Բոբ Ավագյան

27 Հունվարի 2016

Ամերիկահայ քաղաքական գործիչ, սոցիալիստ, մաոիստական գաղափարախոսության հետևորդ, ԱՄՆ հեղափոխական կոմունիստական կուսակցության նախագահ Բոբ Ավագյանը (Ռոբերտ Բրյուս Ավագյան) ծնվել է 1943 թ․ մարտի 7-ին Վաշինգտոնում, մեծացել է Բերկլիում միջին խավին պատկանող ընտանիքում: Նրա հայրը՝ Սպերջեն Ավագյանը փաստաբան էր, իրավապաշտպան և դատավոր: Բոբի տատիկն ու պապիկը 1915 թ․ Արևմտյան Հայաստանում իրականացվող Հայոց ցեղասպանությունից մազապուրծ գաղթել էին Ամերիկա և բնակություն հաստատել Ֆրեզնո քաղաքում, այնտեղ էլ հանդիպել ու ամուսնացել էին, երեք զավակ ունեցել։ Նրանք զբաղվում էին հողագործությամբ:

Բոբ Ավագյանի մեծ հորեղբայրը մեկ տարի սովորում է Սթենֆորդի համալսարանում, սակայն ընտանեկան նյութական վատ վիճակի պատճառով կիսատ է թողնում ուսումը, զբաղվում է ավտովերանորոգման աշխատանքներով, շուտով խանութ է բացում:

Նրա փոքր հորեղբայրը՝ Արբին նույնպես հողագործ էր, նաև խանութների մաքրման աշխատանքներ էր կատարում:  

1961 թվականին Ավագյանն ընդունվում է Բերլկիի համալսարան, որտեղ մտադիր էր ստանալ ակադեմիական կրթություն։ Ուսման ընթացքում մասնակցում էր մտավորականների քննարկումներին, անդրադառնում էր երկրում տիրող անհանդուրժողականությանը: Նա դարձավ ազատ խոսքի և ուսանողական շարժումների ակտիվ մասնակից: Ժամանակի ընթացքում կապի մեջ է մտնում հակապատերազմական շարժման հետ և պաշտպանում է սևամորթների ու կանանց ազատության գաղափարը: Այդպես նրա մոտ ծնվում են հեղափոխական հակումներ:

1967 թվականին Ավագյանը տեղափոխվում է Ռիչմոնդ քաղաք, որն աչքի էր ընկնում աղքատության ամենաբարձր մակարդակով: Այնտեղ հավաքագրում և ստեղծում է բանվորական կոլեկտիվ, որդեգրելով արմատական պրոլետարական քաղաղաքականություն: Նա իր ընկերների հետ սկսում է ավելի խորն ուսումնասիրել մարքսիզմը և Մաո Ցզեդունի աշխատությունները, ԱՄՆ-ում հեղափոխություն իրականացնելու հարցը: Այդպիսով հող է նախապատրաստվում Ամերիկայի հեղափոխական կոմունիստական կուսակցության հիմնադրման համար:

Նրանց հայեցակարգում նշվում էր, որ տարբեր կազմակերպությունների հիմքում պետք է լինի գաղափարախոսական ու քաղաքական միասնականությունը: Ավագյանը ցանկանում էր ստեղծել այնպիսի հասարակարգի մոդել, որտեղ վերջ կտրվի բոլոր անհավասարություններին ու ճնշումներին: Ուսումնասիրությունները շարունակելու ու հասարակական հետաքննությունների և հաճախ գաղափարական բանավեճերի միջոցով Ավագյանը հանգեց այն եզրակացության, որ մարքսիզմն է այն տեսական շրջանակը, որը գիտականորեն վերլուծում և հասկանում է աշխարհը և այն միջոցները, որոնցով հնարավոր կլինի իրականացնել արմատական փոփոխություն:

1968 թ․ սկսած Բոբ Ավագյանը Բերկլիում մասնակցում է նոր ձախերի «Ուսանողները ժողովրդավարական հասարակության համար» կազմակերպության և «Սև հովազներ» կուսակցության գործունեությանը։ 1969 թ․ մասնակցում է Օքլենդում տեղի ունեցող «Սև հովազներ» կուսակցության համաժողովին։

Նույն տարում «Ուսանողները ժողովրդավարական հասարակության համար» կազմակերպությունը մասնատվում է երեք խմբի։ Ավագյանը դառնում է դրանցից մեկի՝ Հեղափոխական երիտասարդական շարժման ազգային քարտուղարի թեկնածուներից և առաջատար անդամներից մեկը։ Քարտուղարի ընտրություններին Ավագյանն իր տեղը զիջում է Մարկ Ռադիին և ընտրվում է Ազգային ժամանակավոր կոմիտեում։

1970-ականների սկզբին Ավագյանին ձերբակալում են ցույցի ժամանակ ամերիկյան դրոշը պղծելու համար։ 1979 թ․ բողոքի ցույց է կազմակերպվում ընդդեմ Ջիմի Քարտերի և Դեն Սյաոպինի հանդիպման։ Այդ ժամանակ նա մեղադրվում է ոստիկանության աշխատակցի վրա հարձակում գործելու մեջ։ Երբ նրա ձերբակալման հրամանագիրը տրվում է, Ավագյանը փախչում է Ֆրանսիա։ Նրա դեմ հարուցված մեղադրանքը հանվում է մի քանի տարի անց։

1975 թվականին կազմավորվում է Ամերիկայի կոմունիստական հեղափոխական կուսակցությունը։ Բոբ Ավագյանը ԱՄՆ-ի Հեղափոխական կոմունիստական կուսակցության գլխավոր կոմիտեի նախագահ է ընտրվել 1979 թ․-ից։

1980 թ․ Ավագյանը ելույթ է ունենում Օքլենդի կենտրոնում հավաքված 200 ցուցարարների առջև։

2000 թ․ ելույթներ է ունենում ամբողջ երկրում, իսկ 2005 թ․ հրապարակվում է նրա կենսագրությունը։

Ավագյանն ունի մի շարք աշխատություններ։ Նա իր հուշերում գրում է, որ սևամորթ դասընկերների հետ շփվելով, նկատում էր նրանց մեջ պայքարի ոգին ռասիզմի ու խտրականության դեմ, ինչն էլ նրանց խոսակցությունների և մտահոգությունների հիմնական թեման է դառնում։

Նա իր բազմաթիվ հոդվածներում, որոնք հրապարակվել են «Հեղափոխության տեսություն» և այլ հանդեսներում, իր մոտեցումներն էր արտահայտում այն հարցերի շուրջ, որոնք գոյություն ունեն կոմունիստական շարժման մեջ։

Նրա հոդվածները թարգմանվել են տարբեր լեզուներով:    

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ