Իշխանության և քաղաքականության հարաբերակցության հարցերը Հայաստանի Հանրապետությունում

18 Նոյեմբերի 2015

Հայաստանի Հանրապետությունն անցումային շրջանում գտնվող երկիր է։ Դա ծայրահեղ բարդ, փորձություններով, կորուստներով և հիասթափություններով լի ժամանակաշրջան է։

Տնտեսագետների և քաղաքագետների կարծիքով, դրա տևողությունը 8-10 տարի է, բայց կան երկրներ, որոնք անցումային շրջանը մի քանի տասնյակ տարիների ընթացքում ևս չեն հաղթահարում։ Այդ շրջանը համեմատաբար արագ հաղթահարեցին հետսոցիալիստական տարածքի եվրոպական երկրները՝ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան, բալթյան երկրները, իսկ հետխորհրդային տարածքի երկրներն այն խիստ դանդաղ են հաղթահարում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Պատճառն այն է, որ հետխորհրդային տարածքի երկրներում նյութական և հոգևոր կորուստները հասան ահավոր մեծ չափերի։ Որոշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, անցումային շրջանը խիստ ծանր ու դաժան եղավ հայ ժողովրդի համար։ 1988 թ․ ծանր երկրաշարժն ավերեց հանրապետության տարածքի 30 տոկոսը, իսկ նրա հետևանքները դեռևս լրիվ չեն հաղթահարվել։

Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի Հանրապետությունը հայաջինջ քաղաքականություն որդեգրեց և դաժանորեն իրականացրեց Արցախում, Սումգայիթում և Բաքվում՝ փաստական պատերազմի մեջ ներքաշելով նաև Հայաստանի Հանրապետությունը։ Կրելով լիակատար պարտություն ռազմի դաշտում, ռազմադադարից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ, մինչ այսօր իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային շրջափակում, որը հայ ժողովրդին պատճառում է տարեկան շուրջ 1 միլիարդ դոլարի վնաս։ 2008թ․հետո Հայաստանի Հանրապետությունը մեծ վնաս կրեց նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով։

Այս օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներին գումարվեց նաև այն, որ Հայաստանի երրորդ հանրապետության իշխանությունները չգտնվեցին իրենց կոչման բարձրության վրա, թողտվություն և անիրազեկություն դրսևորեցին հանրային սեփականության մասնավորեցման և սեփականաշնորհման ժամանակ, որի արդյունքում գրեթե ողջ տնտեսական ներուժը հայտնվեց հին ու նոր պաշտոնատար անձանց և քրեածին ու գործամոլ անձանց ձեռքերում։ Հանրապետության նյութական արժեքների տեր դարձան մենաշնորհատերերը, իսկ քաղաքական իշխանությանը տիրացան օլիգարխները։

Երկրում տեղի ունեցավ ծայրահեղ բևեռացում, քաղաքացիների մեծ մասն ունեզրկվեց և հայտնվեց աղքատության եզրին։ Գործազրկությունը հասավ աննախադեպ չափերի, իշխանություններին չհաջողվեց երկրում հաստատել կարգ ու կանոն և օրինականություն, արդարություն և պատասխանատվություն, որի պատճառով շատերը լքեցին սեփական հայրենիքը և փորձեցին «երջանկություն գտնել» Ռուսաստանում, Ամերիկայում և այլուր։

Հայաստանի ներկայիս իշխանությունները ծանր ժառանգություն ստացան։ Դրանից դուրս գալու համար լուրջ ծրագրեր և հայեցակարգեր են անհրաժեշտ, մեծագույն կազմակերպվածոււթյուն, հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնություն և համերաշխություն։ Ավելին, դրա համար անհրաժեշտ են երկրի ղեկավարման և կառավարման բոլոր օղակների նորացում, միանգամայն իրազեկ, պատասխանատվության բարձր զգացողությամբ օժտված կադրերի ընտրություն և նրանց ջանքերի գերագույն լարում։

Բարեբախտաբար, թե դժբախտաբար այսօր էլ Հայաստան աշխարհը կրկին կանգնած է երկընտրանքի առջև։ Ո՞ւր գնալ, դեպի Եվրոպա, թե դեպի Ռուսաստան։

Պատմական հիշողությունից զուրկ մեր հայրենակիցների մի մասը տենչում է գնալ Եվրոպա, որպեսզի «վայելեն» եվրոպական քաղաքակրթությունը, նրա նյութական և հոգևոր արժեքները, մոռացության մատնելով այն դառն իրողությունը, որ մենք՝ հայերս այդ դառնաղի քայլը կատարեցինք 1918-1920 թթ․, երբբ հրաժարվեցինք մեր ժողովրդի դարավոր ռուսական կողմնորոշումից և վառ երազներով գնացինք դեպի Եվրոպա, դարձանք եվրոպական մեծ տերությունների կրտսեր դաշնակիցը, գոհունակությամբ ստորագրեցինք Սևրի դաշնագիրը, մեծագույն խանդավառությամբ ողջունեցինք ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի մեծահոգի առաջարկը՝ Հայաստանի մանդատն ընդունելու վերաբերյալ, բայց․․․

Բայց այդ նույն Սևրի պայմանագիրն ստորագրած երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան և մյուսները Լոզանի կոնֆերանսի ժամանակ հրաժարվեցին Սևրի պայմանագիրը վավերացնելուց, իսկ ԱՄՆ-ի սենատը հրաժարվեց ԱՄՆ-ից Հայաստանի մանդատն ստանձնելու Վ․Վիլսոնի որոշումը վավերացնելուց։ Մի քանի տարի առաջ Թուրքիայի կողմից եղեռնագործված հայ ժողովուրդը կանգնեց կոտրված տաշտակի առջև՝ ամենքից խաբված ու լքված․․․ Այդպիսի տմարդիությունը երբևէ կարելի՞ է մոռանալ։ Կարելի՞ է մոռանալ, որ ԱՄՆ-ը՝ «ազատության և արդարության ջահակիրը», մինչև օրս չի ճանաչել 1915 թ․ հայ ժողովրդի Մեծ եղեռնը և չի դատապարտել, նույնիսկ այն բանից հետո, երբ այն ճանաչել են ԱՄՆ-ի 43 նահանգ։

Ընդ որում, Եվրամիության գործիչները կամենում են մեզ տանել դեպի Եվրոպա՝ առանց մեր երկրի անվտանգությունը երաշխավորելու։ Չմոռանանք, որ այժմ մեր երկրի անվտանգությունը պաշտպանում է մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը։ Հետևությունն ակնհայտ է, թե որտեղ է մեր երկրի պետական շահը։

 

 Սարգիս Խաչատրյան

Հասարակական-քաղաքական գործիչ, իրավագետ, իրավունքի փիլիսոփա

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ