Եկեք դեն նետենք թանձր մառախուղով շղարշված մեր ազգային պատմության վարագույրը

19 Նոյեմբերի 2015

Հայաստանի միակ օրիենթացիոնը՝ Ռուսաստանն է։ Հայաստանը կարող է ապրել միայն Ռուսաստանից կառչած, ուրիշ քաղաքական հենարան չունի նա։ Այս գիտակցությունն է, որ պետք է խորացնել ու ամրացնել հայ մարդու մտքի մեջ։

Հովհաննես Քաջազնունի, 1924 թ

Ազգային ժողովում քննարկվող Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների հարցը բավականին պարզեցրեց մեր քաղաքական դաշտը և հստակեցրեց, թե որ քաղաքական խմբավորումը ինչի է ընդունակ։ Ականատես եղանք պետական գաղտնիքների բացահայտման նոր աշխատանքային հարաբերությունների։ Խորհրդային տարիների հայ ժողովրդի ստեղծած ազգային արժեքները փոշիացնելու  «քավոր», միայն իրեն հայտնի վերլուծություններ կատարող նախկին վարչապետ Հ․ Բագրատյանը  քննադատում է իր պատգամավոր գործընկերոջը, որ ՀՅԴ-ը 1918-20 թթ․հանրապետությունից բան չի թողել, փլուզել ու կործանել է։

Հարց է առաջանում, իսկ ի՞նչ կար այդ նորաստեղծ, գրեթե տնտեսություն չունեցող, որբերի, փախստականների, բնակչության 30 տոկոս մալարիայով հիվանդների երկրում, որ փլուզեին ու կործանեին։ Մնացել էր միայն հայ գյուղացու ընտանիքի միակ հույսը՝ իր անասունը, այն էլ, Չարենցի նկարագրությամբ, հազիվ բավարարում էր խմբապետ Շավարշի մաուզերիստ ընկերներին, որոնցից յուրաքանչյուրը մի տիկ գինի էր խմում, ուտում էր մի ոչխար և հարբած թափառելով ու ժանգոտած մաուզերներով օդ կրակելով, զուռնայի նվագի տակ տրնգի պարելով կրկնում էր իրենց հորինած թևավոր խոսքը․ «Ստամբուլը պիտի դարձնենք արյան ծով», իսկ թուրքն էլ սրտատրոփ սպասում էր․․․

Հարգարժան պատգամավորներ, դուք մոռացել եք ձեր կյանքի պատմությունը, հարազատ անցյալը և իրական արժեքները։ Ինչպես լոռեցին է ասում․ «Անշուն գեղ եք մտել, անփետ ման եք գգալիս»։ Իմաստուն է ժողովուրդը, ասում է՝ քո աչքի գերանը թողած, ուրիշի մազն ես տեսնում։

Պարոն Հ․Բագրատյան, եթե պետական գույքի մասնավորեցման գործընթացը իրականացնելիս քեզ բաժին հասածը թողնենք մի կողմ, միայն 2 մլրդ դոլար արժողությամբ կոնյակի գործարանի  վաճառքից ստացածդ շահը տասն անգամ կգերազանցի 95 տարի առաջ վաղեմությունը կորցրած, Ս․Վրացյանի՝ երկրից հեռանալիս պետական գանձարանից հափշտակած գումարը։

Ոչինչ զարմանալի չէ, պրն Ա․Ռուստամյան, հիմա չեն վիրավորվում, այդպես է թելադրում կապիտալիստական երջանկաբեր հասարակարգի պարտադրած կեցությունը։ Եթե հնարավորություն ունենա պրն Բագրատյանը, Խավարի տիրակալի և արհեստավարժ տղերքի հետ կջնջեն ազգային հիշողությունը՝ իրենց արկածախնդրությունը ժողովրդավարական համարելու համար։ Խավարի տիրակալը ՀՅԴ որոշ գործիչների դատի տվեց, որը հայ ժողովրդի պատմության մեջ մնաց ՀՅԴ դատավարություն, որը դեռևս ավարտված չէ: Բայց ժամանակները փոխվեցին: Երկրորդ նախագահը լուրջ նախաձեռնություն հանդես բերեց և բանտից բոլորին ազատեց, նրանց մասնակից դարձրեց պետական ղեկավարման գործին: Բոլորին դարձրեց նախարար, իսկ Լևոն Մկրտչյանին կրկնակի անգամ, ով բազմաթիվ նորարարություններ և «շտկումներ» կատարեց ԳԿ նախարարության համակարգում, հանրակրթական դպրոցների ծրագրերում, պատմության դասագրքերում տեղ տալով պատմական բազմաթիվ դեպքերի աղավաղումների:

Ժամանակը պատռում է դիմակները, բայց վերջնականորեն չի ոչնչացնում, երևի դեռ չի եկել դրա ժամանակը, բայց պիտի գա, եթե մենք, հայերս չենք հրաժարվում արդար ու բարի աշխարհիկ բոլոր երազանքներից։

Հարգարժան ընկերներ Հ․Բագրատյան և Ա․Ռուստամյան, դաժան է ժամանակը, այն չի վերադառնում, նորից սկսելու և սխալները սրբագրելու հնարավորություն չի տալիս, կորցրած ժամանակը անդառնալի է նրանց համար, ովքեր բարեփոխումների տրամաբանությունը փոխարինում են ցանկալի պատրանքներով։ Եկեք դեն նետենք թանձր մառախուղով շղարշված մեր ազգային պատմության վարագույրը և միասին շրջայց կատարենք՝ հեռանալով պատմության խորքերը։

Պարոն Ռուստամյան, «Առավոտ» թերթին (04․11․2015) տված հարցազրույցում Հ Բագրատյանին դիմելով հարց եք տալիս, որ եթե Առաջին հանրապետությունը չլիներ, ի՞նչ էր կառավարելու նա։ Հարգելի Ա․ Ռուստամյան, մի կեղծիր պատմությունը, այդ հարցը ես պիտի ուղղեմ նրան՝ նախկին վարչապետին, ինքնասիրահարված «բարեփոխիչին» (ռեֆորմատորին)։ 70 տարի հայ ժողովրդի հետ այդ ծաղկուն Հայաստանը կոմունիստները եթե չստեղծեին ու չկառուցեին՝ ի՞նչն էիր ղեկավարելու և թալանելու, փոշիացնելու: կառուցողներից մեկն էլ ես՝ տողերիս հեղինակն եմ:  Իմ կուսակցական գաղափարների վրա ձևավորված երկրում ապրում էր 4 միլիոն հայ, ուներ հզոր տնտեսություն, արտադրության համակարգ, աշխատում էր 700 հազ. բանվոր-ծառայող և բարձրորակ ինժեներատեխնիկական անձնակազմ, 520 հազ. աշխատող զբաղված էր գյուղատնտեսության բնագավառում, արվեստի, գրականության, մշակույթի, ուսումնական հաստատություններում, Գիտությունների ազգային ակադեմիայում, գիտահետազոտական հիմնարկներում, շինարարության բնագավառում, պետական սովետական, կուսակցական մարմիններում 300 հազ. մարդ էր աշխատում, հանրապետությունում աշխատում էր 1,5 մլն մարդ, ամեն օր Հայաստան էր մտնում 30 գնացք՝ այսօրվա 0,5-ի փոխարեն, մեր արտադրանքը արտահանվում էր 180 երկիր: Մայրաքաղաքում գործում էր զարգացած տրանսպորտը՝ Մետրոպոլիտենը, որն ունեին եվրոպական երկրները:

900 մանկապարտեզ վաճառեցիք, ինչ է՝ այլևս երեխաներ չէի՞ն ծնվելու, չորացե՞լ էր հայոց արգանդը, չկան 400 գյուղական ավան, 50 միավոր արտադրական գործարաններ և տնտեսություններ. հարցնում եմ ձեզ՝  որտե՞ղ են այս ամենը, պրն Բագրատյան: Ո՞վ պետք է պատասխան տա համազգային թալանի համար… Ո՞ւր է Հայաստանի շառաչուն ապտակը…

Ժողովուրդը պետք է տեր կանգնի իր ստեղծած արժեքներին:

Պրն Ա. Ռուստամյան, նորություն չէ, որ մեր առաջին պետական այրերը 1920 թ. Նոյեմբերին տեսնելով, որ այլևս հնարավոր չէ շարունակել իրենց կառավարումը, և պետությունը կործանումից փրկելու համար պառլամենտը որոշում է երկիրը հանձնել բոլշևիկներին: Իսկ Դրաստամատ Կանայանին նշանակում են 9,5 հազ. ք\կմ տարածքով, առանց տնտեսության պետության ներկայացուցիչ: Դա ընդամենը Ղանթարն էր՝ Երևանի շուկան, Թայիրովի և Աֆրիկյանների ինքնաշեն կոնյակի արտադրամասերը, Սիլաչիի ներկատները, Զառաբի խանը, Ֆայլաբազարը, Չարխի փողոցը, օրիորդաց  դպրոցը, բուլվարը, «Դավայաթաղ» իջևանատունը, Անգլիական այգին, անգլիացիների կողմից շահագործվող Ալավերդու պղնձի կոմբինատը, Ալեքսանդրապոլի միակ արտադրամասը, գիմնազիան, դարբնոցներ և համատարած ունեզրկություն:

1918 թ. մեր նորաստեղծ պետությունն իր 6 ամիսը դեռ չէր բոլորել, երբ անգլիացիները մտան Հայաստան: Մեր պետական այրերը նրանց դիմավորեցին աղ ու հացով: Իսկ նրանց նպատակը Ալավերդու պղինձն էր և Բաքվի նավթը: Ղարաբաղն անմիջապես անջատեցին Հայաստանից և գեներալ նահանգապետ նշանակեցին քուրդ Սուլթանովին, ով Թուրքիայի գործակալ էր: Հետո Ղարաբաղին միացրին նաև Շուշին և էլի մի քանի տարածք, Նախիջևանը վերցրին իրենց տիրապետության ներքո և պահանջեցին հայկական զորքը տեղափոխել Արարատյան դաշտավայր՝ Յովա բնակավայրի մոտ:  Հ.Քաջազնունու և անգլիացի գեներալ Ուոքերի զրույցից պարզ էր դառնում, որ անգլիացիներն ուզում էին Հայաստանում գաղութային ռեժիմ ստեղծել:

1919 թ. օգոստոսին անգլիացիները վախենալով ռուսական զորքի հետ բախումից, հեռանում են Հայաստանից: Այնուհետև Հայաստան մուտք են գործում ամերիկացիները: Ամերիկյան գեներալ Հարբորթին նախագահ Բ.Վիլսոնը նշանակել էր Հայաստանում Անտանտի երկրների վերահսկող ներկայացուցիչ: Նա կազմում է հանձնաժողով, որն աշխատում էր «Հայաստանում ամերիկյան զինվորական առաքելություն» անվան տակ: Գեներալ Հարբորթի  և Մուստաֆա Քեմալի հանդիպումից պարզվում է, որ Ամերիկան շահագրգռված չէր, որպեսզի Հայաստանը դառնա ինքնուրույն պետություն: Անմիջապես Հայաստանում գերագույն կոմիսար է նշանակվում ամերիկացի գնդապետ Հասկերը, ով 4 ամիս անց պարտադրում է Խատիսյանին Ադրբեջանի հետ պայմանագիր կնքել՝ Ղարաբաղը ժամանակավորապես Ադրբեջանի կազմում թողնելու մասին, իսկ Նախիջևանը, Շարուրը, Դարալագյազը, Զանգեզուրը դարձնել դաշնակիցների կողմից կառավարվող միացյալ հատուկ գոտի:

Ճշմարտությունը պահանջում է յուրաքանչյուր երևույթ տեսնել և գնահատել իր ժամանակի մեջ:

Այդ տարիներին Հայաստանը նոր կազմավորված, տնտեսապես թույլ հանրապետություն էր, ամենուրեք որբեր էին, փախստականներ, հիվանդներ, դրա դեմ գործում էր ամերիկացի և անգլիացի ներկայացուցիչների՝ ուժն է ծնում իրավունքը և դառնում է պարտադրանք սկզբունքը:

Միջազգային իրավական նորմերի բացահայտ խախտմամբ ստորագրվեցին 1918 թ. հունիսի 4-ի Բաթումի և 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի Հայ-թուրքական պայմանագրերը, որոնցով անդամահատվեց Հայաստան աշխարհը: Առաջին պայմանագրով Հայաստանի սահմանները սեղմվեցին 12 հազ. ք\կմ-ում, իսկ երկրորդի պայմաններով այն դառնում էր ընդամենը 9,5 հազ. ք\կմ տարածք:

Երկու պայմանագրերն էլ հաստատել է Ալեքսանդր Խատիսյանը, հայ կոչվածի վերջին «խոհեմությունն» էր՝ Ալեքսանդրապոլի պայմանագրում Թուրքիան ներկայացնող Կարաբեքիր փաշան ինչ ցանկացել է, այն էլ գրվել է: Այդպիսով էլ հրաժարվեցին Սևրի պայմանգրից, արձանագրվեց, որ հայերը տեղաբնակներ չեն, իսկ թուրքերը դարեր շարունակ ապրել են այդ տարածքում:

Նման հայրենադավ ու ստորացուցիչ պայմանագիր հայերը երբևէ չէին ունեցել: Վերոհիշյալ պայմանագրով  կորցրեցինք Ղարսի, Սարիղամիշի, Նախիջևանի գավառները, այդ պայմանագրով հայերը զրկվում էին բանակ պահելու իրավունքից, միայն 1500 զինվոր  ունենալու իրավունք էր տրվում հայերին, այն էլ երկաթուղին պահելու համար:

1921 թ. ընդամենը երեք ամիս էր, ինչ Հայաստանում խորհրդային կարգերն էին հաստատվել, փետրվարի 18-ին տեղի է ունենում փետրվարյան խռովությունը՝ Ս. Վրացյանի գլխավորությամբ: Վրացյանը ստեղծել էր «Հայերի փրկության կոմիտե» և պահանջում էր օրինական ճանաչել դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը և այդ մասին հեռագրում է Լոնդոն: Այնտեղ կայանալիք խորհրդակցության մասնակից Ա. Ահարոնյանը մեծ ջանքերի շնորհիվ կարողանում է համոզել Անգլիայի արտաքին գործերի նախարար լորդ Քերզոնին, որ այդ պայմանագիրը պարտադրվել է ուժով և հայերը կտրականապես մերժում են այն:

Հեռագրում Ս.Վրացյանը պահանջում էր նաև, որ Լոնդոնի խորհրդաժողովը փոխադարձ անվստահություն չառաջացնի Հայաստանի և Թուրքիայի միջև: Ս. Վրացյանի կերպարն ամբողջացնելու համար շարունակեմ. Հայաստանից հեռանալիս նա հափշտակում է պետական գանձարանը, պատսպարվում է Գարեգին Նժդեհի մոտ՝ Զանգեզուրում, հետո փախչում է Պարսկաստան: Հետագայում դավադրաբար դատ է կազմակերպում Նժդեհի դեմ և նրան հեռացնում ՀՅԴ շարքերից: 1918 թ. հունիսի 17-ին հեռագիր է ուղարկում Կոնստանդնուպոլիս՝ «նորին գերազանցություն Օսմանյան կայսրության մեծարգո զինվորական մինիստր Էնվեր փաշային» հայտնելով. «Հայաստանի կառավարությունը պատիվ ունի Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության. իրազեկ դարձնելու, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի՝ մեր զինվորականն մինիստրին չներկայանալու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնելու Ջուլֆայի կամուրջը և Խոյի ու Սալմաստի շրջաններում միանալու Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել   Ձեր վրա: Խնդրում ենք, միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար»: Ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ Հ.Քաջազնունին, Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր Արամ փաշա Մանուկյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության խորհրդի նախագահ Սահակյանը:

Մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողներին:

Վարչապետ Համո Օհանջանյանի կաբինետը զուրկ էր իրատեսությունից. Մոսկվա բանակցությունների գնացող պատվիրակության ղեկավար Շանթը չուներ դիվանագիտական հատկանիշներ, ճկունությունից զուրկ էր: Մոսկվայում երկու ամիս թափառելուց հետո ձախողում է պայմանագրի վավերացումը: Նրա տկարամտությունից զարմացել էր նույնիսկ պատվիրակության անդամ Հ.Տերտերյանը, ով ռուսական պետական գործիչ, ազգությամբ հայ Լևոն Կարախանի կաբինետում տեսել էր Անդրկովկասի քարտեզ-մակետը, որում Հայաստանի տարածքը մեծ էր Վրաստանի տարածքից, իսկ Ադրբեջանը սահմանափակված էր միայն Ապշերոնյան թերակղզով: 

Թուրքերն իրենց 300 տարվա թշնամու մոտ գնացին իրենց պետական շահի համար, իսկ մենք 300 տարվա մեր բարեկամից խույս տվեցինք՝ կրելով անդառնալի կորուստներ:

1917 թ. վերջին Լենինի համաձայնությամբ Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատին կից ստեղծվեց Հայկական գործերի ժողովրդական կոմիսարիատ, որի կազմում ընդգրկված էին հեղափոխական գործիչ Վասլամ Ավանեսովը, գրող Վահան Տերյանը, նշանավոր էսեռական Պռոշ Պռոշյանը և դաշնակցական գործիչ Ռոստոմը: Նրանց հանձնարարվել էր մշակել «դեկրետ՝ Արևմտյան Հայաստանի ազատության և ինքնորոշման մասին»: Այդ դեկրետն ընդունվեց 1917 թ. դեկտեմբերի 29-ին (դեկրետ Թուրքահայաստանի մասին), որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչեց Արևմտյան Հայաստանի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ սեփական պետության ստեղծումը: Հայաստանի  ժամանակավոր իշխանության վարչարարության կանոնակարգի 2-րդ և 4-րդ կետերի իրագործումը դրվում էր Անդրկովկասի արտակարգ և լիազոր կոմիսար Ստեփան Շահումյանի վրա: Այդ միությունը տեղի չունեցավ, քանի որ դաշնակցականները Ստ. Շահումյանին օգնելու փոխարեն միացան վրացի մենշևիկներին և ադրբեջանցի մուսավաթականներին ու բոյկոտեցին այդ կառույցը:

Ահա այդպիսին էր մեր առաջին պետական դիվանագիտությունը, որի պտուղներն այսօր «վայելում ենք»:

Հարգելի Ա. Ռուստամյան, և դուք պահանջում եք, որ այս պետական ղեկավար այրերի ոտքերը լվանան ու ջուր խմեն: Հարց է առաջանում՝ ովքե՞ր. եթե Հ.Բագրատյանը, Խավարի տիրակալը, արհեստավարժ տղերքը, ՀՀՇ-ական «պոլի փետերը» պիտի խմեն այդ լվացքաջուրը,  ապա դրա մեջ պետք է լուծել կոյուղու պրոդուկցիա՝ որպես կենսակտիվ հավելում լվացքաջրի հարստացման համար:

Պրն Ռուստամյան, նշում եք. «Ուղղակի ինձ ապշեցնում է, որ այդ կալիբրի անձնավորությունը կարող է այդ աստիճան չհարգել իր իսկ սեփական պատմությունը»: Ի՞նչ կալիբրի մասին է խոսքը, դա ինչ միավոր է, նա նույնիսկ չի բավարարում անցյալ դարի 20-ական թվականների ժանգոտած մաուզերի կալիբրին և բացարձակ չի էլ թաքցնում, որ ինքը ամերիկյան գործակալ Ֆլեչերի դիվանագիտական դպրոցն է ավարտել, Ժ. Լիպարիտյանի, Վ. Օսկանյանի գաղափարական զինվորն է: Նրա կյանքի նպատակը Արևմուտքին խոնարհաբար ծառայելն է՝ հետևողականորեն Հայաստանը քանդելու համար: Սպառողական հոգեբանությամբ այդ արհեստավարժ անհատն իրեն հակադրում է իր ապրած աշխարհին, ժողովրդի շահը զոհելով սեփական շահին, վաղվա շահը՝ այսօրվա փախցրածին, ֆայլաբազարի գործ փնտրողի հոգեբանությամբ:

Պրն Ա. Ռուստամյան, ընդունելի է Սահմանադրության փոփոխություններին ձեր կուսակցության դրական տրամադրվածությունը, չնայած Սահմանադրության  տարբեր հոդվածների ենթակետերում երևում է եվրոպական կենցաղավարության, մեզ համար անընդունելի տարրեր, միևնույն է, այն չի իրականացվի, քանի որ մենք լավ ենք ճանաչում մեր ժողովրդի դարերով կաղապարված ավանդապաշտությունը:

Աշխարհաքաղաքական իրավիճակի անկայունությունը մեզ պարտադրում է օգնել հանրապետության նախագահին, ով ճարպկորեն դիմակայում է մեր պետության անվտանգությունը թուլացնող երևույթների դեմ, և անհրաժեշտ քայլեր է անում նաև միջազգային քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին՝ Եվրամիության և Եվրասիական միության գործունեությունը համակարգելու ուղղությամբ:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ