Մեր ժողովուրդն իր էությամբ սոցիալիստ է

27 Հուլիսի 2015

Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության անունից ողջունում եմ «Առաջադիմական սոցիալիզմ» կայքէջի մուտքը համացանց և մաղթում եմ, որ այն գտնի իր արժանի տեղը մեր հասարակության տեղեկատվական ասպարեզում։

Մեր հանրությունը լրատվության պակաս չի զգում։ Սա քաղաքացիական հասարակության լուրջ ձեռքբերումներից է։ Սակայն գույություն ունեցող բազմաթիվ թերթերն ու ամսագրերը հեղեղված են ընթացիկ պահի տարատեսակ վերլուծություններով, դրանցում գրեթե չկան գաղափարական, գաղափարախոսական ուղղվածության հոդվածներ։ Կցանկանայինք, որ «Առաջադիմական սոցիալիզմ» կայքէջը դառնար բանավեճի հարթակ՝ գաղափարախոսական ուղղվածության հոդվածների համար։ Մեր կարծիքով, կայքէջի վերնագիրն սպասված էր և կգրավի բոլոր նրանց, ովքեր արտահայտվելու կարիք ունեն, սակայն առկա թերթերն ու ընդհանրապես լրատվամիջոցները սոցիալիզմի գաղափարը չեն մեկնաբանում։ Եվ իզուր։

Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մի ստվար զանգվածի հետաքրքրում է, թե ինչպես պատահեց, որ իրենց սպասումները չարդարացան, չէ՞ որ իրենք ունեին աշխատանք, ապահովված էին սոցիալական երաշխիքներով՝ անվճար կրթության, առողջապահության, բնակարան ձեռք բերելու և այլնի։ Այսօր այդ ամենի համար պետք է վճարել, ընդ որում՝ առասպելական գներ։ Եվ, որ ավելի կարևոր է, նրանք ցանկանում են իմանալ՝ ո՞ւր է գնում հասարակությունը, կա, արդյոք, կետանցի սահման, որից հետո կսկսվի զարգացման գործընթացը։

 Քառորդ դար առաջ մեր հանրությանը պարտադրվեցին ազատ շուկայական տնտեսական հարաբերություններ՝ ցնցումաթերապիայի տարբերակով, առանց հաշվի առնելու մեր երկրի տնտեսական կացութաձևը, արտադրատնտեսական հարաբերությունների բնույթը, կոոպերացիոն կապերը և այլն։ Արդյունքն իրեն երկար սպասել չտվեց։

ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում խզվեցին հարյուրավոր գործարանների արտադրատնտեսական կապերը, կազմալուծվեցին դրանք, մարդիկ կորցրեցին աշխատատեղերը, դարձան գործազուրկ, շատերը լքեցին հայրենիքը՝ աշխատանք փնտրելու հույսով։ Այսպես կոչված «բարեփոխիչները» թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում չէին գիտակցում, որ հասարակության զարգացումը բնական պատմական գործընթաց է, որն ունի իր զարգացման օրինաչափությունները՝ դիալեկտիկական հայեցակարգը, սոցիալական փիլիսոփայությունը, որը նշանակում է, որ տնտեսակարգերում հասարակական հարաբերությունները և դրանց կառուցվածքը օբյեկտիվ իրականություն են և կախված չեն մարդկանց կամքից ու ցանկություններից։ Ուստի քաղաքական նկատառումներով շրջադարձեր կատարելը՝ մեկ տնտեսակարգից մյուսին անցնելը, կարող է հանգեցնել տնտեսության հետընթացի։ Այսպես կոչված «բարեփոխիչների» լոզունգները՝ «շուկան ամեն ինչի գնով, այդ թվում՝ անմիջապես և միանգամից, իսկ դա ամեն ինչ կկարգավորի», սնանկ ու փուչ դուրս եկան։ Իսկ Համաշխարհային բանկն իր տարեկան հաշվետվություններից մեկում հետխորհրդային տարածքում իրականացված բարեփոխումները որակեց «թալանչիական կապիտալիզմ», որտեղ ազգային ունեցվածքը յուրացվում է, իսկ կոռուպցիան և բանդիտիզմը թեև համարվում են անընդունելի, սակայն անխուսափելի աստիճաններ են շուկայական հարաբերություններին անցնելիս։ Ավելին, Համաշխարհային բանկը և Միջազգային արժութային հիմնադրամը համատեղ նիստերից մեկում հայտարարեցին, որ «Ազատ շուկան առանց սահմանների» թեզը ցույց տվեց իր անարդյունավետությունը և առաջ քաշեցին նոր թեզ՝ «Հմուտ կառավարում, ուժեղ տնտեսություն»։

Վերը նշված գնահատականներին ավելացնենք ևս մեկը, որ տվել է հայտնի Ջորջ Սորոսը՝ 1997 թ․ իր գրած «Կապիտալիզմի սպառնալիքները» վերնագրով հոդվածում վերլուծելով Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսական վիճակը։ Նա հիմնավորել է, որ մի քաղաքակրթության արժեքային համակարգի ներդրումը մեկ այլ համակարգում, առանց հաշվի առնելու վերջինիս ազգային առանձնահատկությունները, հասարակությանը կհանգեցնի ողբերգական հետևանքների։ Հեղինակը եզրահանգում է, որ այն, ինչ տեղի է ունենում Արևելյան Եվրոպայի երկրներում, ոչ այլ ինչ է, քան «սոցիալ-դարվինիզմ»։

Լավ էր, որ Հունգարիան, Չեխիան, ավելի ուշ՝ Լեհաստանը հրաժարվեցին շոկային թերապիայից և բռնեցին, քիչ թե շատ, զարգացման ուղի․ մյուսների տնտեսական վիճակն այնքան էլ բարվոք չէ։

Հայաստանում ավելի ուշ, 2011 թ․ դեկտեմբերի 15-ին կառավարությունն ընդունեց արդյունաբերության զարգացման հայեցակարգը, արտահանման խթանման քաղաքականության ռազմավարությունը, պետություն-մասնավոր գործիքակազմի կիրառումը, արդյունաբերության զարգացման հիմնադրամի ստեղծումը՝ բյուջետային միջոցներով և այլն։

Ակադեմիկոս Վլադիկ Ներսիսյանցը գտնում է, որ անցումը սոցիալիզմից դեպի կապիտալիզմ կարող է տեղի ունենալ միայն ֆեոդալիզմի միջոցով։ Այլ կերպ ասած՝ հակագիտական ու հակաբնական է ավելի զարգացած արտադրահասարակական հարաբերություններից՝ սոցիալիզմից անցում կատարել առավել ցածր տնտեսակարգի։ Այն, որ խորհրդային սոցիալիզմը ԽՍՀՄ-ի պայմաններում 1980-ականներին կարիք ուներ բարեփոխումների, ակնհայտ էր։ Բայց դա պետք է արվեր մտածված և խելացիորեն, ինչպես արեցին Չինաստանում Դեն Սյաոպինի գլխավորությամբ։ 1995 թ․ Ռուսաստանի Դաշնության Պետ․ Դումայի պատգամավոր, ԽՍՀՄ Պետպլանի նախագահ և Քաղբյուրոյի անդամ Յու․ Դ․ Մասլյուկովը առաջարկում էր իրականացնել երեք փոփոխություն՝ մտցնել բազմակուսակցական համակարգ, մարդուն տալ ազատ տնտեսական գործունեության իրավունք և Արևմուտքի առջևից հետ քաշել «երկաթյա վարագույրը»։ Սակայն դրանք չիրականացվեցին և դարձան դժգոհության պատճառներ ու նպաստեցին, որպեսզի «սառը պատերազմի» պայքարում Արևմուտքը լրացուցիչ կռվաններ ստանա ԽՍՀՄ-ը կազմալուծելու գործում։ Սրան կարելի է ավելացնել նաև տխրահռչակ Գորբաչովի երերուն ու անվճռական պահվածքը, որը կարելի է որակել դավաճանություն։

Մեր հասարակությունն սպասում է փոփոխությունների։ Ո՞ր ուղղությամբ պետք է ընթանա հանրությունը, որտեղ են այն ուժերը, որ կարող են համախմբել մարդկանց միավորող գաղափարի շուրջ, և ո՞րն է լինելու այդ գաղափարը։

Մեր կարծիքով, այդպիսին կարող է լինել սոցիալիզմի գաղափարախոսությունը, այն էլ Առաջադիմական ժողովրդավարական սոցիալիզմի։ Ինչո՞ւ։ Սոցիալիզմը հայ մարդու էության մեջ է, նրա բնույթի մեջ, նրա ձգտումների և ազնիվ մղումների մեջ։ Հայ մարդուն բնորոշ է կարեկցանքը, ուրիշին նեցուկ լինելը, հանրային խնդիրները միասնաբար լուծելու պատրաստակամությունը։ Մարդիկ հազարամյակների պատմության ընթացքում միշտ էլ պայքարել են արդար հասարակարգ ստեղծելու համար, ցանկացել են ունենալ հենարան հանրության մեջ, ապահովված լինել աշխատանքով և տնօրինել դրա արդյունքները։ Երջանիկ կյանքով ապրելու բնական ձգտումը միշտ եղել է մեր ժողովրդի երազանքը։ Այս ամենը լավագույնս կարող է ապահովել սոցիալիստական հասարակարգը։

Խորհրդային սոցիալիզմի մասին դեռ երկար կփորձեն խոսել ու վիճաբանել։ Բայց նույնիսկ թերություններով ու բացթողումներով հանդերձ, մեծ և անվիճելի է նրա համաշխարհային պատմական դերը աշխատավորության սոցիալական խնդիրների պաշտպանության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման բնագավառներում։ Սոցիալիզմը նշանակալիորեն ազդել է կապիտալիստական պետությունների վրա՝ նրանց մոտ զարգացնելով առավել հումանիստական հասարակական հարաբերություններ։ Դրա վկայությունն են, թերևս, այսօրվա Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի սահմանադրությունները, որոնք ամրագրել են դասական կապիտալիզմից համակարգային փոփոխություններ դեպի սոցիալ-դեմոկրատիա։ Եվ պատահական չէր, որ Արևմուտքում ծնվեց կապիտալիզմի և սոցիալիզմի համադրման՝ կոնվենգերցիայի տեսությունը՝ որպես ինդուստրիալ հասարակության տարատեսակ։ Կոնվերգենցիան, ըստ էության, շուկայական հարաբերությունների և տնտեսության պլանավորման ու պետական կարգավորման համադրումն է։ Դեռևս անցյալ դարի 20-ական թթ․ ԽՍՀՄ-ում ներդրվեց ՆԷՊ քաղաքականությունը, իսկ դրանից 10 տարի անց ԱՄՆ նախագահ Ֆ․ Ռուզվելտի «Նոր կուրսի» քաղաքականությունը։

Եթե ՆԷՊ-ը որոշակի շուկայական գործառույթների թույլատրում էր նշանակում, ապա «Նոր կուրսը» տնտեսության մեջ պետական կարգավորում էր՝ հօգուտ սոցիալիզմի։ Այնպես որ, շուկայի և պլանավորման համադրումը սկիզբ է առել ԽՍՀՄ-ի ձևավորման առաջին տարիներից և ներկայումս կիրառվում է եվրոպական զարգացած երկրներում։

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Քեյնսը, ում առաջարկությամբ ընդունվեց «Նոր կուրսի» քաղաքականությունը, գտնում էր, որ շուկայական տնտեսություններն ինքնակարգավորման մեխանիզմներ չունեն, այդ պատճառով էլ դրանց բնորոշ են ճգնաժամերն ու լճացումները։ Միայն անցյալ դարում Արևմուտքում եղան 6 մեծ ու փոքր ճգնաժամեր։ Մենք ականատես եղանք 2009 թ․ համաշխարհային ճգնաժամի իրողությանը և դրա հետևանքներին Հայաստանում (տնտեսության անկումը գերազանցեց 14%-ը)։

Շուկան, ըստ էության, չեզոք տնտեսական մեխանիզմ չէ, այն տնտեսական և հասարակական հարաբերությունների համակարգ է, որը հիմնված է անհաշտ մրցակցության վրա, դա ծնում է անհավասարություն և մարդկանց շերտավորում, հասարակության մի կողմում առաջանում են ունեզուրկ մարդիկ, մյուս կողմում՝ արտադրության միջոցներին տիրապետողներ, նրանց արտադրահասարակական հարաբերությունները հիմնված են մարդկանց շահագործման վրա, փողի ֆետիշացումն ու սպառողական հոգեբանությունը դառնում են կյանքի նորմեր։ Մեզանում սոցիալիզմի հակառակորդները հաճախ են կրկնում Արևմուտքի ձեռքբերումները արտադրության արդյունավետության, սպառողական ապրանքների բարձր որակի և այլնի մասին, մոռանալով ԽՍՀՄ-ի լրջագույն ձեռքբերումները սոցիալական ոլորտում, գիտության և տեխնիկայի բնագավառում։ Իրոք, մի կողմից երկիրը կարող էր տիեզերական արբանյակ իջեցնել Լուսնի վրա, բայց չէր կարողանում լավ մարդատար ավտոմեքենաներ արտադրել։ ԽՍՀՄ գիտնականները Նոբելյան մրցանակներ էին ստանում ֆիզիկայի, քիմիայի բնագավառում ձեռքբերած հաջողությունների համար, իսկ բարձր որակի կենցաղային ապրանքներ (սառնարաններ, հեռուստացույցեր, լվացքի մեքենաներ և այլն) չէին արտադրում։ Մի՞թե դա համակարգի թերությունն էր, բնավ՝ ոչ։ Սպառազինությունների մրցավազքը, սոցիալիզմի համաշխարհային համակարգի պահպանման և համագործակցության վրա կատարվող ծախսերը, Արևմուտքի տնտեսական սահմանափակումները (Ջեկսոն-Վենիկի և այլն), սառը պատերազմը, որը ծնունդ առավ 1946 թ․ Չերչիլի հայտնի ֆուլտոնյան ճառով, գաղափարախոսության պայքարը, որի համար, ըստ ամերիկացի հրապարակախոս Մայքլ Դևիդսոնի գնահատման, 40 տարում ծախսվեցին միլիարդավոր դոլարներ, իրենց ազդեցությունն ունեցան ԽՍՀՄ ժողովուրդների մեջ որոշակի թերարժեքության բարդույթ առաջացնելու համար։ Իսկ դրա հաղթահարման համար անհրաժեշտ էր մարդուն տալ տնտեսական ազատություն՝ նախասիրած գործով զբաղվելու համար, դեպի Արևմուտքի երկրներ մարդկանց ազատ տեղաշարժվելու համար սահմանները բացել և մտցնել բազմակուսակցականության համակարգ, ինչպես առաջարկում էր Մասլյուկովը։

Ասում են՝ որքան հեռանում ես, այնքան մոտենում ես, իսկ հոլանդացի մեծ փիլիսոփա Սպինոզան գրել է․ «Պետք չէ լաց լինել, ոչ էլ ծիծաղել, պետք է հասկանալ»։ Այո, պետք է հասկանալ և գնահատել իրավիճակը, ելքեր փնտրել այս վիճակից դուրս գալու համար։

Ո՞րն է ելքը։ Ելքը առաջ շարժվելն է, ապագայի համար ներկայում կամուրջներ նախապատրաստելը, հանրային կյանքում բարեփոխումներ իրականացնելը, ժողովրդական տնտեության վերականգնումը՝ օգտագործելով ԵՏՄ ընձեռած հնարավորությունները, լայնորեն կիրառելով պետություն-մասնավոր սեկտոր գործընկերությունը։ Մենք պայքարելու ենք հանրային կյանքում առաջադիմական, նորացված սոցիալիզմի գաղափարների կենսագործման համար։ Դա հումանիզմի, ազատության, արդարության, համերաշխության նորմերի արմատավորումն է հասարակության կյանքում, որը պետք է իրականացվի սոցիալապես ուղղորդված պետական կարգավորմամբ տնտեսություն վարելով, ռազմավարական նշանակության օբյեկտները պետական հատվածում պահպանելով, դրանց արդյունավետ օգտագործման միջոցով տնտեսության մեջ սեփականության տարբեր ձևերի ընդգրկումով, բազմակարծություն հաստատելով։ Այս ամենն իրականացնելիս պետք է ներառել խորհրդային սոցիալիզմի հանրային ընկալման ձեռքբերումները՝ գիտության, կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և այլ բնագավառներում։ Սրանք լավագույնս կարող են կյանքի կոչել ժողովրդական դեմոկրատիայի եռամիասնությունը կազմող հետևյալ հիմնադրույթները՝

քաղաքական դեմոկրատիան, որն ապահովելու է աշխարհընկալման ազատությունը, բազմակուսակցականությունը, ժողովրդաիշխանությունը, ինքնակառավարումը, իշխանությունների տարանջատումը և այլն․

տնտեսական դեմոկրատիան, որն ապահովելու է սեփականության տարբեր ձևերի ազատությունը, առանց հանրային շահի վնասման տնտեսական գործունեության ազատությունը, պետության կողմից տնտեսական գերակա ուղղությունների կառավարման և կարգավորման գործառույթների ապահովումը, մարդու արժանապատվությունը բարձրացնող աշխատանքի վարձատրությունը․

սոցիալական դեմոկրատիան, որն ապահովելու է մարդու երաշխավորված սոցիալական պաշտպանվածությունը՝ աշխատանքի իրավունքի, անվճար կրթության, բուժման, բնակարան ստանալու, մայրության և մանկության պաշտպանության և այլն։

Մեր ժողովուրդն իր էությամբ սոցիալիստ է, նրա մեջ խորապես արմատավորված են համամարդկային արժեքների սոցիալական ընկալումները։ Հանրության մեջ վաղուց հասունացել է միավորող գաղափարի շուրջ համախմբվելու ցանկությունը, մեր կարծիքով, դա կարող է լինել Առաջադիմական նորացված սոցիալիզմը։

Վազգեն Սաֆարյան

Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ

 

Երկար մտորումներից, վախվորած կասկածներից հետո համարձակություն ունեցանք ստեղծելու այս կայքը։ Կայքի, նույնն է, թե մեր առջև մեծ խնդիր ենք դրել իրականացնելու մի շարք նպատակներ, որոնք, կարծում ենք, յուրաքանչյուր մարդու համար ընդունելի է։ Շատ չի անցել այն ժամանակից, երբ մենք ապրում էինք կոմունիստական, սոցիալիստական գաղափարախոսության պետական կառավարման համակարգում։ Շատերս հիշում և համեմատում ենք նախկինն ու ներկան, և մեզանից շատերը առավել դրական են գնահատում սոցիալիստական համակարգը։ Այդ գնահատականների գերակշռությունն էլ պատճառ դարձավ, որ մեր աշխատանքի հիմքում դնենք կոմունիստական կամ, ինչպես բազմաթիվ կուսակցականներ նույնացնում են՝ սոցիալիստական գաղափարախոսության զարգացման խնդիրը։

Այսօր մեր երիտասարդները զարգացման բարձր աստիճանի են հասել շնորհիվ տեղեկտվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների, տեխնիկայի կայծակնային առաջընթացի, սակայն նրանցից շատերը հնարավորություն չունեն նորանոր հաջողությունների հասնելու՝ տիրող անհավասարության, մարդկային հասարակության անարդար շերտավորման պատճառով։ Շատերի առաջ շատ դռներ են փակվում, հուսահատությունը մեր ազնիվ երիտասարդներին թևաթափ է անում։ Այդ իսկ պատճառով մեր առջև խնդիր ենք դրել հատկապես երիտասարդության համար հետաքրքիր դարձնել մեր կայքը, որտեղ նրանք կծանոթանան նաև կոմունիստական գաղափարախոսությանը։ Մենք աշխատելու ենք բացահայտել կապիտալիզմի անարդարացի և բացասական կողմերը։

Այսօր Հայաստանում գործում են Կոմունիստական և Առաջադիմական կոմունիստական կուսակցությունները, որոնց ծավալած գործունեությանը ծանոթ չէ մեր հանրությունը։ Մենք ջանալու ենք հանրությանն իրազեկել այդ երկու կուսակցություններում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Շատ ենք կարևորում տեղի ունեցող միջազգային, ազգային խնդիրների և անցուդարձերի վերաբերյալ սոցիալիստական գաղափարախոսության տեսանկյունից վերլուծությունները, ինչը նպատակադրել ենք իրականացնել ամենայն լրջությամբ։ Հաջողության հասնելու համար համախմբելու ենք Հայաստանի և սփյուռքի մեր գաղափարակից համակիրներին։ Մեր տեսակետները վերաբերվելու են բոլոր իրադարձություններին․ և՛ հրատապ ազգային, և՛ միջազգային կյանքի իրական պատկերն ենք ջանալու ներկայացնել, հատկապես մեծ տեղ ենք տալու աշխարհի սոցիալիստական գաղափարախոսների վերլուծություններին ու տեսակետներին, սակայն չենք պարտադրելու դրանք, այլ սիրով քննարկման ու բանավեճերի առիթ ենք ընձեռելու նաև ընթերցողների համար։

Ընթերցողների դատին ենք հանձնելու հետաքրքիր պատմական գրքեր, որոնք լուսաբանելու են մեր պատմության խառնակ ժամանակների մութ և դեռ չլուսաբանված շատ էջերը։

Հայաստանի ներքին իրադարձությունները քննարկելու ենք մեր տեսանկյունից և երկխոսության հիմքեր ենք ստեղծելու այլ մոտեցումների համար։

Մեր առջև նպատակ ենք դրել նաև ներկայացնելու երեց կումունիստներին, որոնք իրենց կյանքն են նվիրել կոմունիստական գաղափարախոսությանը և հեռու են մնացել օպորտունիստական մոտեցումներից, գերադասել են հասարակության շահերն անձնական շահերից։

 
ՍՈՑԻԱԼԻԶՄ.AM կայքի խմբագիր՝
Փառանձեմ Շահբազյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ