Տ․Սարգսյան․«Խորհրդային իշխանության 70 տարին այսօր մատնվել է անուշադության»

17 Նոյեմբերի 2015

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի ներկայացուցիչների հետ, ովքեր նախագահին են ներկայացրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրենց մոտեցումները: Հանդիպման ժամանակ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը Ռուսաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Գ. Զյուգանովի խնդրանքով` ՀՀ նախագահին է փոխանցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված կուսակցության հուշամեդալը: 

«ՀՀ նախագահի հետ հանդիպման հիմնական նպատակն ու քննարկման նյութը  սահմանադրական բարեփոխումների հարցն էր, որը դեկտեմբերի 6-ին դրված է հանրաքվեի: Մենք տեղյակ պահեցինք ՀՀ նախագահին, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկել ենք քաղկոմում և շրջկոմներում, փնջային խորհրդակցություններում: Երկու անգամ քննարկել ենք Կենտրոնական կոմիտեի բյուրոյում, հրավիրել ենք ասուլիս ու հայտնել կոմունիստների հիմնական կարծիքը: Պետք է ասեմ, որ վերջնական որոշումը կայացնելու է Կենտրոնական կոմիտեի պլենումը, որը մեր ղեկավար օրգանն է: Բայց նաև շեշտեմ, որ Կենտրոնական կոմիտեի բյուրոյի երկրորդ քննարկման ժամանակ Սահմանադրությանն «այո» կամ «ոչ» ասելու հարցում մեծամասնության նժարը թեքվեց դրականի կողմը: Մենք  ՀՀ նախագահին ունեինք նաև հարցեր, որոնք ուղղակիորեն վերաբերում էին Կոմունիստական կուսակցությանը, ինչի վերաբերյալ ունեցանք մանրամասն քննարկում», հանդիպման մանրամասներն էր ներկայացնում Տաճատ Սարգսյանը: 
ՀՀ Կոմկուսի պատվիրակությունը  ՀՀ նախագահին ասել է, որ հետնորդներն են Սովետական Միության Կոմունիստական կուսակցության, որն ունեցել է շարժական և անշարժ սեփականություն: Սակայն հանրապետության անկախությունից հետո այդ բոլորն ապօրինաբար իշխանությունները զավթել են: Եվ այսօր կուսակցության Կենտրոնական կոմիտեն ու քաղկոմ-շրջկոմները` բոլորն աշխատում են վարձակալած սենյակներում: Արդյունքում կուսակցությունը հայտնվել է ծանր ֆինանսական կացության մեջ: «Դրա համար խնդրեցինք, որ վերադառնան այդ հարցին ու հնարավորության սահմաններում նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծեն Կոմունիստական կուսակցության գործունեության համար:

Մենք նաև հարց բարձրացրեցինք Խորհրդային Հայաստանի ստեղծման օրը պետականորեն ճանաչելու հարցի վերաբերյալ, որովհետև ՀՀ առաջին անկախ պետության օրը նշվում է, բայց երկրորդ պետության` խորհրդային իշխանության 70 տարին, որի ընթացքում հանրապետությունը ծաղկեց և բարգավաճեց, այսօր մատնվել է անուշադության ու չի նշվում: Ի դեպ, մի քանի անգամ ՀՀ նախագահն էլ է իր ելույթներում նշել Հայաստանի պատմության մեջ Խորհրդային Հայաստանի բարերար դերի մասին, ուստի`  ՀՀ նախագահին առաջարկեցինք, որ հնարավորության սահմաններում անպայման ճանաչվի Խորհրդային Հայաստանի ստեղծման օրը` նոյեմբերի 29-ը, և սա չպետք է կապել Առաջին հանրապետության վախճանի հետ», ասում էր Տ․ Սարգսյանը: 
Հանդիպման ընթացքում Կոմկուսի ներկայացուցիչները մեծ գոհունակությամբ ընդգծել են, որ ողջունել են Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելու ՀՀ նախագահի ջանքերը, քանի որ  ռուսական կողմնորոշումը համարում են հարցերի հարցը․ «․․․հետևաբար  միշտ կլինենք այն իշխանության կողքին, որն ընդունում և փայփայում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը»: Միաժամանակ կողմերն անդրադարձել են հանրապետության ներսում գոյություն ունեցող թերություններին, իսկ դրական երևույթ են համարել այն, որ ՀՀ նախագահը սկսել է ավելի մոտից զբաղվել մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներով:

«Եվ ուզում եմ հավելել, որ լինելով 110-ամյա ընդդիմադիր կուսակցություն` մենք հասկանում ենք, որ լինել ընդդիմադիր չի նշանակում անպայման հայհոյել իշխանություններին, քննադատել` ծնկի բերելու համար: Մեր կուսակցության սկզբունքը հետևյալն է` քննադատությունը պետք է նպատակ հետապնդի` նպաստելու, օգնելու իշխանություններին` տեսնելու թերությունները և վերացնելու դրանք: Այնպես որ, եթե ՀՀ նախագահը, բոլոր հանդիպումների ժամանակ այդքան ուշադիր լսում է և աչալուրջ է հարցերի լուծմանը, ինձ թվում է` առաջիկայում հանրապետության վիճակը լավ կլինի», եզրափակեց իր խոսքը Տաճատ Սարգսյանը։

 

ՀՀ Կոմկուսի լրատվական ծառայություն

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ