմը համամարդկային նպատակ և հասկացություն է

21 Մայիսի 2016

Ի՞նչ է սոցիալիզմը, ի՞նչ է տվել հայ ժողովրդին և մարդկությանը, ինչպե՞ս է համադրվում ժամանակակից համակարգերին, հնարավո՞ր է, որ ներկա Հայաստանում կյանքի կոչվի։

Հիշեցնենք, որ սոցիալիզմը համամարդկային նպատակ և հասկացություն է, որի հիմքերը մշակել են հին աշխարհի մտածողները։ Առաջիններից մեկն անգլիացի Թոմաս Մորն էր, ով գրել է  նաև կոմունիզմի մասին, ուր ազդարարում էր․«Հասարակությունը կապրի սոցիալական բացարձակ հավասարության պայմաններում», սա, իհարկե, հեռավոր նպատակ է։ Իրականությունը սոցիալիզմն է։

Սոցիալիզմի սահմանումն առաջինը տվել են ուտոպիստները, ովքեր հայտնի էին ուտոպիստ-սոցիալիստ անվամբ։ Սոցիալիզմի սկզբունքները վերջնականապես և գիտականորեն հիմնավորեցին Մարքսն ու Էնգելսը։ Նրանք ասում էին, որ հասարակությունն այնքան կզարգանա, որ կստեղծի հատուկ տնտեսական և սոցիալական համակարգ, ուր հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է աշխատի ըստ իր ընդունակությունների և իր ստեղծած բարիքներից պետք է ստանա կատարած աշխատանքի որակի և քանակի համապատասխան։

Սոցիալիզմի պայմաններում սեփականության գլխավոր ձևը հանրայինն է և չի ժխտում սեփականության մասնավոր ու կոոպերատիվ  ձևերը։ Հասարակության շահերը պահանջում են, որ խոշոր գործարանները և ընդերքը՝ հողը, ջուրը և մյուս հանածոները, լինեն հանրային, այսինքն՝ պետական սեփականություն։

Հանրահայտ է, որ խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիներին Ռուսաստանում մասնավոր սեփականության դեմ պայքարի, պետական սեփականության ստեղծման պատճառով Ռուսաստանը կանգնեց տնտեսական լուրջ դժվարությունների առջև։ 1919 թ․ ՆԷՊ-ի (նոր տնտեսական քաղաքակաություն)՝ սեփական մանր ու միջին ձեռնարկությունների ստեղծման շնորհիվ արմատապես բարելավվեց երկրի վիճակը։ Լուծվեց աշխատանքի և աշխատավարձի հարցն ընդամենը 4-5 տարվա ընթացքում, այլ կերպ ասած, վերացավ գործազրկությունը և մարդիկ վարձատրվեցին իրենց կատարած աշխատանքին համապատասխան։

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը նահանգներից մեկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նախատեսվում է գործազրկությունը կրճատել 5 տոկոսով։ Մասնակիցները հոտնկայս բուռն ծափահարություններով ընդունեցին այդ հայտարարությունը։ 500 տարի կապիտալիզմի ուղով ընթացող ԱՄՆ-ն չկարողացավ վերացնել գործազրկությունը, և այդ համակարգի պայմաններում երբեք էլ հնարավոր չէ այն վերացնել։ Մինչդեռ ԽՍՀՄ-ում ընդամենը 4-5 տարվա ընթացքում իսպառ վերացավ գործազրկությունը։ Հիշենք թեկուզ, խորհրդային կարգերի փլուզման նախաշեմին գործարանների, տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների մուտքի մոտ փակցնում էին հայտարարություններ՝ տարբեր մասնագիտությունների գծով թափուր տեղերում աշխատելու մասին։ Իսկ այսօ՞ր։ Ինչ խոսք, ԽՍՀՄ-ում շուկայական մրցակցության բացակայությունը իր խորը բացասական արմատներն էր գցել։ Սա այլ  հարց է․․․

Չինաստանում սոցիալիզմի կառուցման մոդելը, կարծես, ավելի հոգեհարազատ է մեզ՝ հայերիս համար, ուստի անհրաժեշտ եմ համարում որոշ մանրամասներով կանգ առնել նրանց փորձի վրա։

Չինաստանը միշտ եղել է փոքր կամ մեծ մասշտաբների սովի երկիր, նաև սոցիալիզմին անցնելու սկզբնական փուլում։ Նրանք նույնպես կրկնեցին Խորհրդային Միության սխալները, կազմակերպեցին, այսպես կոչված, «մշակութային հեղափոխություն» և մեր օրինակով, ով սոցիալիզմին չէր համակերպվում, հալածանքի էր ենթարկվում կամ ֆիզիկապես ոչնչացվում էր։ Դրանից հասարակությունը մեծ վնաս էր կրում։

Սակայն Չինաստանում գտնվեցին ունակ մարդիկ՝ Դեն Սյաոպինը և այլք, ովքեր վերանայեցին սոցիալիզմի կառավարման առանձնահատկություններն  իրենց երկրի համար։ Չինաստանի բարեփոխումների ճարտարապետ Դեն Սյաոպինը երբեք չի ղեկավարել պետությունը, կառավարությունը, խորհրդարանը, կուսակցություն, սակայն իր երկրում և արտասահմանում  վայելել է ժամանակակից Չինաստանի և արդյունավետ շուկայական բարեփոխումների ճարտարապետի փառքը։

1984 թ․ դեկտեմբերին Մարգարետ Թետչերի հետ զրույցի ժամանակ Դեն Սյաոպինն ասել է․ «Չինաստանը քաղաքական նպատակ ունի երկու տասնամյակում եռապատկել իր համախառն ազգային արտադրանքը և հասնել նյութական բավարարության։ Հասնելով այդ նպատակին, սակայն Չինաստանը չի կարող համարվել հարուստ, չի հասնի զարգացած պետությունների աստիճանին։ Մեր համարձակ խիզախումներում դա միայն առաջին խնդիրն է»։ Այս ամփոփիչ խոսքը բնութագրում է Դեն Սյաոպինի առաջին կարևոր դասը՝ «Հայրենիքը վեր է ամեն ինչից»։

Նրա գնահատականների, դատողությունների, հետևությունների գլխավոր հղումը Չինաստանի ազգային շահերն են՝ արտադրողականության ուժերի զարգացումը, մարդկանց բարեկեցությունը, տարածքային ամբողջականությունը և պետական ինքնիշխանությունը։

Պատահական չէ, որ ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Ցզյան Ցզեմինը նրա գրքի համակուսակցական ուսումնասիրմանը նվիրված  խորհրդակցության ժամանակ իր զեկուցման մեջ հատուկ մատնանշել է Դեն Սյաոպինի մտածողության մեջ սոցիալիզմի և հայրենասիրության մասին գաղափարների օրգանական փոխկապակցությունը։

1984 թ․ հունիսին ճապոնական պատվիրակության առջև ունեցած ելույթում Դեն Սյաոպինն ասել է․ «Եթե սոցիալիզմ չկառուցվի և եթե ընթանանք կապիտալիզմի ուղիով, ապա Չինաստանում անհնարին կլինի վերջ տալ քաոսին, ազատվել աղքատությունից և հետամնացությունից։ Կապիտալիստական համակարգում բնակչության մի քանի տոկոսը կհարստանա, սակայն ավելի քան 90 տոկոսի բարեկեցության հարցը կմնա անլուծելի»։ Այս միտքը բնութագրվում է որպես երկրորդ դաս՝ փրկությունը սոցիալիզմն է։

Դեն Սյաոպինի հեղինակած գրքերում այն պնդումն է, թե հեղինակը հավատարիմ է սոցիալիզմին, քանի որ այն շահավետ է Չինաստանի համար։ «Կապիտալիզմը,-գրում է նա,- չինացիներն արդեն անցել են։ Երկիրն այս ուղով էր ընթանում անցյալ դարի 20-40-ականներին, սակայն այդպես էլ չկարողացավ հաղթահարել կիսագաղութային հետամնացությունը, դուրս չեկավ քաոսային վիճակից, չազատվեց աղքատությունից և կախվածությունից»։ Նա հիմնավորում է այն պարզ ճշմարտությունը, որ սկզբունքային որևէ հակասություն չկա սոցիալիզմի և շուկայի միջև, որ շուկան և պլանը արտադրության կառավարման մեթոդներ են, կիրառվում են ինչպես սոցիալիստական, այնպես էլ կապիտալիստական տնտեսության մեջ, շուկայական բարեփոխումը սոցիալիզմին պետք է, որպեսզի վերացվեն նրա իսկ արտադրողական ուժերի զարգացման ճանապարհին եղող խոչընդոտները։ Սա էլ Սյաոպինի երրորդ դասն է՝ բարեփոխումը ճիշտ է, եթե ծառայում է մեծամասնությանը։

Ուշագրավ է Դեն Սյաոպինի զրույցը Ռիչարդ Նիքսոնի հետ 1989 թ․ հոկտեմբերին․«Չինաստանի ժողովրդական հասարակությունը ոչ մի երկրի թույլ չի տա միջամտելու իր ներքին գործերին։ Օտարերկրյա միջամտությունը կարող է ժամանակավոր դժվարություններ ստեղծել մեզ համար, նույնիսկ կարող է անկարգություններ առաջացնել, սակայն այն չի կարող խարխլել ՉԺՀ-ն»։

Մարդկության ապագան ավելի մեծ հավակնություն ունի դեպի սոցիալիզմ գնալու։ Չինաստանում, Կորեայում, Վիետնամում, սկանդինավյան երկրներում՝ Շվեդիայում, Նորվեգիայում, Լատինական Ամերիկայում՝ Վենեսուելայում և այլուր իշխանությունն իրենց ձեռքն են վերցնում սոցիալիստական գաղափարախոսություն կրող կուսակցությունները, այդ երկրներում հասարակությունը հակված է սոցիալիզմի կառուցմանը։

 

Ռուդիկ Գևորգյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ