Դեմոկրատիան սոցիալիզմին հասնելու նախապայման

27 Մարտի 2016

Սոցիալիստական հասարակարգի ձևավորումն իր բնական ընթացքն ունի, որի համար խիստ անհրաժեշտ է աշխատավորական ու կոմունիստական կուսակցությունների ակտիվ կազմակերպչական գործունեությունը:

Սոցիալիզմին հասնելու համար պետք է անցնել որոշակի փուլեր, որոնցից ամենագլխավորներն են՝ դեմոկրատական հասարակության ստեղծումը, տնտեսության մեջ հասարակական արդարությունը, հակաիմպերիալիստական ու հակակապիտալիստական հակումներով հասարակությունը: Անդրադառնանք առաջին նախապայմանին՝ դեմոկրատիային:

Ամբողջ աշխարհում, հասարակական արդարության կողմնակից հասարակական ու ձախակողմյան ակտիվիստները նպատակադրել են գտնել ելքեր ու ձևեր առանց շահագործման հասարակական ու քաղաքական հարաբերությունների կազմակերպման համար, որոնք կապիտալիստական համակարգին մարտահրավեր կնետեն: Այդ ձևերը կարող են լինել ռադիկալ և դեմոկրատական, դրանք որոշվում են յուրաքանչյուր հասարակության յուրահատկությունները հաշվի առնելով: Սակայն նկատի ունենալով սոցիալիստական համակարգերի որոշակի անհաջող փորձերը, որոնք մինչև հիմա եղել են, պետք է գտնել ամենաճիշտ եղանակը, որպեսզի հնարավոր լինի մոբիլիզացնել բազմաքանակ մարդկանց բազմություն՝ ազատ և արդար հասարակություն ստեղծելու համար:

Առաջադեմ տեսաբանների կարծիքով դեմոկրատիան տնտեսապես արդար հասարակություն ստեղծելու նախապայմանն է: Այստեղ դեմոկրատիա ասելով պետք է հասկանալ այնպիսի հասարակական կազմակերպվածություն, որի դեպքում քաղաքական ուժը հավասար բաժանվի այդ հասարակության բոլոր քաղաքացիների միջև, ինչն էլ կարելի է համարել արդար հասարակություն ստեղծելու հիմնաքարը: Այդ իսկ պատճառով կոմունիստների ու սոցիալիստների համար կարևոր է քաղաքական ինտեգրացման հող պատրաստելը տարբեր ընդդիմադիր ուժերի միջև, իսկ իրենք պետք է լինեն այդ ընդդիմադիրների արմատական ուժը։

Պատմական փաստերը ցույց են տալիս, որ միայն դեմոկրատական քաղաքական համակարգի շրջանակներում  ժողովուրդը կարող է ուղղակի կամ անուղղակի մասնակցել կարևորագույն  որոշումների ընդունմանը:

Արդարության և ազատության համար պայքարող ակտիվիստների համար դեմոկրատիայի զարգացումը կարևոր մարտահրավեր է համարվում:

Հնարավոր է այդ ակտիվիստները որոշ ուժերի հետ միասին իշխանափոխություն կատարեն ու ստեղծեն դեմոկրատական պետություն, ինչպես կատարվեց 1991 թվականին Հայաստանում, որի ընթացքում ՀՀՇ-ն անցավ իշխանության: Սակայն այդ դեմոկրատական իշխանությունը հաստատվելուց ու ամրապնդվելուց հետո կսկսի հակադեմոկրատական քայլեր կատարել իր նեղ կուսակցական կամ խմբային շահերը պաշտպանելու նպատակով: Նման երևույթ շատ է տեղի ունեցել և ունենում մեր տարածաշրջանում: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ եթե դեմոկրատիայի համար բարենպաստ գործոններ չլինեն, նույնիսկ դեմոկրատական ձևով ընտրված իշխանությունը չի կարող դեմոկրատական հարաբերություններ ստեղծել: Կարևորը դեմոկրատական գործոններն են, այդ գործոններից կարելի է հիշատակել մամուլի ազատությունը, լիիրավ քաղաքական ազատությունը, դատական համակարգի ինքնուրույնությունը, քաղաքական փոքրամասնությունների իրավունքների գոյությունը, դեմոկրատական սահմանադրությունը, իսկ ամենակարևորը՝ ժողովրդի հասարակաքաղաքական ու մշակութային զարգացումը և այլն: Մենք տեսնում ենք, որ մեզ մոտ՝ Հայաստանում այդ գործոններից շատերը գոյություն չունեն կամ մասնակիորեն են  գործում։

Եթե դեմոկրատիայի այս գործոնները չլինեն, դեմոկրատիան չի կարող երկար գոյատևել: Ձախ հոսանքներն արդեն, կարծում եմ, գիտակցում են, որ դեմոկրատիայի մասնակի զարգացումը կարող է տեղի ունենալ նաև բուրժուական համակարգում, օրինակ՝ Հայաստանում։ Այդ բուրժուական ազատությունները կամ դեմոկրատիան նաև ժողովրդի պայքարի ձեռքբերումներ պետք է համարել, իսկ մինչև սոցիալիզմին հասնելը պետք է խրախուսել պետությանը, որ ավելի շատ դեմոկրատական ինստիտուտներ ստեղծի կամ թույլ տա, որ ստեղծվեն: Սրանք բոլորը հիմք կդառնան ապագա սոցիալիստական հասարակարգ ստեղծելու գործում:

 

Գուրգեն Հովհաննիսյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ