Սոցիալիստական տնտեսություն և դեմոկրատական քաղաքականություն՝ սա է Հայաստանի փրկության միակ ուղին

30 Դեկտեմբերի 2015

Պատրաստ ենք, արդյոք, ընդունելու, որ մեծ տերությունների շահերը մշտապես իշխեն Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգերում: Մենք ուզում ենք, ադյոք, որ մեր և ապագա սերունդը բաժանվի երկու մասի՝ փոքրամասնության, ովքեր երկրի ամբողջ հարստությունը և ուժն իրենց ձեռքում են պահում, և ժողովրդական մեծամասնության, որը կամ ոչինչ չունի, կամ շատ քիչ բան ունի: Ուզում ենք, արդյոք, գործազրկության, անհավասարության, բնակարան ունենալու իրավունքի, անվճար կրթության, բնապահպանության, երկրի անվտանգության ու մի շարք այլ կենսական հարցերի լուծումը հանձնել Հայաստանում մեծ կապիտալ ունեցող մարդկանց, նրանց իշխանությանն ու նրանց մեծ ընկերություններին, որոնց առաջնահերթ խնդիրը իրենց կապիտալն ու իրենց նյութական շահն է: Ոզում ենք, արդյոք,  Հայաստանում խորհրդային գիտական տնտեսական համակարգից հետո իշխանության եկած գռեհիկ կապիտալիզմը շարունակի իր իշխանավարումը կյանքի բոլոր ասպարեզներում:

Վերոհիշյալ հարցերի կապակցությամբ մեծահարուստները կպատասխանեն՝ այո, ուզում ենք, այսինքն՝ նրանք ցանկանում են ազատ կամ անկախ մթնոլորտում շարունակել իրենց կապիտալի կուտակումը, որն անվերջ է, անսահման:

Իսկ ժողովրդի մեծամասնությունը՝ բնակչության ավելի քան 90 տոկոսն արդեն տարբեր ձևերով ասել է «ՈՉ»: Սակայն չգիտի, թե ինչպես կարելի է ձերբազատվել այդ մեծահարուստներից ու կապիտալիստներից: Խեղճ ժողովրդին խաբում են գեղեցիկ ազգային լոզունգներով, որը երբեք նրանց համար հաց ու ջուր չի դարձել, ընդամենը գործիք է եղել մեծահարուստների ու մեծ կապիտալիստների ձեռքում՝ ժողովրդին խաբելու համար:

Մեծահարուստների համակարգը պետք է փոխարինել ժողովրդական տնտեսական համակարգով, որի առկայությամբ առաջնահերթ է պաշտպանել աշխատավոր ժողովրդի շահերը։ Այդպիսի համակարգը աշխարհում ավելի քան 100 տարի գոյություն ունի, դա սոցիալիստական տնտեսական համակարգն է: Այո, մենք ընդունում ենք, որ սոցիալիստական համակարգի քաղաքական կողմը թույլ է տվել որոշակի սխալներ, որոնք բխել են համաշխարհային իրավակարգերից ու որոշ անհատների անզուսպ կամայականությունից, սակայն դրանց կողքին տեսել ենք նաև այնպիսի ձեռքբերումներ, որոնց առկայությամբ  հասարակ ժողովուրդն ապրել է ապահով: Հիմա դաս քաղելով անցյալից, ցանկանում ենք, որ մեր երկրում հաստատվի իսկական դեմոկրատիա և սոցիալիստական տնտեսական համակարգ: Սա է միայն մեր ժողովրդի փրկության ելքը, ուրիշ ելք չկա:  

Պետք է ծրագրեր մշակել՝ բնական ու մարդկային ռեսուրսները ճիշտ օգտագործելու, ժողովրդի բարօրության ու կենսամակարդակը բարձրացնելու նպատակով: Պետք է այնպիսի տեխնոլոգիաներ ստեղծել, որոնք մեր հայրենիքի բնությանը չվնասեն: Երկրի հարստությունը և արդյունաբերությունից ստացած եկամուտները պետք է բաժանել արտադրողների միջև և ապահովել ժողովրդի պահանջները, պետք է ղեկավարման ուժը գտնվի ժողովրդի և նրանց այն ներկայացուցիչների ձեռքում, որոնց գաղափարախոսությունը համընկնում է ժողովրդական շահերի հետ և ոչ թե կուսակցական, խմբային կամ հատուկ հատվածների շահերի հետ: Երկրի կապիտալը պետք է առաջին հերթին օգտագործվի արդյունաբերական հիմնարկների ստեղծման համար, որպեսզի ստեղծվեն աշխատատեղեր ու երկիրը հարստանա: Վերջապես, պետք է գիտակցենք կապիտալիստական ու սոցիալիստական տնտեսական համակարգերի տարբերությունը և պետք է որոշենք, թե ո՞ր համակարգն ենք ընտրում մեր երկրի համար:  

Մեր ներկա ղեկավարությունը խելոք կլինի, եթե կարողանա օգտագործել Սովետական Հայաստանի տնտեսական ու ժողովրդական համակարգի փորձը: Մեր երկրում 70 տարվա փորձ գոյություն ունի և դրա անտեսումը խելագարություն է, կամ հակասովետական հիստերիայից դեռևս ձերբազատված չլինելու արդյունք, որը վնասում է և՛ իրենց, և՛ ժողովրդին:  

Պետք է ուժ գտնենք մեր մեջ և օգտագործենք սոցիալիստական ուղի ունեցող կուսակցությունների տնտեսական ծրագրերը, հատկապես Հայաստանի երկու կոմունիստական կուսակցությունների ծրագրերը, որոնք ստեղծվել են ժողովրդի շահերը հաշվի առնելով։ Ընդդիմադիր կամ իշխանամերձ որևէ կուսակցություն նման ծրագիր չունի ու դժվար ունենա, որովհետև նրանք կապիտալիստական համակարգը համակրող կուսակցություններ են:

Հայաստանի ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու և փրկության միակ ուղին սոցիալիստական տնտեսական համակարգն է: Այն կուսակցությունները, որոնք իրոք մտածում են ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու և երկրում ապահով կյանք արմատավորելու մասին, պետք է փոխեն իրենց տնտեսական ծրագրերը՝ ստեղծեն տնտեսության սոցիալիստական ու քաղաքականության դեմոկրատական համակարգ։:  

 

Արտաշես Մելիքյան

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ