Ազգային հարցը և Կոմկուսի պարտականությունը ազգերի բարեկամության հարցում

17 Փետրվարի 2016

ՌԴ ԿԿ առաջնորդ ԳԶյուգանովի ելույթը՝ ազգային հարցի վերաբերյալ

22 տարի առաջ փլուզվեց բազմազգ Խորհրդային Միությունը: Խորհրդային Միության ոչնչացումը դեռ տանջում է ժողովրդին: Մեր հուշերում դեռ վառ են մնացել Խորհրդային Միության աննախադեպ ձեռքբերումները:

Վերակառուցման տարիներին Խորհրդային Միության թշնամիները նկատի էին առել երեք հիմնական հարց՝ միասնական տնտեսության քայքայումը, հակակոմունիստական մթնոլորտի ստեղծումը և ազգային հարցում պառակտում առաջացնելը: Նրանց գործունեության վերլուծությունը հետևյալն է՝ տնտեսության քայքայում, որն առաջացրեց տնտեսական ճգնաժամ, հակակոմունիստական ալիքի բարձրացում, որն առաջացրեց Կոմկուսի աշխատանքների արգելափակում, մի կուսակցության, որը երկրի համախմբումն ու համակարգի հսկողությունն իր ձեռքում էր պահում: Ազգային տարաձայնություններ, որոնք անվստահության ու բախումների պատճառ դարձան ազգերի միջև: Իհարկե, ներկայիս վիճակն այնքան էլ չի տարբերվում 1990-ականներից և միևնույն վտանգավոր դրսևորումներն են առկա: Երկրում տնտեսական ճգնաժամը շարունակվում է: Աշխարհի տնտեսական վիճակն ավելի է բարդացնում այս ճգնաժամը և մասնավորեցումներն ավելի են ուժեղացնում դա: Եղբայրական ազգերը իրարից բաժանվել են, Ռուսաստանում ազգերի հարաբերությունները վերածվել են բարդ կծիկի ու հակասությունների: Այս երեք իրավիճակը Կոմկուսի ուշադրության կենտրոնում է:

Մենք բազմազգ երկրում ենք ապրում: Ըստ 2010 թվականի վիճակագրական տվյալների, Ռուսաստանի Դաշնությունում ապրում են ավելի քան 180 տարբեր ազգություններ, նրանք խոսում են ավելի քան 230 լեզվով և առոգանությամբ: Մեր ազգերը տարբեր են ցեղային, մշակութային ու ազգային ինքնատիպության տեսակետից, սակայն նրանք ապրում են մի ընդհանուր տան մեջ:  

1998 թ․ Ռուսաստանի Կոմկուսի կենտկոմը հայտնեց իր դիրքորոշումն ազգային հարցի վերաբերյալ: 17 տարի է անցել: Կյանքը ցույց տվեց այդ փաստաթղթի արժեքը: Այն այսօր նույնպես ուղեցույց է Ռուսաստանում և աշխարհում՝ ազգերի միջև հարաբերություններ հաստատելու հարցում։

Երկրում գոյություն ունեցող և աճող ճգնաժամային պայմաններում, ազգային հարցի յուրահատկությունների մասին բազմաթիվ պատճառներ պետք է վերլուծել:

Առաջին՝ համաշխարհայնացումը, որն ազգերի միջև հակասությունների ավելացման պատճառ է դարձել: Այս հարցը ակնառուէ դարձել Ռուսաստանում: Նման պայմաններում Ռուսաստանի Կոմկուսը լրջորեն որդեգրել է դասակարգային ու հասարակական միասնություն՝ ազգային ազատագրական պայքարի հիման վրա:

Համաշխարհայնացման դեմ ազգասիրությունը համարում ենք ամենալավ զենքը: Լատինական Ամերիկայի և ասիական շատ երկրների նոր պատմությունն ապացուցում են, որ դա ճիշտ մոտեցում է: Մեր աչքերի առջև նկատում ենք սոցիալիստական գաղափարների և ազգասիրության ուժեղացումը: Նրանց միավորումը նոր հնարավորություններ է ստեղծում ձախ շարժման համար, աշխարհում սոցիալիստական փոփոխությունների համար:

Նման պայմաններում կապիտալիզմին ծառայող բոլոր գաղափարախոսներն աշխատում են ազգասիրությունը վերածել ազգայնամոլության: Աշխատավոր զանգվածը պետք է այս կոչին պատասխանի: Աշխատավորների առաջադեմ կուսակցության պարտականություններից մեկն այն է, որ նման քաղաքականության դեմ հակաթույն պատրաստի: Դա այն կուսակցությունների պարտականությունն է, որոնց դրոշի վրա գրված է «Արդարություն, հասարակական զարգացում և ազգերի բարեկամություն»:

Երկրորդ՝ կապիտալիզմի ճգնաժամի ուժեղացումն աշխարհը տանում է դեպի կործանում: Պատերազմական քաղաքականության ուղղությամբ աշխարհի օլիգարխիան նպատակասլաց ձևով շահագործում է տարբեր երկրների ազգային հարստությունը: Ժողովրդին պարտադրելով «քաղաքակրթությունների պատերազմ» նրանց տանում են «համաշխարհային ահաբեկչության» դեմ պայքարելու: Այս վարագույրի հետևում գլոբալիստները պարզորեն հովանավորում և պաշտպանում են ծայրահեղական հետադիմական ուժերին: Քաոսի ռազմավարության գործադրումը պատճառ է դառնում աշխարհում ավելի շատ «այրվող շրջանների» առաջացման: Իմպերիալիստներն այս վիճակից օգտվելով, աշխատում են միջամտել ուրիշ երկրների հարցերին: Այսպիսով, նրանք իրենց հսկողությունը տարածում են ամբողջ տարածաշրջանում, լուծում են իրենց էներգիայի հարցը և շահագրգռում են տեղափոխել կապիտալը՝ իբր «անկայուն տարածքներից» դեպի Ամերիկա և Եվրոպա: Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը որակում է այդ ուժերի, հատկապես ՆԱՏՕ-ի գործողությունները՝ որպես միջազգային բռնակալություն: Ապագայում մենք պետք է բացահայտենք նրանց խաբեբայական քաղաքականությունը և միջազգային հարցերի լուծման այլընտրանքներ ներկայացնենք:    

Երրորդ՝ իմպերիալիզմն իր գործելաոճում անչափ նախաձեռնող է: Իմպերիալիստական գաղափարախոսները հատուկ ջանքեր են գործադրում, որպեսզի ժամանակակից աշխարհի հակասությունը՝ աշխատանքի և կապիտալի հակասությունը քողարկեն, ավելի ճիշտ՝ դրանք փոխարինեն ցեղային ու մշակութային յուրահատկությունների խնդիրներով: Այստեղ գաղթականության խնդիրը վերածվել է աշխատանքային միջոցի: Ներկայումս Եվրոպայում այս հարցն այնպիսի մի իրավիճակ է ստեղծել, որ օլիգարխիային օգնում է, որպեսզի արգելք դառնան աշխատավորների հասարակական գիտակցության բարձրացման համար: Մինչև վերջերս եվրոպական երկրներում հասարակության համար հիմնական խնդիրն այն էր, թե ինչպես անել, որ աշխատանքը տիրի աշխարհում: Ներկայում կապիտալիզմի դեմ պայքարի հարցը փոխարինվել է կրոնական և ազգային հակասությունների, երեխաների «սեռական ուսուցման» և սեռական փոքրամասնությունների շուրջ վիճաբանություններով: Նման պարագաներում կոմունիստների համար չափազանց կարևոր է ազգային ու դասակարգային հարցի ճիշտ գնահատումը:

Չորրորդ՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը հավատարիմ է նոր Սոցիալիստական Խորհրդային Միության վերականգնման լոզունգին և հավատարիմ էլ կմնա: Այս հարցում մենք միայն պատմական արդարության վերականգնումը չենք տեսնում, այլև սովետների վերականգնումը, որն անհրաժեշտ է 21-րդ դարում մեր ազգերի բարգավաճման համար: Մեր կուսակցության վերականգնման օրվանից մեր մեծ ընդհանուր հայրենիքի վերականգնման քաղաքականությունն է որդեգրել է մեր կուսակցությունը: Այս քաղաքականությունը եղբայր ազգերի համագումարում, որին մասնակցում էր նաև Ռուսաստանի Կոմկուսը, մշակվել ու պատրաստվել է: Ռուսաստանի Կոմկուսի վերջին համագումարը ուսումնասիրել է Խորհրդային Միության ազգերի ճակատագիրը և նրանց վերակառուցման հարցը: Ազգերին պետք է միավորել մի նոր դաշինքով, որը հնարավորություն է տալու մեծ ուշադրություն դարձնել ազգային հարաբերություններին:  

Հինգերորդ՝ Ռուսաստանում ներկայիս իշխանությունը անկարող է ազգային հարց լուծել: Երկար տարիներ է արդեն փողոցներում պայթյուններ են տեղի ունենում: Դաղստանում արյունահեղությունը շարունակվում է: Սուտ խաղաղություն է տիրում Չեչնիայում: Ռուսաստանի քաղաքացիները մտահոգված են արտագաղթի մեծ ծավալներից:

Պրն Պուտին, արթնացիր, բազմազգ երկրի միությունը վտանգված է: Տարվող քաղաքականությունը ներկայիս հակասությունների լուծման գործում անկարող է: Այդ հակասությունները հասարակական հարցերի բարդացումով ավելի են սրվում:

Ներկա իշխանությունն աշխատում է իրականությունը կոծկելով խուսափել 1990 թվականի լիբերալական լոզունգներից, որոնցով հանդես էին գալիս ժողովրդի առաջ և ձևացնում, իբր ազգային միասնականության կողմնակից են, ազգասեր ուժ են: Նրանք հմտորեն Պուտինի ազգային ճակատի «Միացյալ Ռուսաստանի կուսակցության» քաղաքականությունը պարտադրում են ժողովրդին: Այդուհանդերձ երկիրը համաշխարհային կապիտալիզմին հանձնելու քաղաքականությունը շարունակվում է: Այս կապակցությամբ կարելի է նշել հետևյալ փաստերը՝ համաշխարհային առևտրի կազմակերպության անդամ դառնալը, սեփականացման նոր փուլը, քաղաքային հաստատություններում հակահասարակական ռեֆորմները, կրթության բնագավառի և Ռուսաստանի գիտության ակադեմիայի ոչնչացումը: Ռուսաստանի քաղաքացիները վնասվում են այդ քաղաքականությունից: Նրանք չեն կարող տեսնել ուլտրալիբերալիզմը ազգասիրության դիմակի տակ: Այս հարցը մեր կուսակցության պրոպագանդայի գործը բարդացնում է: Պետք է մերկացնել հակառակորդի աշխատելու բոլոր եղանակներն ու ձևերը: Պետք է բացահայտենք կեղծ ազգասիրությունը և զինվենք անհարժեշտ մեկնաբանություններով:    

 Իմպերիալիստական ուժերի ազդեցությունը

 Ժամանակակից Ռուսաստանում ազգային հարցը բացատրվում էր անտագոնիստական հասարակությունում, ազգերի միջև հարաբերություններով, որոնք խզվել են դասակարգային հակասությունների ազդեցության ներքո: Այդ իսկ պատճառով այս հարցը ոչ միայն օրգանապես կապված է դասակարգային պայքարի հետ, այլ նաև ենթարկվում է դրան, որովհետև նախ՝ կապիտալիզմը նացիոնալիզմից օգտվում է որպես հակաթույն պրոլետարիատի միասնականության դեմ և որպես արգելք՝ պրոլետարիատի ինտերնացիոնալիզմի դեմ: Երկրորդ՝ Ռուսաստանում նացիոնալիզմը վտանգավոր է երկրի ամբողջականության համար: Նացիոնալիզմը տարբեր ձևեր է ունենում՝ նացիոնալ սոցիալիզմից մինչև մշակութային, դեմոկրատական և լուսավորության նացիոնալիզմ, երբեմն էլ ցեղային ու կրոնական: Նացիոնալիզմն ինչպիսին էլ որ լինի, կրելու է բուրժուական գաղափարախոսություն: Սա հստակ է, քանի որ որպես բուրժուական գաղափարախոսություն, ձևավորվել է բուրժուական պետությունների կազմավորման շրջանում: Բուրժուազիան իր իշխանությունը հաստատելու նպատակով, իր դասակարգի շահերը թաքցրել է նացիոնալիզմի հետևում և նացիոնալիզմը ներկայացնում է որպես ազգերի ու ժողովրդի շահերի պաշտպան:

Ֆեոդալական իշխանությունների տապալման ժամանակահատվածում բուրժուական նպատակները համընկնում էին բանվորների ու գյուղացիների շահերի հետ: 16-19-րդ դդ․ Եվրոպայում ազգային պետությունների ձևավորման ժամանակ կապիտալիզմն առաջադիմական դեր խաղաց: Սակայն այդ առաջադիմական դերը իմպերիալիզմին անցնելու ժամանակահատվածում ոչնչացավ: 20-րդ դարում՝ երկրների գաղութային կախվածության դարաշրջանում, բուրժուական նացիոնալիզմը օգտավետ եղավ ազատագրական շարժումների համար: Այսօր զարգացած երկրներում նացիոնալիզմն ակտիվորեն չարաշահում և մասսաների գիտակցության թունավորման համար օգտագործում են շովինիզմի թույնը։

Համաշխարհային պատերազմը վերածվել էր իմպերիալիստական երկրների միջև հակասությունների լուծման գործիքի: Բուրժուազիան հենվելով ժողովրդի ազգասիրական զգացմունքների վրա, նացիոնալիզմը դարձնում է զենք՝ իր շահագործելու ախորժակը ծածկելու համար:  

Սոցիալիզմի հաղթանակները գաղափարական պայքարում նացիոնալիզմին ստիպեց քողարկվել: Ստալինն Առաջին համաշխարհային պատերազմի առաջին տարիներին ասել է․ «Միշտ հնարավոր է պարզ նացիոնալիզմին հաղթել, սակայն քողարկված նացիոնալիզմի դեմ պայքարը, որը քողարկված է սոցիալիզմի դիմակի տակ, շատ դժվար գործ է, որովհետև այս տեսակի նացիոնալիզմը քիչ խոցելի և կոշտ է»: Ստալինն իրավունք ուներ: Նա նոր նացիոնալիզմի ուժը ճշգրտորեն բացահայտեց: 7 տարի հետո Հիտլերի կուսակցությունն ընտրեց այդ ուժը։

Չպետք է մոռանալ, որ մինչև ֆաշիզմի պարտվելը՝ 1945 թ․ այս կուսակցությունն իրեն նացիոնալ-սոցիալիստական կուսակցություն էր հռչակում:  

Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի շրջաններում, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, նացիոնալիզմը ներթափանցեց բանվորական շարժման մեջ և օգտվելով ազգասիրական լոզունգներից՝ բացատրվեց սոցիալ-շովինիզմ, նացիոնալ-սոցիալիզմ և այլ երևույթներով: Ներկայումս, սկսվում է կապիտալիզմի երրորդ շրջանի ընդհանուր ճգնաժամը: Այդ իսկ պատճառով գաղափարախոսական զինանոցներն աշխատավոր զանգվածներին խաբելու ուղղությամբ ավելի լայնածավալ աշխատանքներ են սկսել տանել:

Համաշխարհային օլիգարխիայի հեգեմոնիան լիբերալիզմի կոշտ կաշվի տակ է տեղավորվել: Դա արտաքնապես մարդու իրավունքի, դեմոկրատիայի տարածման, և համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի լոզունգներ է շռայլում: Թվում է թե այդ ամենն ուղղված են աշխարհում արդարություն ստեղծելուն, և դրսևորվում են որպես նացիոնալիզմի դեմ հակակշիռ, սակայն որևէ տարբերություն չկա կոսմոպոլիտիզմի և ֆաշիստական նացիոնալիզմի միջև: Երկուսն էլ ծառայում են նույն նպատակին՝ ժողովրդից օգտվել միլիարդատերերի համար: Առաջինն Արևմուտքի քաղաքակրթության գերազանցությունն է ուրիշներին պարտադրում, երկրորդը՝ իմպերիալիստական երկրների ցեղային գերազանցությունը: Լիբերալ կոսմոպոլիտիզմը շուռ տված ֆաշիզմն է և պատահական չէ, որ այն հաճախ հասարակական ցեղապաշտության լիբերալ-ֆաշիզմ են անվանում:

Ռուսաստանում կապիտալիզմն իր բոլոր տգեղ կողմերով իրականացավ: Երկրում առաջացավ շահագործող դասակարգ: Այս հասարակարգը օլիգարխիայի կապիտալի հասարակական խմբերին միացրեց բյուրոկրատիզմին: Միևնույն ժամանակ առաջացավ շահագործվող դասակարգ՝ բանվորներ, հողագործներ և մանր առևտրականներ: Ճգնաժամը ուժեղացնում է իշխանության ու ճնշվող դասակարգերի միջև հակասությունները: Նման պայմաններում ինքնավար հանրապետությունների բուրժուազիան ձգտում է ժողովրդի ատելությունն իրենց նկատմամբ թեքել դեպի կենտրոն: Նրանք իրենց շուրջ հավաքելով ստորին խավի սիրելիներին, կարող են իրենց համար արտոնություններ պահանջել: Այնպիսի մի իրավիճակ է առաջանում, որ երկրում նացիոնալիստները կռվի մեջ են մտնում և այդ հատուկ պայմաններում, ազգերին միմյանցից բաժանելու նպատակով, օգտվում են շրջանների բուրժուա-նացիոնալիստների էլիտար խավից:  

Այն ճգնաժամը, որի մեջ բռնկվել է Եվրոպայի կայսրությունը, «սառը պատերազմի» շարունակությունն է մեր դեմ: Քաղաքականության ռազմավարությունը հիմնված է Ռուսաստանի բազմազգության վրա, որն օգտագործում են երկու նացիոնալիստական ուժերը՝ Ռուսաստանին ենթարկելու և թուլացնելու համար: Առաջինը՝ տեղական բուրժուական նացիոնալիզմն է, որը տեղավորվել է պետական ազգային հաստատություններում, իսկ երկրորդը՝ ռուսական նացիոնալիզմն է: Երկուսն էլ վտանգ են ներկայացնում պետության ամբողջականության համար:

Համաշխարհային կապիտալիզմն օգնում է Ռուսաստանում նացիոնալ-անջատողական հակումների զարգացմանը: Պետք է հիշել, որ ազգերի կամ ցեղերի միջև պատերազմների հրահրման տեխնոլոգիան ավելի շուտ է ստեղծվել, քան արաբական գարունը: Այս կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իմպերիալիզմը շատ փորձ է ձեռք բերել ու աշխատել է ճնշել գաղութային երկրներում ազգային-ազատագրական շարժումները: Նրանք այդ փորձառություններից հետևողականորեն օգտվեցին Սովետական Միության փլուզման ընթացքում: Նրանք օգտվում էին չգրված օրենքներից:   

Հետաքրքիր է, որ Ռուսաստանի լիբերալ ընդդիմությունը իշխանությանը քննադատելիս երբեք չի խոսում արևմուտքի քաղաքականության տարածման մասին: Դրան զուգահեռ ռուս արևմտամետները պարզորեն շարունակում են փայփայել ռուս նացիոնալիստներին... Նացիոնալիստները դեմոկրատիայի համար պայքար սկսեցին պաշտպանելով արևմուտքի լիբերալներին: Լիբերալներն, իրենց հերթին, պաշտպանում են նացիոնալ-անջատողական շարժումը Ռուսաստանում: Սրանք սպառնալիք են բազմազգ երկրի համար:

Ելցինի լոզունգը՝ «որքան կարող եք կլանեք ու ազատություն ստացեք», դեռ չի մոռացվել: Ազգային բուրժուազիան այսպես է սնվում, որպեսզի կարողանա իր ժողովրդի ունեցվածքը թալանել:

Աշխատավորների մեջ նացիոնալիստական գաղափարների տարածման պատճառը դասակարգային գիտակցության բացակայությունն է: Պրոլետարիատը միայն իր դասակարգի շահերը գիտակցելով, կարող է պաշտպանվել բուրժուական նացիոնալիզմի ներթափանցումից: Լենինը 1914 թվականին գրել է․ «Աշխատող բանվորի համար միևնույն է՝ իրեն շահագործողը ռուս է թե լեհ: Օրավարձով աշխատող բանվորը չի կարող անտարբեր մնալ այն առավելությունների կամ խոստումների հանդեպ, որ պետությունը տալիս է կապիտալիստներին»:

Նացիոնալիզմը բանվորներին հեռու է պահում քաղաքականությունից ու բարոյականությունից: Լենինը այդ կապակցությամբ գրել է․ «Բանվոր դասակարգի ամենաչնչին պաշտպանությունը իր երկրի բուրժուազիայի կողմից, ուրիշ ազգերի հանդեպ անվստահության պատճառ է դառնում, թուլացնում է բանվորական ինտերնացիոնալիզմը, որը պառակտման պատճառ է դառնում և ուրախացնում է բուրժուազիային»: Միայն պրոլետարիատի համերաշխությունը կարող է արգելք դառնալ նացիոնալիզմի ու նացիոնալ-անջատողականության համար: Իմպերիալիզմը հմտացել է մասսաների գիտակցությունը պղտորելու գործում: Կապիտալիզմի գաղափարախոսական մեծ մեքենան մեծ հարվածներ է հասցրել պրոլետարական ինտերնացիոնալիզմին: Բուրժուական տեսաբաններն զբաղված են ու պատրաստում են «հասարակական փոփոխությունների նոր վարկած», հատուկ տեղ է հատկացված տեղեկատվական հասարակությանը: Ըստ այդմ, արդյունաբերական արտադրանքները, բանվոր դասակարգի հետ կապը մոռացվում և տրվում է պատմությանը: Հասարակությունը ատոմիզացիա է դառնում: Հասարակական աշխատանքը վերածվում է անձնական աշխատանքի:

Կապիտալիզմի պաշտպանները դժվարությամբ մի շղթա են գծում, որտեղ տեխնիկական-տեղեկատվական արտադրանքները բարդանում են, արդյունաբերական արտադրանքը մեռնող է դառնում, վերանում են բանվորական կոլեկտիվները, որոնք հարաբերությունների հիմքն են: Այսպիսով, դասակարգային պայքարը վերանում է, իսկ դրան փոխարինում է իմպերիալիստական գլոբալիզմի պայմաններում ազգի գոյատևման համար պայքարը:

Իրականում սա հենց այն գնահատականն է, որ նացիոնալիստ-հայրենասեր «ձախերն» են ներկայացնում: Նրանց տեսակետով, ներկա ժամանակների հիմնական հակասությունը աշխատանքի ու կապիտալի միջև եղած հակասությունը չէ: Այս տեսակետը հայտնելով, ավելի առաջ են գնում և ընդհանրապես ասում են, որ հիմնական հակասությունը թաքնված է կապիտալի և ազգային մշակույթի միջև, կամ էլ թեքվում են դեպի քաղաքակրթությունների միջև պայքարի բանավեճ: Իմպերիալիզմին անհրաժեշտ են նման բանավեճերը: Այդ մարդիկ առաջնահերթությունը տալիս են ազգային ազատագրական պայքարին և հայտարարում են, որ դասակարգային պայքարը մղվում է երկրորդ փուլ, որը վերջում իսպառ մերժվում է: Այսպիսով նացիոնալիստ-հայրենասերը սկսում է պրոլետարական ինտերնացիոնալիզմի վրա հարձակումով:

Բուրժուական հասարակություններում բանվորները քաղաքական ու տնտեսական տեսակետից հայրենիք չունեն: Կապիտալիստական իշխանությունը, բանվորներին հեռու է պահում իշխանությունից և արտադրության միջոցներից: Հայրենիքը որպես մշակութային-պատմական երևույթ երբեք չի ժխտվել: Լենինը գրել է․ «Մենք սիրում ենք մեր լեզուն և հայրենիքը։ Պրոլետարիատը չի կարող իր քաղաքական, հասարակական ու մշակութային պայքարի հանդեպ անտարբեր լինել, չի կարող իր հայրենիքի ճակատագրի նկատմամբ անտարբեր լինել»:

Դիալեկտիկան համարվում է մարքսիստական վերլուծության հիմնական ուժը: Մենք պետք է նկատի ունենանք, որ յուրաքանչյուր երկրի դասակարգային պայքարը պետք է համապատասխանի տվյալ երկրի ազգային ու պատմական առանձնահատկություններին: Չպետք է ազգային գիտակցությունը դասակարգային պայքարից ու դասակարգային պայքարը ազգային գիտակցությունից տարանջատել: Պրոլետարիատի վերածումը ազգային դասակարգի պետք է մեր միջոցով գաղտնազերծվի, որպեսզի դառնա բանվորական սոցիալիստական գիտակցության հիմք: Ներկա պայմաններում բանվոր դասակարգը կարիք ունի հետևյալ գործոնների՝

1-ուժի կամ իշխանության ձեռքբերում և ազգային հարստությունը ընդհանուր ձեռքբերում ամրագրելը․

2-սոցիալիստական սեփականության, երկրում ազգային անկախության ապահովում, որը կպաշտպանի երկիրը համաշխարհային իմպերիալիստական ռազմական սպառնալիքներից և կապիտալիզմի համշախարհային տնտեսական ճգնաժամերից․

3-կրթության, գիտության ու ազգային մշակույթի զարգացման ապահովումը և պաշտպանությունը:

Այն, ինչ թվեարկեցինք, գոյություն ունեին Խորհրդային Միության ժամանակ: 1917 թ․ հեղափոխությունից հետո ռուս պրոլետարիատը դարձավ սոցիալիստական փոփոխությունների ղեկավար:

Հավելյալ շահույթ ձեռք բերելու համար, որը ժողովրդի աշխատանքի արդյունքն է, կապիտալիզմը բանվորների շարքը մեծացնում է: Դրան զուգահեռ, չնայած դանդաղ, բայց բանվոր դասակարգի գիտակցության մակարդակը բարձրանում է: Պրոլետարական ինտերնացիոնալիզմը ոչնչացնելու նպատակով, օլիգարխիկ-քրեական պետությունները ԱՊՀ շատ երկրներում գաղտնի, բացահայտ, ուղղակի կամ անուղղակի հովանավորում են նացիոնալիզմը: Կոմունիստների պայքարը նացիոնալիզմի դեմ եթե համաշխարհային բնույթ կրի, ավելի հաջող կարող է լինել:

Ներկա պայմաններում Ռուսաստանի բոլոր ազգերը ենթարկվում են տնտեսական, բարոյական ու հասարակական ճնշումների: Սակայն ռուս ազգին հասցված վնասն ավելի մեծ է եղել: Անցյալ դարում երկրի պաշտպանության, ամբողջականության պահպանման ու երկրի կազմավորման աշխատանքը ռուսների վրա է եղել:

Գռեհիկ մասնավորեցումն արտադրության անկման պատճառ է դարձել: Արդյունաբերության հիմնական մասը քայքայվել է: Մեծ ընկերությունների բանվորական կոլեկտիվները, որոնք Խորհրդային Միության բանվոր դասակարգի ինտերնացիոնալիզմի միասնական սոցիալիստական տեսակն էր, ոչնչացվել է: Սոցիալիստական սեփականությունը, որի վրա էր հիմնված աշխատավորների միասնականությունը, մասնավոր սեփականության միջոցով ոչնչացվեց: Բանվորական կոլեկտիվների քայքայումով երկրում բնակվող ազգերի հարաբերությունները և նույնիսկ ռուս ազգի հարաբերությունները թուլացան: Չպետք է մոռանալ, որ ռուս ազգը այդ ԽՍՀՄ բոլոր ազգերին միացնող օղակն էր: Դրա հետ մեկտեղ ռուսները որպես մեծամասնություն, գտնվել են մշակութային, հոգեբանական ու բարոյական ճնշման տակ:    

Բարեփոխման տարիներին մեծ ջանքեր են գործադրվել նրա մշակույթը նսեմացնելու ուղղությամբ: Հակասովետիզմը վերածվեց ռուսավախության: «Ռուսաստանի 70 տարվա պատմությունը ծածկված է մնացել»: Լիբերալ գաղափարախոսները նախ՝ բարեփոխություններից խոսեցին, ապա՝ «Ռուսաստանի պատմությունը, որպես հետամնաց ու ամբողջատիրական» ենթարկեցին բարեփոխման: Գարբաչովի ու Ելցինի ժամանակից մեր մշակույթի նսեմացումը սկսվել է: Ռուսաց լեզուն ծաղրանքի ենթարկվեց ու կրճատվեց դրա դասավանդումը դպրոցներում: Ռուս մեծ գրողների ստեղծագործությունների մեծ մասը հանվեց դասագրքերից:

Թատրոններում դասական ստեղծագործությունները փոխարինվեցին գռեհիկ ու պարզունակ գրականությամբ: Նրանք ռուսի ազգային դեմքը ներկայացնում են անշնորհքության, հարբեցողության, անարխիզմի տիպարի մեջ: Այսօր ռուս մեծ գրող Շոլոխովի զգուշացումը, որ Բրեժնևին ուղղված նամակում գրել էր 1978 թ․, իրականություն է դարձել․ «Ռուս մշակույթը ներկա պայմաններում հարձակման ամենակարևոր թիրախներից մեկն է դարձել, այս մշակույթը մեր պատմության արտացոլումն ու մեր երկրի սոցիալիստական մշակույթի հիմնական հարստությունն է: Սոցիալիզմի թշնամիները ռուսական մշակույթի դերը նվազեցնելով, կեղծելով նրա մարդկային հիմունքները, մերժելով ազգային իսկության հաստատման նրա դերը, ջանում են արատավորել ռուս ազգին՝ որպես երկրի ինտերնացիոնալիստական հիմնական ուժի, այդ ձևով փորձում են ցույց տալ նրա բարոյական և ստեղծագործական անկարողությունը»: Այդ ժամանակից «սոցիալիզմի թշնամիները» հնարավորություն ունեցան պաշտոնապես ու կոպիտ ձևով գործելու: Նրանք պետությունը ոչնչացնելով չհանգստացան: Նպատակադրվեցին ոչնչացնել մշակույթը: Ազգի մշակույթի ոչնչացումը հավասար է ազգի մահվան:   

Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը ռուս ազգի պահպանումը կարևորագույն է համարում: Ռուս ազգի պահպանումը նշանակում է նրան պաշտպանել երեք հիմնական վտանգից՝ քանակական նվազում և ոչնչացում, մշակութային ու բարոյական փոխարկում, ազգային անկախության ու ամբողջականության բացակայություն:

 

Թարգմանեց Արտաշես Մելիքյանը

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ