Զարթոնք

28 Ապրիլի 2016

Արիստոտելը վկայում է, որ բերքաբեր տարիներ լինում են ոչ միայն բնության մեջ, այլև մարդկային կյանքում։ Դրա վառ ու հոգեպարար ապացույցն է հենց հայոց ազգային ոգու հուժկու զարթոնքն ապրիլի 4-ին, որը համակեց հերոսական Լեռնային Ղարաբաղի քաջակորով հայորդիներին, ողջ Հայոց աշխարհին ու սփյուռքի  մեր բազմամիլիոն քույրերին ու եղբայրներին։ Այդ սխրանքներով լի չորս օրը ցնցեցին և հիմնովին փոխեցին մեր առօրյա գորշ կյանքը, մեր մեծ ու փոքր հոգսերն ու տառապանքները, մեր դժգոհություններն ու հիասթափությունները։

Լեռնային Ղարաբաղի նոր ու սխրալի ազատագրական պայքարի այդ չորս օրվա ընթացքում մենք անցանք հրի ու կրակի միջով, ունեցանք ցավալի կորուստներ, բայց նաև Առյուծ Մհերին, Սասունցի Դավթին, Վարդան Մամիկոնյանին, Անդրանիկ Օզանյանին, Հովհաննես Բաղրամյանին, Մոնթե Մելքոնյանին արժանի սխրանքներ ու հաղթանակներ։

Մենք այսօր այլ մարդ ենք՝ ողջ ազգով վերածնված, վերափոխված, վերամկրտված, կարծես իրականանում է մեծ հայորդի Պարույր Սևակի տենչանքը․ «Աշխարհին, այո, մաքրություն է պետք․․․ Մաքրություն է պետք՝ տեսքով մեխակի․․․ Մաքրություն է պետք՝ տեսքով սոխակի․․․ Աշխարհին մանկան մաքրություն է պետք»։

Բայց կյանքում ամեն ինչ հարափոփոխ է և անցողիկ։ Ուստի բոլորիս սրբազան պարտքն է ու պարտականությունը՝ պահել ու պահպանել, խորացնել ու բազմապատկել այդ զարթոնքը, որպեսզի այն ծառայի հայ ժողովրդին բազում սերունդների, բազում դարերի ընթացքում։

Այդ զարթոնքին պետք է զինվորագրվեն բոլորը, բայց հատկապես մեր հասարակության բոլոր քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, մեր պետությունը, ողջ քաղաքական համակարգը։ Վերջապես, մեր պետությունը պետք է մաքրվի սեփական ժողովրդի կենսական հյութերը ծծող տզրուկներից, բոլոր շնագայլերից, բորենիներից, բոլոր այլասերված տականքներից, որոնք անձեռնմխելիության կարգավիճակ են ձեռք բերել ու ծվարել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների, կառավարության կազմի, դատական համակարգի և այլ ոլորտներում։

ՀՀ ընտրական նոր օրենքը, որ քննարկվում է ու պետք է ընդունվի, պետք է պատնեշ դնի, արգելի, որպեսզի որևէ ձեռնարկատեր, որևէ միլիոնատեր, ով իր «երջանկությունը» կառուցել է սեփական ժողովրդին  թալանելու միջոցով՝ երբեք չկարողանա մուտք գործել պետական ու կառավարման համակարգ։

Ավելին, մեր պետությունը պետք է արիություն ունենա խստագույն պատասխանատվության ենթարկելու այն բոլոր մեծամեծ չարագործներին, այդ թվում նաև՝ հանրապետության նախկին նախագահներին ու վարչապետներին, նախարարներին ու պաշտոնատար անձանց, ովքեր «գունավոր հեղափոխություններ» են իրականացնում, միլիոններ են կուտակում ի հաշիվ աշխատող հայ մարդու, ի հաշիվ Հայոց բանակի հուսալի սպառազինության։

Վերջապես, մեր պետությունը պետք է հասկանա իր հրաշագործ հայ ժողովրդին, պետք է ծնկի իջնի նրա առջև, թողություն խնդրի իր սխալների համար և ապահովի նրա արժանապատիվ կյանքը։

 

Սարգիս Խաչատրյան

Իրավագետ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ