Համակարգը մեզ պարտադրում է մտածողություն

10 Դեկտեմբերի 2015

2012 թվականին Ֆրանսիայի աջակողմյան «Ֆիգարո» թերթը վիճակագրություն էր կատարել, ըստ որի ֆրանսիացիների 83 տոկոսն այն կարծիքին էր, որ քաղաքական պատասխանատուներն անուշադիր են իրենց սպասելիքների նկատմամբ, նրանց մեծամասնությունը պահանջում է, որ կապիտալիստական համակարգում արմատական, խորքային բարեփոխումներ կատարվեն: Այս վիճակագրությունը կարևոր է վերլուծությունների համար, որովհետև ցույց է տալիս, որ ժողովրդի անվստահությունը քաղաքական ուժերի հանդեպ անհամեմատ մեծացել է, քան անցյալում էր:

Ժողովրդի 60 տոկոսը դեմոկրատիայից դժգոհ է, մինչդեռ 2009 թվականին 40 տոկոսն էր այդպիսի դժգոհություն հայտնում: Այս տեսակետների հրապարակումը կասկածի է ենթարկում կապիտալիստական համակարգի օրինականությունը:  

Ֆրանսիայի որոշ կուսակցություններ, այդ դժգոհությունները նկատի առնելով, իրենց կուսակցական ծրագրերում խորը և դեմոկրատական փոփոխություններ են առաջարկում՝ ուժային հիմնարկների համար: Սակայն տեղի ունեցող բոլոր  ընտրություններում տեսնում ենք, որ հանրային կարծիքը հաշվի չի առնվում, և  ժողովրդի քվեները չեն տրվում հիմնական փոփոխություններ առաջարկող կուսակցություններին: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Ինչու է դիմադրություն ցուցաբերում ժողովուրդը  տնտեսական ու քաղաքական համակարգում փոփոխություններ կատարելու հարցում: Պատասխանը գտնելու համար պետք է ուշադիր վերլուծենք կապիտալիստական համակարգը:

Այդ համակարգը ոչ միայն մեր աշխատանքային, քաղաքական, հասարակական կյանքի վրա է իշխում, այլ նաև լրատվամիջոցներով ու հեռուստատեսությամբ իշխում է մեր անձնական կյանքի վրա: Պատմության մեջ առաջին անգամ կապիտալիստական համակարգում է, որ մարդն ամենաքիչ անկախությունն ունի և, մի խմբի կամ միավորի շահերից ելնելով, անընդհատ ճնշումների է ենթարկվում: Այդ շահագրգիռ խմբերն են, որ բոլոր հարցերը համադրում են:      

Յուրաքանչյուր համակարգ իր գոյությունը պահպանելու և շարունակելու համար ունենում է մեկ նպատակ: Այդ համակարգն օգտվում է իր բոլոր հնարավորություններից, որպեսզի ժողովրդին համոզի, որ իր համար այլընտրանք գոյություն չունի: Մարդկանց մեկուսացնելով՝ ձգտում է պարտադրել իր կամքը: Այս երևույթը պարզորեն կարելի է տեսնել կապիտալիստական համակարգի լրատվամիջոցների ու հեռուստատեսային յուրաքանչյուր ծրագրում:

Նրանք պրոպագանդում են, որ լավ կյանք միայն կարելի է ապահովել մրցակցային արժեքների տարածմամբ և իշխելու եղանակով: Հավասարությունը, հատկապես տնտեսական հավասարությունը միայն ուտոպիա է ու անհասանելի:  

Մեր նոր սերնդին, որը սոցիալիստական հարաբերական տնտեսական հավասարություն չի տեսել, հեշտ է խաբել ու ստիպել, որ նեոլիբերալական համակարգի շրջանակներում մտածի, սակայն այն սերունդը, որը տեսել է Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանը, տնտեսական հավասարությունը ուտոպիա չի կարող թվալ, և նրանք դիմադրում են այդ նեոլիբերալական պրոպագանդային:

Մեր պարտականությունն է թույլ չտալ, որ մեր մատաղ սերնդի քաղաքական անտեղյակությունից օգտվելով՝ պարտադրեն իրենց կամքը, մտածողությունը, ինչը կարգելի նրանց  համակարգում հիմնական փոփոխությունների պահանջներ ներկայացնել:  

Այդուհանդերձ միշտ էլ բոլոր հասարակություններում գտնվում են առաջնորդներ ու կուսակցություններ, որոնք պայքարում են համակարգային փոփոխությունների ու հավասարության համար: Նրանք էլ գտնում են ելքեր ուժային քաղաքականության դեմ պայքարելու համար: Ժողովուրդը գնալով  ավելի գիտակից է դառնում և զարգանում է: Գիտակցությունը և հասկացողությունը օգնում են, որպեսզի հստակ պատկերացում կազմեն իրականության մասին: Մտավորականները գիտակցելով իրականությունը՝ միանում են ըմբոստ քաղաքացիներին, ինչն էլ նպաստում է համակարգային  փոփոխություններին:

Պետք է զգուշանալ այն բանից, որ կապիտալիստական համակարգում ժողովրդական բողոքները՝ տնտեսական կամ քաղաքական հարցերի շուրջ, միշտ օգտագործվում են հանուն որոշ անձանց կամ խմբերի շահերի: Պետք չէ կապիտալիստական համակարգի ներուժը թերագնահատել, այլ հարկավոր է երկարատև ծրագրեր մշակել ու լավ կազմակերպել ամեն ինչ:   

Ժողովրդական բողոքներն ազդում են հասարակական կարծիքի վրա, և կարծիքների ձևավորման ժամանակ պետք է անպայման արծարծվեն համակարգային փոփոխություններ առաջարկողների տեսակետները: Իհարկե, բողոքներից բացի, անընդհատ աշխատանքներ պետք է տարվեն հասարակության բոլոր խավերի հետ, հատկապես երիտասարդների շրջանում: Այսօրվա երիտասարդները լավ տիրապետում են տարբեր տեխնոլոգիաների և հաղորդակցության միջոցների, նրանք հաճախ արդարության կողմնակից են, իսկ սոցիալիստների պարտականությունն է նրանց գիտակցությանը հասցնել համակարգերի էությունը, հաղորդել, որ սոցիալիզմն ամենամարդկային ու տնտեսական նորմալ կյանքի մակարդակ ապահովող համակարգն է: Կապիտալիստական մեքենան օգտվում է իր բոլոր հնարավորություններից, որ երիտասարդները դա չհասկանան, քանի որ այն մեծ սպառնալիք է  իր համար:  

Հայաստանում ժողովրդի ավելի քան 80 տոկոսը դժգոհ է իշխանությունից և ուժային կենտրոններից, սակայն հարց է առաջանում, թե ինչու նրանք քվեարկության ժամանակ իրենց ձայները չեն տալիս այն ուժերին, որոնց ծրագրերի իրականացման դեպքում երկրում կապահովվի նորմալ կյանք: Ինչպես վերը նշվեց, որոշակի պատճառներով նրանք կրկին հայտնվում են կապիտալիստական համակարգը պրոպագանդող քաղաքական ուժերի ծուղակում։ Այդ պատճառներից են՝

1․որոշ քաղաքական ուժեր իրենց հայրենասիրական ու ազգայնամոլական լոզունգներով ու ծրագրերով շեղում են ժողովրդին,

 2․իշխանության բոլոր հնարավորություններն օգտագործվում են՝ ժողովրդին ցույց տալու համար, որ բացի իրենցից, այլընտրանք գոյություն չունի և օգտագործում են նեոլիբերալական հնարքներ,

 3․դժբախտաբար սոցիալիստական կուսակցությունները Հայաստանում չեն կարողանում իրենց լավ ներկայացնել, իրենց մոտեցումներն ու ծրագրերը հասցնել ժողովրդին,

 4․սոցիալիստական տնտեսական համակարգը համակրողների մի մասը լավ չի տիրապետում քաղաքականությանը և ժամանակակից ու զարգացած տնտեսական և  քաղաքական սոցիալիստական տեսությանը:

Բայց, բարեբախտարար աստիճանաբար նկատվում են փոփոխություններ այդ բնագավառում: Պետք է շփումները ժողովրդի հետ տարբեր ուղղություններով զարգացնել:  

 

Գայանե Համբարչյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ