Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը՝ նոր հասարակարգ կառուցելու համար

23 Նոյեմբերի 2015

Սկիզբը՝ 15․ 11․ 2015

Պետություն պահելու մշակույթը մեզանում չի ձևավորվել, սակայն երկիրը պահելու մշակույթը պատմականորեն յուրացրել ենք, այն խախտելը չափազանց վտանգավոր է։ Դարերի ընթացքում տարբեր կայսրությունների տիրապետության ու կամայականությունների պայմաններում կառչելով պատմական հողից, մեզ հաջողվել է դիմակայել ու հասել ենք 21-րդ դար։

Սեփական անկախ պետություն ունենք, մենք ենք մեր գլխի տերը, սակայն հեռանում ենք սեփական երկրից՝ առանց հետ նայելու։ Նշանակում է խաբուսիկ է եղել երկիր պահելու մշակույթը։ Այսօր պետք է գտնենք մեր պատմական հողի վրա հարատևելու և ընդլայնվելու կոդի բանալին և կառուցվածքային կերպարանափոխման ենթարկենք մեր հայրենակիցների կենսաշխարհը։

Ազգային գաղափարախոսությունը խստորեն սահմանափակում է իշխանությունների սխալվելու իրավունքի սահմանները։

Յուրաքանչյուրի սխալի համար չափազանց ծանր գին է վճարել մեր ժողովուրդը։ Այդպիսի սխալների հետևանքով կորցրել է շատ բան, չնայած փորձություններով անցած ժողովուրդը սխալվելու իրավունք չունի։ Այդ առումով շատ վտանգավոր են բոլոր փորձերը և փոփոխությունները պետության ներքին և արտաքին քաղաքականության մեջ, ժողովրդի ապագայի հետ կապված կասկածելի ծրագրերի, տարերքի, ստեղծարար գերազանցումից։ Բոլոր պարագաներում պետք է հիմք ընդունել պատմության և դարերի փորձը։ Ինչպիսի տնտեսական, արտաքին քաղաքականություն էլ իրականացնեն պետական այրերը, պետք է հիմքում ունենան ժողովրդի դարեր շարունակ ունեցած կողմնորոշումը։

Մեր պարագայում առաջին նախագահի կողմնորոշումը թուրքերի և Արևմուտքի հետ համագործակցելն էր, բայց ժողովրդի կողմնորոշմանը դա հակասում էր։

Հայ ժողովրդի ռուսական կողմնորոշումը նոր երևույթ չէ, դա ոչ թե կոմունիստների ստեղծածն է, այլ գալիս է դարերի խորքից, ավելի քան 300 տարի առաջ Անգեղակոթում հայ մելիքների ժողովի՝ դեպի Ռուսաստան գնալու որոշումից, Իսրայել Օրու և Պետրոս Առաջինի հանդիպումից ու հետագա համագործակցումից։

Մեր հանրապետության առաջին և երկրորդ նախագահների թույլ տված սխալները ճգրտեց երրորդ նախագահ Ս․Սարգսյանը՝ 2013 թ․ սեպտեմբերի 3-ին Հայաստանը ԵՏՄ-ը անդամակցելու որոշումն ընդունելով, իսկ 2015 թ․ Եվրասիական միության անդամ դառնալով։ Երկիրն առանց կարգավորման պետություն չի դառնում, նույնիսկ տոհմատիրական հասարակարգում, որը տեսականորեն համարում ենք նախնադարյան հասարակական տնտեսակարգ, ստեղծման պարզունակ հավատալիքներում տարերքի ստեղծարար կարողությունը չի վերագրվում երկնային արարչին, որը ինչ որ բան կանի՝ քաոսից վերափոխելու կառավարվող համակարգի։ Բայց անհնար է գտնել որևէ օրինակ, որ չկարգավորվող ու չկառավարվող շուկայական տարերքը երկիր է փրկել ու զարգացրել։ Հեռուն չգնալու համար բավական է հիշել մեր հանրապետության վիճակը։

Ոչ մի անհատ, ոչ մի խմբակցություն, ոչ մի կուսակցություն չպետք է իրավունք ունենա խաբվածությամբ արդարացնելու այնպիսի սխալներ, որոնք վտանգի տակ են դնում ամբողջ ժողովրդին։ Ազգային գաղափարախոսությունը հասարակական կյանքում կատարվող բոլոր գործընթացները գնահատում է ազգահավաքման տեսանկյունից, ազգային արժեքների, ազգային նկարագրի, ազգային բարոյականության, ազգային ոգու պահպանման տեսանկյունից։

Տնտեսության բնագավառում առաջնությունը տրվում է արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը, որոնք ավելի շատ աշխատատեղեր են ստեղծում և մեծաթիվ մարդկանց համար աշխատելու, ապրելու, հայրենիքում ստեղծագործելու հնարավորություն են ստեղծում, ու համաչափորեն զարգացում են ապրում տարածքային քաղաքները, իսկ գյուղական բնակավայրերն իրականացնում են բնապահպանական ծրագրեր։

Ազգային գաղափարախոսության տեսանկյունից պետք է արձանագրել, որ անընդունելի են մեր հանրապետությունում կատարվող տնտեսական վերափոխումները, որոնք զարգացման միտումներ չունեն։ Միջազգային արժութային հիմնադրամը (ՄԱՀ), որի անվան հապավումը հայերենով չարագուշակ է հնչում, պարզվում է, որ իսկապես մահվան մատնեց մեր տնտեսությունը։ Հայաստանի արդյունաբերության ծրագրված մահը նույնիսկ բարոյականորեն չթաքցրեցին, ասելով, որ Հայաստանը խոշոր գործարաններ չպետք է ունենա, այստեղ փոքր գործարաններ պետք է լինեն, միայն սպառման համար։ Ծրագրված փոշիացրին Հայաստանի արդյունաբերական հսկաներին, որպեսզի Եվրոպայի համար դառնա իր ապրանքները սպառելու շուկա։ Միայն թե մոռացան ասել, թե ինչքան բնակչություն պիտի ունենա Հայաստանը։ Այդպես վարվեցին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախացած բոլոր պետությունների նկատմամբ։ Պակասը լրացրեց Համաշխարհային բանկը, որ գումարներ հատկացրեց մեր հանրակրթական դպրոցները փակելու և իրար միացնելու, անապահով խավերին, ծերերին, հաշմանդամներին չնչին արտոնություններ տալուն զուգահեռ հանրապետությունում փակվեց դպրոցների մոտ 40 տոկոսը։ Միայն մայրաքաղաքում փակվեց 300 մանկապարտեզ, իսկ դրանց շենքերը չնչին գներով վաճառվեցին։ Այսօր մայրաքաղաքում մանկապարտեզի հասակի 70 հազ․ երեխա քաղաքապետարանում սպասում է հերթի։ Առանց հեռուն նայելու, դարձել ենք Եվրոպայի կամակատարը։

Ճշգրիտ գիտությունների դերը մեծ է մեր ազգային գաղափարախոսության համար, օգտագործել է պետք մեր ժողովրդի բնատուր ունակությունները գիտության բնագավառում, ինչը քիչ ժողովուրդների է տրված։ Այն օտարները չեն կարող զարգացնել, դրա զարգացման կենտրոնը միշտ էլ կմնա Հայաստանը, քանի որ գիտությունը, արվեստն ու մշակույթն է բնորոշում ազգի դեմքը և նրա տեղն աշխարհում։

Խորհրդային տարիներին Համբարձումյաններով, Սարյաններով, Խաչատրյաններով, Ալիխանյաններով, Սիսակյաններով, Քոչարյաններով, Օրբելի եղբայրներով և այլ հանրաճանաչ տաղանդավոր գործիչներով աշխարհը ճանաչեց Հայաստանը։ Տաղանդը նեղ ազգային երևույթ չէ, դա համաշխարհային արժեք է, դրա համար կրթությունը պետք է այնպես կազմակերպել, որպեսզի հանրապետության բոլոր խավերի ներկայացուցիչները հնարավորություն ունենան կրթվելու և զարգացնելու իրենց ընդունակությունները, այլապես անխուսափելի կլինեն ազգային կորուստները։

Ազգային գաղափարախոսությունը մերժում է դոգմատիզմը և մեխանիկական ընդօրինակումները, քանի որ չկա բոլորի համար միանշանակ ընդունելի ծրագրեր և ուղիներ։

Ազգային գաղափարախոսությունը օրհասական պահերին իշխանության ղեկավարներին առաջարկում է նվազագույն կորուստներով դուրս գալու ճանապարհը, կորուստների ուղին գտնելու կարողությունը և կորուստներից խուսափել պատասխանատվության պատրաստակամությամբ, ժողովրդավարության զարգացման ունակությամբ։

Ազգային գաղափարախոսությունը բխում է բոլոր նրանց շահերից, ովքեր ուզում են ապրել ու զարգանալ ոչ թե որպես անհատ՝ որտեղ էլ, որ լինի, այլ որպես ազգ՝ սեփական երկրում։

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ