Հասարակական ակտիվիստի ուղեցույց

23 Հունվարի 2016

ԱՄՆ-ում 2011 թ․ արդարություն հաստատելու հասարակական ակտիվություն էր սկսվել, որն այսօր էլ, կարծես, զարգացման ընթացքում է: Ժողովրդի մոբիլիզացում է սկսվում, քանի որ բնապահպանական, սևամորթների հանդեպ վերաբերմունքի, նվազագույնը 15 դոլար աշխատավարձի և այլ տնտեսական ու հասարակական հարցերի լուծման համար պայքարի անհրաժեշտություն է նկատվում: Սակայն անհրաժեշտ է նաև պայքարի ձևերի, մեթոդների, դրանց ընտրության համար տարվող աշխատանքների ճիշտ ընտրություն և ճիշտ ծրագրեր ունենալ։ Դրանց անհրաժեշտությունն զգացվում է նաև Հայաստանում, որտեղ բազում են լուծման կարոտ հարցերը:

Հասարակական հարցերի լուծման ջատագով ակտիվիստներին պայքարը կազմակերպելու հարցում օգնելու համար ամերիկացի գրող Ռենդի Շաուվը մի ուղեցույց է հրատարակել: Առաջին հրատարակությունն անդրադառնում է 90-ական թվականների իրադարձություններին, իսկ երկրորդ հրատարակությունը վերաբերվում է կյանքի պահանջների առաջադրած նոր մարտավարություններին, ռազմավարություններին և ժողովրդական քարոզարշավներին:

Շաուվը քննարկում է կարևորագույն մի հարց՝ արդյոք հասարակական ակտիվիստներն իրենց անցյալի անհաջողություններից դասեր քաղել են, թե ոչ: Այս հարցը պիտի հուզի նաև մեր հասարակական ակտիվիստներին, ովքեր վերջին տարիներին, որոշ նախաձեռնություններ են ունեցել տարբեր հարցերի շուրջ, արդյոք նրանք վերլուծության ենթարկել են իրենց գործունեությունը: Եթե այո, ապա դրանք պետք է դարձնեն հասարակության սեփականությունը, հատկապես նոր սերնդի ակտիվիստների սեփականությունը:

Գրքի հեղինակը պարզ հիմունքներով է հարցերին մոտենում, օրինակ՝ ասում է, որ երկրում հասարակական փոփոխությունների կարիք կա, իսկ փոփոխությունները միշտ սկսվում են հասարակական ակտիվիստների պայքարով, այլ ոչ թե քաղաքագետներով, և այդ ակտիվիստները պետք է այնպես իրենց աշխատանքները կատարեն, որ նախաձեռնություններով հանդես գան ու նոր ուղիներ ցույց տան: Ակտիվիստները պետք է գործնական օրակարգեր մշակեն ու իրենց հնարավորությունները դրանցով համակարգեն: Նրանք պետք է խուսափեն որևէ կռվից կամ բախումից, որ թշնամին է նրանց համար նախատեսում: Հեղինակն այդ գրքում անդրադառնում է որոշ օրինակների:

Բնապահպանության խնդիրներն այն հարցերն են, որոնց վրա հնարավոր է կենտրոնանալ ու հակազդեցություն ցույց տալ: Մյուս հարցերում նույնպես պետք է ակտիվություն ցուցաբերել, օրինակ՝ ընտրությունների ընթացքում, լրատվության բնագավառում ու ինտերնետային հասարակական ցանցերում, ուսանողական շարժումներին նոր շունչ հաղորդելով և այլն: Այդ բոլոր գործողությունները պետք է նպաստեն այն բանին, որ քաղաքական ուժը կենտրոնանա զանգվածների ու ժողովրդական կազմակերպությունների ձեռքում:

Ռենդի Շաուվն անդրադառնում է ևս մեկ կարևորագույն հարցի․երբ կազմակերպված ես, ինչպես կարող ես հասնել նպատակներիդ:  

Հեղինակը տեղական քաղաքագետների հետ բանակցությունների, իր փորձառությունների մասին է խոսում և կարևորում է տեղական քաղաքագետների, ինչպես նաև իրավաբանների հետ աշխատելը: Այս ամենի հետ միասին չպետք է մոռանալ, որ զանգվածային լրատվամիջոցների քարոզարշավը պետք է զուգակցի քաղաքական, հասարակական շարժումներին:

Գիրքը հրատարակվել է 2013 թվականին, Կալիֆոռնիայի համալսարանի հրատարակչությունում:

 

Պատրաստեց Ադրինե Ալեքսանյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ