Պատմությանը ծուռ հայելիով չի կարելի նայել

21 Փետրվարի 2016

Վերջին ժամանակներում շատ է հաղորդվում Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ուղղված՝ Պետդումայի երկու կոմունիստների դիմումը 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը չեղյալ ճանաչելու մասին:

Նշված պայմանագրով, իբր թե, Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Թուրքիային է հանձնել Արևմտյան Հայաստանի տարածքները:

Արդարությունը պահանջում է ասել, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը: Ենթադրում եմ, որ կամ նշված պայմանագիրը չեն բացել, կամ էլ պատմությունը 180 աստիճանով շուռ են տվել:

Մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Հայաստանին էր վերադարձվում Դաշնակցության կողմից իրենց եղբայր ու բարեկամ Թուրքիային նվիրված Հայաստանի մի շարք տարածքներ ու քաղաքներ, որը կնքված էր 1920 թ. դեկտեմբերի 2-ին խայտառակ ու ստորացուցիչ պայմանագրով: Դրանք էին՝ Ղարսը, Արդահանը, Սուրմալուն, Կաղզվանը, Ալեքսանդրապոլը և Երևանի գավառի մի մասը: Հայաստանին էր մնացել 10 հազար քառ. կիլոմետր: 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը ստորագրելուց հետո Թուրքիան իր սովորության համաձայն, ամեն կերպ փորձում էր Ալեքսանդրապոլից ու գրաված տարածքներից դուրս չբերել իր զորքերը: Այդ կապակցությամբ ՌԽՍՖՀ արտաքին գործերի կոմիսար Չիչերինը ապրիլի 4-ին թուրքական պատվիրակությանը հայտարարեց, որ պատերազմը Թուրքիայի ու Հայաստանի միջև՝ կնշանակի պատերազմ Թուրքիայի և Ռուսաստանի միջև:

Հաշվի առնելով քեմալական կառավարության ձգտումները, ՌԽՍՖՀ կառավարությունը հրահանգեց Վելիկանովի կարմիր զորքերը շարժել դեպի Ալեքսանդրապոլ, միաժամանակ թուրքական բանակի հրամանատարությանը զգուշացրեց, որ եթե թուրքական իշխանությունները հրաժարվեն իրենց զորքերը գրաված տարածքներից ու Ալեքսանդրապոլից դուրս բերել, ապա խորհրդային զորքերը կմտցվեն նշված տարածքները: Այս սպառնալիքից հետո միայն թուրքական զորքերը հեռացան սահմանի մյուս կողմը: 1921 թ.-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը լիովին չբավարարեց հայերի սպասումները, բայց այն զերծ պահեց Թուրքիայի հետ նոր պատերազմից և Հայաստանի տարածքը եռապատկեց՝ 10 հազար քառ.կմ-ից հասցնելով 30 հազար քառ.կմ: Իհարկե, հայերս սպասում էինք հետ ստանալ Մասիսները, Ղարսի ու Արդահանի նահանգները, ինչը տեղի չունեցավ: Ինչո՞ւ: Այդ հույսը չիրականացավ հետևյալ պատճառով:

Առաջին՝ բանակցություններին չէին մասնակցում Սովետական Հայաստանի պատվիրակությունը «փրկության կոմիտեի» մեղքով, քանի որ 1920 թ. փետրվարի 18-ին դաշնակ դավադիրները գրավեցին Երևանը: Սիմոն Վրացյանը ստեղծում է «փրկության կոմիտե» և օգնություն խնդրում Անտանտի պետություններից ու Թուրքիայից և 2,5 ամսական Խորհրդային պետությունը ներքաշում քաղաքացիական պատերազմի մեջ: Եվ, որպեսզի այդ կռվում հաղթանակի հասնի, Վրացյանը նամակով դիմում է Քյազիմ Կարաբեքիր փաշայի երևանյան ներկայացուցիչ Բահեդդինին: Ահա թե ինչ է գրում Վրացյանը. «Իր ազատության ու անկախության համար մարտնչող Հայաստանի կռիվը բոլշևիզմի դեմ ծառայում է ոչ միայն Հայաստանին, այլև առաջավոր Ասիայի բոլոր ազգերին: Այդ պատճառով Հայաստանը հույս ունի, որ իր կռվի ընթացքում ինքն օգնություն կստանա իր հարևաններից և առաջին հերթին տաճիկ ժողովրդի շահն էլ պահանջում է Հայաստանի հաղթանակով դուրս գալը այս կռվից ու մնալ անկախ: Սույն դիմումով Հայաստանի կառավարությունը հիմնվում է այն բարեկամական հարաբերությունների վրա, որոնք հիմք էին դրված Ալեքսանդրապոլի պայմանագրից սկսած, և որոնք խանգարված էին բոլշևիկյան իշխանության ժամանակ»:

Երկրորդ՝ դաշնակցության կառավարության ու Թուրքիայի միջև Ալեքսանդրապոլում կնքված 1920 թ. դեկտեմբերի 2-ի ստորացուցիչ պայմանագրի հետևանքով: Այդ պայմանագրում նշված տարածքները անցել են Թուրքիայի կառավարության տնօրինության տակ, իսկ դաշնակցության «փրկության կոմիտեն» բազմիցս ճանաչել է այդ հրեշավոր պայմանագիրը, այսինքն՝ նվիրել է Թուրքիային:

Երրորդ՝ Մոսկվայի բանակցությունների պահին Ղարսը, Արդահանը և այլն, գրավել էին դաշնակցության կառավարության ժամանակ 1920 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում:

Չորրորդ՝ Լոնդոնում Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի մասնակցությամբ տեղի էին ունենում բանակցություններ: Այդ պատճառով զգացվում էր նոր պատերազմի վտանգ: Իսկ Ռուսաստանը նոր պատերազմի մեջ չէր կարող մտնել:

Ահա պատմության իսկությունը, որ Մոսկվայի պայմանագիրը ոչ թե Հայաստանից տարածքներ տալու, այլ՝ տարածքները հետ վերադարձնելու մասին է եղել:

Եթե դաշնակցության ղեկավարության ընկերները մի քիչ ազնվություն ունենային, այսօր իրենք առաջինը պետք է ձայն բարձրացնեին պատմության ճշմարտության համար:

 

Սերգեյ Մակարյան, ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի առաջին քարտուղար

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ